ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Սահյանական

17.07.2023

Համո Սահյանի հետ հանդիպմանը երկար էի սպասել. նա խուսափում էր հարցազրույցից: Բայց համառությա՞նս , թե՞ ԵՊՀ-ում 1990 թվականի գարնանը կայացած մի հանդիպման ժամանակ Հրանտ Թամրազյանի՝ իմ մասին հայտնած կարծիքի շնորհիվ արժանացա նրա բարեհաճությանը: Հրանտ Թամրազյանի առաջարկով ես և Ազնիվ Չիլինգարյանը՝ ԵՊՀ ասպիրանտներ, լուսանկարվեցինք երկու մեծերի հետ, և այդ լուսանկարը դարձավ իմ անձնական արխիվի թանկ մասունքներից մեկը: Պահը չկորցրի, անմիջապես ձեռք բերեցի հանդիպման օրվա, ժամի պայմանավորվածությունը: Հանրային ռադիոյի տրամադրած տեխնիկայով ես և օպերատորը գնացինք Համո Սահյանի՝ Աղայան փողոցում գտնվող բնակարանը: Տիկին Սվետան մեզ ընդունեց հյուրընկալ հայ տանտիրուհու նման, ամբողջ ժամանակ մնաց այն սենյակում, որտեղ արվում էր ձայնագրությունը: Վերջում ասաց. «Դո՞ւ էիր կազմել հարցերը, լավ հարցեր էին»: Ռադիոյի Սփյուռքահայության համար տրվող հաղորդումների խմբագրությունում մեծ ոգևորությամբ ընդունեցին հարցազրույցն ու ասացին, որ պահպանելու են Ռադիոյի «Ոսկե ֆոնդում»: Դա ինձ համար մեծ ուրախություն և հպարտություն էր. ես դեռ լրագրող էլ չէի, ուր մնաց՝ գրականագետ ու գրող: Այդ զրույցը, ինչպես և լինում է մեծերի դեպքում, չի կորցրել իր արդիականությունը: Ներկայացնում ենք այն մեր ընթերցողին:

                  «Ձախորդ օրերը կգան ու կերթան, ու մի օր կգան երջանիկ օրեր»

Սփյուռքահայ հասարակությունը կարիքը չունի, անշուշտ, ականավոր բանաստեղծ, խորհրդահայ տաղանդաշատ քնարերգու Համո Սահյանի մանրամասն ներկայացման, քանզի բավական է միայն հիշատակել նրա անունը, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ և ոչ միայն հայ վերապրի այն հաճելի պահերը, որ այնքան հաճախ իրեն պարգևել են Սահյանի՝ մեծ տաղանդով գրված գործերը: Ո՞վ չի հիացել ու դյութվել նրա Որոտանով, Գյազբելով, բանաստեղծական չքնաղ լեգենդի վերածված Լորով: Ո՞վ նրա հետ համաքայլ չի շրջել բանաստեղծի հայրենի ձորերով ու անտառներով, ո՞վ չի լսել նաիրյան բարդու շրշյունն ու զմայլվել նրա նազանի պարով: Համո Սահյանի բարձրարվեստ գրիչը երկնում, ստեղծագործում է նաև այսօր: Եվ բանաստեղծն ունի բազում դեռ չծնված մտորումներ, որ անխուսափելիորեն պիտի ծնվեն, նրան սիրող ու նրանից սիրված ժողովրդի սեփականությունը դառնան: Պոետի վերջին շրջանի գործերը տպագվել են հանրապետական մամուլում: Դրանցից ես ցանկանում եմ հիշատակել հատկապես մեկը՝ «Ինձ բաց թողեք, ես գնամ» բանաստեղծությունը, որում պոետը, կյանքից հոգնած, հորդորում է բաց թողնել իրեն, քանի որ կարծում է, թե իր գնալու ժամանակն է արդեն: Այս բանաստեղծության առիթով էլ ուզում եմ ուղղել առաջին հարցս գրողին:

-Արդյոք չե՞ք թերագնահատում Ձեր կարողությունները, Վարպե՛տ: Մի՞թե հնարավոր է, որ ժողովուրդը Ձեզանից այլևս սպասելիքներ, ու Դուք նրան տալու բան չունենաք:

-Իմ կարծիքով էդտեղ թերագնահատելու հարց չկա, որովհետև տարիքը տարիք է.

մարդ տարիքն առավ, էս աշխարհից պիտի թողնի-հեռանա: Նամանավանդ, երբ անելիք չունի: Թումանյանն ասել է, թե կան մարդիկ, որոնց միայն ներկայությունը հազար մարդու գործ արժի: Եղել են իսկապես այդպիսի ժամանակներ, երբ մեկ մարդու ներկայությունը շատ կարևոր բան է նշանակել: Օրինակ՝ Անդրանիկի ներկայությունը Զանգեզուրում: Ֆիզիկական ներկայությունը միայն բավական էր, որպեսզի այդ տարածքը փրկվեր: Ներկայությո՛ւնն ընդամենը: Բայց մեկ-մեկ լինում է այնպես, որ քեզ պարզապես ավելորդ ես զգում: Ժամանակին այդպիսի բաների համար մարդկանց մեղադրել են, բայց դրանք այնքա՜ն բնական զգացումներ են: Մարդն ինչքան էլ շատ անելիք ունենա, այնուամենայնիվ, նորից երեսուն-քառասուն տարեկան չի դառնալու: Վերջիվերջո, սիրտն էլ, շնորհքն էլ, տաղանդն էլ ծերանում են, ինչպես, ասենք, մազերն են սպիտակում, ատամներն են թափվում, կնճիռներն են շատանում… Շատ քիչ բանաստեղծներ են երկարակյաց եղել: Իսկ ովքեր էլ որ երկար են ապրել, ծերության ընթացքում չեն ստեղծագործել: Ինձ հետաքրքրում է և կարծում եմ՝ ընթերցողին էլ կհետաքրքրի, թե ինչպես կարող է գրել յոթանասունհինգ տարեկան բանաստեղծը: Պարզվում է, որ յոթանասունհինգ տարեկանն էլ երբեմն երեխա կդառնա, երեխայի պես կմտածի: Պոեզիայի հետ այսքանով ես դեռ կապված եմ: Բայց նախկին ուժը, եռանդը, զգացողությունները չկան: Առաջ բավական էր մի սլացող ձի տեսնել, մի գեղեցիկ աղջիկ՝ ծամավոր, մի ջրվեժ կամ շատրվան, բանաստեղծությունը պատրաստ էր: Իսկ հիմա ես հո զգում եմ, թե ինչ դժվար է ծնվում բանաստեղծությունը: Բոլոր հուշերը գումարվում են կամաց-կամաց, որ տող են դառնում… Այդ իմաստով էլ, թվում է, իսկապես ժամանակն է, էլի: Բայց կա նաև հարցի մյուս կողմը. որ ասում եմ՝ «Ինձ բաց թողեք, ես գնամ», նշանակում է՝ պահողներ կան, բաց չեն թողնում, դեռ հարկավոր եմ: Էնպես որ, ինչքան ուժ մնացել է, պիտի ծախսեմ մինչև վերջ, նոր գնամ:

Այսօր ներկայացել է առիթը, որպեսզի Դուք Ձեր խոսքն ասեք սփյուռքահայությանը, Ձեր խոհերը կիսեք նրանց հետ թե՛ Արցախյան շարժման ու նրանից ծայր առած ազգային զարթոնքի, թե՛ ավերիչ երկրաշարժի ու նրա ծանր հետևանքների մասին: Ի՞նչ է սպասվում մեր ժողովրդին, ինչպիսի՞ն կլինի նրա վաղվա օրը Ձեր կարծիքով:

-Ես մարգարե չեմ, մարգարենալ չեմ կարող ու չեմ կարող ասել, թե վաղվա օրը ինչպիսին կլինի: Այսօրվա եղածի մասին երեկ չէինք մտածում: Դեպքերն այնքան արագ են զարգանում, այնպիսի անակնկալներ են լինում: Շատ մեծ դժվարությունների մեջ ենք, բայց մեր ժողովուրդը տեսել է ավելի դժվար օրեր ու այնուամենայնիվ, շարունակել է գոյատևել: Հավատացած եմ, որ միշտ պիտի ապրի: Ինչ վերաբերում է սփյուռքին, նրա նկատմամբ մեր քաղաքականությունը եղել է սխալ: Որոնել ենք այնտեղ տարբեր կուսակցություններ, հայհոյել ենք նրանց, նրանք էլ մեզ են հայհոյել, բայց վերջը լավ հասկացել ենք, որ մենք մի ժողովուրդ ենք ու միասնական ենք: Սա ցույց տվեցին և՛ երկրաշարժի մեծ աղետը, և՛ Արցախյան շարժումը, և՛ մեր ընդվզումները:  Մենք միասին ենք ու միասին էլ պիտի լինենք: Ինչ-որ բաներ դեռ կան շտկելու, ինչ-որ հարցերում դեռ չենք հավատում իրար, բայց այդ ամենը կհարթվի: Սփյուռքը մեզ հետ է եղել, մենք էլ՝ իր  հետ: Մի՛շտ:

-Ձեր առաջին քննադատն ու հովանավորողը եղել է Ստեփան Զորյանը: Նրա հոգատար վերաբերմունքը մեծապես օգնել է Ձեզ գրական ասպարեզում առաջին քայլերն անելու և հետագա վերելքի հարցում: Այսօր, երբ Դուք արդեն նվաճել եք մեծ հռչակ և համաժողովրդական սեր, ունե՞ք արդյոք այնպիսի մի քննադատ, որի կարծիքը Ձեզ համար կարևոր ու էական է նույնքան, որքան Զորյանինը 40-ական թվականներին: 

-Դժվարանում եմ ասել, որովհետև Զորյանն ինձ համար այնպիսի՜ հեղինակություն է: Նա մեծ գրող է, եվրոպական մասշտաբի: Հիմա ինչպե՞ս կարող եմ որևէ մեկին համեմատել Զորյանի հետ: Իհարկե, կան լավ քննադատեր նաև այսօր: Օրինակ՝ ես հավատում եմ Ֆելիքս Մելոյանի ճաշակին, խոսքին, պոեզիայի զգացողությանը: Բայց առհասարակ, ես քննադատությունը կարդում եմ պատմվածքի նման. տեսնեմ՝ ինչպե՞ս է գրել: Իսկ թե ինչ խորհուրդ կտան, լավ բան կասեն, թե վատ, ինձ համար միևնույն է: Բացարձա՛կ: Շա՜տ վաղուց է, որ ես չեմ լսում էդ քննադատ կոչվածների ասած ո՛չ լավը, ո՛չ վատը:

-Երբ հետադարձ հայացք եք ձգում Ձեր ապրած գրական կյանքին, ի՞նչն է, որ հատկապես հոգահարազատ ու թանկ է Ձեզ համար այնտեղ և ի՞նչն է, որ հիասթափություն է պատճառում: Կա՞ն այնպիսի բանաստեղծություններ, որոնք կցանկանայիք գրած չլինել: Եվ հակառակը՝ այնպիսիները, որ այսօր էլ եթե գրեիք, պիտի գրեիք հենց այդպես:

-Անկախ բանաստեղծության գաղափարական իմաստից՝ շատ բանաստեղծություններ կան, որ կուզենայի գրած չլինել: Երբեմն գրքերի մեջ չեմ դնում, բայց որևէ թերթում տպված է, մի անկյունում ընկած է, և եթե որևէ մեկին պետք է, կգնա ու կգտնի: Ինչքան էլ անպետք բանաստեղծություն լինի, հեղինակից երկար է ապրելու: 50-60-ական թվականներից հետո ես ոչ մի սուտ չեմ գրել: Եթե ուղղակի հնարավոր էլ չի եղել ասել ճշմարտությունը, ասել եմ ենթաբնագրում, ենթատողերի մեջ: Դրանից առաջ էլ չեմ ստել: Գրել եմ գաղափարական բանաստեծություններ, որովհետև շատ բաների եմ հավատացել: Երեխա եմ եղել, երբ այնպիսի մի խանդավառություն էր տիրում ժողովրդին՝ և՛ գյուղացիներին, և՛ բանվորներին, և՛ կոմսոմոլներին: Ինքս կոմսոմոլ եմ եղել էնքան խանդավառ, որ 30-ական թվականներին մի տարի ամբողջ կոլտնտեսության գործը մենակ եմ արել: Մեն-մենակ խուրձ էինք կրում էշերով, գրաստով: Սարերից՝ 7-9 կմ հեռավորությունից կրում էինք խոտը, երբ կոլտնտեսությունում ընդամենը տասներկու էշ կար, մեկ՝ ձի: Եվ այդ բոլորը մենակ՝ տասնվեց տարեկան տղաս: Շատերն էին ինձ նման այն օրերին: Կային նույնիսկ կուլակի տղա հայտարարված մարդիկ, ովքեր գիշերով իրենց ձին փախցնում էին սեփական գոմից, որպեսզի կոլտնտեսության խոտը դաշտից բերենք: Կարող էր, չէ՞, այդ խանդավառությունը հավատ ներշնչել: Ես մտածում էի, որ էդ խանդավառությունը երկիրը շատ կբարձրացնի, իմ ժողովրդին էլ՝ հետը: Պատերազմի տարիներին էլ հավատացել եմ: Որոշ կասկածներ ունեի արդեն, բայց հավատը միշտ ավելի հզոր էր: Հավատն է միշտ պահել:

-Հայ անվանի գրողները, համենայնդեպս, նրանց մեծ մասը, ստեղծագործել են և՛ արձակի, և՛ չափածոյի ժանրերում: Դուք երբևէ չե՞ք փորձել, թեկուզ ինքներդ Ձեզ համար, գրել արձակ երկեր:

-Եթե անգամ փորձել եմ, դա մնացել է որպես փորձ, դա ոչ ոքի չի հետաքրքրում, միայն ինձ է հետաքրքրում. չեմ հավանել, չեմ տպագրել: Պարզապես էն գլխից որոշման պես մի բան է եղել. քանի բանաստեղծություն գրվում է, ես արձակին ձեռք չպիտի տամ: Որ օրը չի գրվի, կփորձեմ մտքերս արտահայտել արձակ: Միշտ թվացել է, որ մտածածս կարող եմ ասել բանաստեղծությամբ: Եվ բանաստեղծություն գրելը, կարծես, դարձել է բնավորություն: Գրել եմ տրամվայում, փողոցում, հացի հերթերում: Արձակ գրելու համար շատ ժամանակ էր պետք, և ես, երևի թե, չէի կարող դա անել՝ նստել ու երկար մտածել, պատմվածք գրել, տասն անգամ արտագրել: Միգուցե չեմ գրել ծուլությա՞ն պատճառով: Առհասարակ արձակի մասին ավելի մեծ կարծիք ունեմ, քան բանաստեղծության, որովհետև  իսկական արձակի մեջ ինչքան ուզեք բանաստեղծություններ կան: Նույնիսկ հոդված գրելուց եմ խուսափում: Եթե մի օրինակ բերեմ, չգիտեմ՝ տարօրինակ չի՞ թվա. արտասահմանցիներն ինչպե՞ս կընդունեն: Մեր գյուղում մի մարդ կար, անունը՝ Տիգրան, որը գիտեր միայն կեմ անել (խոտից պարաններ հյուսել՝ խուրձը կապելու համար): Այնքան լավ վարպետ էր, որ ինքն էլ էր զղջում դրա համար: Այնպիսի ամուր կեմեր էր պատրաստում, որ մարդիկ պահում էին ու օգտագործում նաև հաջորդ տարի: Այսինքն՝ հաջորդ տարի նա գործ չէր ունենում: Կինը հանդիմանում էր. «Ա՛յ մարդ, դու ի՞նչ մարդ ես: Էսինչը քարվան-քրե է գնում, անտառ է գնում՝ փայտի, հունձ է անում, վար է անում, իսկ դո՜ւ…»: Նա ասում էր. «Իմ գործը կեմ անելն է: Եթե վատ կանեմ, էն ժամանակ կխոսես»: Ես որոշեցի, որ էդ Տիգրանի պես պիտի իմ գործը լավ անեմ: Մի ուրիշ գործ կարող է էդքան լավ չանեի: Այդպես է թվացել ինձ, այդպես էլ արել եմ:  

-Խոսեցինք Ստեփան Զորյանի՝ Ձեր կյանքում ունեցած կարևոր դերի մասին: Անշուշտ, քիչ չեն այսօր այն ստեղծագործողները, որոնց համար Դուք եք այդպիսի կարևոր ու նշանակալից քննադատ: Ի՞նչ եք կարծում՝ ժամանակակից հեղինակներից՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, ո՞ւմ հետ է կապվում հայ գրական մտքի հետագա վերելքը, ո՞ւմ է պատկանում համաժողովրդական ճանաչում ու սեր վայելող գրողի ապագան: 

-Ես դա չեմ կարող ասել, բայց միաժամանակ ընտրել գիտեմ: 60-ական թվականներին հետևում էի երիտասարդ գրողներին և շատ արագ կարողացա նկատել Հրանտ Մաթևոսյանին, Ռազմիկ Դավոյանին, Մանուկ Մնացականյանին, Ռուբեն Հովսեփյանին, Աղասի Այվազյանին (վերջինս այնքան էլ երիտասարդ չէր): Հնարավորությանս չափով օգնեցի նրանց: Մանավանդ, երբ թերթ էի խմբագրում, բոլոր ճանապարհները բացում էի նրանց առաջ: Շատ դժվար ժամանակներ էին, և ես ամեն կերպ աշխատում էի, որ այդ մարդկանց չխանգարեն, որ նրանք կարողանան հրապարակ դուրս գալ: Հիմա այդքան ժամանակ չունեմ հետևելու, թե ով ինչ է անում: Այնուամենայնիվ, թերթերում հանդիպում են պատմվածքներ, բանաստեղծություններ, որոնք ինձ դուր են գալիս: Վերջերս թերթերից մեկում կարդացի Պասկևիչյան ազգանունով (անունը մոռացել եմ, թող ների ինձ Պասկևիչյանը) մեկի երեք բանաստեղծություն, որոնցից մեկին շատ նախանձեցի. կուզենայի ինքս գրած լինել: Բայց այդպես մեկ-երկու բանաստեղծությունով դեռ չեն ստեղծվում կերպարներ, դեռ չկա բանաստեղծի անհատականությունը: Կիրովականում ապրող բանաստեղծ Հրաչյա Սարուխանն է ինձ դուր գալիս: Նա այնքան էլ երիտասարդ չէ, որ խոսեմ մեծ ապագայի մասին, բայց հոյակապ բանաստեղծ է և քիչ հայտնի: Արմեն Շեկոյանին պիտի հիշեմ: Հանդիպում են լավ բանաստեղծներ՝ բոլորովին նոր մտածողության: Մեր ազգային պոեզիայի ավանդույթների վրա նրանք կստեղծեն նոր գրականություն: Գրականությունն այսպես չի մնա, կունենա իր ապագան:  Կծնվեն ո՛չ խմբերով, ինչպես մեր կուսակցությունն էր ժամանակին ստեղծվում, այլ՝ անհատականություններ: Տասը տարին մեկը եթե լինի, քսան տարին՝ մեկը, նույնիսկ հիսուն տարին՝ մեկը, էլի քիչ չէ: Կլինե՜ն:

-Մի խնդրանք. կարդացեք որևէ անտիպ գործ: Համոզված եմ, որ կան այդպիսիք:

-Կկարդամ մեկը, այնպիսի բանաստեղծություն, որ մեր այս զրույցի, Ձեր տված հարցերի ամփոփումը մեջը լինի:

Այսպես պատահեց և այսպես եղավ,

Իմ մանկությունը մեռավ լեռներում,

Պատանությունս քաղաքում մեռավ,

Ջահելությունս՝ թեժ կռիվներում:

Երեք հողաթումբ մաշելուց հետո

Եվ քանի՜-քանի ծանր եզնալուծ քաշելուց հետո

Դեռ ապրում եմ ես, ննջում, արթնանում,

Նստում եմ մոլոր ու միտք եմ անում,

Որ կորածն, ավա՜ղ, անդարձ է կորել:

Բայց առաջվա պես հավատում եմ դեռ,

Որ իմ ու ձեր տան

Ձախորդ օրերը կգան ու կերթան, 

Եվ մի օր կգան երջանիկ օրեր:

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Ազնիվ Չիլինգարյան, Համո Սահյան, Հրանտ Թամրազյան, Կարինե Ռաֆայելյան, 1990 թ., գարուն

No Comments

Leave a Reply