ardi.am Ազդագիր

Լույս է տեսել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան» երկլեզու գիրքը

01.03.2022


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի «Փելեշյան» երկլեզու գիրքը (հայերեն և ռուսերեն)։

Սա գիրք է աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին։ Նրա ֆիլմերն ընդգրկված են Համառուսաստանյան պետական կինոինստիտուտի ուսումնական ծրագրերում։

Փելեշյանի մասին Փարաջանովն ասում էր․ «Փելեշյանը համաշխարհային երևույթ է, կինոյի բացարձակ հանճար»։ Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն ասել է․ «Ես բազմաթիվ ֆիլմեր եմ դիտել տարբեր երկրներում և մտածում եմ՝ եթե հարկ լինի ընտրել ամենաբացառիկ ռեժիսորին, որի հետ կցանկանայի հանդիպել երբևէ, ապա դա կլինի Արտավազդ Փելեշյանը։ Կինոյում իմ կուռքը Փելեշյանն է, հայ հանճարը։ Եթե ես կայծեր եմ առաջացնում, ապա նա՝ կայծակներ»։ Իսկ ֆրանսիական «Լե Կայե դյու Սինեմա» ամսագիրը նրան հռչակել է մեր ժամանակների մեծագույն կինեմատոգրաֆիստ։ 

Գիրքն առկա է երևանյան գրախանութներում։

Նշենք, որ 2021-ին ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթում Ժյուրիի միաձայն քվեարկությամբ Սերգեյ Գալստյանի «Փարաջանով. Հանդիպումներ և ոչ միայն» գիրքը (Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.) նվաճել է առաջին հորիզոնականը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում։

Սերգեյ Գալստյանն ավելի քան ե­րե­սուն գրքի հեղինակ է։

No Comments

Leave a Reply