ՄշակութաԳիծ ՀՀ Լեզվի կոմիտե

Հորդորակ թվականները ճիշտ գործածելու մասին

12.01.2021

Բանավոր և գրավոր խոսքում հաճախ նկատվում են սխալներ, որոնք առնչվում են թվականների գործածությանը։ Անդրադառնանք դրանցից ամենատարածվածներին։

· Առաջին թվականը հաճախ արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» և աղավաղում բառերի հնչյունական ճիշտ պատկերը։

· Շատերն առանց կամ վերջնահնչյունի են արտասանում տասը / տասն թվականը և սխալ կազմում տասերկու, տասհինգ և այլն։ Սրանց ճիշտ ձևերը ն-ով են՝ տասներկու, տասնհինգ, տասնյոթ և այլն։ Ի դեպ, եթե այս թվականին հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ, ապա գրվում է ը, օրինակ՝ տասը տարի, իսկ եթե հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ ն, օրինակ՝ տասն անգամ։ Նույնն է նաև ինը / ինն-ի դեպքում՝ ինը տարեկան և ինն աթոռ (ճիշտ է համարվում նաև ինը աթոռ-ը)։

· Ինը / ինն թվականը երբեմն գրում են իննը, որը սխալ է։ Իննսուն թվականը բնականաբար գրվում է երկու ն-ով, ըստ այդմ էլ՝ իննսունինը (կամ իննսունինն

· Երբեմն էլ բառավերջի ը-ն թվականներում անհարկի է գործածվում. լսում ենք՝ վեցը գիրք, ութը հոգի, չորսը տարի և այլն։ Այնինչ ճիշտ ձևերն առանց ը-ի են՝ վեց գիրք, ութ հոգի, չորս տարի։

· Երբ ե-ն հաջորդում է բաղաձայնի, կանոնի համաձայն արտասանվում է /է/, հետևաբար երկու և երեք միավորներով կազմված տասնավորները ճիշտ է արտասանել է-ով՝ քսան[է]րեք, հիսուն[է]րեք, տասն[է]րկու և այլն։

· Ոմանք շփոթում են յոթանասուն և ութսուն թվականները և սխալ ասում ու գրում՝ յոթսուն, ութանասուն։ Թվականակերտ «սուն» բաղադրիչը նշանակում է «տասը». 70-ի դեպքում յոթան գրաբարյան հոլովաձևին ավելանում է ա հոդակապը, ապա՝ սուն բաղադրիչը, 80-ի դեպքում՝ ութ+սուն, ըստ այդմ ճիշտ տարբերակներն են՝ յոթանասուն և ութսուն։

· Հիսուն և վաթսուն թվականների կազմությունն այսպիսին է. հի (5) և վաթ (6) արմատներին ավելանում է սուն բաղադրիչը, ուստի հիցուն և վացուն ձևերն արտասանական «վթարներ» են։

· Ուղղախոսական խնդիրներ կան այլ թվականների հետ ևս։ Այսպես՝ երեսուն-ը հաճախ ասում են «եռեսուն», թեպետ արմատը երե(ք)-ն է (իսկ եռ արմատի տարբերակով ունենք եռամսյակ, եռոտանի և այլն)։ 100-ն էլ գրվում և արտասանվում է հարյուր, յ-ով (այստեղից՝ հարյուրամյա, հարյուրավոր)։ 0-ն արտասանվում է զրո, ոչ թե զերո (այստեղից էլ՝ զրոյացնել, զրոյական

· Փոխառությունների դեպքում ևս առաջնորդվում ենք հայերենի ուղղագրության կանոններով։ Ուստի միլիոն և միլիարդ բառերը գրվում են ոչ թե կրկնակ բաղաձայնով, այլ մեկ լ-ով։

· Հաշվում ենք այսպես՝ մեկ, երկու, երեք… Երկու թվականին ս է ավելանում, երբ այն հոդ կամ հոլովական վերջավորություններ է ստանում ՝ երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով։

· Հայտնի է, որ հայերեն տառերն ունեն նաև թվային արժեք։ Այդ արժեքով գործածված տառը պետք է արտաբերել թվային արժեքին համապատասխան։ Օրինակ՝ Աշոտ Բ, Վազգեն Ա անունները պետք է ասել՝ Աշոտ Երկրորդ, Վազգեն Առաջին։ Ի դեպ, գրության ժամանակ թվական բաղադրիչը՝ որպես անվան բաղադրիչ, գրվում է մեծատառ։

· Հռոմեական թվանշանները դասական թվականներ են, այսինքն՝ IV, VIII, XI նշանակում են չորրորդ, ութերորդ, տասնմեկերորդ, և րդ մասնիկն ավելացնելն ուղղակի սխալ է (սխալ է, օրինակ, VI-րդ, քանի որ լինում է վեցերորդ+րդ)։ Իսկ հռոմեական I-ի դեպքում՝ սխալ է I–ին գրելը (ինչպես նաև՝ 1-րդ)։ Ճիշտը սա է՝ 1-ին դասարան (կամ I դասարան):

· Թվարկման ժամանակ հայերեն տառերը դասական թվականի արժեք են ստանում։ Այսպես՝ ա), բ., ե/ դառնում են առաջին, երկրորդ, հինգերորդ և այլն։ Այդպես էլ՝ 1., 2) — առաջին, երկրորդ և այլն։

Ամփոփելով

Հորդորում ենք հաշվի առնել վերոնշյալ դիտարկումները և թվականներ գործածելիս խուսափել սխալներից։

ՀՀ լեզվի կոմիտե

No Comments

Leave a Reply