Մառախուղից այն կողմ․«Ռելիքվիա»
Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում։ «Ռելիքվիայում» էկրանային իրականությունից անդին մշտապես զգացվում է մեկ այլ՝ ներքին տարածք, և հենց այդ տարածքում է բախվում մարդկային խոցելիությունը նյութական շահի, վախի և հոգևոր կուրության հետ։ Այն հարցականի տակ է դնում ոչ միայն իր հերոսների բարոյական ընտրությունները, այլև ընդհանրապես հասարակության՝ սրբությունը ճանաչելու և պահպանելու կարողությունը (սցենարի հեղինակներ՝ Սոնա Խաչատրյան, Արտաշես Երեմյան, պրոդյուսեր՝ Արտյոմ Բաղդասարյան)։
Պատմության կենտրոնում տասնամյա Մինասն է՝ կույր տղա, որն օժտված է բուժելու հրաշագործ շնորհով։ Հիմնական հակադրությունը կառուցվում է մի ցավալի պարադոքսի վրա․ ֆիզիկապես չտեսնող երեխան միակն է, ով իրականում կրում է լույսը, մինչդեռ տեսողություն ունեցող միջավայրը՝ սեփական հորից մինչև գյուղի բնակիչները, աստիճանաբար բացահայտում է իր հոգևոր կուրությունը։ Այդ հակադրությունը չի սահմանափակվում գաղափարական մակարդակով, այլ դառնում է ամբողջ կառուցվածքի կազմակերպող սկզբունքը։ Հայրը չի կարողանում ընդունել որդու հաշմանդամությունը, իսկ գյուղացիները նրա շնորհի մեջ տեսնում են ոչ թե փրկության, այլ սպառնալիքի նշան՝ նրան վերագրելով անցյալի դժբախտությունները։ Մինասի միակ հենարանը տատիկն ու գյուղի քահանան են՝ երկու կերպար, որոնք դեռ պահպանում են նրա էությունը ճանաչելու կարողությունը։ Նրանց մահից հետո տղան հայտնվում է բացարձակ մենության մեջ՝ վերածվելով կենդանի «ռելիքվիայի»՝ մասունքի, որն այլևս ոչ ոք չի հասկանում, բայց որի ներկայությունը շարունակում է բացահայտել շրջապատի բարոյական անկումը։ Օպերատոր Ահարոն Ներկարյանի պատկերային լուծումները դառնում են ոչ թե պատմության ուղեկից, այլ դրա գաղափարական կառուցվածքի անբաժանելի մասը։ Լեռնաշխարհի սառը, մառախլապատ ու ճնշող տեսարանները հակադրվում են տան ներքին տարածքի աղոտ, գրեթե միստիկական ջերմությանը՝ արտաքին միջավայրն ու հերոսների ներաշխարհը վերածելով նույն հոգևոր իրականության երկու արտահայտությունների։ Մառախուղը դառնում է ոչ միայն բնապատկերի մաս, այլև հավաքական կուրության տեսողական համարժեքը։ Ճոճանակի տեսարանը բացում է Մինասի մաքուր ներաշխարհը, որտեղ տատիկը բառերով ստեղծում է նրա երկինքը, արևն ու տեսանելի աշխարհի գույները։ Որսորդական հրացանը կույր երեխայի ձեռքում վերածվում է բարոյական բռնության խտացված պատկերի․ հայրը փորձում է տղային պարտադրել մի աշխարհ, որի լեզուն ուժն է և ճնշումը։ Կտրուկ մոնտաժային անցումներն ընդգծում են կյանքի փխրունությունն ու անսպասելի մարումը։

Գաղափարական հանգույցը եկեղեցու պատմության շուրջ կառուցված տեսարանն է։ Քահանայի մահից հետո եկեղեցին խանութի վերածելու գյուղապետի որոշումն ու գյուղացիների՝ անձնական շահերով առաջնորդվող վեճը մերկացնում են այն միջավայրը, որտեղ սրբությունն այլևս արժեք չէ, այլ շահագործման առարկա։ Այստեղ նյութական շահը վերջնականապես զբաղեցնում է հոգևորի տեղը, իսկ եկեղեցին՝ որպես համայնքային հիշողության և հավատքի վայր, կորցնում է իր սրբազան նշանակությունը։
Մինասը հեռանում է, իսկ գյուղը կուլ է գնում խիտ մառախուղին։ Դա անխուսափելի հետևանք է․ մնում է միայն խավարը, որն այդ մարդիկ վաղուց կրում էին իրենց ներսում։
Երիտասարդ ռեժիսոր Սոնա Խաչատրյանը կառուցել է մի աշխարհ, որտեղ լռությունը հաճախ ավելի խոսուն է, իսկ ամենամեծ ողբերգությունը ոչ թե ֆիզիկական տեսողության բացակայությունն է, այլ այն ներքին հայացքի կորուստը, որով մարդը կարող է ճանաչել դիմացինի լույսը։

«Ռելիքվիայի» պատկերային կառուցվածքի, դանդաղ ռիթմի և գաղափարական շերտերի մասին զրուցել ենք Սոնա Խաչատրյանի հետ։
Սոնա Խաչատրյանի խոսքով՝ ֆիլմի տեմպը մտածված էր դեռ սկզբից․ այն պետք է հանդիսատեսին հնարավորություն տար ոչ միայն հետևելու պատմությանը, այլև բնակվելու դրա աշխարհում․ «Ինձ համար շատ կարևոր էր, որ ֆիլմը դանդաղ շնչի։ Ուզում էի՝ տեսարաններից առաջ ու հետո հանդիսատեսը ժամանակ ունենա շունչ քաշելու, ամբողջությամբ մտնելու այդ հեքիաթի մեջ։ Այդ պատճառով էլ խուսափել եմ արագ մոնտաժից ու հաճախակի կադրափոխություններից։ Ֆիլմը պետք է մեդիտատիվ լիներ»։
Ֆիլմի ռիթմը ձևավորվում է ոչ միայն մոնտաժի, այլև կադրի կառուցման միջոցով։ Ռեժիսորի խոսքով՝ երկար, չընդհատվող կադրերը գիտակցված ընտրություն էին՝ հանդիսատեսին հերոսի տարածության մեջ ներառելու համար․
«Մի կադրով նկարահանված տեսարանները տպավորություն են ստեղծում, որ դու նույն սենյակում ես, նույն տարածքում, ինչ հերոսը։ Դա օգնում է հնարավորինս մոտ լինել Մինասին, ապրել նրա աշխարհում ու զգալ այն, ինչ կատարվում է նրա հետ»։
Ֆիլմի գաղափարական առանցքը, ինչպես նշում է ռեժիսորը, միայն հավատքի մասին չէ։ Նրան հետաքրքրել է մարդու ներքին փոփոխականությունը՝ այն, թե որքան անկայուն կարող են լինել հավատն ու բարոյականությունը։
«Ինձ միշտ հետաքրքրել են հավատքի ճգնաժամը, համայնքի բարոյական քայքայումը, ընդհանրապես մարդու փոփոխվող բնույթը,- մանրամասնում է ռեժիսորը։- Ինձ թվում է՝ մարդը շատ հեշտ կարող է մոռանալ, փոխվել, կորցնել իր հենարանները։ Նույնը վերաբերում է նաև հավատքին. այն նույնպես կարող է լինել շատ անկայուն։ Այդ թեմաներն ինձ հետաքրքրել են դեռ մինչև կինո անելն էլ, իսկ խաղային կինոն դարձավ դրանք ուսումնասիրելու հնարավորություն։ Գիտակցաբար ընտրել եմ մաքսիմալիստական ձևը՝ կույր երեխա, որսորդ հայր, գյուղ, կենդանիներ, քահանա, որ մահանում է, հրաշագործ երեխա… Ուզում էի այդ թեմաների մասին խոսել ուղիղ, առանց դրանք մեղմելու։ Իմ համար հավատքի ճգնաժամն ու համայնքի բարոյական քայքայումը անբաժան թեմաներ են»։
Թեև էկրանին «Ռելիքվիան» խիստ ամբողջական տպավորություն է թողնում, իրականում ֆիլմը զգալի փոփոխությունների է ենթարկվել ինչպես սցենարի, այնպես էլ մոնտաժի փուլերում։ Սոնա Խաչատրյանը պատմում է, որ սկզբնական տարբերակը շատ ավելի լայն էր․«Իմ գլխում սա լիամետրաժ ֆիլմ էր։ Սցենարում առանձին գծեր կային թե՛ հոր, թե՛ Մինասի համար, նրանց հարաբերությունն ավելի երկար էր զարգանում։ Բայց դեռ սցենարի փուլում ստիպված եղա շատ բան կրճատել, որովհետև պետք էր տեղավորվել կարճամետրաժի սահմաններում։ Ֆիլմի առաջին տարբերակը մոտ երեսուներեք րոպե էր։ Երբ սկսեցի նայել արդեն էկրանին, հասկացա, որ կան տեսարաններ, որոնք սցենարում տրամաբանական էին թվում, բայց կինոյում այլևս չէին աշխատում։ Դրանք խանգարում էին ռիթմին։ Ամենադժվարը սեփական էգոն մի կողմ դնելն է ու հասկանալը, որ պետք է հրաժարվես մի տեսարանից՝ հանուն ամբողջ ֆիլմի»։

Ֆիլմի ֆինալը՝ Մինասի հեռանալն ու գյուղը պատող մառախուղը, ռեժիսորի համար նույնպես ունի խորհրդանշական իմաստ․ «Ես դա ընկալում եմ այնպես, որ Մինասի հեռանալուց հետո գյուղացիների ներքին, բարոյական կուրությունը դառնում է ֆիզիկական իրականություն։ Այդ մառախուղը նրանց ներսից դուրս է գալիս արտաքին աշխարհ։ Կարելի է դա ընկալել որպես պատիժ, բայց նաև որպես այն պահը, երբ հրաշքը պարզապես նեղանում է մարդկանցից ու հեռանում։ Երբ այդքան տալիս ես, բայց դիմացը ոչինչ չես ստանում, ինչ-որ պահի պարզապես հեռանում ես»։
Սակայն նրա համար «Ռելիքվիան» միայն կորստի մասին պատմություն չէ։ Նրա ցանկությունն է, որ ֆիլմը հանդիսատեսի մեջ արթնացնի ավելի մեծ զգայունություն սեփական շրջապատի նկատմամբ։ «Կուզեմ, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն այն ամենին, ինչ կատարվում է իրենց կողքին։ Որ այդ ուշադրությունը լինի կարեկցանքով, հետաքրքրասիրությամբ ու հոգատարությամբ։ Ինձ թվում է՝ հրաշքը միշտ մեր կողքին է, պարզապես մենք այն չենք նկատում»,-ասում է Սոնա Խաչատրյանը։
«Ռելիքվիայից» հետո նրան շարունակում են հետաքրքրել նույն փիլիսոփայական հարցադրումները, սակայն դրանց արտահայտման ձևը փոխվում է։ Ռեժիսորի նոր նախագիծը, որը դեռ սցենարական փուլում է, քաղաքական պատմություն է՝ սյուրռեալիստական և հոգևոր շերտերով, իսկ դրա կինոլեզուն, ի տարբերություն «Ռելիքվիայի», կառուցվելու է ավելի կտրուկ ռիթմի և մոնտաժային լուծումների վրա։
Վովա Արզումանյան
Հ․Գ․2027 թվականին Հայաստանը կլինի Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի Next Step Studio նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրին Հայաստանից ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք չորս միջազգային ռեժիսորների հետ Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։






