Արվեստն ունի մի շարք նպատակներ, որոնք ամփոփում և ներկայացնում է մարդը, որն ունի մտահղացման տարաստիճան դրսևորումներ։
Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում գործող «Ծիլ» տիկնիկային ստուդիայի ղեկավար Արմեն Գաբրիելյանը, աշխատելով Շուշիի պետական թատրոնում որպես տիկնիկավար-դերասան, միշտ ցանկացել է ստեղծել հեքիաթի տուն, որտեղ երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն տիկնիկներ, կբեմադրեն փոքրիկ ներկայացումներ։
— Առաջնայինն այն էր, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատեմ,- նշում է Արմենը, ավելացնելով, որ գաղափարը ծնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, բայց չի իրագործվել։
Պատերազմից հետո, հասկանալով երեխաների բարդ հոգեվիճակը, որոշում է տիկնիկաթերապիայի միջոցով փոքր-ինչ լցնել նրանց առօրյան, դրանով նաև աջակցել նրանց` ստեղծված վիճակից արվեստի միջոցով դուրս գալու։
Ստուդիան արդեն մեկ տարի է՝ իր դռներն է բացել Արցախի տարբեր գյուղերից և քաղաքներից տեղահանված, ինչպես նաև Ստեփանակերտի երեխաների առջև։
Նպատակը մեկն էր` ստեղծել մի միջավայր, որ Արցախում ապրող փոքրիկը գտնվի հեքիաթի մեջ։ Իրականացավ։
Ստուդիա մտնելուն պես երեխային հեքիաթի հերոսն է դիմավորում, այն էլ` Կոմիտասի մանկական երգերի ուղեկցությամբ։ Ոչ մի պատահականություն չկա։ Սա նաև ազգային միտքը, արվեստն ու գեղագիտական ճաշակը պահպանելուն է միտված։
Նախնական փուլում սաները պատրաստում են թղթե տիկնիկներ, այնուհետև՝ կտորե ձեռնոցային տիկնիկներ, աշխատում են նաև այլ նյութերով։ Սաների պատրաստած տիկնիկները դառնում են փոքրիկ ներկայացման մի մասը։
Բեմադրություններն Արցախի բարբառով են, որը պատահական չէ։ Այս ամենով փորձ է արվում պահպանել Արցախի քաղցր ու կոլորիտային բարբառը։
Ստուդիայի սաներից շատերն են ասում, որ ցանկանում են իրենց ուղին շարունակել որպես տիկնիկավար-դերասան։ Նշանակում է` ստուդիան ճիշտ ճանապարհի վրա է։
Նշենք նաև, որ «Ծիլ» տիկնիկային ստուդիայի կրթական ծրագրում ներառված են նաև բեմական խոսքի և տիկնիկավարության դասեր։
Ստուդիայի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ նպատակ ունեն գործունեությունն ընդլայնելու. նոր ծրագիր են մշակել, ըստ որի` պարապմունքներում կներառվեն հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տեղեկացանք, որ կան նաև այնպիսի երեխաներ, որոնք ի վիճակի չեն և չեն կարող տնից դուրս գալ, այդ դեպքում ստուդիայի ներկայացուցիչներն են պատրաստվում նրանց հաճախել՝ օրը հեքիաթ դարձնելու նպատակով։
Գիտակցելով, որ գյուղական համայնքները հնարավորություն չունեն ամեն անգամ հաճախելու մայրաքաղաքում տեղակայված ստուդիա, մշակել են ծրագիր՝ այցելել տարբեր գյուղեր և գյուղաբնակ երեխաների հետ տիկնիկներ պատրաստել, այնուհետև ներկայացում բեմադրել։ Սա խթան կլինի, որ տիկնիկային արվեստն Արցախում տարածում գտնի և զարգանա` ունենալով իր դիրքը, ոճը, գաղափարական սկզբունքը։
«Հոգու և սրտի աշխատանք է տիկնիկային արվեստը». այս բնորոշումն Արմենը տվեց, երբ մոտ երկու ամիս առաջ զրուցում էինք տիկնիկային արվեստի մասին։ Նաև ասաց` իրենց զենքն այս դեպքում տիկնիկն է, որով իրենց բաժին պայքարն են տանում։ Եվ այդ պայքարն ինքնանպատակ չէ․ Արցախն արվեստով ապրեցնելու համար է…
Լուսանկարների շարքը՝ այստեղ
Վովա Արզումանյան
No Comments