ՄշակութաԳիծ Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Կեչառիսի երկնամերձ սրբատունը

01.11.2025

Ծաղկաձորի Խաչատուր Կեչառեցի փողոցի վրա է գտնվում Կեչառիս վանական համալիրը, որը զբոսաշրջային ակտիվ քաղաքի ամենահանրահայտ վայրն է՝ թե՛ հավատացյալ ժողովրդի, թե՛ պարզ հերաքրքրասերների համար:

Խաչատուր Կեչառեցին Կեչառիսի ամենանշանավոր վանահայրերից է եղել։  Կեչառիսի՝ տասից ավելի Ավետարաններ պահպանվել են մինչև մեր օրերը, այստեղ ծաղկվել, գրվել են Հիշատակարաններ, գործել է մանրանկարչական դպրոց: Այս արժեքավոր նմուշներից շատերն այսօր պահվում են Մատենադարանում:

Այս նյութը պատրաստելու նպատակով ես զրուցել եմ Կեչառիսի հոգևոր հովիվներից մեկի՝ Տեր Սահակ քահանա Սահակյանի հետ՝ նրա մատուցած ոգեղեն Սուրբ Պատարագից հետո:

Տեր Սահակ

Իհարկե, ոգեղենության պակաս չկար նաև մեկ շաբաթ անց, երբ մասնակցում էի Պատարագի՝ Տեր Մաշտոց քահանա Հմայակյանի մատուցմամբ, մանավանդ որ երկու Պատարագներից հետո էլ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը՝ Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդը, իր Պահպանիչ աղոթքում հիշատակում և օրհնում էր մեր հայրենիքի կարեվեր հատվածը՝ Արցախը:

Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյան

Ինչպես մեր գրեթե բոլոր սրբավայրերը, այնպես էլ Կեչառիսի վանքն ունի իր պատմության ոչ միայն փաստական, այլև հրաշապատում բաղադրիչը: Ըստ հնադարյա վկայությունների՝ վանքի ներկայիս տարածքը հարուստ է եղել կեչիներով: (Ի դեպ,  վանքի տարածքից ոչ շատ հեռու կեչիների մի ստվար անտառ կար տարիներ առաջ, որտեղ ես առիթ եմ ունեցել անցկացնելու մի ամբողջ ամառ՝ հենց սլացիկ ծառերի գրկում, անդադրում վազքի մեջ իրենց կենսակերպի հետաքրքիր մանրամասները երևակող սկյուռների կողքին, անգամ վայելելով նրանց ներկայության սովորական փաստն իմ փայտե տնակում): Ամենատարածված լեգենդի համաձայն՝ տարածքում եկեղեցի կառուցելու համար ծառերը չվնասելու նպատակով հոգևորականն աղոթք է կարդացել, և տեղի է ունեցել հրաշք՝ կեչիները տեղաշարժվել են, ու բացվել է վանքի համար տարածք: (Նկատի ունեցեք՝ այն ժամանակ միջազգային գրանտներով պարարտացող որևէ ՀԿ չի գործել հայոց աշխարհում, բայց և այնպես անգամ եկեղեցի կառուցելիս մարդիկ իրենց թույլ չեն տվել կատարել բարբարոս ծառահատումներ: Այնինչ, այսօր այդ զանազան-զարմանազան ՀԿ-ների առատությունից խեղդվող մեր մի բուռ հողում ծառերի գենոցիդը սովորական երևույթ է ոչ թե եկեղեցի, այլ որևէ «լավ» տղայի ռեստորան կամ գազալցակայան կառուցելու «սուրբ» նպատակի համար: Սա՝ իմիջիայլոց և ոչ իմիջիայլոց):

Նշված ավանդազրույցը միակը չէ՝ կապված Կեչառիսի հետ: Նրա անվան ծագումը նաև կաճառ բառի հետ է զուգորդվում: Պատմական աղբյուրներում հիշատակվում է նաև Կեչառույք անունը, Կեչառույքի կամ Կեչառուսի վանք ձևն առկա է մի շարք արձանագրություններում:

Կեչառիսի վանքը Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, որտեղ կատարվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ծիսակարգերը: Այն գործում է որպես համայնքային եկեղեցի:  

Ամեն կիրակի Կեչառիսում մատուցվում է Սուրբ Պատարագ, որը, ի փառս Աստծո, լինում է բազմամարդ: Պատարագին մասնակցում են և՛ տեղացիներ, և՛ զբոսաշրջիկներ, և՛ Հայաստանի տարբեր մարզերից եկած ուխտավորներ:

Պատարագ Կեչառիսում

Կեչառիս համալիրի ամենահին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1003 թ։

Ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պատկանում է «գմբեթավոր դահլիճ» ճարտարապետական տիպին և ինքնատիպ է իր Խորանով: Բոլոր հայկական եկեղեցիների Խորաններն ունեն երկկողմյա աստիճաններ, Կեչառիսում այն մեկն է և գտնվում է Խորանի կենտրոնում:  

Ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Խորանը

Մեզ հետ զրույցում Տեր Սահակը մանրամասնեց Խորանի ճարտարապետության այդօրինակ լուծման նախապատճառների մասին․ «Երբ կառուցվում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իշխան Գրիգոր Ապիրատ Մագիստրոսի կողմից, որը հասարակ խավից էր ծագում, և պատմիչները վկայում են, որ նա տասներկուհազարանոց զորք ուներ իր թիկունքում Բագրատունյաց իշխանության օրոք, կառուցման ավարտը՝ 1003 թ., համընկնում է այն շրջանի հետ, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակը: Այս շրջանում է կառուցվել նաև Գագկաշեն եկեղեցին, ավարտին է հասել Անիի Մայր տաճարի շինարարությունը։ Ըստ երևույթին՝ Քրիստոսի ծննդյանը մատուցվող այդ նվերը փորձել են արժևորել ճարտարապետական նորարարությամբ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հստակ տարբերվում է նախորդ դարերի նույնատիպ հուշարձաններից։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երկարությունը փոքրացված է արևելյան որմնամույթերի և բեմի միջև ընկած տարածության կրճատումով, որի արդյունքում բեմի աբսիդը ձուլվել է գմբեթատակ քառակուսուն: Ծիսական իմաստով այս ձևը որոշակի անհարմարություններ գուցե և ստեղծում է, և երևի հենց այդ պատճառով այն հետագայում տարածում չի գտել, բայց սա նորարարություն է եղել և եզակի է մեր բոլոր եկեղեցիների մեջ: Փաստորեն, Գմբեթը պահող սյուները եզերում են Խորանը, և այն անմիջապես Գմբեթի տակ է գտնվում: Սա նաև սեյսմիկ խնդիր է լուծել, որպեսզի ցնցումների դեպքում հնարավոր լինի Գմբեթը՝ Վեղարը պահպանել»:

Վանական համալիրի տարածքում գործում են ևս մի քանի եկեղեցի: Այսօր եկեղեցու տարածքի ամբողջականությունը խախտված է, որովհետև ճանապարհ է անցնում նախկին համալիրի միջով, և Սուրբ Հարություն եկեղեցին անջրպետված է մյուս եկեղեցիներից:

Ս Հարություն եկեղեցի

Կեչառիս համալիրի ներսում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց աջ գտնվում են երկու եկեղեցի՝ Սուրբ Նշանը, որը, ըստ մասնագետների, կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Սուրբ Կաթողիկեն, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը:

Ս Նշան և Ս Կաթողիկե եկեղեցիները

Սուրբ Կաթողիկեի ճարտարապետ է համարվում Վեցիկ վարդապետը, թեև այս առումով չկա լիարժեք հստակություն: Վեցիկ վարդապետի գերեզմանը գտնվում է Կեչառիսի տարածքում:

Վեցիկ Վարդապետի գերեզմանը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Նշան եկեղեցիների արանքում այսօր վերականգնված են Սուրբ Սիոն և Սուրբ Հռիփսիմե մատուռները: Ըստ պատմիչների վկայության՝ Սուրբ Սիոն մատուռում թաղված է Պռոշ իշխանը: Ըստ պատմական աղբյուրների՝ վանական համալիրում է ամփոփվել նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը։ Այսինքն՝ Կեչառիս վանքն իր պատմական շերտերում ներառում է մի շարք իշխանական տների հետ առնչություններ:

Կեչառիսի վանքի հմայքներից մեկն է եկեղեցական երգչախումբը, որի բազմաձայն կատարումներն առանձին ոգեղենություն են հաղորդում եկեղեցական ծեսերին: Երգչախմբի կազմում և՛ պրոֆեսիոնալներ են, և՛ պարզապես լավ ձայն ունեցող անձինք, բոլորը Ծաղկաձորի կամ Հրազդանի բնակիչներ: Երգչախումբը ղեկավարում է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանը: Դպրոցը և եկեղեցին սերտ կապի մեջ են, եկեղեցու Խորանի մի շարք ծառայողներ դպրոցի սաներն են:

Կեչառիս վանքի երգչախումբը

Կեչառիսի տարածքում կարելի է տեսնել թանկ մի մասունք՝ բերված Դադիվանքից:

Տեր Սահակը պատմում է, որ մասունքը բերվել է 44-օրյա պատերազմից հետո: Քանի որ հեռատես մարդիկ կանխազգացել են մեր սրբավայրերին Արցախում սպառնացող վտանգը, որոշ մասունքներ դուրս են բերել, հասցրել Հայաստան, և դրանցից մեկն է Կեչառիսի վանք հասած քանդակազարդ քարաբեկորը:

Մասունք Դադիվանքից

Կեչառիսի վանքում այժմ վերանորոգման, վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որոնց վերջնաժամկետը դեռ որոշակի չէ: Աշխատանքներն իրականացնում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները:

«Խոսելով վերականգնողական աշխատանքների մասին, չենք կարող չանդրադառնալ նախկին վերականգնողներին,- պարզաբանում է Տեր Սահակը:- Կեչառիսը խոնարհված է եղել: Խորհրդային շրջանում որոշակի աշխատանքներ արվել են, բայց դրանք մնացել են կիսատ: 1998-2001 թվականներին եկեղեցին վերանորոգվել, տարածքը բարեկարգվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի նվիրատվություններով: Նրա անունով է կոչվում եկեղեցու հարակից փողոցը»:

ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը և Վ Հարությունյանը՝ Կեչառիսում

Տեր Սահակը նշում է, որ Վ. Հարությունյանից հետո մասնավոր այլ ընտանիքներ ևս իրենց ազնիվ ներդրումները կատարել են վանքի պայծառացման համար։ Այժմ երկրորդ անգամ է մեծ վերանորոգում ընթանում Կեչառիսում: Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ նաև վերականգնվում է միջնադարյան հայոց հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից մեկը՝ Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրը:

Կեչառիսում ընթացող նորոգչական աշխատանքները համաձյանեցված են Մայր Աթոռի, ինչպես նաև պետական համապատասխան գերատեսչությունների հետ: Այս աշխատանքների շնորհիվ նոր պատմական շերտեր են բացվել տարածքում, գտնվել են տապանաքարեր, Կաթողիկե եկեղեցուն կից շինության հիմքեր:

Վերանորոգման աշխատանքներ Կեչառիսում

Այն, որ այս վանքը հնում եղել է ծաղկուն հոգևոր-մշակութային կենտրոն, ևս մեկ անգամ ապացուցում են այսօրվա հայտնաբերումները: Աշխատանքները դեռևս ընթանում են, և կարծում ենք՝ անակնկալներ դեռ էլի կլինեն:

Խաչքար-տապանաքարեր՝ Կեչառիսի տարածքում

Հոգևոր հայրերի ամենամեծ ուրախությունն այն է, որ վերականգնողական աշխատանքները կերկարաձգեն եկեղեցու կյանքը հետագա տասնամյակների համար: Իսկ մենք հուսնանք և հավատանք, որ մեր բոլոր եկեղեցիների երկարակեցությունն անքննելի է, որ հայ ազգի մեջ միշտ կգտնվեն երևելիներ, որոնք կնպաստեն անսասան պահելու մեր գոյութենական հենքը հանդիսացող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր սրբատները:

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի

ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսի և Վ Հարությունյանի լուսանկարը՝ «Կեչառիս 1000» գրքից (Երևան, Տիգրան Մեծ, 2004 թ)

Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի լուսանկարը՝ Կեչառիս վանքի արխիվից