Հայաստանի գրողների միությունը և «Իսրայելյան» ընտանիքը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի ամենամյա մրցույթ (հեղինակի հայտնի պատմվածքի խորհրդանշական անունով)։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի ուղեծրում։
Առաջին մրցանակ — 300.000 դրամ,
Երկրորդ մրցանակ — 200.000 դրամ,
Երրորդ մրցանակ — 100.000 դրամ։
Երկու խրախուսական մրցանակ- պատվոգիր/շքանշան։
Մրցույթի պայմանները, ժամանակացույցը և գնահատման կարգը.
Հեղինակները մրցույթին կարող են մասնակցել 2023 թվականի ընթացքում առաջին անգամ հրապարակված կամ չհրապարակված մեկ պատմվածքով։
Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. հունվարի 31-ը, հեղինակի անունն ու պատմվածքը ուղարկելով մրցույթի ժյուրիի նախագահի էլ. հասցեին. mher1974.mi@gmail.com։ Եթե հրապարակված է` խնդրվում է նշել աղբյուրը, էլեկտրոնային մամուլի դեպքում` հղումը։
Գնահատման համակարգում առաջնային է դիտարկվելու պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Հաշվի են առնվելու ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունը, ասելիքի արդիականությունն ու հավատարմությունը համամարդկային և ազգային արժեքներին։
Հինգ հոգուց բաղկացած ժյուրին գնահատելու է հայտերը 5-10 միավոր գնահատման սանդղակով և երկրորդ փուլ անցած «կարճ ցանկի» 10 ստեղծագործություններից ընտրելու է հինգ դափնեկիրներին։
Մրցանակակիրները (բացառությամբ խրախուսական մրցականի դափնեկիրների) չեն կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին։
2024թ. մարտի 20-ին կհայտարարվեն մրցույթի «կարճ ցանկում» ներառված 10 հեղինակների անունները։
2024թ․ապրիլի 2-ին՝ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը, ՀԳՄ հովանու ներքո տեղի կունենա հաղթած հեղինակների մրցանակաբաշխությունն ու դրամական պարգևների և շքանշան/պատվոգրերի հանձնումը։
Ժյուրին հասարակայնության համար կներկայացնի մասնագիտական կարծիք-հիմնավորում իր որոշման մասին։
Հինգ տարին մեկ (առաջինը` 2028թ.) «Տոնապետ» գրական մրցույթում հաղթած 25 պատմվածքները կհրատարակվեն հատուկ անթոլոգիայում։
Ամեն տարի ժյուրիի կազմը կարող է թարմացվել։
2023թ. Ժյուրիի կազմը.
● Մհեր Իսրայելյան, արձակագիր (ժյուրիի նախագահ),
● Սուսաննա Հարությունյան, արձակագիր,
● Հովհաննես Երանյան, արձակագիր,
● Արմեն Ավանեսյան, գրականագետ,
● Աղավնի Գրիգորյան, գրող, երաժիշտ։
No Comments