«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շուտով կներկայանա նոր գրքերով։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը ardi.am-ին պատմում է սպասվող նորությունների մասին։
‹‹Արդի›› մատենաշարով լույս կտեսնի Հրաչ Բեգլարյանի ‹‹Սարյակի պատուհանը›› վիպակների ժողովածուն, ‹‹Սփյուռք›› մատենաշարով՝ Նշան Պեշիկթաշլյանի ‹‹Ընկեր գինին և եղբայր ծխախոտը›› ընտրանին, ‹‹Ինքնություն›› մատենաշարով՝ Դավիթ Անհաղթի երկերի ժողովածուն: Սպասվում է նաև Սոս Սարգսյանի Վիպակների ժողովածուի հրատարակումը»։
Մանկապատանեկան գրականությունը ևս կհամալրվի նոր գործերով: ‹‹Արկածային գրադարան›› շարքով կհրատարակվի ‹‹Մոնթեսումայի դուստրը››, ‹‹Հայտնի հեքիաթագիր›› շարքով բնագրային թարգմանությամբ կհրատարակվեն Ալադինի պատմությունը, Ալի Բաբան և քառասուն ավազակները, Օսկար Ուայլդի հեքիաթների երկրորդ ժողովածուն և Հոֆմանի ‹‹Ընկույզկոտրուկը››, նորովի կվերահրատարակվեն հայ ժողովրդական հեքիաթները: Հայտնի բեսթսելեր ‹‹Աննան կանաչ կտուրներից›› գրքի սիրահարներին հիանալի անակնկալ է սպասվում․ նախատեսել ենք հրատարակել գրքի շարունակությունը՝ ‹‹Աննան Ավոնլեայում›› վեպը, որտեղ ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևայական աշխարհի դռները։ Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին։ Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով գեղեցիկ գալիքի մասին։
Ֆրանսիացի հռչակավոր գրող Հեկտոր Մալոն հայ ընթերցողին ծանոթ է «Առանց ընտանիքի» վիպակով: «Սյուզան» վեպը (1872 թ.) նկարագրում է ֆրանս-պրուսական պատերազմին առնչվող դեպքերը։ Վեպում արծարծողվող հարցերը զարմանալիորեն արդիական են, սյուժեն՝ գրավիչ։
«Օրիորիդ Կլիֆտոն» վեպը գրվել է ավելի ուշ՝ որպես «Սյուզանի» շարունակություն։ Երկու ստեղծագործություններն էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ՝ շնորհիվ տաղանդավոր հեղինակի սահուն գրչի, նուրբ հեգնանքի ու խոր ապրումակցման։
Կհրատարակվեն ‹‹Տունը, որտեղ…›› գրքի երկրորդ և երրորդ հատորները, Օգ Մանդինոյի ‹‹Աշխարհի մեծագույն վաճառականը›› գրքի երկրորդ մասը՝ ‹‹Պատմության ավարտը››:
Կշարունակվեն Ժորժ Սիմենոնի կոմիսար Մեգրեի դետեկտիվ գրքերի շարքն ու Ագաթա Քրիստիի վեպերի հրատարակումը: Լույս կտեսնի Գրեգորի Դիլի ‹‹Ամեն ոք ձեռներեց է›› գիրքը, որը Հայաստանի տնտեսության, ձեռնարկատիրական մտածելակերպի և հետկոմունիստական մշակույթի մասին է։ Այն հայերին ցույց է տալիս, թե ինչպես արտադրել այն, ինչը նրանք արժեքավոր են համարում և վերահսկել այդ գործընթացը:
Սիրային պատմությունների սիրահարներին լավ անակնալ է սպասվում: Լույս կտեսնեն Նիկոլաս Սփարքսի ‹‹Հիշարժան զբոսանք›› և ‹‹Նոթատետր›› վեպերը:
Ardi.am
No Comments