«Հարևան Տոտորոն»․ ճապոնական ժանր
Ճապոնական հեքիաթներ կարդալիս շփոթվել էի․ ես փնտրում էի խնդիրն ու լուծումը։ Աստիճանաբար սևեռվեցի ճապոնական գրական ժանրերի ու տեքստի կառուցվածքի վրա։ Ինձ ուղղորդեց Ճապոնիայի մշակույթի ու պատմության պրոֆեսորը՝ բերելով ճապոնացիների ամենասիրելի «Հարևան Տոտորոն» անիմեի օրինակը։ Պարզվում է, որ․ «․․․ ժողովրդական հեքիաթներում անցումը «Քանի որ A-ն տեղի ունեցավ, B-ն հետևեց» սկզբունքով չէ, այլ «Մինչ A-ն զարգանում էր, անսպասելիորեն հայտնվեց B-ն» տրամաբանությամբ։ Պատճառահետևանքային գծային կապերի սովոր արևմտյան ընթերցողին սա կարող է թվալ պատմության կողային զարգացում, որն անավարտության զգացում է հարուցում, երբ ակնկալում ես վճռական հանգուցալուծում։ Փոխանակ պատմության բոլոր խնդիրները լուծելու՝ եզրափակումը կարող է պարզապես վերաիմաստավորել իրադարձությունները։ Նպատակը ոչ թե հանգամանքների անորոշությունը վերացնելն է, այլ հարաբերությունները, մթնոլորտը կամ վիճակի անցողիկությունը լուսաբանելը։
[…] «Հարևան Տոտորոն» պատմում է հոր ու նրա երկու աղջիկների մասին, որոնք տեղափոխվում են գյուղ, իսկ մայրը մնում է հիվանդանոցում։ Երեխաները հանդիպում են խորհրդավոր Տոտորոյին ու աստիճանաբար հարմարվում գյուղական կյանքին։ Պատմության միջնամասում կրտսեր դուստրը՝ Մեյը, անհետանում է՝ հանկարծակի լարվածություն բերելով։ Տոտորոն ու Նեկո ավտոբուսը օգնում են գտնել նրան՝ վերամիավորելով ընտանիքը։
Արևմտյան պատմողական տեսանկյունից նման ավարտը տարօրինակ է․ կենտրոնական խնդիրը՝ մոր հիվանդությունը, մնում է չլուծված։ Հանդիսատեսը չի իմանում՝ արդյոք նա ապաքինվում է, արդյոք ընտանիքի վիճակը առմիշտ բարելավվում է, կամ ի՛նչ վերջնական նշանակություն ունի Տոտորոյի գոյությունը։ Արևմտյան ավանդական սցենարում հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, կլիներ գլխավոր հակամարտությունը, իսկ գագաթնակետը կկենտրոնանար կա՛մ ապաքինման, կա՛մ ողբերգության շուրջ։
Սակայն այստեղ հիվանդությունն ավելի քիչ է հանդես գալիս որպես լուծում պահանջող խնդիր և ավելի շատ՝ որպես պայման, որի ներսում ընթանում է առօրյա կյանքը։ Մեյի անհետացումը բերում է լարում, իսկ հետո վերականգնվում է կայունությունը, հաստատվում են ընտանեկան խզված կապերն ու գերբնական Տոտորոյի ներկայությունը, որը, ըստ երևույթին, իրո՛ք գոյություն ուներ։ Ուստի եզրափակումը պատմությունը չի «լուծում» արևմտյան ավանդական իմաստով։ Փոխարենը այն ապաքինում է փխրուն խաղաղությունը, մինչդեռ բժշկական իրականությունը մնում է անփոփոխ։ Արևմտյան դիտողի մոտ սա է հարուցում անհանգստություն․ պատմությունը կարծես պարզապես կանգ է առել, այլ ոչ թե ավարտվել։

Այս տարբերությունն արտացոլում է դասական ճապոնական պատմողական ավանդույթներին բնորոշ ավելի ընդարձակ գեղագիտական միտում։ Նման դասական ստեղծագործությունները ավելի քիչ են կենտրոնանում հակառակորդներին հաղթելու կամ հանելուկներ լուծելու վրա, ավելի շատ՝ անցողիկության և զգացմունքների անկայունության նկատմամբ զգայունություն ձևավորելու։
[…] Այսպես, պատմությունը կարող է ավարտվել ոչ թե այն պատճառով, որ բոլոր խնդիրները լուծվել են, այլ որովհետև փոխվել է տարվա եղանակը, փոխակերպվել է հարաբերությունը կամ ուղղակի անցել է մի ընթացք։ Հետևաբար այն, ինչ գրական մի տեսանկյունից կարող է թվալ անավարտ, մեկ ուրիշ տեսանկյունից կարող է լինել պատմության իմաստն ու ասելիքը»։ (պրոֆեսոր Յամաշտա Նոբորու, ինձ գրված նամակից, անձնական թարգմանություն)
․․․ Ճապոնիայում ես զգում եմ սա կենցաղավարության մեջ․ աշխատանքն ու նրա դժվարությունը հակամարտություն չեն, այլ մյուս՝ նեղ անձնական դրվագների հանգամանքը։ Նույնկերպ և իշխանությունը, պատերազմը, խաղաղությունը կոնտեքստն են ու փաստերը, որոնց ներսում կատարվում են փոքրիկ, մարդկային շարժումներ։
Աշխատանքին, իշխանությանը,
պատերազմին, խաղաղությանը,
«մեծ բաներին» համբերելու մասին։
Նագասակիից թղթակցեց
Ճապոնագետ, լեզվաբան Էմմա Բոջուկյանը
(Գենտի համալսարան)






