Թատրոն Վովա Արզումանյան

Երբ թատերախմբի զարկերակը դառնում է երիտասարդությունը

05.10.2022

«Գյումրու երիտասարդական թատերախումբ»՝ վայր, որտեղ արվեստը միավորել է տարբերվող միտք, երևակայություն, հետաքրքիր խառնվածք ունեցող երիտասարդներին։ Հեղինակային թատրոն, որտեղ կլինեն դասական ստեղծագործությունների ոչ սովորական մեկնաբանություններ։ Այս թատերախումբը երազողների համար է։ Մի կանգառ է, որտեղ ստեղծագործելու և մասնագիտական ճանապարհ անցնելու նպատակով թատերախմբի շարքերը կհամալրվեն երիտասարդ դեմքերով։

Թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր և դերասան Արմեն Արշալույսյանը Ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրինակ թատերախումբ հիմնադրելու գաղափարը կարծես միշտ ունեցել է իր մտքում, սակայն գործի անցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ շաբաթներ շարունակ ոլորտում հերթական քայլերն էր պլանավորում։ 

«Մեր կուրսում քննարկել ենք, կուրսընկերներս ողջունել են իմ գաղափարը։ Դրան հետևել է երկար նախապատրաստական աշխատանք։ Նախ որոշեցինք և ձևակերպեցինք, թե ինչ ասելիքով ենք քայլեր անելու, հետո առանձնացրինք այն պիեսների և ստեղծագործությունների ցանկը, որոնք կուզենայինք բեմադրել։ Վերջում կատարեցինք աշխատանքի բաշխում և ստեղծեցինք բյուջե»,-պատմեց Արմեն Արշալույսյանը՝ համոզմունք հայտնելով, որ բարձր արվեստ ստեղծվում է անբարենպաստ պայմաններում։



Արմենի խոսքով՝ մշակութային հայրաքաղաքում վերջին տարիներին թատրոնի հանդեպ հետաքրքրությունն ու սերը նոր փուլ են թևակոխել։

«Շատ է խոսվում այն մասին, որ գյումրեցի հանդիսատեսը շատ քմահաճ է, խիստ։ Բայց այս ամենի մեջ բացակայում է երիտասարդական թատրոնի առկայությունը։ Արվեստով շնչող ու ապրող քաղաքն առանց երիտասարդ արվեստագետների պատկերացնելը դժվար է։ Ո՞վ պետք է ստեղծի նման թատրոն, եթե ոչ՝ երիտասարդները»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղն ամեն տարի տասն ուսանող է ավարտում և փնտրտուքի մեջ հայտնվում, թե ուր գնալ և աշխատել կոնկրետ մասնագիտությամբ։
«Գյումրու թատրոններում դերասանների մեծ պահանջարկ չկա։ Մի մասն ամեն դեպքում սպասում է առաջարկի, մյուս մասը փորձում է մայրաքաղաքում գտնել իր տեղը։ Հիմնականում 10-ից մեկին է հաջողվում մնալ մասնագիտության մեջ,-վստահեցրեց Արմենը,-համաձայն եմ, որ լավագույնները միշտ կգտնեն իրենց տեղը, բայց արդյո՞ք ուսանողական տարիները տալիս են հնարավորություն ամբողջովին զարգացնելու մասնագիտական ունակությունները։ Լինում են դեպքեր, երբ շատերն ավարտական կուրսում են կարողանում իրենց դրսևորվել մասնագիտության մեջ։ Ինստիտուտն ավարտելուց հետո  ամեն ինչ վերջանում է։ Ո՞ւր են գնալու, կասեմ՝ «Գյումրու երիտասարդական թատերախումբ»։

Հետաքրքրվեցինք` արդյոք ռազմավարական պլան մշակել են թատերախմբի համար, ինչին ի պատասխան՝ հիմնադիրը նշեց, որ երեք տարվա ծրագիր ունեն, որում հստակ նշված են հիմնական քայլերն ու անելիքները։

Թատերախումբը շուտով պրեմիերա կունենա, բեմում կլինի «Վիկինգները հսկայի քարանձավում» ներկայացումը` շվեդական հեքիաթի բեմականացված տարբերակը։ Ներկայացման բեմադրիչը նաև հայտնեց, որ պրեմիերայից հետո որոշ ժամանակ խաղալու են Գյումրու Մտորումների թատրոնում, հետո կսկսեն շրջագայությունները Շիրակի մարզում և դրա սահմաններից դուրս։«Քննադատությունից» չեն վախենում,վախենում են լինել «ինքնանպատակ»:

Կարևորելով ամուր համագործակցության շղթան՝ Արմենը հավելեց, որ համագործակցում են ինչպես Գյումրու դրամատիկական թատրոնի, այնպես էլ Մտորումների թատրոնի հետ։ 

Վովա Արզումանյան 

No Comments

Leave a Reply