Դեկտեմբերի 23-ին Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում: Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Խատիա Բունիաթիշվիլին դաշնակահար է՝ «հսկայական տեմպերամենտով ու վարպետությամբ, որը հիշեցնում է երիտասարդ Մարթա Արգերիխին» (Classical FM), երաժիշտ՝ «ում կատարումը բխում է անմիջապես սրտից» (The Guardian): Խատիա Բունիաթիշվիլիի յուրաքանչյուր բեմել մեծ իրադարձություն է ամենահեղինակավոր բեմահարթակների համար: Նա հանդես է եկել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում ինչպիսիք են՝ Նյու Յորքի Carnegie Hall, Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall, Լոնդոնի Royal Festival Hall, Վիեննայի Musikverein և Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Միլանի La Scala, Ժնևի Victoria Hall և այլ բեմահարթակներ:
Բունիաթիշվիլիի հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան:
ՕրԸնթաց Ազդագիր
No Comments