Հայ արվեստագետների աշխատանքները Կիպրոսում
Հայ արվեստագետների աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Կիպրոսում կայացած VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում և գրեթե ամբողջությամբ վաճառվել են։ Լիմասոլում անցկացված հեղինակավոր հարթակին ներկայացված են եղել հայ ժամանակակից արվեստագետներ Արմեն Հակոբջանյանի, Գայանե Ավետիսյանի, Աստղիկ Պետրոսյանի, Գոհար Սարգսյանի և Անդրոնիկ Խաչիյանի աշխատանքները։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվել են այս միջազգային հարթակում hosq հիմնադրամի նախաձեռնությամբ և համադրությամբ։
Այս տարի բացի 20 երկրից 150-ից ավելի արվեստագետներից VIMA Art Fair-ին մասնակցել է նաև 26 պատկերասրահ։ Հարթակում համատեղվում էին կոմերցիոն և ոչ կոմերցիոն ձևաչափեր, այդ թվում՝ ցուցադրություններ, քննարկումներ և ինտերակտիվ ծրագրեր, որոնք տեղի էին ունենում Լիմասոլում, Նիկոսիայում և այլ քաղաքներում։ Ցուցահանդեսային և պերֆորմատիվ հատվածները համակարգվում էին հունական KYKLOS մշակութային կենտրոնի ցուցահանդեսների և ծրագրերի տնօրեն Կոստաս Ստասինոպուլոսի կողմից։

Տոնավաճառի մի քանի օրվա ընթացքում հայկական սթենդը գրավեց հավաքորդների և մասնագիտական հանդիսատեսի ուշադրությունը․ ներկայացված գործերի մեծ մասը գնորդներ գտավ։ VIMA-ից հետո Արմեն Հակոբջանյանի գործերը շարունակում են ուշադրության արժանանալ․ դրանք այժմ ներկայացված են Լիմասոլի bbf:design հեղինակավոր ատելյեում, որտեղ դրանք կարելի է տեսնել տարբեր ինտերիերային լուծումներում ու ձեռք բերել։ Մասնակիցների համար մասնակցությունը դարձավ հայկական ժամանակակից արվեստի տարածաշրջանային և միջազգային ասպարեզում ճանաչելիության գործնական թեստ՝ որպես հեղինակներին միջազգային հարթակներում ներկայացնելու հիմնադրամի քաղաքականության արդյունք։
Նախագիծը մտածված էր իբրև մեկնարկային կետ․ արվեստագետներին ապահովել միջազգային տոնավաճառի փորձառություն, պատկերասրահների և հավաքորդների հետ ուղիղ կապեր հաստատել, գործնականում տեսնել հայկական արվեստի մերօրյա զարգացումների և միջազգային շուկայի կենդանի երկխոսությունը։ Մոտեցումներով և լեզվով իրարից տարբերվող արվեստագետները մի տարածության մեջ էին ներկայացված իբրև համադրողական դիրոքորոշման արտահայտություն․ սթենդի հղացքը հիմնվում էր վստահության հասկացության և դրա տարբեր արտահայտումների վրա։ Վստահություն մարմնի և ձգողականության հանդեպ, վստահություն՝ «այլին» և ինքդ քեզ․ հինգ ուրույն գծեր, որոնք միավրում էին ցուցադրությունը՝ որպես ամբողջական իմաստային տիրույթ։

Նախագծի համադրող Անդրոնիկ Խաչիյանը նշում է․ VIMA-ն համատեղում է պրոֆեսիոնալ կուռ կազմակերպությունն ու բաց, գրեթե կամերային մթնոլորգը։ Տոնավաճառում ներկա էին բազմաթիվ նշանակալի հավաքորդներ՝ տարածաշրջանի և այլ երկների ներկայացուցիչներ։ Մեզ կարևոր էր հինգ ուրույն դիրքորոշում ցույց տալ․ ամեն արվեստագետ տեր է սեփական տրամաբանության և կերպարի էթիկայի։ Տոնավաճառի ընթացքում մենք շատ ենք խոսել hosq-ի, արվեստագետների մասին ու թե ինչպես ենք կառուցում միջազգային նախագծերը՝ հավաքորդների, համադրողների, գալերիստների հետ։ Արձագանքը շատ կենսալի էր․ մեծ էր հետաքրքրությունը աշխատանքների հանդեպ, հնչում էին բազմաթիվ հարցեր հետագա քայլերի մասին, կար համագործակցությունը շարունակելու ցանկություն։ Այս մեծ ուշադրությունը ստացված փոխըմբռնման նշան է։ Շնորհակալ ենք բոլոր այցելուներին, գնորդներին և անցորդներին․ առանց այս ամենի այս փորձն անիմաստ կլիներ»։
VIMA-ի մասնակցությունը hosq-ի՝ միջազգային ռեզիդենցիաների, տոնավաճառների և կուրատորական համագործակցությունների լայն ծրագրի փուլերից մեկն է։ Նոր ձևաչափերն արդեն մշակման փուլում են։






