ՄարզաԴիտակ Վովա Արզումանյան

Գործվածքներ, որ պատմություն են պատմում Դիլիջանում

Գործվածքներ, որ պատմություն են պատմում Դիլիջանում

Դիլիջանի պատմական միջավայրում իր նոր պատմությունն է շարունակում Հովհաննես Շարամբեյանի անվան Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը՝ գործվածքների թանգարանը։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Մինչ հիմնանորոգումը շենքը գտնվում էր վթարային վիճակում։

Ցուցադրության համադրողներ Նարեկ Վան Աշուղաթոյանի և Հրազդան Թոքմաջյանի խոսքով՝ ցուցադրության առանցքում Հովհաննես Շարամբեյանի անվան Հայաստանի ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուն է, որը համալրվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի արժեքավոր նմուշներով։ Ընտրված աշխատանքները ներկայացնում են հայկական գործվածքի բազմազանությունն ու գեղարվեստական հարուստ ավանդույթները։ 

Ցուցադրությունը բաղկացած է երկու հիմնական բաժնից։ Առաջինը ներկայացնում է հայկական գորգագործության և կարպետագործության բնորոշ նմուշներ, որոնք արտահայտում են հայկական ավանդական երկրաչափական ձևամտածողությունը։ Երկրորդ բաժնում ընդգրկված են հիմնականում 18-20-րդ դարերի հայկական գեղարվեստական գործվածքներ և տարազներ, որոնք արտացոլում են Հայկական լեռնաշխարհում ձևավորված բազմազան ավանդույթները՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր խորհրդանշական և գաղափարական միասնությունը։

Ցուցադրված բոլոր գործվածքները ստեղծվել և գործածվել են հայերի կողմից։ Դրանց զարդաձևերն ու խորհրդանիշերը սերում են հայ ժողովրդի հնագույն հավատալիքներից, իսկ ծիսապաշտամունքային մտածողությունը դարեր շարունակ ձևավորել է դրանց բովանդակությունն ու գեղարվեստական լեզուն։ Այս նմուշները վկայում են հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության և աշխարհընկալման մասին։

Ցուցադրությունում ներկայացված են նաև թանգարանի հիմնադիր, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի՝ Դիլիջանին նվիրված կտավները («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածու), որոնք վավերագրում և արժևորում են քաղաքի պատմամշակութային միջավայրը։ 

Թանգարանի կարևոր առաքելություններից մեկը կրթական միջավայրի ձևավորումն է․ այն բաց հարթակ է դպրոցականների, ուսանողների և մշակույթով հետաքրքրվող բոլոր այցելուների համար՝ օգնելով ավելի լավ ճանաչել ու արժևորել հայկական գործվածքային ժառանգությունը։ Թանգարանի ցուցանմուշները նաև հնարավորություններ են ստեղծում Դիլիջանի զբոսաշրջային կյանքի համար՝ քաղաքը դարձնելով մշակութային նոր հետաքրքրության կենտրոն։

Այստեղ գործվածքները պարզապես ցուցանմուշներ չեն։ Դրանք հիշողություններ են՝ հյուսված թելերով, սերնդեսերունդ փոխանցված։ Յուրաքանչյուր այցի հետ այդ պատմությունները նորից են կենդանանում։

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1979 թվականին՝ հայ ժողովրդական մշակույթի նվիրյալ, վաստակավոր նկարիչ և արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Թանգարանը տեղակայվել է պատմական մի շենքում, որի հեղինակը ճարտարապետ Սամսոն Բեկ-Հարությունյանն է։ Շենքը ժամանակին եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը։ Թիֆլիսում բնակվող իշխանուհին ամառային ամիսներն անցկացնում էր Դիլիջանում՝ հենց այս տանը։ Տարիներ անց շենքի վերջին բնակիչը դարձավ Հովհաննես Շարամբեյանը, որի նախաձեռնությամբ այն վերածվեց ժողովրդական արվեստի պահպանման ու ներկայացման կարևոր մշակութային օջախի։

Վովա Արզումանյան

Նախորդ գրառումը