Մեկնարկեց «Տոնապետ-2026» գրական մրցույթը
«Տոնապետ» գրական մրցույթի հանձնախումբը Հայաստանի Գրողների Միության և «Կայարան» հանդեսի հետ համագործակցությամբ հայտարարում է արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի չորրորդ մրցույթը։
2026թ. ժյուրիի կազմը
▪︎ Հովհաննես Երանյան, արձակագիր
▪︎ Աղավնի Գրիգորյան, գրող, երաժիշտ
▪︎ Դիանա Խաչատրյան, գրականագետ
▪︎ Հրաչ Սարիբեկյան, արձակագիր
▪︎ Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ
▪︎ Մհեր Իսրայելյան, արձակագիր (ժյուրիի նախագահ)
Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի համապատկերում։
Առաջին մրցանակ — 300.000 դրամ
Երկրորդ մրցանակ — 150.000 դրամ
Երրորդ մրցանակ — 100.000 դրամ
Երիտասարդական մրցանակ (16- 25 տարեկան մասնակիցների համար) — 50.000 դրամ
Մրցույթի եզրափակիչ անցած ստեղծագործությունները կհրապարակվեն «Կայարան» գրական հանդեսի 2027թ. մարտ ամսվա համարում։
Հինգ տարին մեկ (առաջինը` 2028թ.) «Տոնապետ» գրական մրցույթում մրցանակներ շահած պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքով, հնարավորության դեպքում նաև անգլերեն թարգմանությամբ։
Հաղթողների հավասար միավորների դեպքում մրցանակային ֆոնդը կարող է վերաբաշխվել համամասնորեն։ Եզրափակիչ անցած, սակայն հիմնական մրցանակ չշահած հեղինակները կստանան եզրափակչի մասնակցի հավաստագրեր։
Մրցույթի պայմանները, ժամանակացույցը և գնահատման կարգը.
Հեղինակները մրցույթին կարող են մասնակցել 2026 թվականի հունվարի 1-ից հետո առաջին անգամ հրապարակված կամ երբևէ չհրապարակված (ներառյալ՝ սոցիալական հարթակներում ու անձնական էջերում) մեկ պատմվածքով (մինչև 4.000 բառ)։
Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2027թ. հունվարի 31-ը, հեղինակի անունն ու պատմվածքը ուղարկելով մրցույթի ժյուրիի նախագահի էլ. հասցեին. mher1974.mi@gmail.com (wօrd կամ pdf ձևաչափով, ընթեռնելի տառատեսակով)։ 16-ից 25 տարեկան (2026թ. հոկտեմբերի 1-ի հաշվարկով) մասնակիցներին խնդրում ենք հայտում նշել այդ մասին` նաև երիտասարդական մրցանակին հավակնելու համար։
Եթե պատմվածքը հրապարակված է` հայտ ներկայացնողներին խնդրում ենք նշել աղբյուրը, էլեկտրոնային հարթակի դեպքում` հղումը։
Ժյուրին առաջնային է համարելու պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Հաշվի են առնվելու ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունն ու ասելիքի արդիականությունը։
ժյուրին գնահատելու է հայտերը և ընտրելու է «կարճ ցանկի» կամ եզրափակչի 10 ստեղծագործություն (հավասար գնահատականների դեպքում կարող է տատանվել)։
Երկրորդ փուլում եզրափակիչ անցած ստեղծագործություններից համեմատական գնահատման միջոցով ընտրվելու են դափնեկիրները։
Նախկին մրցանակակիրները (բացառությամբ խրախուսական մրցանակի դափնեկիրների) չեն կարող մասնակցել մրցույթին։ Երիտասարդական մրցանակի նախկին դափնեկիրները կարող են մասնակցել մրցույթին, բայց չհավակնել երիտասարդական մրցանակի։
Արհեստական բանականության միջամտությամբ աշխատանքները չեն դիտարկվելու։
2027թ. մարտի 1-ին կհայտարարվեն մրցույթի եզրափակչում կամ «կարճ ցանկում» ներառված հեղինակների անուններն ու ստեղծագործությունները։
2027թ․ապրիլի 2-ին՝ (Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը), տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։
☆ Ծանոթություն․ 2023, 2024, 2025 թվականներին մրցույթին մասնակցել են 319 հեղինակներ, եզրափակիչ անցած 36 պատմվածք հրատարակվել է «Կայարան» հանդեսում։






