Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Նիկոլսկո-Վյազեմսկ

Նիկոլսկո-Վյազեմսկ

Նիկոլսկո-Վյազեմսկը Լև Տոլստոյի տոհմական կալվածքն է, որը պատկանել է նրա հայրական գծով նախնիներին: Այն գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի Չեռնսկի շրջանում՝ Չեռն գետի ափին: Համարվում է  «Յասնայա Պոլյանա» թանգարան-արգելոցի մասնաճյուղ:

Այս տարածքը խորհրդային տարիներին տրվել է Տուլմաշստրոյ գործարանին՝ որպես օժանդակ տնտեսական մասնաբաժին: Գործարանի տնօրենը՝ Վադիմ Ուսովը, որ Տոլստոյի մեծ երկրպագուն է եղել, անգիր իմացել   «Պատերազմ և խաղաղություն» վեպի ծավալուն հատվածներ, 1980-ականներին որոշել է այստեղ ստեղծել Տոլստոյի թանգարանը: Խորհրդային հասարակարգի փլուզումից որոշ ժամանակ անց՝ 2000 թ. այն նվիրել է «Յասնայա Պոլյանա» թանգարան-արգելոցին:

Լև Տոլստոյի արձանը Նիկոլսկո-Վյազեմսկում

Այս կալվածքում Լև Տոլստոյը հյուրընկալվել և ապրել է որոշակի ժամանակահատված, ինչի մասին վկայում է թանգարանի պատին փակցված հուշաքարը: Այստեղ նա աշխատել է իր նշանավոր երկերի՝  «Պատերազմ և խաղաղություն»  վեպի, «Կազակներ» վիպակի, մանկական պատմվածքների վրա:

Հուշաքար՝ թանգարանի պատին

Այստեղ ներկայում գործում է Տոլստոյների տոհմի պատմությանը նվիրված մշտական ցուցադրություն, որը ներառում է գրավոր աղբյուրներ, գեղանկարչական գործեր, կիրառական արվեստի նմուշներ, կահույք, երաժշտական գործիքներ, զենքի տեսակներ, կենցաղային զանազան առարկաներ:

Հուշային հատվածներ՝ Նիկոլսկո-Վյազեմսկի թանգարանում

***

Թանգարանի ցուցանմուշները հիմնականում կրկնօրինակներ են՝ կատարված բարձր որակով: Այցելուներին բնավ չի զարմացնում այս հանգամանքը, եթե իհարկե, նրանք տգետ չեն այնքան, որ ակնկալեն թանգարանային ցուցադրության մեջ տեսնելու մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող տոհմին վերագրվող բնօրինակ նմուշներ:

Բացառիկ է հախճապակե սալիկներից հավաքված պատի վառարանը, որ գրավում է այցելուներին հուշային սրահ ոտք դնելուն պես: 

Պատի վառարան

Թանգարանի շուրջ կան առանձին հուշային հատվածներ, որոնք պատմում են թե՛ Տոլստոյին, թե՛ կալվածքի պատմությանն  առնչվող հետաքրքիր իրադարձությունների մասին:

Նիկոլսկո-Վյազեմսկում այցելուներին առաջինը դիմավորում է փայտաշեն տնակի պատի մեծադիր լուսանկարը, որ պատկերում է թեյախմություն Տոլստոյների ընտանիքում:

Թեյախմություն Տոլստոյների ընտանիքում

Լուսանկարի առջև դրված են սեղան, աթոռներ, սեղանին՝ ինքնաեռ, բաժակներ. հյուրերին հրավիրում են թեյախմության՝ լուսանկարի բովանդակությանն անմիջական առնչություն ստեղծելու միտումով:

Անտառի մի հատվածում թնդանոթն է, որից կրակում են՝ ի պատիվ կարևոր հյուրերի:

Նիկոլսկո-Վյազեմսկի թնդանոթը

Թնդանոթի կողքին դրված է հատուկ սարք, որին մեծ մուրճով հարվածելով՝ ստանում են Տոլստոյի ժամանակների մետաղադրամի նմուշը, մի երևույթ, որ մեզ ծանոթ է Արցախի Տիգրանակերտի ամրոց-թանգարանից:

Դրամհատիչ

Թանգարանի շինությունից ոչ հեռու վեր է խոյանում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը

1836 թվին տաճարը կառուցել է Լև Տոլստոյի հայրը: Շինարարության ընթացքում եղել է դժբախտ պատահար, որը դարձել է գյուղացիներից մեկի մահված պատճառ: Մի ծառա այդ թոհուբոհի մեջ անհետացել է՝ մեծ փողերի հետ միասին: Հետո հայտնվել է ու հավատացրել, որ ինքը փողերից տեղյակ չէ: Սա էապես սասանել է Տոլստոյների ֆինանսական վիճակը, և տաճարի վրա աշխատանքները որոշ ժամանակով հետաձգվել  են ու ավարտվել նախատեսվածից ուշ: Այդուհետ տաճարն սկսել է կանոնավոր գործել՝ որպես հոգևոր կառույց:

Տաճարի ցուցանակը

Այս տաճարում են մկրտվել Լև Տոլստոյի թոռները, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի հերոսները:

Նիկոլսկո-Վյազեմսկի կենտրոնական մասում Հայրենական պատերազմի նահատակներին ձոնված հուշարձանն է՝ շրջակա միջավայրով, որ մի ամբողջ համալիր է կազմում:

Այստեղ 20-րդ դարի ողբերգություններից մեկին նվիրված կոթող կառուցելու համար հիմք է ծառայել հետյալ հանգամանքը. երբ տարածքը տրամադրվել է Տուլստրոյմաշին, սկսել են մաքրել, բարեկարգել այն, այդ ընթացքում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարի հարակից հատվածներում հայտնաբերվել են մարդկային մարմինների մասունքներ, որոնք, ինչպես պարզվել է, պատկանել են Հայրենական պատերազմի զոհերին: Բանն այն է, որ տաճարին կից շինությունը ծառայել է որպես հոսպիտալ: Հոսպիտալում մահացածներին թաղել են հենց այդ տարածքում: Այսպիսով, որոշվել է Նիկոլսկո-Վյազեմսկում կառուցել հուշահամալիր՝ նվիրված Հայրենական պատերազմի նահատակներին: Համալիրի կենտրոնում զինվորականի և երեխայի արձանն է՝  «Փառք հանուն հայրենիքի ընկածներին» գրառումով:

Հուշարձանի կողքին քարե սալիկներ են, որոնց վրա գրված են այն մարդկանց անունները, որոնք ծանր վիրավորումից հետո չեն ապաքինվել, մահացել են ու թաղվել Նիկոլսկո-Վյազեմսկում: Իհարկե, հնարավոր չի եղել պարզել բոլորի ով լինելը, բայց և այնպես հուշահամալիրի անվանացանկը բավական մեծ է ու բազմազգ:

Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը

Առանձին տապանաքարի տակ հանգչում են հոսպիտալի բժիշկը և բուժքույրը, որոնք զոհվել են ռմբակոծության ժամանակ:  

Հոսպիտալի բժշկի և բուժքրոջ շիրիմը

Տոլստոյագետներին միշտ գրավել է «Պատերազմ և խաղաղություն» վեպում հիշատակվող կաղնին: Տոլստոյների տարբեր կալվածքներում մի քանի կաղնիներ կան, որոնց վերագրվում է վեպում առանցքային համարվող պատմությունը: Դժվար է հստակ ասել, թե հատկապես այդ ծառերից որն է ներշնչել գրելու վեպի հանրահայտ կտորը՝ Անդրեյ Բոլկոնսկու մասնակցությամբ: Տոլստոյի տան կողքին էլ են աճում կաղնիներ, որոնցից մեկի նկարագրությունը կա «Աննա Կարենինա» վեպում: Կան նաև այլ կաղնիներ գրողի լայնարձակ կալվածքներում, բայց մասնագետները հակված են մտածելու, որ հատկապես Նիկոլսկո-Վյազեմսկի մասնաճյուղի շուրջ փռված փարթամ, ծառաշատ անտառի կաղնին է այն իսկականը, որը նկարագրված է պատմավեպում: Այն համարվում է «Պատերազմ և խաղաղություն» վեպի կաղնու ամենաճշգրիտ նախատիպը:

Նիկոլսկո-Վյազեմսկի կաղնին

Այսօր թանգարան այցելողներին առաջարկվում է գրկել այդ հաստաբուն դարավոր կաղնին ու երազանք պահել՝ հույսով, որ կիրականանա: Իհարկե, կաղնու բունը գրկելու համար հարկավոր են առնվազն չորս հոգի, որ ձեռքերն իրար միացնելով՝ կարողանան օղակել այն: Եվ կա մտավախություն, թե երազանքները կարող են միախառնվել ու առաջացնել շփոթ, բայց ծառաբունը գրկողներից յուրաքանչյուրը հակված է մտածելու, որ հենց իր երազանքն է արժանանալու ծառի բարեհաճությանն, ու ինքն այստեղից հեռանալու է՝ երազանքը գտածի բախտավորությամբ:

Իսկ իմ երազանքն այն է, որ կաղնու մոտ հանգամանքների բերումով հայտնվածների մեջ չլինեն թերհասներ ու մոլագարներ, թե չէ Աստված գիտի՝ ինչ երազանք կծնվի նրանց ուղեղներում և հոգիներում, և ինչ աղետ կարող է դառնալ դա մարդկության գլխին: Այս մտավախության համար ես ունեմ բավարար հիմքեր, քանզի ինձ հետ այդ չքնաղ համալիրում հյուրընկալվածների մեջ, այնուամենայնիվ, կային նշածս առումով ինձ մտահոգող կերպարներ: Հյուրընկալվածներս նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների թանգարանների աշխատակիցներն էինք, որ եկել էինք «Յասնայա Պոլյանա»՝ մասնակցելու  «ԱՊՀ երկների գրական ժառանգությունը» թեմայով միջազգային կոնֆերանսին: Բայց որոշ ներկայացուցիչներ որոշել էին արմատապես շեղվել կոնֆերանսի բովանդակությունից ու տրվել քաղաքական բարբաջանքի վայելքին: Այնպես որ, կաղնին գրկողների մեջ կային մարդիկ, որոնց երազանքներից իսկապես կարելի է զգուշանալ՝ թե՛ ընդհանրապես, թե՛ մասնավորապես:

Ինչևէ, կարծում եմ կաղնին ավելի իմաստուն է, քան այն գրկող սովորական մահկանացուներս: Ուստի հույս ունեմ, որ նա կիրականացնի այն երազանքները, որոնք շահեկան կլինեն աշխարհի ու մարդության համար:    

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի