(1—ին թողարկում)
Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն:
Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:
Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:
Նկատի ունենալով վերը ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
ստորև բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.
- աբոնեմենտ – բաժանորդագիր
- աբստրակտ – վերացական
- աբսուրդ –անհեթեթություն, անհեթեթ
- ամբիցիոզ – հավակնոտ
- ավտոռեֆերատ – սեղմագիր
- ատեստատ – վկայական
- բալանս – հաշվեկշիռ
- դեֆիցիտ – պակասուրդ
- դիվիդենտ – շահաբաժին
- դիսերտացիա – ատենախոսություն
- դիսպետչեր – կարգավար
- էմոցիա – հույզ
- իմիջ – կերպար
- ինվալիդ — հաշմանդամ
- ինվեստիցիա – ներդրում
- լեգիտիմ – օրինական, օրինակարգ
- լոգիկա – տրամաբանություն
- կոլեգիա – վարչանի
- կոմպետենտ – 1. իրազեկ, 2. իրավասու
- կոմպրոմիս – փոխզիջում
- կոնցեպցիա – հայեցակարգ
- կրեատիվ – ստեղծագործ
- մաքսիմում – առավելագույն
- մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում
- մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն
- մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր
- մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ
- մինիմում – նվազագույն
- նեգատիվ – բացասական
- շանս – հնարավորություն
- չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր
- պոզիտիվ – դրական
- պոպուլիզմ – ամբոխահաճություն
- պոպուլիստ — ամբոխահաճ
- պրակտիկ – գործնական
- պրինտեր – տպիչ
- ռեալ – իրական
- ռեյտինգ – վարկանիշ
- սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)
- սիմվոլ – խորհրդանիշ
- սիմվոլիկ – խորհրդանշական
- սիստեմ — համակարգ
- սիտուացիա – իրադրություն, իրավիճակ
- ստատիստիկա – վիճակագրություն
- տրենաժոր – մարզասարք
- քսերոքս – պատճենահան
- քրոնիկոն – ժամանակագրություն
- օպոնենտ – ընդդիմախոս
- ֆեյք – կեղծ
- ֆորում – համաժողով
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ
No Comments