ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Խուան Խոսե Արեոլա․ Պաբլո

23.04.2025

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

Մի անգամ առավոտյան, որ քիչ բանով էր տարբերվում մյուսներից, այն ժամին, երբ ամենը առօրեական էր, երբ ժխորը՝ նման անձրևաղմուկի, լցնում էր Կենտրոնական բանկի միջանցքներն ու աշխատասենյակները, Պաբլոյի վրա իջանեց Աստծո երանությունը։ Ավագ գանձապահը կիսատ թողեց բարդ հաշվարկները և իր մտորումները կենտրոնացրեց միայն մի բանի վրա։ Աստվածայինի մասին միտքը, հստակ և պայծառ, հանց տեսլիք, պարզ, ինչպես շոշափելի պատկեր, համակեց նրա ամբողջ էությունը։ Անսովոր և նվիրական հաճույքը, — նախկինում ևս նրան այցելած, բայց լոկ որպես ակնթարթային ցնդող ցոլք,- հիմա, մաքուր տեսքով և տևականորեն հայտնված, ամբողջությամբ տիրեց նրան։ Նրան թվում էր՝ աշխարհը բնակեցված է անթիվ-անհամար պաբլոներով, և նրանք բոլորը բնակվում են իր սրտում։

Պաբլոն տեսավ Աստծուն աշխարհաստեղծման սկզբում, մարդկային կերպարանքով և միաժամանակ համընդհանուր ոգու տեսքով, որն ամփոփում էր արարման բոլոր ունակությունները։ Մտքերը հրեշտակների պես  ճախրում էին տարածության մեջ, և դրանցից ամենաչքնաղը՝ ազատության մասին, նման էր անծիր լույսի։ Տիեզերքը, հենց նոր արարված և այդու անմեղ, իր նորածին էակներին դասավորում էր խիստ կարգով։ Աստված նրանց կյանք, հանգիստ և շարժում էր պարգևում, իսկ ինքը մնում էր իր ամբողջության, անիմանալիության և մեծության մեջ։ Բայց ամենակատարյալ էակը Նրա համար այդժամ անսահման հեռու էր։ Նա Նրան անհայտ էր մնում, նույնիսկ իր ստեղծագործ և կենարար ամենազորության մեջ, և ոչ ոք չէր կարող ոչ գիտակցել, ոչ հորինել նրան։ Հայրն իր երեխաների, որոնք ունակ չէին Նրան սիրելու, Նա իրեն անսահման միայնակ էր զգում և հավատաց մարդուն որպես կատարելության իր ձգտումը լիուլի իրականացնելու միակ հնարավորության։ Նա հույս ուներ՝ մարդը անպայման պետք է իր մեջ աստվածային սկիզբ կրի, այլապես կվերածվի համր, ստրկական արարածի։ Տևական սպասումից հետո Աստված վճռեց հայտնվել երկրի երեսին, տարրալուծվեց բյուր մասնիկների և դրանց սաղմը դրեց մարդու մեջ, որպեսզի մի օր, անցնելով կյանքի բոլոր հնարավոր ձևերը, միմյանցից անջատված մասնիկները կարողանային նորից ի մի գալ և հայտնվել աշխարհին, բայց արդեն այլ կերպարանքով, միաժամանակ Աստծուց անջատված և Նրանից անբաժան։ Այդպես կփակվի տիեզերական գոյության շրջանը, և ամբողջությամբ կիրագործվի արարման ծրագիրը, որին Աստված անցավ մի օր, սիրով տոգորված։

Մոռացության մատնված մարդկային հոսքում, ջրի կաթիլ հարյուրամյակների ծովում, ավազահատիկ անսահմանության անապատում այդպիսին էր Պաբլոն, իր սեղանի առջև, ցանցագծավոր մոխրագույն կոստյումով, կրիայի կաշվից շրջանակով ակնոցով, մանրակրկիտորեն սանրված և խնամված շագանակագույն մազերով, ձեռքերով, որ կարողանում են անթերի թվեր և տառեր գրել, պայծառ գլխով ծառայողի, որը, թվերը հստակ սյունակներում բաշխելով, անբասիր արդյունքների է հասնում, ծառայողի, որ ոչ մի անգամ չնչին իսկ սխալ թույլ չի տալիս, ծառայողի, որ իր գլխավոր մատյանում ոչ մի թանաքաբիծ չի դրել։ Այդպես, կորացած իր սեղանի առջև, թափանցում էր աստվածային առաջին բառերի մեջ նա, ում մասին ոչ ոք երբեք ոչինչ չգիտեր և չի իմանա, բայց ով հիմա իր մեջ կրում էր Աստծո հայտնությունը, կատարյալ ծածկագիրը, անվերջանալի վիճակախաղի հաղթող համարը:

Պաբլոն ոչ վատն է, ոչ լավը։ Նա այսպես թե այնպես վարվում էր իր բնույթին համապատասխան, և նրա արարքները պարզ և հասկանալի էին, բայց նա բաղկացած էր մասնիկներից, որ հազարամյակներով փորձում էին միահյուսվել, և նրա՝ Աստծո աշխարհ գալը կանխորոշված էր տիեզերքի արշալույսին։ Մարդկային ցեղի ողջ անցյալը պատրաստում էր Պաբլոյի գալուստը։ Ներկան լի էր բազում պաբլոներով՝ անկատար, լավ և վատ, մեծ և փոքր, հայտնի և անանուն։ Աշխարհի բոլոր կանայք, իրենք էլ դա չիմանալով, տենչում էին լինել նրա մայրը և հույս էին կապում իրենց ժառանգների հետ, հավատալով, որ մի օր կդառնան նրա նախամայրերը։ Բայց Պաբլոն արդեն բեղմնավորվել էր վաղ ժամանակներում, նա բոլոր մարդկանց որդին էր և նրա մայրը, գաղտնիքը չիմանալով, պետք է հղիության ընթացքում մահանար։ Ծրագրի, որին ենթարկվում էր իր ողջ գոյությունը, լուծման բանալին Պաբլոյին վիճակված էր գտնել առանց որևէ վերին ուժի հայտնվելու մի աշխատանքային առավոտ, որը քիչ բանով էր տարբերվում մյուսներից, ընտել աղմուկով և դղրդյունով լցված Կենտրոնական բանկի աշխատասենյակների անվերջանալի լաբիրինթոսում։

Աշխատանքից հետո ելնելով փողոց, Պաբլոն աշխարհին նայեց նոր աչքերով։ Յուրաքանչյուր իր նմանին նա անխոս գովասանք էր մատուցում։ Նա մարդկանց մեջ տեսնում էր, ասես նրանք թափանցիկ էին, կենդանի նշխարատուփի, և անարատ խորհրդանիշը շողում էր նրանց մեջ։ Բարձրյալը ապրում և մարմնավորվում է իր յուրաքանչյուր ստեղծածի մեջ։ Այդ օրվանից Պաբլոն սկսեց մարդկային արատներին այլ կերպ նայել, քան նախկինում. չափաքանակի սխալից ինչ-որ մեկը առաքինության ավելցուկ է ձեռք բերում, իսկ ինչ-որ մեկը դրանից զուրկ է դուրս գալիս։ Եվ այդժամ համընդհանուր պակասորդը ստեղծում է կեղծ առաքինություն, որը բոլորին չարիք է թվում։

Պաբլոն մեծ կարեկցանք էր տածում նրանց հանդեպ, ովքեր իրենց Աստծո կրողր չէին ընկալում, ովքեր կամ մոռացել էին Նրա մասին կամ մերժում էին Նրան, նրանց հանդեպ, ովքեր Նրան զոհ են մատուցում իրենց նեխած մարմնի համար։ Նա տեսավ տենչալի, կորսված արքետիպն անդուլորեն փնտրող մարդկությունը։ Յուրաքանչյուր ծնված կարող է փրկիչ լինել, յուրաքանչյուր հանգուցյալ՝ կորսված հույս։ Մարդկային ցեղն իր առաջին օրերից բազմապիսի կոմբինացիաներ է կազմում, աշխարհով մեկ ցրված աստվածային բոլոր հնարավոր և անհնար չափաբաժիններն ընտրում։ Մարդկությունն ամոթխածորեն թաքցնում է իր վրիպումներն ու բացթողումները, դրանք հողով ծածկելով, և խանդավառությամբ է նայում մայրերի ամեն նոր զոհաբերությանը։ Աշխարհի մեծ չարագործները զրկում են մարդկությանը հույսից։ Միգուցե աշխարհի վերջից առաջ նրանք վերջին հիասթափությունը կապրեն, երբ մարդու մեջ ամբողջությամբ կհաղթանակի հակադիր արքետիպը, և այդժամ կհայտնվի արդեն շատ հարյուրամյակներ բոլորին ահաբեկող հայտնության գազանը։

Բայց Պաբլոն հասկացավ՝ ոչ ոք չպետք է հույսը կորցնի։Մարդկությունն անմահ է, քանզի նրանում ապրում է Աստված, և եթե մարդու մեջ ինչ-որ անանց բան կա՝ հենց աստվածային հավերժությունն է։ Մեծ համաղետները, ջրհեղեղները, երկրաշարժերը, պատերազմը և ժանտախտը չեն կարողանա մարդու վերջը տալ։ Մարդկությունը երբեք լոկ մի գլուխ չի ունենա, որը որևէ մեկը կկարողանար մի հարվածով թռցնել։

Բացահայտման օրից Պաբլոն սկսեց նոր կյանքով ապրել։ Չնչին գործերն ու հոգսերը նրա համար դադարեցին գոյություն ունենալ։ Թվում էր, ընտել՝ ամենօրյա և ամենգիշերյա, ամենշաբաթյա և ամենամսյա ժամանակի ընթացքը Պաբլոյի համար կանգ էր առել։ Նա կամեցավ ապրել լոկ մեն մի ակնթարթում, անչափելի և անշարժ, ասես ժայռը հավերժության մեջ։ Իր ազատ ժամանակը նա նվիրեց խորհրդածություններին և մարդկությանը։ Ամեն օր նա արտասովոր գաղափարներ էր հղանում, նրա ուղեղը լի էր շողանքով։ Առանց որևէ իր ջանքի,  տիեզերական ոգին թափանցում էր նրա մեջ, նա իրեն պայծառացած և անդրանցական էր զգում, ասես հուժկու գարնանային ճնշումը արթնացրել էր իր լինելության մատղաշ տերևը։ Նրա միտքը սավառնում էր անդրսահմանյան բարձունքներում։  Տարված օդում ճախրող գաղափարներով, իրենից անասելի ջանքեր էր պահանջվում փողոցում հիշելու համար, որ ինքն այդուհանդերձ քայլում է գետնի վրայով։ Քաղաքը նրա համար այլ դարձավ։ Երեխաներն ու թռչունները նրան բարի լուրեր էին բերում։ Գույներն ավելի պայծառ և հյութեղ էին թվում, ասես շուրջն ամեն ինչ դրանցով էր ներկված ակնթարթ առաջ, Պաբլոյին դուր էր գալիս երկար զննել ծովը և լեռները։ Խաղաղված՝ նա նայում էր բացատներին և աղբյուրներին։

Իսկ ինչո՞ւ մյուսները չեն ցանկանում կիսել իր հետ այդ բարձրագույն բերկրանքը։ Սրտի խորքից Պաբլոն բոլորին անխոս հրավերներ էր ուղարկում։ Երբեմն միայնության մեջ ապրած հիացմունքը անհանգստություն էր բերում։ Ողջ աշխարհը պատկանում էր նրան, և Պաբլոն դողում էր, ինչպես երեխան մեծ նվերի առաջ, և փափագում էր անսահմանորեն երկար այն վայելել։ Նա երեկոները նվիրում էր մեծ և գեղեցիկ ծառի կամ երկնքում լողացող սպիտակավարդագույն ամպի, կամ բացատում գնդակ խաղացող խարտիշահեր երեխայի հայեցմանը։

Իհարկե, Պաբլոն գիտակցում էր իր հաճույքի պարտադիր պայմանը. այն ոչ մեկի հետ չի կարելի կիսել։ Նա իր ներկայիս կյանքը համեմատում էր նախկին կյանքի հետ։ Անապատ, միապաղաղ մեռյալ անապատ։ Եվ հասկացավ. եթե ինչ-որ մեկը սկսեր իրեն՝ անհաղորդին, նկարագրել նման աշխարհատեսությունը, նա անտարբեր կմնար, անդրսահմանայինը նրա համար լոկ դատարկ ձայն էր։

Նա ոչ ոքի չէր պատմում անգամ ամենաաննշան իր բացահայտման մասին։ Ապրում էր միայնության մեջ, առանց մտերիմ ընկերների և հեռավոր բարեկամների։ Նրա մարդախուսությունն ու ինքամփոփությունը օգնում էին իրեն։ Միայն թե վախենում էր՝ վերամարմնավորման գաղտնիքը կարող էր դեմքը բացել կամ աչքերը հանկարծ դավաճանորեն կմատնեն ներքին լույսը։ Բարեբախտաբար դա չպատահեց։ Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը, և՛ հյուրընկալվելիս ոչ ոք ոչ մի անգամ ինչ-որ փոփոխություն չէր նկատում նրա ներքին կյանքում, իսկ արտաքին կյանքն ընթանում էր առանց որևէ փոփոխության։

Երբեմն ինչ-որ կողմնակի հիշողություն, ոչ այն է մանկական, ոչ այն է պատանեկան, ներխուժում էր հանկարծ նրա հիշողության մեջ և պահանջում էր  մյուսների հետ միասնության մեջ իրեն տեղ տալ։ Պաբլոյին այդժամ դուր էր գալիս այդ հիշողությունները դասավորել գլխավոր գաղափարի շուրջ, որ ամբողջությամբ տիրում էր նրան, դրանցում իր ապագա կոչման ինչ-որ նախանշաններ գտնելու հաճույքը պատճառում։ Նախանշանները բաղկացած էին փոքր սքանչելի բացահայտումներից, և դրանցում հաջողվում էր վերծանել ամբողջական ուղերձներ, որ ուղարկում էր հենց բնությունը յուրաքանչյուր մարդու սրտին։ Այժմ դրանք լցվում էին առանձնահատուկ նշանակությամբ, և Պաբլոն դրանցով զարդարում էր իր հոգու ուղին, ասես սպիտակ մանրաքարերով։ Դրանցից յուրաքանչյուրը հիշեցնում էր ինչ-որ երջանիկ իրադարձության մասին, որն ինքը կարող էր իր կամքով և ցանկությամբ կենդանացնել։

Այդպիսի պահերին աստվածային մասնիկը ասես Պաբլոյի հոգուն նախկինում անհայտ զգացումներ էր հաղորդում, և Պաբլոն վախենում էր։ Նա ապավինում էր արդեն փորձարկված խոնարհությանը՝ համարելով իրեն ամենաչնչին մարդը, որ արժանի չէ լինել Աստծո կրողը, անհաջող փորձ փնտրտուքների անվերջանալի շարքում։

Միակ բանը, որ նա կարող էր ցանկանալ իր մեծ հավակնության պահերին՝  լոկ բացված ճշմարտության ակնթարթով ապրելն էր։ Բայց դա նրան անհնար և չափազանց էր թվում։ Նա ընկալում էր հզոր ազդակը, որը, անշուշտ կուրորեն, մղում և ուղղորդում էր մարդկային ցեղն այն բանին, որպեսզի նորից նոր շարունակի հարատև անընդհատական կենաց հոսքի ձեռքբերման փնտրտուքները։ Այդ ուժը, այդ հաղթանակը՝ ամեն անգամ հար ավելի տևական, համակում էին Պաբլոյին չգիտակցված հույսով և վստահությամբ առ այն, որ մի օր մարդկանց մեջ նախասկզբնական և կատարյալ էակ կհայտնվի։ Այդ օրը վերջ կդնի ինքնապահպանման և բազմացման բնազդին։ Ոչ մի մարդ էլ պետք չի լինի, նրանք, հիացմունքով անհետելով, կմտնեն էակի մեջ, որը կընդունի նրանց և կարդարացնի ողջ մարդկությունը, բոլոր դարերը, տգիտության, ապականության, փնտրտուքների հազարամյակները։ Մարդկային ցեղը, մաքրված բոլոր արատներից, հավիտյան կննջի իր արարչի գրկում։ Ոչ մեկը ոչ տառապանք կզգա, ոչ բերկրանք. և՛ բերկրանքները, և՛ տառապանքները կմիավորվեն մի անսահման էակի մեջ։

Այդ երջանիկ միտքը, որ ամեն ինչ արդարացնում էր, երբեմն անհետանում էր և դրան փոխարինում էր հակադիր միտքը. այն տիրում էր Պաբլոյին և հոգնեցնում նրան։

Գեղեցիկ լուսափայլ երազը կորցնում էր պարզությունը, սպառնում էր քայքայվել կամ վերածվել մղձավանջի։

Աստված, հավանաբար, կարող էր երբեք չվերադարձնել իր ամբողջականությունը և մշտապես մնալ միլիոնավոր զնդաններում թաքնված՝ հույսը կորցրած էակների մեջ, որոնցից յուրաքանչյուրը կզգար անձկության իր մասնիկը և նրանցից յուրաքանչյուրն անդուլորեն կձգտեր միայնության, որպեսզի գտնի ինքզինքը, մխիթարություն գտնելով նրանում։ Բայց աստվածային էությունը պետք է հեռանա մարդկանցից, փոքր-ինչ փոխվելով, ինչպես թանկարժեք մետաղը՝ բազմիցս հալեցված, ամեն անգամ ավելի ու ավելի շատ արժեքավոր մասնիկներ է կորցնում իր ձուլվածքի մեջ։ Աստծո ոգին կդրսևորվի արդեն միայն առ գերկյանքը մեծ կամքի մեջ, նա հաշվի չի առնի միլիոնավոր պարտությունները, մահվան բացասական և ամենօրյա փորձը։ Աստվածային մասնիկը ողջ ուժգնությամբ կդրսևորվի յուրաքանչյուրի սրտում և կջարդի զնդանի դուռը։ Բոլորը կպատասխանեն այդ կանչին՝ ամեն անգամ հար ավելի ուժեղ և անգիտակից, վերարտադրության ցանկությամբ, և Աստծո ամբողջականությունը կրկին անհնար կդառնա, քանզի մեն մի թանկարժեք մասնիկը գտնելու համար ստիպված կլինեն աղբի լեռներ տակնուվրա անել, տագնապի ճահիճը ցամաքեցնել։

Եվ այդժամ Պաբլոն հայտնվում էր անհուսության ծուղակում, որ ջարդուփշուր էր անում մնացուկները վստահության, որին նա զուր ջանում էր ապավինել։

Պաբլոն սկսեց գիտակցել դիտողի իր սարսափելի ունակությունը, սկսեց իրեն հաշվետու լինել այն բանում, որ հայելով աշխարհը, խժռում է այն։ Հայեցումը սնուցում էր նրա ոգին, և նրա ձգտումն առ հայեցումը գնալով աճում էր։ Նա դադարեց մարդկանց մեջ իր մերձավորներին տեսնել, նրա միայնությունը հար աճում և աճում էր, մինչև անտանելի դարձավ։ Նա նախանձով էր նայում մնացյալ, այդ անհայտ էակներին, որ, իրենք այդ չիմանալով, ազատորեն թափանցում էին իր հոգու մեջ, իրենց բոլոր չնչին գործերով, ուրախանալով և տառապելով, նրանք շրջապատում էին Պաբլոյին, միայնակ և վիթխարի, իսկ նա, վեր խոյանալով մեր բոլորի վրա, մաքուր և տաք օդ էր շնչում, ամեն օր թափառում էր նրանց մեջ, ներծծելով բոլոր մարդկային բարի արարքները։

Նրա հիշողությունը կարող էր հասնել ամենահեռավոր վայրերը։ Պաբլոն նորից օրեցօր, րոպե առ րոպե վերապրեց իր կյանքը։ Հասավ մանկությանը և պատանեկությանը։ Հետո էլ ավելի հեռու թափանցեց, մինչև իր ծնունդը, ճանաչեց իր ծնողների և նախնիների կյանքը, մինչև իր ցեղի վերջին պորտը, որտեղ նորից հանդիպեց միասնության գաղտնիքին տիրապետող իր հոգուն։

Նա իրեն ամենազոր էր զգում։ Կարող էր յուրաքանչյուր մարդու կյանքից հիշել ցանկացած մանրամասն՝  նույնիսկ ամենաչնչին, մի արտահայտությամբ նկարագրել տիեզերքը, տեսնել ժամանակով և տարածությամբ թաքնված առարկաները, իր բռունցքի մեջ սեղմել ամպերը, ծառերն ու քարերը։ Քաղաքը նրա համար այլ դարձավ։ Երեխաները և թռչունները նրան բարի լուրեր  էին բերում։ Գույներն ավելի պայծառ և հյութեղ էին թվում, ասես շուրջն ամեն ինչ դրանցով էր ներկված ակնթարթ առաջ, Պաբլոյին դուր էր գալիս երկար զննել ծովը և լեռները։ Խաղաղված, նա նայում էր բացատներին և աղբյուրներին։

Նրա հոգին ուժասպառվում էր ինքն իրենից և լցվում վախով։ Անհույս և անբացատրելի անվստահությունը տիրում էր նրան։ Իբրև պատասխան տաք հրին, որ այրում էր իրեն ներսից, նա ընտրեց արտաքին անվրդովությունը։ Ոչինչ չպետք է փոխեր կյանքի ռիթմը։Գոյություն ունեին ասես երկու Պաբլո, բայց մարդկանց հայտնի էր միայն մեկը։ Մյուս, կատարյալ Պաբլոն, որ կարող էր վերականգնել հավասարակշռությունը մարդկության մեջ, դատապարտող կամ արդարացնող դատավճիռ կայացնել, ապրում էր անհայտության մեջ, ոչ ոք նրան չէր ճանաչում. արտաքուստ նա ապրում էր իր մուգ մոխրագույն կոստյումով և իր հայացքը պաշտպանում էր կրիայի կաշվից շրջանակի հաստ ապակիներով։

Մարդկային հիշողությունների անվերջանալի ցուցակում նրա հոգին խռովում էր մի աննշան անեկդոտ, որը նա միգուցե կարդացել էր մանուկ հասակում։ Անեկդոտը հիշվում էր ասես արտահայտություններից զուրկ, բայց դրանք, իրենց մերկ էության մեջ, մնացել էին Պաբլոյի գիտակցության մեջ. ինչ-որ լեռնագյուղում ծեր քահանան, ոչ տեղացի, հասել էր նրան, որ ծխականները երկրպագեին իրեն իբրև ինքնին Աստծո մարմնավորման։ Ինչ-որ ժամանակ ամեն ինչ նրա համար սպասվածից լավ էր դասավորվում։ Բայց երաշտ եղավ։ Ամբողջ բերքը կորավ, ոչխարներն ընկան։ Հավատացյալները հարձակվեցին Աստծո վրա և առանց որևէ խղճի խայթի նրան զոհաբերեցին։

Մի անգամ Պաբլոն հայտնվեց մերկացման եզրին։ Նա քիչ էր մնում ողջ իր իրական հասակով ձգվեր մյուսի աչքերում, քիչ էր մնում զանց առներ աստվածային հայտնության գլխավոր պայմանը, և մի ակնթարթ անկեղծ վախ զգաց։

Հիանալի օր էր, Պաբլոն, հագեցնելով իր տիեզերական քաղցը, քայլում էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, երբ ինչ-որ մարդ հանկարծ մայթի մեջտեղում կանգ առավ՝ ակնապիշ նայելով նրան։ Պաբլոն զգաց. իրեն ինչ-որ շող է պատում։ Զարմացած, նա քարացավ լռության մեջ։Սիրտը արագացած խփում էր և իսկույն լցվեց քնքշությամբ։ Նա ընդառաջ քայլ արեց, գիրկը բանալով, հովանավորություն ցուցաբերելով, ճանաչման, մատնության և խաչելության կոչելով։

Դա մի քանի ակնթարթ տևեց, բայց դրանք Պաբլոյին հավերժություն թվացին։ Անծանոթը, վերջին պահին շփոթվելով, ներողություններ մռթմռթալով, որ ինքը, իբր, սխալվել է, շարունակեց իր ճանապարհը։

Մի քանի րոպե Պաբլոն կանգնել էր՝ չիմանալով ուր գնալ, անհանգստացած, դատարկված և միաժամանակ խոցելի։ Նա գիտակցեց. դեմքը սկսեց մատնել իրեն և կրկնապատկեց նախազգուշական միջոցները։ Այդ ժամանակվանից Պաբլոն նախընտրում էր զբոսնել միայն մթնշաղին, երեկոյան ժամերին, լուռ և ստվերախիտ զբոսայգիների ճանապարհներով։

Պաբլոն ստիպված էր աչալրջորեն հետևել, թե ինչ է անում, և բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի հրաժարվի իր յուրաքանչյուր ցանկությունից։ Նա վճռեց դույզն-ինչ չփոխել իր կյանքի ուղին, չխանգարել դրա ազատ հոսքին։ Դա նշանակում էր՝ նա կորցրել էր կամքը։ Նա փորձում էր ոչինչ չանել, որ կարող էր, նույնիսկ ինքն իր համար, բացել իր իրական բնույթը, ամենազորությունը ծանր բեռով ընկնում էր հոգու վրա՝ ճնշելով այն։

Բայց ամենը զուր էր։ Տիեզերքը լցվում էր Պաբլոյի սիրտը բուռն հեղեղով, վերածնվելով նրա մեջ և նրա հետ՝ այդպես լայնահուն գետն է ողջ իր առատ ջրերը տալիս բնական աղբյուրներին։ Նա անզոր էր դիմադրելու, հոգին բացվում էր հանց հարթավայր,  և տիեզերքի էությունը անձրևի պես թափվում էր նրա վրա։

Չափազանց շռայլորեն օժտված հարստություններով, Պաբլոն տառապում էր՝ իր շնորհի բարձրից տեսնելով աղքատ աշխարհը՝  աշխարհը սնամեջ էակների, իր բոլոր գույները կորցրած, զարգացման մեջ կանգնած։ Անսահման վիշտն ու կարեկցանքը համակեցին նրան՝ դառնալով անտանելի։

Պաբլոն տառապանք էր ապրում ամեն ինչից՝ երեխաների խորտակված կյանքից. նա նրանց չէր տեսնում ոչ այգիներում, ոչ դպրոցներում, մարդկային կյանքի աննպատակությունից, հղիների ապարդյուն հույսից. նրանք անկարող էին կյանք պարգևել իրենց երեխաներին, պատանի զույգերից. նրանք բաժանվում էին, կես բառի վրա անիմաստ շաղակրատությունն ընդհատելով, հրաժեշտին վաղվա համար հանդիպում չնշանակելով։ Նա վախենում էր թռչունների համար, որոնք մոռացել էին իրենց բները և աննպատակ թռչում էին՝ թևերն օդում թափահարելով։ Ծառերի տերևները դեղնեցին և սկսեցին թափվել։ Պաբլոն ցնցվում էր այն մտքից, որ իրենց համար նոր գարուն չի գա, քանի որ այն խլում էր մահկանացուների կյանքը։ Նա զգում էր, որ ի զորու չէ վերապրելու մահացող աշխարհի պատկերը, և նրա աչքերը լցվում էին արցունքներով։

Պաբլոյի բարի, զգայուն սիրտը չէր դիմանում այդպիսի փորձությանը։ Նա արդեն չէր կարող ոչ մեկի դատավորը լինել։ Պաբլոն որոշեց, որ աշխարհը ողջ կմնա, եթե իրենից ողջ խլածըվերադարձնես իրեն։ Նա փորձեց հիշել. իսկ չի եղել անցյալում ինչ-որ ուրիշ Պաբլո, որ իջել է իր միայնության բարձունքներից՝  աշխարհի ծովում աննպատակ և վաղանցիկ կյանքի հերթական բոլորաշրջան ապրելու համար։

Մի մշուշոտ առավոտ, երբ աշխարհը գրեթե կորցրեց իր գույները, և դրանք շողում էին լոկ Պաբլոյի հոգում, որ նման էր գանձերով լի սնդուկի, նա վճռեց գնալ զոհաբերության։Կործանման քամին թափառում էր աշխարհով մեկ, պաղ քամուց և մանրամաղ անձրևից թևերով ինչ-որ սև հրեշտակապետ փորձում էր ջնջել իրականության ուրվագծերը, դա եզրափակիչ տեսարանի նախերգանքն էր։ Պաբլոն իրեն ամենազոր զգաց, նա կարող էր ծառն արմատախիլ անել և գետնատակ տալ քանդակները, ոչնչացնել պալատներն ու վանքերը, իր մռայլ թևերի վրա տանել աշխարհի բոլոր մնացյալ գույները։

Դողդողացող, անզոր այլևս վայրկյան իսկ հայել համընդհանուր կործանման մասին ներկայացումը, Պաբլոն փակվեց սենյակում և պատրաստվում էր մահվան։ Եվ ինչպես ամենախղճուկ ինքնասպանը, քանի դեռ չափազանց ուշ չէր, նա վերջ տվեց իր կյանքի օրերին և լայն բացեց իր հոգու դռները։

Թաղելով հերթական չկայացած հույսը, մարդկությունը շարունակում է իր համառ փնտրտուքները։ Երեկվանից Պաբլոն նորից մեզ հետ է, մեր մեջ, իր և միասնության փնտրտուքների մեջ։

Այսօր առավոտյան արևը զարմանալիորեն պայծառ է շողում։