Կարինե Ռաֆայելյան Կինո

Էկրանին և էկրանից դուրս

26.03.2020

Ardi.am-ի հարցին պատասխանում է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը:

— Տիկի՛ն Մայրանուշ, հասկանալի է, որ Ձեր կինոդերերի մեջ ամենանշանակալիցը «Ձորի Միրո» ֆիլմում խաղացած խութեցի հարսի կերպարն է: Իսկ դրանից զատ կա՞ն Ձեզ համար թանկ կինոհիշողություններ:

— Որպես կանոն, դերը խաղալուց-ավարտելուց հետո բոլոր դերասանները, նույնիսկ Հոլիվուդի աստղերը, էկրանին իրենց խաղը տեսնելով, մտածում են, որ քիչ են խորացել կերպարի մեջ, որ ինչ-որ բան թերի են արել: Նույնը կատարվել է ինձ հետ, երբ նայել եմ «Ձորի Միրոն»: Ինձ դատապարտում էի, որ քիչ եմ խորացել կերպարիս մեջ, որ հայոց պատմությունը քիչ եմ իմացել, որ ռեժիսորը՝ Ժիրայր Ավետիսյանը, բավարար չի աշխատել ինձ հետ, որ իմ՝ 23-24 տարեկան աղջկաս աչքերում, շարժումներում չի զգացվում ցեղասպանություն ապրած կնոջ հոգեվիճակը, որ ես ավելի բնական, ավելի ողբերգական պիտի խաղայի այդ կնոջ կերպարը: Այսպիսի խոսք կա՝ էկրանը ցույց կտա: Եվ էկրանը ցույց էր տալիս, որ ինչ-որ բան այն չեմ արել, լավ չեմ աշխատել: Բայց անցնում են տարիներ, հանդիսատեսի վերաբերմունքից հասկանում ես շատ բան: Գալշոյանն այնքան սիրուն է գրել: Միրոն՝ Սոս Սարգսյանը, ոչ թե ուղղակի ամուսնության առաջարկություն է անում Նարեին՝ խութեցի հարսին, այլ ասես շրջանցում է այդ թեման: Ընդամենը մի խոսք է ասում. «Նարե՛, ես էրթամ»: Եվ էս ամոթխած կինն է կարծես անում առաջարկությունը՝ ասելով, թե իր սիրտը սար է ուզում, այսինքն թե ինքն ուզում է՝ Միրոն իրեն հետը տանի: Շատ նուրբ, հուզիչ տեսարան է: Իսկ այս ամենը խաղալու համար ինչքան շատ կարդացած լինես, ինչքան շատ բան իմանաս, այնքան դա քեզ կօգնի, որ լավ խաղաս դերդ: Եվ ես կոչ եմ անում այսօրվա երիտասարդ դերասաններին, թատերականի ուսանողներին, որ շատ կարդան: Երբ դերասանը որևէ աշխատանք է կատարում՝ բեմում, կինոյում, հանդիսության ժամանակ, պարզ երևում է՝ նա կարդացա՞ծ է, թե՞ ոչ: Աչքերից երևում է՝ պատրա՞ստ է իր դերին խորությամբ, թե՞ մակերեսային է խաղը: Իսկական դերասանը քննադատաբար է մոտենում իր խաղին: Իսկ իմ մյուս կինոդերը, որ շատ սիրել է հանդիսատեսը, խաղացել եմ հետաքրքիր, զավեշտալի մի ֆիլմում՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» վերնագրով: Դա Գոռ Կիրակոսյանի դիպլոմային աշխատանքն է: Ե՛վ սցենարն է համով գրված, և՛ Գոռն է լավ նկարել: Չկա մի բալիկ, մի երիտասրադ, մի տատիկ կամ պապիկ, մի տաքսիստ, որ այդ ֆիլմի մասին հետաքրքրությամբ չխոսի: Ասեմ, որ ֆիլմի սյուժեն, ֆիլմի որոշ դետալներ ինձ համար ինչ-որ առումով ինքնակենսագրական էին: Երբ մահացել էր հայրս, մենք նրան տանում էինք հուղարավորելու Էջմիածնի գյուղերից մեկում: Դա համընկավ Գարեգին Ա-ի հուղարկավորության հետ: Եվ Երևան-Էջմիածին մայրուղու վրա՝ յուրաքանչյուր 100 մետրից հետո, կանգնած էր մի ոստիկան, որը զգաստ պատվի էր առնում, երբ անցնում էին մեր մեքենաները: Հասկանալի է, նրանք մտածում էին, որ անցնում է կաթողիկսոսի մահվան թափորը, և դա այնքան զավեշտալի էր, որ ես իմ լացի հետ ծիծաղս չէի կարողանում զսպել: Համանման մի պատմություն էր Գոռի ֆիլմում: Նաև հորս ու ֆիլմի հանգուցյալի անուններն էին նույնը: Եվ 35 տարվա իմ կինոկարիերայի ընթացքում առաջին անգամն էր, որ ես իսկապես, անկեղծ լաց էի լինում այդ տրագիկոմիկական ֆիլմում: Իսկ ո՞րն էր ամենամեծ զավեշտը. ֆիմը նկարում ենք օգոստոս ամսին, և հանգուցյալը քրտնում է: Պատկերացնո՞ւմ եք՝ քրտնող հանգուցյալ: ՈՒ ես, իմ դերի, իմ տեքստի մասին մտածելուց բացի, նաև անընդհատ սրբում եմ Հրանտ Թոխատյանի քրտնած դեմքը: Ամենատառապյալը հանգուցյալն էր: Ա՛յ այսպիսի պատմություններ են լինում նկարահանումների ժամանակ:

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply