Այս տարի մեր Մեծը՝ Հրանտ Մաթևոսյանը, կդառնար 85 տարեկան: Ասել է թե, առանց իր ֆիզիկական ներկայության, հոբելյան ենք նշում:
Մեծերի մասին նախ և առաջ իրենց թողած արժեքավոր գործերն են հավաստիորեն վկայում: Բայց և դժվար է հաղթահարել Մեծի մասին այլ Մեծերի բնորոշումներին ևս մեկ անգամ անդրադառնալու գայթակղությունը:
Ardi.am
Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:
Վիլյամ Սարոյան
Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծծնդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդավայրը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտնվել էր Մոսկվայում …. Ու միայն աշխատասենյակի ճգնակեցությունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց…
Անդրեյ Բիտով
Բնության մեջ նա դառնում էր Ինքը. Այլևս գոլ քաղաքի լռակյաց, ինքնամփոփ նյարդակծիկը չէր, այլ տիեզերական մարդ՝ իր՝ Նահապետի վերջին աշնան վերջին գույների ու ձայների հետ սքանչելիորեն ներդաշնակ: Հերթական մի դաս՝ խոսքի ու ներկայության, մինչ գունաթափվող խոտը դաժանորեն արագ էր սառչում, ու խարույկը՝ դժկամորեն վառվում: Տխուր հպարտություն կար՝ այդ պահին մոտ լինել նրան, ավելի մոտ՝ անշփոթ կեցվածքին, որը հետո էլի չէր բացակայելու, այլ վերադառնալու էր ուրիշ կերպերով (բառ, միտք, ոգի)՝ ամեն անգամ վերահաստատելու իր հարատևությունն ու փորձելու մեր ուշիմ լինելու կարողությունը, որովհետեւ կյանքը վերաիմաստավորելու առաքելությունը միայն ընտրյալին է տրված:
Սամվել Մկրտչյան
Լուսանկարը՝ usanogh.am կայքի, հեղինակ՝ Ալիս Տեր-Ղևոնդյան
No Comments