Թատրոն Վովա Արզումանյան

Մի նոր խոստովանություն

Մի նոր խոստովանություն

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս տարի նույնպես անակնկալներով լի է։ Հայաստան են ժամանել տարբեր երկրներից թատերարվեստի գործիչներ և տեղացի հանդիսատեսին են ներկայացնում բազմաբնույթ ներկայացումներ։ Փառատոնի այս տարվա ծրագիրը բացվեց Թբիլիսիի Ախմետելիի թատրոնի «Խոստովանություն. ես Սերգեյ Փարաջանովն եմ» ներկայացմամբ։ Ներկայացումը հիմնված է վարպետի ինքնակենսագրական ֆիլմի սցենարի վրա։ 

Բեմադրող ռեժիսոր Իրակլի Գոգիայի ներկայացման մեջ դերասան Գեորգի Գասվիանին հանդես է գալիս Փարաջանովի դերում։ Ընտրված ուղին ի սկզբանե ճիշտ է. նա չի փորձում նմանվել Փարաջանովին ո՛չ արտաքնապես, ո՛չ էլ վարվելակերպով։ Չի փորձում, այլապես տարբեր կադրերից տեսածը պատճենելն ու տեղափոխելը անհաղթահարելի դժվարություն չէր լինի։ Նա խուսափում է դրանից՝ փոխարենը փորձելով կենդանացնել վարպետի հիշողությունները և հանդիսատեսին հասցնել նրա ապրածն ու զգացածը։ Հանճարեղ ռեժիսորի հիշողության մեջ լողացող պատմությունները նա ներկայացնում է պարզ ու անբռնազբոս, հաճախ էլ դուրս գալով ռիթմից՝ դերասանը երբեմն հատում էր խաղային այն նուրբ սահմանը, որից այն կողմ ներկայացման վավերականությունը տեղի էր տալիս չափազանցված զգացմունքայնությանը։ Որոշ դրվագներում, երբ պատումը պահանջում էր առավել խորքային լռություն կամ ներհայեցում, դերասանական խաղում նկատելի էին դառնում արհեստականությունն ու արտաքին ներազդման ձգտող շեշտադրումները։ Թվում էր՝ կերպարի հոգեբանական գիծը մի պահ խզվում է, սակայն Իրակլի Գոգիայի բեմադրական լուծումները, տեսողական ու լուսային էֆեկտները հմտորեն քողարկում էին այդ անկումները՝ վերականգնելով ներկայացման գեղագիտական կողմը։ Իրակլի Գոգիան չի փորձել ստեղծել գծային սյուժե. նա բեմի վրա հավաքել է փարաջանովյան հիշողությունների «բեկորները»՝ ստեղծելով մի բազմաշերտ կոլաժ, որտեղ լույսը, երաժշտությունը և պլաստիկան հավասարազոր դերակատարներ են։

«Ես մահանում էի հիվանդանոցում և աղաչում էի բժշկին երկարացնել կյանքս առնվազն վեց օրով։ Այդ մի քանի օրերի ընթացքում ես վերադարձա մանկությունս, մեռնելու այնտեղ․․․ Ես վերադարձա Թբիլիսի, քսան տարվա բաժանումից հետո վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին։ 

Հին Վերիայի գերեզմանատունը ընդմիշտ փակ է։ Այս գերեզմանատանն ապրած նախնիները հայտնվել են անօթևան։ 

Վերջին աճուրդը Թբիլիսիում։ 

Առավոտյան նա սանրում էր ոսկեգույն մազերը, ապա նստում դաշնամուրի մոտ և երգում էր «Ավե Մարիա»։

Ամուսնական մատանին անհետացավ։ Մայրիկը կարծում էր, որ դա վատ բախտ է բերում։ 

Եվ այդ ժամանակվանից մենք այլևս առավոտյան «Ավե Մարիա» չէինք երգում։ 

Ես նորից մենակ եմ․․․»։ Սերգեյ Փարաջանով

Դյուրին չէ խաղարկել հիշողությունները՝ շրջանցելով պարզ նկարազարդումը և գտնելով ժամանակին զգացածի թատերական համարժեքը՝ այս կամ այն մետաֆորը, միզանսցենը կամ համապատասխան տրամադրությունը։ Դա հատկապես վերաբերում է այն դերասաններին, որոնք մարմնավորում են Փարաջանովի մանկության տարբեր կերպարները (դերասաններ՝  Նինո Ցիմակուրիձե, Բուկա Ղլոնտի, Էլենա Բեժիաշվիլի, Անանո Գուլեդանի, Գիորգի Փիրանիշվիլի): Պատանի Փարաջանովը՝ Գիորգի Դվալիշվիլի իր անխոս խաղով, միայն տրամադրությամբ և պլաստիկայով, անկեղծություն է հաղորդում ներկայացմանը։ 

Մուլտիմեդիա լուծումները ներկայացման մեջ ոչ թե ինքնանպատակ էին, այլ դարձել էին այն թափանցիկ վարագույրը, որի հետևում թաքնված էին վարպետի երազները։ Դա թույլ էր տալիս հանդիսատեսին տեսնել Թբիլիսին ոչ թե որպես աշխարհագրական վայր, այլ որպես հոգեվիճակ։

Սովորաբար կերպարանափոխվում է դերասանը, ոչ թե ռեժիսորը, բայց այս դեպքում այլ է։ Կերպարանափոխված են և՛ դերասանը (Գիորգի Գասվիանի), և՛ ոչ պակաս՝ ռեժիսորը (Իրակլի Գոգիա)։ Հեշտ չէ տեսանելի դարձնել հիշողությունը բեմի վրա, երբ կինոլեզվի փոխարեն ունես թատերական լեզու։ Փարաջանովն աչքի էր ընկնում իր ապշեցուցիչ արվեստով, ինչպես նաև ֆրեսկային մտածողությամբ։ Նրա հիշողությունները հենց այդ գեղագիտությամբ պետք է կենդանանային։ Բարդ է, երբ պետք է մի կողմից խուսափես նրա պաշտամունքային ֆիլմերի պատճենումից, բայց և միևնույն ժամանակ մնաս նրա գեղագիտության մեջ, մտածես նրա պես և ստեղծագործես նրա ոճով։ 

«Իմ կիպարիսները․․․Եվ տավիղները․․․Ոսկեզօծ տավիղները գերեզմանատանը՝ հենց դա էի ես փնտրում։ Եվ ես կարող եմ մեռնել առանց ափսոսանքի։ Եվ ես մահանում եմ։ Եվ ես, մահանալով, ժպտում եմ։ Ես երջանիկ եմ, որ խաբեցի ինքս ինձ։ Ի վերջո, սրանք տավիղներ չեն․․․Դրանք արգանդներ են»։ Սերգեյ Փարաջանով

«Խոստովանություն․ ես Սերգեյ Փարաջանովն եմ» ներկայացումը, չնայած իր ներքին  անհարթություններին, կարողացավ փոխանցել ամենակարևորը՝ վարպետի ժպիտը մահվանն ընդառաջ և նրա հավերժական վերադարձը դեպի սեփական ակունքները։

Վովա Արզումանյան

Նախորդ գրառումը