Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Ի՞նչ է կախված ձեր խոհանոցում

14.07.2020

Ռեմբրանդ վան Ռեյնի ինքնանկարը, որը տասներկու տարի կախված էր փարիզյան մի խոհանոցում, կվաճառվի մինչև 16 միլիոն ֆունտ ստերլինգով: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ հին փայտե վահանակը, որի վրա այն նկարված էր, համընկել էր նույն ծառի փայտի հետ, որի վրա հոլանդացի վարպետը ստեղծել էր մեկ այլ նկար։ 

Նկարը վերջին անգամ աճուրդի էր հանվել 1970-ին և վաճառվել  ընդամենը 650 ֆունտ ստերլինգով։ Վերջին հիսուն տարում Ռեմբրանդի հեղինակությունը փոփոխության չի ենթարկվել, բայց փոխվել է Սոթբիսի` աշխարհի ամենահին աճուրդային տներից մեկի կարծիքն այն մասին, թե ով է իրականում նկարի հեղինակը։ 

1970-ին արվեստի աշխարհի հեղինակություններից և ոչ մեկը չընդունեց, որ այն Ռեմբրանդի գործն է: Նկարը գնեց փարիզյան դիլերներից մեկը՝ Լեգենհեքը (J. O. Leegenhoek)։ Լեգենհեքները նկարը պահեցին  քսանվեց տարի․ տասներկու տարի այն կախված էր խոհանոցում, իսկ հաջորդ տասնչորս տարիներին՝  պարոն Լեգենհեքի պատկերասրահում։ Նրանք հավատում էին, որ դա իսկական Ռեմբրանդ է, բայց չէին կարողանում ապացուցել։

Նկարը ցույց էր տրվել բազմաթիվ թանգարանային մասնագետների ու հավաքորդների, բայց նրանցից ոչ ոք՝ իբրև գնորդ, հետաքրքրություն չէր ցուցաբերել նկարի հանդեպ: Սակայն Լեգենհեքները  հույսը չէին կորցրել։

1996-ին նրանք նկարը ցույց տվեցին փայտի ժամանակագրության մասնագետ (դենդրոքրոնոլոգ), ազգությամբ գերմանացի Պիտեր Կլայնին։ Վերջինս հաստատեց, որ փայտը, որի վրա այն նկարված է, նույն Բալթյան ծառից է (կտրված՝ 1632 թվականին), որից պատրաստված փայտի վրա պատկերված է Ռեմբրանտի հայտնի ու մասնագետների կողմից հաստատաված դիմանկարներից մեկը։

Վիճահարույց նկարը մեկն էր այն քառասուն ինքնադիմանկարներից, որոնք ցույց էին տալիս նկարչի ծերանալու ընթացքը, և մեկը այն երեքից, որոնք գտնվում էին մասնավոր հավաքածուներում։

8,0X6,0 դյույմ չափերով փոքրիկ նկարում պատկերված է քսանութամյա նկարիչը, որն իր ոսկեգույն ժապավենով սև գլխարկով, թավշյա կցամասերով սև թիկնոցով և նորաձև սպիտակ օձիքով  անսովոր խելացի տեսք ունի։ 

Ջորջ Գորդոնը՝ Սոթբիսի ներկայացուցիչը, կարծում է, որ հնարավոր է՝ նկարն ստեղծվել է՝ տպավորություն գործելու համար իր ապագա կնոջ և մեծագույն մուսայի՝ Սասկիա վան Ուլենբուրգի հարազատների վրա։

Portrait of a Man With Arms Akimbo

Ռեմբրանդի ամենաթանկ նկարը գնահատվում է 20,2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գին, որը սահմանել է Քրիստիս աճուրդային տունը 2009-ին՝ չափերով ավելի մեծ՝ Portrait of a Man With Arms Akimbo դիմանկարի համար։ 

Նույթի աղբյուր՝ floridasportsman.com
Թարգմանեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply