Երբ վստահորեն ապրում ես հերոսների արյամբ սրբագործված հայրենիքում, անգամ չես մտածում ուրիշ երկրում ապրելու մասին։ Ինչպե՞ս մտածել, եթե հայրենիքդ չափանիշ է…
Ահա այս դրախտն է, որի համար թշնամին ջանք ու եռանդ չէր խնայում, որ իրենը դարձնի։ Բայց հայ մարտիկի ոգին սխրանքներ գործեց ու նոր գարուններ պարգևեց ինձ, քեզ ու բոլորին։ 44 օր տևած, սակայն մեզ համար մինչև այսօր շարունակվող պատերազմում Ճարտարը տվեց իր 43 հայորդիներին, որոնցից շատերը ո՛չ ընտանիք էին կազմել, ո՛չ էլ երեխայի ճիչ լսել։ Նրանց արածի ու թողածի շնորհիվ է Ճարտարը գույների մեջ ապրում, միևնույն ժամանակ սգալով։
Ճարտար անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտարախոսության առանձնահատկություններից։ Ճարտար քաղաքը գտնվում է Մարտունու շրջանի արևմտյան նախալեռնային հատվածում: Հեռավորությունը Մարտունուց 16 կմ է, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 40 կմ, ՀՀ քաղաքամայր Երևանից՝ 370 կմ: Ճարտարի շրջակայքի բարձրադիր կետերը Եղիշեի, Կարմիր քար սարերն են ու Ալանբոթ լեռը: Առաջինն ու երրորդը խոտածածկ բարձունքներ են, երկրորդը՝ լերկ ու կարմիր քարաժայռ:
Ըստ պատմական փաստերի ՝ գյուղը գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարում: Մի շարք շինաշխատանքներ կատարելու ժամանակ Ճարտարում հայտնաբերվել է այդ դարին վերագրվող խոյակ:
Ճարտարը, մինչև քաղաքի կարգավիճակ ստանալը, բաժանված էր չորս մասի՝ Գյունե, Ղուզե, Վերին Գյունե, Վերին Ղուզե: Այնուհետև հանրաքվեով միացվեց և ստացավ քաղաքի կարգավիճակ: Դրա հետ մեկտեղ՝ Զորավան բնակավայրը, որտեղ 2-րդ պաշտպանական շրջանն էր գտնվում, նույնպես Ճարտարի կազմում էր, այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Գյունե և Ղուզե Ճարտարների միջև վեր են խոյանում Սպիտակ և Սև բերդասարերը, որոնք հրաբխային դայակներ են՝ կազմված լերկ բազալտե ապարներից: Ժողովուրդն այն անվանում է «Նահատակ» բերդասար, ինչպես նաև Պերթ անվանումն է տվել, այսինքն՝ բերդ: Ճարտարի պատմական հուշարձաններից առավել հանրահայտ են Սուրբ Եղիշեի վանքը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Նաև վերջին տարիներին կառուցվել է Ս. Վարդան եկեղեցին:
Ճարտարում հայտնի են Սաղունց, Դերունց, Բղերանց, Բագունց, Բղդսարանց, Բադունց, Դամրչունց, Քմալանց, Կուռունց, Աղլունց, Զյալանց, Զուրկանց, Լյալունց, Կյուլուստանց, Շհրմանանց, Նադիրջհանանց, Չաքմալվանց, Փշանց, Չուբանանց, Սրումանց, Թումունց, Ըզիզանց, Բոզանց, Կյողանց, Կյիզողանց, Քլվանց, Սեվունց, Ընդրյազանց, Սուդանց և այլ տոհմեր:
Ճարտարցիներն աշխատասիրությամբ և նպատակին հասնելու համառությամբ են օժտված: Այդ հատկանիշների շնորհիվ է, որ Ճարտարը շատ բարեկարգ է եղել, և ստեղծվել են ընդարձակ այգիներ, որոնք մշակվել են:
Մինչև 1945թ. Գյունե և Ղուզե Ճարտարի կոլտնտեսության նախագահներ են եղել Երվանդ Սարգսյանը, Յուգուրանց Հակոբջանը և Սարգիս Ասրիբաբայանը:
1945թ. գյուղի կոլտնտեսության նախագահ ընտրվեց Գյունե Կալերի դպրոցի երիտասարդ տնօրեն Սուրեն Ադամյանը: Նրա օրոք Ճարտարի հարակից անմշակ հողատարածքները կարճ ժամանակում վերածվեցին մշակովի հողատարածքների, ստեղծվեցին ոռոգման էլեկտրոֆիկացված ցանց, խաղողի և այլ պտղատու ծառերի անպիսի այգիներ, որոնք հիացմունք էին պատճառում բոլորին: Զարգանում էին նաև հացահատիկային տնտեսությունն ու անասնապահությունը գյուղում:
Ճարտարն ունի 4 դպրոց (5-րդն էլ մասնաճյուղ է), 2 մանկապարտեզ, 1 հիվանդանոց, 3 հանդիսությունների սրահ, փոստ, ջրամատակարարման ցանց, մարզադահլիճ, 2 մարզադաշտ, արվեստի դպրոց, «Ղարաբաղ կարպետ» ՓԲԸ-ի մասնաճյուղ, մարզամշակութային պալատ, որը Երևանի Օպերայի շենքի մանրակերտն է:
2019 թվականից Ճարտարում գործում է «Վարդանանք» թերթը, որը Արցախի միակ հոգևոր տպագիր մամուլն է:
Ճարտարով նաև մեր հերոս Մոնթեն է քայլել: Մոնթեն գալիս է Ճարտար՝ ջահել տղաներին ջոկատում ընդգրկելու համար։ Ճարտարեցի Վաղո դադային հարցնում է, թե ուր է որդին։ Վաղո դադան ասում է՝ չգիտեմ։ Մի քանի անգամ Մոնթեն համոզում է, որ պատասխանի, Վաղո դադան կրկնում է՝ չգիտեմ։
Մոնթեն իր բարակ ձայնով բարկանում է, գոռում.
— Չեմ հավատար, թուն սուտ կը խոսիս, ինչպե՞ս թուն չես գիտեր՝ զավակդ ուր կըլլա։
Վաղո Դադան էլ ասում է.
— Ավո՛, մատա՛ղ, քու հար, քու մար գիդո՞ւմն տու շտեղըս։
Մոնթեն ստիպված հանգիստ է թողնում Վաղո դադային…
Չքնաղ եղել ես, չքնաղ էլ կա՛ս. հարատևի՛ր, սքանչելի՛ Ճարտար։ Բնությունը մի այլ կարգի շռայլ է գտնվել քո հանդեպ։ Անպարտելի զավակների բնօրրան ես դու։ Հզոր կամքի տեր, բարի գործերի օրրան, մեր հաղթանակների գրավական… Թող քո գրկում իրականություն դառնա ամեն մի ճարտարեցու երազանք։
Վովա Արզումանյան
Լուսանկարները՝ հեղինակի
Գլխավոր լուսանկարը՝ Պավել Պետրոսյանի
No Comments