Նշան Աբասյան․ Սնամեջ բայերը հայերենում
Հայերենի շարահյուսությունը մի մեծ թշնամի ունի՝ ավերիչ, մակաբույծ բայերը, որոնք մեր լեզու են սողոսկել հիմնականում ռուսերենի պաշտոնական ոճի ուղղակի պատճենման հետևանքով։ Ռուսերենում այդ բայերը հաճախ ծառայում են որպես հանգույցներ ենթակայի և ստորոգյալի միջև, մինչդեռ հայերենը շատ դեպքերում դրա կարիքը չունի, որովհետև «եմ» բայը բացառում է ստորոգման շփոթումը։
Հայերենում այս բայերի ավելորդ ներմուծումը խոսքը դարձնում է անկենդան գրասենյակային՝ չավելացնելով ոչ մի նոր ասելիք, բայց խլելով ընթերցողի ուշադրությունն ու էներգիան։
Ահա՛ մի քանի օրինակ․
- «Հանդիսանում է»․ սա ռուսերեն является բայի ամենավնասատու պատճենումն է, որ հայերենում գրեթե միշտ ավելորդ է։
Սխալ ձևակերպում՝ «Այս որոշումը հանդիսանում է մեր ռազմավարության կարևորագույն մասը»։
Ճիշտ ձևակերպում՝ «Այս որոշումը մեր ռազմավարության կարևորագույն մասն է»։
- «Գտնվում է»․ ռուսերեն находится բայի պատճենումն է։ Տրամաբանորեն «գտնվելը» ենթադրում է նախապես կորած կամ որոնվող լինել։ Երբ խոսքը վերաբերում է առարկայի կամ անձի ֆիզիկական տեղակայությանը, այս բայի կիրառումը պարզապես աղաղակող իմաստային սխալ է․
Սխալ ձևակերպում՝ «Գրադարանը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Նախագիծը գտնվում է մշակման փուլում»։
Ճիշտ ձևակերպում՝ «Գրադարանը քաղաքի կենտրոնում է։ Նախագիծը մշակման փուլում է»։
- «Պատկանում է շարքին/թվին». այս կառույցը տեքստ է մտել ռուսերեն относится к числу արտահայտությունից։ Այն միտքը դարձնում է ծանրաշունչ և բյուրոկրատական։
Սխալ ձևակերպում՝ «Այս ստեղծագործությունը պատկանում է հեղինակի լավագույն գործերի շարքին»։
Ճիշտ ձևակերպում՝ «Այս ստեղծագործությունը հեղինակի լավագույն գործերից է»։
- «Իրենից ներկայացնում է»՝ ևս մեկ կոպիտ պատճենում (представляет из себя), որը պարզապես խեղդամահ է անում նախադասությունը․
Սխալ ձևակերպում՝ «Նոր մեթոդն իրենից ներկայացնում է բարդ համակարգ»։
Ճիշտ ձևակերպում՝ «Նոր մեթոդը բարդ համակարգ է»։
- «Կրել ․․․․ բնույթ» (ռուս.՝ носить ․․․․ характер)․ սա էլ պաշտոնական և անգամ գեղարվեստական տեքստեր սողոսկած ամենաանտանելի մակաբույծներից է։ Երևույթի հատկանիշը նկարագրելու և ուղիղ ստորոգյալ կիրառելու փոխարեն՝ ստեղծվում է անշունչ առարկայի և նրա կրած «բնույթի» կեղծ կապ․
Սխալ ձևակերպում՝ «Նախարարի այս հայտարարությունը կրում է ձևական բնույթ»։
Ճիշտ ձևակերպում՝ «Նախարարի այս հայտարարությունը ձևական է»։
- «Կայանում է նրանում» (ռուս. заключается в том)։ «Կայանալ» բայի բուն իմաստն է՝ հիմնվել, հաստատվել, գլուխ բերվել (օրինակ՝ բանակցությունները կայացան)։ Խնդրի, պատճառի կամ նպատակի էություն մատնանշելու համար այն կիրառելը անգրագիտություն է․
Սխալ ձևակերպում՝ «Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ բյուջեն սուղ է»։
Ճիշտ ձևակերպում՝ «Մեր գլխավոր խնդիրն այն է, որ բյուջեն սուղ է (կամ՝ «Մեր գլխավոր խնդիրը բյուջեի սղությունն է»)»։






