ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

 Գերմարդու հայրենիք Գերմանիան (ուղեգրություն)

12.02.2025

Սկիզբը՝ այստեղ

Մաս 2

Մյունխենյան միրաժ 

Ճանապարհին լուսացավ։

Գնացքն այնքան արագ է ընթանում, այնքան արագ են փոխվում տեսարանները, որ դժվարանում եմ կենտրոնանալ որևէ մտքի վրա, իսկ պատուհանից դուրս չնայել չի ստացվում։ Կարճատև կանգառների ընթացքում վագոն մտնող մարդիկ բարևում են, ժպտում ու տեղավորվում. երևի սովորություն է, ոչինչ ավելի. ոչ մի անձնական համակրանք, ասենք, ինչպես մատուցողի կամ վաճառողի ժպիտը ամենուր։ Լավ սովորություն է, ոչինչ ավելի։ 

Ընթացքում մի քանի անգամ բացեցի Ֆիլիպ Ռոթի «Մեռնող կենդանին», բայց դե կյանքը ապրելու և մարդկանց մասին է. ճանապարհը ապրեցնում է, նորի ու անսովորի սպասումը ապրեցնում է` կտրել-անցնելով տարածություններ ու ժամանակ. հիմա ես ընթերցում եմ պատկերներ։ Պատուհանից մերթընդմերթ երևացող գյուղերին հայացք նետելիս դիմացս հառնեց Մուրացանի Առաքյալը. ինչո՞ւ են տներն այսքան կոկիկ ու միանման, համաչափ ու առանց սեփական մտքի ու ճաշակի արգասիք հավելումների, բա ամոթ չի՞: Ինչո՞ւ միագույն տանիքներով բոլոր այս ցածրահարկ շինությունները չեն գերազանցում եկեղեցիների զանգակատները, որոնց վրա անպայման, բոլոր տեղերում` քաղաքներում և գյուղերում, ժամացույց կա. այստեղ կամ չափազանց կարևորում են ժամանակը, կամ էլ անդադար հիշեցնում են դրա մասին, ավելի ճիշտ` ժամանակի հարահոս ընթացքի և մարդու անցողիկության մասին. չգիտեմ։

***

Մյունխենի մարդաշատ ու եռուզեռուն երկաթուղային կայարանն է. բոլորը շտապում են ինչ-որ տեղ. այստեղ ժամանակը ժամանումներով ու մեկնումներով է չափվում, իսկ դրսում ձյուն է տեղում` մանր, բյուրեղացած անձրևի կաթիլներով հագեցած ձյուն, Սուրբծննդյան լուսաբացի մաքրող ու խաղաղեցնող ձյուն…

-Թեպետ Ձեզ համար ամրագրված է մեկտեղանոց համար, բայց դե այսօր Սուրբ ծնունդ է, ավելի մեծը կտրամադրենք,- ժպիտը խիստ գերմանական դեմքին` վրա բերեց կայարանից ընդամենը հարյուր քայլ հեռավորության վրա գտնվող հյուրանոցի ընդունարանի` առաջացած տարիքով բարձրահասակ աշխատակցուհին ու ինձ մեկնեց գրանցման հարցաթերթիկը։

-Օ՜, ֆրոմ Արմենիա,- կրկին ժպտաց նա,- յու հեվ ա նայս ընդ օլդ քանթրի։

-Թենք Յու,- հնչեց անկեղծ պատասխանս,- յու օլսո հեվ ը նայս քանթրի,- և շտապեցի սենյակ։

Կանանց միշտ սազում է ժպիտը, հատկապես խստադեմ կանանց…

Ժպիտը, և ոչ թե անբռնազբոս ծիծաղը…

***

Շատ հայերի կողմից սիրված Մյունխենը… սիրված մինչև այն պահը, երբ դեպի Վիեննա ավիատոմսերն էժանացան։ 

Այստեղ խոշոր գետերը չեն կիսում քաղաքն ու հոսում հեռուներ, այստեղի նեղ ու լայն փողոցներով հոսում են մարդիկ. անդադար, ամենուր մարդկային շարժ է։ Ծավալուն շենքերի քանդակազարդ էքստերիերն ու ճոխ զարդանախշերը գալիս են հիշեցնելու, որ այս քաղաքը կառուցվել է կոմսերի և արքաների համար. սա քաղաք է, որով պետք է ավելի շատ հիանաս, քան ապրես…

Մյունխենը տղամարդ է, իսկ տղամարդկանց պետք է հարգել, անգամ տգետներին, այդ քայլով ավելացնում ես նրանց պատասխանատվության զգացումը. նրանք կկառուցեն քաղաքներ` դրանք ավերելու փոխարեն…

***

Ամեն քայլափոխի եկեղեցի է, թանգարան, պալատ ու գարեջրատուն. լավ է, արբելու երկու տարբերակ կա։

Եկեղեցիներում վաճառողներ չկան` ոչ հույս, ոչ էլ մոմ. ինքդ նետում ես գումարը գանձանակի մեջ. ի վերջո քրիստոնյաներ են մտնողները, իսկ գողանալը մեղք է` թե հույս, թե գումար։

Եկեղեցիներից մեկի անլուսաթափանց անկյունում` թերթոններից մեկի տիտղոսաթերթին, Սուրբ ծննդյան պատկերն է` Մարիամը, Հովսեփն ու Հիսուսը։ Սևամորթ են։ Նախնական զարմանքից առաջացած շոկը հաղթահարվում է արվեստի ու կրոնի իմացությամբ. Քենիայում նույնպես քրիստոնյաներ կան, իսկ նրանք Աստծուն մոտենում են սեփական բնութենական ճանաչողությամբ. Սևանավանքի մոնղոլոիդ դիմագծերով Հիսուսի քանդակը վկա կամ թե ցանկացած գեղեցկության մրցույթում մրցանակի հավակնորդ եվրոպական դիմագծերով կամ հայկական թախծոտ ու անտակ ծով աչքերով Մարիամները։ Ի վերջո, հավատը գույն չունի, ի վերջո` հույսը փրկության մասին է` պատերազմներից, դատաստանից ու… 

-Կապուչինո և ա՜յ այս թխվածքից մեկ կտոր։- Ոսկեզօծ կառքերից, թագերից, նկարազարդ առաստաղներից ու թանկարժեք կահույքի փայլից շլացած` դիմում եմ փողոցի անկյունում գտնվող փոքրիկ սրճարանի` սլավոնական արտաքինով վաճառողուհուն. հոգնած, բայց քննախույզ նայում դեմքին:- Մոժետ վի նա ռուսկըմ գավարիծե:

-Օ՜ֆ,- խոր շունչ է քաշում վաճառողուհին, ու դեմքին ժպիտ է հայտնվում,- հազիվ մեկը ռուսերեն խոսեց, թե չէ սրանց գերմաներեն աղմուկ-աղաղակից հոգնել եմ արդեն,- առանց գլուխը հաճախորդների կողմը շրջելու` վարժ ռուսերենով խոսքը շարունակում է կրծքաշատ, հասուն տարիքի այդ կինը:

-Նու դա, ա վի ռուսկայա՞,- օրեր տևած անգլերեն շփումից հետո ժպիտը դեմքիս հարցնում եմ:

-Նյետ, յա ուկռաինկա: Իֆ յու վոնթ թու սիթ, փլիզ, սեյ դաթ վումեն։- Արդեն խոժոռ դեմքով ու ոչ վարժ անգլերենով զրույցը կտրուկ ավարտեց ռուսերեն օգտագործող, գերմանացիների երկրում պատերազմից մազապուրծ ապաստանած ուկրաինուհին։

Կայենի ու Աբելի պատմությունը միֆ չէ, ինչպես ռուսի և ուկրաինացու ատելությունը…

Լավ, դա այլ թեմա է: 

***

Ոտքերս հոգնել են մեքենաների թանգարանում քայլելուց, աչքերս հոգնել են պատկերներ ու գույներ կարդալուց, բայց չեն փակվում, ասես արթմնի երազ տեսեմ` Ռուբենս, Վան Գոգ, Ռաֆայել, Դյուրեր, Տիցիան… ուրիշի ունեցածով զմայլվելը ցավոտ է…

Տրամվայ եմ նստում… միրաժի պես մի բան, որ ռելսերով ձգվում է կարոտի նեղացող կածաններով…

Գազելապարտ տրամվայ, որ դարձար «կամ-կամ»-ի զոհը, քանզի «և-և»-ի պայմաններում գոյակցելը դժվար է, մտածելու հավելյալ ուժ և կարողություն է պահանջում…

***

Արդեն քաղաքի կենտրոնում ոտքերս մի կերպ քարշ եմ տալիս դեպի արքունական Կյուվիլիե թատրոն, որտեղ վաղուց ներկայացումներ չեն բեմադրվում. գոնե կնստեմ, ուղղակի կնստեմ։ Եկեղեցիներում ուղղակի նստել չի ստացվում, մարմինդ հանգստանում է, միտքդ` լարվում։ 

Շքեղ ինտերիերի պակաս չկա, ոտնամկանները հանգստանում են, բերանիս մկանները` զարմանքից թուլանում։

-Աննա՜,- ապշահար քարացա տեղումս` մուգ կարմիր բեհեզով պատված աթոռների շարքերում տեսնելով առնվազն տասնութ տարի չհանդիպած մտերիմներիցս մեկին։

Հայ տեսա, ու գրեթե բոլոր ազգերի մեջ օգտագործվող անունը բերանիցս հայերեն դուրս թռավ:

Ասա, թե ինչ մի դժվար բան է օտար երկրում հայի հանդիպելը, ավելին, անհավանական է չհանդիպել աշխարհասփյուռ ազգակիցներիցդ որևէ մեկին։ Հայի ձայնն ու հայերենը, անկախ նրանից` ծանոթից ես լսում, թե ոչ, մի անհասկանալի ուժ են ներարկում մարմնովդ մեկ, իսկ հանդիպման վայրը հարազատանում է, ասես հենց քո երկրում ես. Սարոյա՜ն Վիլյամ, ականջդ կանչի… ի՜նչ ճիշտ ես բնութագրել։ Երբ սեփական հողին ամուր կպած են ոտքերդ, ինչպես Արշակունի Արշակինը, մտածում ես, որ սայթաքումդ, անուշադրությունդ, սխալդ արագ շտկել կլինի, իսկ սեփական հողի բացակայության դեպքում քեզ նման հայն է այդ զգացողությանը փոխարինում։ Գուցե համամիտ չես, բայց ես զգում եմ դա մտածելուց առաջ։ Մտածում եմ, սակայն ոչ միշտ է այդպես ստացվում։ Երբեմն ուզում ես գլուխդ թեքել ու անցնել…

Բայց սա այդ դեպքը չէր։ Օրեր շարունակ մտքում հայերեն խոսելուց հետո ձայնս գցում եմ գլուխս։

-Ո՞նց ես,- հնչում է առաջին հարցը, ու ստանում եմ փոխադարձը (սովորութային հարց։ Ասա` իհարկե լավ ենք, եթե վեր ենք կացել ու եկել էստեղ, մեկս` Հայաստանից, մյուսը` Չինաստանից. Չինաստանն էլ վատ խոպան չէ, բայց անհամեմատ կիրթ ու գրագետ մարդկանց համար)։

***

Երեկոն հայի հետ Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, բայց իտալական ռեստորանում, որի հաճախորդների մեծ մասը ռուս է…

Հումանիտար ուղեղով երկու հայ, որոնք չափսերից գլուխ չեն հանում և անգամ կողքի սեղանի իտալացվոց ընտանիքի զարմանքն են հարուցում իրենց պատվիրած պիցցայով, քննարկում են Հայաստանի վիճակն ու արագ-արագ համեմատականներ տանում։ Այդպես է, ենթագիտակցորեն ու գենետիկորեն է այդպես, չես կարող խուսափել։

-Դո՞ւք էլ եք տուրիստ:

-Ոչ, եկել ենք Սուրբ ծննդյան տոներն անցկացնելու մեր որդու հետ, մենք Իտալիայում ենք ապրում`Մեսսինայում։- Կոտրատված անգլերենով մի կերպ բացատրեց ընտանիքի` պրիմադոննա արտաքինով մայրը:- Այստեղ ավիագործություն է սովորում։

«Վա՜յ, Լուկաս, ականջդ կանչի, տեսնես հիմա ո՞նց ես, վերադարձե՞լ ես քո Լոնդոնը»,-ակամայից կայծակնային արագությամբ մտքովս անցավ Ղուկաս Քյոլնեցին…

-Ա՜, երբ ավարտեք, վստահաբար վերադառնալու եք Իտալիա,- հաշվի առնելով Եվրամիության ընձեռած լա՜յն հավասարության պայմանները` շտապեցի հարցնել գրեթե հայկական դիմագծերով երիտասարդին։

-Ոչ, էստեղ կմնամ, էստեղ աշխատողների իրավունքները պաշտպանված են։

Ու սկսվեց շատ տնտեսագիտական մի զրույց, որի ընթացքում խուսափում էի մեզանում  տիրող իրավիճակից խոսել. բոլոր «ծակերը» փակելու և փրկելու էր եկել «Մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք աշխարհում» արտահայտությունը, որի իմաստի մեջ խորանալով՝ հասկանում ես, որ առաջինը լինելը ոչ թե առավելություն է, այլև պատասխանատվություն…

Բայց էս ո՜ւր հասա… 

…Վերջին գիշերն է Մյունխենում։ Մի քանի ժամից մեր ճանապարհները բաժանվելու են. օտար երկրում հայ աղջկան տուն (չէ, հյուրանոց) ճանապարհելը, իհարկե, նեղ հայկական ռոմանտիկա է, բայց դե, «մյունխրեն զնաետ», թե ինչ աստիճանի ոչ անսթափ վիճակում ով կհանդիպի լուսավոր բրենդային խանութներով երիզված փողոցներից անդին մութ անկյուններից մեկում…

***

-Այսօր լքելու եմ Ձեզ։

-Բոլորն են ինձ լքում…

Լուռ ենք։ Ինչ-որ աննկարագրելի, խորդուբորդ ապրված տարիների թախիծ կար այս ընդամենը մեկ նախադասության մեջ…

Ուշադիր նայում եմ ընդունարանի աշխատակցուհու դեմքին. ո՞ւմ են հիշեցնում այս խիստ գերմանական դիմագծերը, գրողը տանի։ Էվրիկա՜, նա է, այսինքն՝ ի՜նչ նման է նրան, այն նույն Անգելա Մերկելին…

-Հուսով եմ՝ լավ ժամանակ անցկացրիք մեր քաղաքում և կվերադառնաք,- բունդեսթագյան մտքերս ցրեց նրա նվաղած ու հարցական ձայնը։

Ուշադրություն չդարձնելով հարցին` կռացա ու սկսեցի ճամպրուկս փորփրել։

-Ահա, խնդրեմ։ Որ Ձեզ միայնակ չզգաք։- Նրան մեկնելով ճամպրուկիս խորքերից «հայտնաբերած» «Գրանդ Քենդիի» «Պանդա» կոնֆետների պանդայանման տուփը` իբր փորձեցի սփոփել ու ցրել տխուր մտքերը։

Եվ այդ կինը, այդ խստադեմ, բարձրահասակ գերմանացի կինը աչքիս առաջ մանկացավ, երկու ձեռքով կրծքին այնքան ամուր սեղմեց շոկոլադե պանդային, որ քիչ էր մնում ինձ Ձմեռ պապ զգայի, ավելի ճիշտ` ուշացած Սանտա Կլաուս։

-Happy New Year, thank You!…

-Frohe Weihnachten und ein gutes Neues Jahr!- Գլյուվայն-բղաթվուղսթ-բիայից հետո ամենադժվար անգիր արած բառերով հրաժեշտ տվեցի Բավարիայի խորհրդանիշ կնոջը…

***

Թույլ ու մանր, Ամանորի մոտակա գալուստի մասին հիշեցնող ձյուն է մաղում երկնքից։ Քայլերս ուղղում եմ Մյունխենի երկաթուղային կայարան, որտեղ բոլորը ինչ-որ տեղ են շտապում, և դոներն էլ ամենապահանջված արագ սնունդն է։ «Մյունխրեն զնայետ»՝ ինչ է սպասում ինձ այլ քաղաքներում, բայց Մյունխենը տղամարդ քաղաք էր` վեհ ու առնական, որով ավելի շատ հիացա, քան հասցրի ապրել…
Դավիթ Սամվելյան