«Այն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին, որպեսզի դիմավորի շոգենավը, որով պետք է ժամաներ եպիսկոպոսը: Երազում նա թզենիների անտառում էր…»:
Մարկես. «Հայտարարված սպանության քրոնիկոն»։
Մարկեսյան անպարագիծ իրականությունը։
Իսպանալեզու հարյուր լավագույն գրքերից Մարկեսի այս վեպի հիման վրա է պարոնյանցիների «Մահապատժի քրոնիկներ» ներկայացումը: Թատրոնի ութսունամյա պատմության առաջին Մարկեսն էր:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադրումից՝ անցյալ դարի 1944 թվականից ի վեր, ներկայացումները մի քիչ ավելի կոմիկական, քան երաժշտական էին, կամ՝ քիչ պակաս երաժշտական, բայց, այնուամենայնիվ, ժանրի կանոններով են եղել: Ու հիմա՝ Մարկես:
2021 թվականից թատրոնի փոքր բեմը՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը (Ղազանչյան ավագի տասնամյակների երազանքը), տարբեր ժանրերի ներկայացումներ բեմադրելու հնարավորություն է: Առաջին՝ «Ներոն և Սենեկա» ներկայացումից հետո, բեմադրվել են իրապես բազմաժանր «Արքան հրապարակում», «Թակարդ Ստալինի համար», «Ինչպես չամուսնանալ», «Կանացի կերպարանքներ», «Վերոնիկան որոշում է մեռնել», «Կապույտ մորուքի յոթ կանայք», «Տատը», «Ծաղիկներ Էլջերնոնի համար» և միակ հայ ժամանակակից հեղինակի գործը՝ Զարուհի Խաչատրյանի «Կարոտը»:
Ու հիմա Մարկեսի ժամանակն է…
Եպիսկոպոսին դիմավորելու համար վաղ արթնացած բարի, հախուռն խառնվածքով երիտասարդ Սանտյագո Նասարը չէր հավատում երազներին ու կանխանշաններին, չնայած որ քաղաքում բոլորն էին խոսում, որ Պեդրո և Պաբլո Վիկարիո եղբայրները նրանից վրեժ են լուծելու գեղեցկուհի քրոջ՝ Անխելայի համար: Ու ոչ միայն մտադրվում, այլև հայտարարում էին ի լուր բոլորի:


Ինչպես մարկեսյան բոլոր գործերում, այս վեպում ևս իրադրությունը՝ հայտարարաված սպանությունը, անհավանական թվացող ու ֆանտաստիկ դրսևորումներով է իրագործվում:
Բայց արդյո՞ք ֆանտաստիկ, թե մեր հայացքով այդպիսին:
Գաբրիել Գարսիա Մարկեսն այս և մյուս երևակայական թվացող իր գործերի ուրույն բացատրությունն ունի: Իր ստեղծագործությունների համար բանալի այս հարցի պարզաբանումը տալիս է ինքը՝ հեղինակը, Նոբելյան մրցանակ ստանալուց մեկ տարի առաջ, 1981 թվականին հրատարակված «Երևակայությունը և ստեղծագործությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում» էսսեում: Դիտարկելով, որ «երևակայությունը հատուկ ունակություն է, որն արվեստագետին օգնում է իր ապրած իրականությունից նոր իրականություն կերտելու համար», գրողն այն տեսակետն է հայտնում, որ «Լատինական Ամերիկայի արվեստագետն հարկադրված չի եղել նոր բան հորինելու, ավելին, պետք էր այնպես գրել, որ պատկերած իրականությանը հավատային»:
«Հայտարարված սպանության քրոնիկոնի» գլխավոր հերոսի՝ Սանտյագո Նասարի նախատիպն էլ Մարկեսի ընկերն է եղել:
Պարոնյանական ներկայացման գործողությունները տեղի են ունենում միաժամանակ մի քանի վայրում, նեղ ու ձգված ուղղանկյունաձև բեմահարթակում, հանդիսականից քիչ հեռավորության վրա, և վերևում՝ բաց ու բարձր պատշգամբում: Դերակատարները՝ Մարգարիտա Խաչատրյանը, Վարդան Գևորգյանը, Մարիամ Ղազանչյանը, Լաուրա Բաբայանը, Սիփան Զադոյանը, Մարիամ Մելիքյանը, Արմեն Կարապետյանը, Արման Սիմիկյանը, Հայկազ Համբարձումյանը և Նարեկ Զոհրաբյանը համարյա չեն հեռանում բեմից, ուղղակի լուսարձակը հեռանում է մեկից ու հետևում մյուս դերակատարներին:
Ներկայացման բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է, նկարիչը Աննա Գրիգորյանը, է, պարերի բեմադրիչը Նարեկ Զոհրաբյանն է, վոկալի մասնագետը՝ Շուշան Հովհաննիսյանը:
«Երազում միշտ ծառեր էր տեսնում». վերհիշելով անիծյալ երկուշաբթին, ասում է ժանյակազարդ-սևազգեստ մայրը` Պլասիդա Լիներոն (դերասանուհի Մարգարիտա Խաչատրյան):
Ազդարարված ու արդեն իրագործված դաժան սպանությունը, մեկ օր առաջ բոլորին ներառող կառնավալ-հարսանիքը, հոգևորականին չափազանցված սպասումը, բոլորին և յուրաքանչյուրին համակած մեղքը և այլ հույզեր արտահայտվում էին կամ բազմանշանակ լռությամբ, կամ կիթառով ծորուն երգով, կամ սիրազեղ պատումով: Անխելա Վիկարիոն (Մարիամ Ղազանչյան) զոհ է ավելի, քան մեղսավոր, բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց ոչ ոք չի ասում։


Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի տեսակետով, բեմում «միաժամանակ երեք իրականության միահյուսում է, կենտրոնում՝ սիրո գաղափարը»: Դերասան Վարդան Գևորգյանի հայացքով էլ «բոլորի անտարբերության արդյունքում է կատարվում է այն, ինչը չպիտի կատարվեր», ու ներկայացումն անտարբեր հասարակության մասին է։ «Շատ փոքր կերպար» մարմնավորող եպիսկոպոս-Արմեն Կարապետյանը նաև իր կերպարի դատավորն է, «քանի որ որպես հոգևոր առաջնորդ անհաղորդ է իր հավատավոր հոտին և նրանց կյանքին»։
Կենդանի երգեցողությամբ, պարերով հագեցած ներկայացման մեջ տրագիզմը տրոհվում է կտորների, պատիժը, անկառավարելի կրքերը, տխրությունն ու կառնավալը հերթագայում են, զարմացնում, մտորել տալիս:
«Չեմ կարողացել հորինել ավելի զարմանալի բան, քան իրականությունն է». ասել է Մարկեսը:
Մարկեսյան անպարագիծ իրականությանից Պարոնյանի թատրոնի փոքր բեմի «Մահապատժի քրոնիկներում» շեշտադրված էր գլխակորույս, անհաշվենկատ, ճակատագրական սերը:
Գայանե Մկրտչյան
թատերագետ

