Միայն թե չկորցնես երկինքը
Ամեն երեխա էլ սրտի մի գողտրիկ անկյունում իրական թե անիրական երազանք է փայփայում, հովերով տարվում։ Նույնիսկ այն կորած-մոլորած, սահմանից էլ անդին ծվարած գյուղի աղջնակը, որի դեմքին այտափոսիկներ են խայտում։ Մի պարզկա գիշեր, երբ աղջիկը յոթերորդ երազն է տեսնելիս եղել, երկնքից իջած մի հուրի-փերի հուշիկ մոտեցել է, խնձոր նվիրել ու կսմթել այտը։ Նա աղջկա ականջին շշնջացել է, թե իր թևերի վրա կտանի երկինք ու հովերի գիրկն է նետել։ Այդպես երկնքին հասնելը դեռ մանկուց մի բնական ցանկություն է դարձել, բխած հրեշտակի քնքուշ փաղաքշանքից։ Իսկ երկինք հասնելու համար ի՞նչ է պետք․ բնականաբար թռչել։ Այնպես որ չպետք է երազանքը վանդակում կողպված թռչնի նման պահել գողտրիկ անկյունում, ավելի լավ է բացել սրտի փականներն ու բացականչել ի լուր աշխարհի, որ ուզում ես թռչել, հույսով, թե կարժանանաս մեծահասակների քաջալերանքին։
-Ես ուզում եմ թռչել,- հենց լեզուն բացվի` կթոթովի աղջնակը, ու բոլորը, նույնիսկ գյուղական հասարակության՝ երևակայությունից զուրկ անդամները գլխի կընկնեն, որ երեխան ուզում է օդաչու դառնալ։
-Ա՜յ քեզ բան,- կզարմանան ոմանք։
-Գուցե բժշկի ցույց տանք,- կմրթմրթա մի պառավ։
-Թռի վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ,- կխնդմնդա զվարճասեր մեկը։
-Ա՜յ քեզ փորձանք,- կմտահոգվեն առավել լրջմիտները։
Փորձանքը պոզով-պոչո՞վ է լինում։ Գյուղական հասարակության անդորրը խռովելը պոզով-պոչո՞վ է լինում։ Մի գյուղի, որտեղ բոլորը միահամուռ կով են պահում ու խնձոր աճեցնում։ Կովերը սևուսպիտակ պիսակներով, չգիտեմ որտեղից հարյուր տարի առաջ բերած հոլանդական ցեղատեսակի, խնձորները հազար տարի առաջ երկնքից ընկած կարմրկենի տեսակի։ Աղջկա թշերի պես կարմիր։ Երազանքը երազանք, բայց բոլորն էլ մեծանալու են, հոլանդական սևուսպիտակ խալերով կով կթեն, խնձորենիները սարից բխած զուլալ աղբյուրից ջրեն ու ապրեն իրենց համար նախասահմանված երջանիկ ու հանդարտ կյանքը, բնության ու գուցե թե տիեզերքի հետ հաշտ ու ներդաշնակ։ Հետո կծնվեն իրենց կարմրաթուշ երեխաները, թոռները, ծոռները ու կյանքի օրինաչափությանը հլու կշարունակեն երազել զուտ երազելու համար։ Զուտ կյանքի դառը իրականությունը մի փոքր քաղցրացնելու, կամ թե կուզեք՝ ընկճախտը մեղմելու համար։ Մինչև հանդուգն մեկը ճեղքի երազանքի ու իրականության պատնեշը ու հայտնվի խստաշունչ հայացքով զինվորական կոմիսարին դեմ-հանդիման։
-Աղջիկ ջան, իսկ ինչո՞ւ որոշեցիր օդաչու դառնալ, այն էլ ռազմական,- կհարցնի կոմիսարը։
-Իմ կյանքի երազանքն է,- կպատասխանի աղջիկը։
-Իսկ պատրա՞ստ ես մարդ սպանել,- կհարցնի կոմիսարը։
-Ես ուզում եմ թռչել,- կպատասխանի աղջիկը։
-Ո՞ւր թռչել,- կհարցնի կոմիսարը։
-Երկինք,- կժպտա աղջիկը։
Ու քանի որ թռչելու համար ինքնաթիռ է պետք, ինքնաթիռին էլ օդաչու, օդաչուին էլ, ինչպես պարզվեց՝ երկինք, աղջիկը դեռ փոքրուց սիրում էր պառկել խոտերի մեջ ու նայել երկնքին։ Սիրում էր խնձորի ծառի տակ թավալվել ու նայել ծառի ճյուղից կախված խնձորին, փորձելով թաքնվել արևի կսմիթից։ Աղջիկը կկոցում էր աչքերը, հետո հայացքը բարձրացնում վեր դեպի երկինք ու մերվում երկնքի կապույտին։ Ամպերը մարդկանց նման էին լինում․ մեկը՝ մռայլ ու տխուր, մյուսը՝ ուրախ-զվարթ, իսկ առջևից գնացողի անունը գեներալ էր դրել։ Ու մի օր էլ ցածր թռչող ինքնաթիռի հռնդյունից մի խնձոր էր ընկել ու գլորվել, հասել աղջկան։ Հետո ինքնաթիռի հռնդյունից գլուխը պտտվել էր, հետո վազել էր ինքնաթիռի հետագծով, մինչև բոկոտն ոտքերը արյունոտվել էին, ու հևասպառ ընկել էր խոտերի մեջ։
-Այստեղ գրել եք, թե փոքր ժամանակ գլխապտույտ եք ունեցել,-կհարցնի զինկոմիսարիատի բժիշկը։
-Ուղղակի չհասցրեցի թաքնվել խնձորի հետևում, ու արևը կծեց, ուղղակի ինքնաթիռը շատ ցածր էր թռչում,- կվերհիշի աղջիկը։
-Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե օդաչուի գլուխը պտտվի,- ու առանց պատասխանին սպասելու՝ բժիշկը լուրջ-լուրջ կասի, որ նա կկորցնի երկինքը, մի բան, որ օդաչուի համար կյանքի-մահվան հարց է։
-Երկինքը միշտ կա, ոչ ոք էլ չի կարող այն կորցնել,- կընդդիմանա միամիտ աղջիկը։
Երբ դափնիներով ավարտել էր դպրոցը, գյուղապետը իր սենյակ էր հրավիրել ու ավետել, թե ագրարային համալսարանում իր համար հատուկ տեղ են ամրագրել, ոսկե երիտասարդության համար նախատեսված, կավարտի կգա ու նոր եվրոպական բարձունքների կհասցնի գյուղի անասնապահությունն ու այգեգործությունը։
-Բայց ես թռչել եմ ուզում,- անդրդվելի էր մնացել աղջիկը։
-Եթե բոլորը թռչեն, բա մեր հոլանդական կովերն ու կարմրկենի խնձորները ի՞նչ կլինեն,- մտահոգվել էր գյուղապետը։
-Ես սիրում եմ մեր կովերին, նրանց սևուսպիտակ, իսկ երբեմն էլ կարմիրուսպիտակ պուտերը, ես սիրում եմ մեր կարմրկենի խնձորները, քաղցր, քաղցր, երբեմն էլ թթվաշ,- արդարացել էր աղջիկը։
Ավանդապաշտ հայրը մեռավ գլուխ կոտրելով՝ հասկանալու համար, թե իր նազենի աղջկան էդ ինչ մեղու էր կծել, որ բռնել էր իրենց ազնվազարմ տոհմին ոչ հարիր այդ ճանապարհը, մեռավ գլուխ կոտրելով՝ մեղադրելով մորը, անիծելով նրա բերած ու իրենց երկնագույն երակներին խառնած պղտոր արյունը, հընթացս չմոռանալով նախատել, թե պատշաճորեն չի զբաղվել երեխայի դաստիարակությամբ ու թույլ է տվել անհեթեթ հովերով տարվել։
Բայց հովերը անհեթեթ հովեր էլ կմնան, եթե քայլ չանես։ Եթե ուզում ես օդաչու դառնալ, ամենահեշտ ձևը ռազմական օդաչուի մասնագիտություն ընտրելն է, մի նամակ ես գրում զինվորական կոմիսարին ու բռնում հեքիաթի ճանապարհը։
-Դե, եթե բախտդ բերի, գուցե երբեք էլ մարդ չսպանես, բայց մենք չենք կարող երաշխավորել,- հույս էր տվել կոմիսարը։
Ու որպեսզի չկոտրի աղջկա սիրտը, հարցը, թե կարո՞ղ է մարդ սպանել, չի կարող մարդ սպանել, թշնամին մա՞րդ է, թե՞ մարդ չէ՝ կոմիսարը պահել էր լեզվի տակ ու աղջկան ուղարկել հոգեբանի մոտ։ Ի՞նչ է նշանակում մարդ սպանել, ի վերջո, բոլորն էլ գիտեն, որ երկրի պաշտպանության համար գործած մեղքերը ներելի են, իսկ երբեմն էլ՝ խրախուսելի։ Չե՞ս հավատում՝ Աստվածաշունչ կարդա, հատկապես՝ Հին կտակարան։
Հոգեբանն էլ ակնոցի տակից զննել էր աղջկան ու ամենայն լրջությամբ, իր գործի կարևորության ու ահռելի պատասխանատվության խորին գիտակցությամբ հարցրել․
-Իսկ ո՞րն է ինքնաթիռի ու մարդու հիմնական տարբերությունը։
-Ինքնաթիռը կարող է թռչել, իսկ մարդը՝ ոչ,- ինքնաբերաբար պատասխանել էր աղջիկը։
-Այ, այ, այ,- հոգոց էր հանել հոգեբանը,- պարզ հարցերին չես կարողանում պատասխանել։
Իսկ պարզ հարցին, ինչպես պարզվել էր, կա պարզ պատասխան։ Հոգեբանական նախապատրաստության ձեռնարկի մի մոռացված գլխում ակնարկվում էր, թե ինքնաթիռի և մարդու հիմնական տարբերությունն այն է, որ մարդը շնչավոր էակ է, իսկ ինքնաթիռը՝ անշունչ առարկա, մետաղի կույտ։ Ինչպես գլխի չէր ընկել։
-Իսկ ո՞վ ասաց, որ ինքնաթիռը չի շնչում,- հարցին հարցով էր պատասխանել աղջիկը։
-Իսկապես, ո՞վ ասաց,- զարմացել էր հոգեբանը ու խառնիխուռն թղթերի մի անկյունում մակագրել էր, որ դիմորդը պարզ հարցերին թեև պարզ պատասխաններ չի կարողանում տալ, հոգեբանական վիճակը կայուն է, տրամաբանությունը՝ կուռ, միտքը՝ ճկուն, ու գուցե թռչելու համար պիտանի դուրս գա։
Դպրոցն ավարտելու գիշերը աղջիկը մի երազ էր տեսել։ Ինքը ճնճղուկ էր ու կողպված էր վանդակում, շուրջն ամենուր ճյուղերից խնձորներ էին կախված՝ կարմրկենի տեսակի, իսկ քիչ հեռվում տարածվում էին կանաչ-կանաչ մարգագետինները, որտեղ միօրինակ ներդաշնակությամբ որոճում էին հոլանդական սևուսպիտակ պիսակներով կովերը։ Աղջիկն ուզում էր դուրս գալ վանդակից, բայց բոլորը սաստում էին դրսից։ Հայրը սաստում էր ու խոժոռ դեմքով արգելում։ Գյուղապետը սաստում էր ու մատ թափ տալիս վրան` կովերի պտուկները լցվել, կթվորուհի չկա։ Ընկերները ծիծաղում էին ու խնձորներ նետում վրան։ Աղջիկը մանկության օրերի նման փորձում էր թաքնվել խնձորի հետևում, շունչը կտրվում էր, ուզում էր գոռալ, որ թռչել է ուզում, բայց ձայնը դուրս չէր գալիս։ Արևային հյուսակը ներդաշնակ դմփդմփում էր ու մի չարագույժ միալարությամբ օրորում աղջկան։ Կովերի փքված կրծքերից կաթը ծորում էր ու ծածկում վանդակը։ Եթե դուռը չբացեն, գուցե հենց կաթի մեջ էլ խեղդվի։ Բայց երազն էլ հենց նրա համար է երազ, որ վերջում մի ելք գտնվում է, որ չգտնվի էլ, զարթնելը կա ու կա։ Բարեբախտաբար, երազի հրեշտակը ժամանակին բացել էր դռնակը, ու աղջիկը գլխավերևում ժպտացող մորն էր տեսել։ Մայրը համբուրել էր այտը ու ավետել, որ հայրիկին համոզել է, սրտի ուզածը կարող է անել։
Հարևան երկրի ամենահայտնի առաջնորդի դուստրը այդ երկրի առաջին ռազմական օդաչուն է եղել։ Մեր երկրի առաջնորդների դուստրերը օդաչու չեն դառնում, այն էլ ռազմական, դրա համար էլ չենք կարողանում թռչել ու մնում ենք վանդակի մեջ կողպված։ Պատմության ուսուցիչն էր աղջկան պատմել այդ մասին, որ թաքուն ոգեշնչում էր նրան։
-Պատմությո՞ւն ես ուզում կերտել,- հարցնում է գեներալը՝ ընդունելության հանձնաժողովի բազմամյա նախագահը,- հավակնոտն ես երևում։
-Ես ընդամենը թռչել եմ ուզում,- ասում է աղջիկը։
-Չէէէէ, պատմություն ես ուզում կերտել,- չի համոզվում գեներալը,- հայրդ գիտի՞ այդ մասին։
-Հայրս պատմություն չի սիրում,- պաշտպանվում է աղջիկը։
Ասում են՝ հարևան երկրի առաջնորդի դուստրը առաջին անգամ թռչելով, երկնքից տեսել է բաներ ու բացահայտել իր ինքնությունը։ Մի խելառ գրող է ասում, խելառների ցեղից։ Գուցե աղջիկն էլ առաջին անգամ թռչելով կարողանա բացահայտել բաներ, որ միայն երկնքից են երևում։ Կարողանա բացահայտել, թե այդ ինչ խելառ արյուն է ի վերջո խառնվել իր երակներին՝ ինչպես հայրն էր ասում։ Գուցե երկնքից սևուսպիտակ կամ մեկ-մեկ էլ կարմիրուսպիտակ խալերով կովերը այլ տեսք ունենան, դրախտում արածող հրեշտակների տեսք։ Գուցե կարմրկենի խնձորները զարդարեն դրախտի դաշտերը, մինչև մի օր մի Եվա սխալմամբ քաղի արգելված պտուղը ու կծի ամենահյութեղ պատառը։
-Արգելված պտո՞ւղ ես ուզում քաղել, յուրօրինա՞կ երևալ,- հարցնում է գեներալը։
-Ես ընդամենը թռչել եմ ուզում, ապրել սրտիս ուզածի պես, հայրս թույլ է տվել,-լացակումում է աղջիկը։
-Ասում են՝ հովերով ես տարվել,- տարակուսում է գեներալը։
-Ավելի վստահ երբեք չեմ եղել,- ինքնավստահ համառում է աղջիկը։
-Որ ասել ես ինթաթիռը շնչավոր էակ է, ի՞նչ ես նկատի ունեցել,-թղթերն է փորփրում գեներալը։
-Նկատի եմ ունեցել, որ շնչում է, շատ պարզ,- լացը մի կերպ զսպելով՝ բացատրում է աղջիկը։
-Արգելված պտուղը ոչ էլ քաղցր է, լավ էլ թթվաշ է,-կատակում է գեներալը։
Արցունքները ծորաններից հոսել ու լցվել են աղջկա կոկորդը։ Եթե հիմա լաց լինի, իր երազն ի չիք կլինի, ավելի լավ է զգուշորեն, կաթիլ-կաթիլ կուլ տա, որքան էլ աղի լինեն։
-Ասել ես, որ մարդ չես կարող սպանել, ասել ես, որ գլուխդ փոքր ժամանակ պտտվել է,- շարունակում է գեներալը։
Արցունքաբեր գեղձերը հոլանդական կովերի փքուն ստինքների պես լցվել, ուր որ է կպայթեն։
-Ընդամենը թռչել եմ ուզում,- արցունքներն է կուլ տալիս աղջիկը։
-Իսկ դու գիտե՞ս, թե ինչ արժե մեկ ինքնաթիռը, որ քեզ պետք է վստահենք,- պարանը ձգում է գեներալը,- եթե ձեր ամբողջ գյուղը վաճառենք, անխտիր բոլոր տները, գինը չի հանի։
Աղջկա շունչը չի հերիքում։ Ուզում է մի բան ասել, բայց ձայնը դուրս չի գալիս։ Խեղդվում է։
-Եթե նույնիսկ ձեր գյուղի բոլոր կովերը մորթենք ու մթերենք,-շարունակում է գեներալը։
Աղջկա գլուխը պտտվում է, խնձոր է ուզում, կարմրկենի տեսակի, թեկուզ թթվաշ լինի։
-Եթե նույնիսկ բոլոր այգիներն էլ ծախենք,- ոգևորված խնդմնդում է գեներալը։
-Թռչել եմ ուզում, թռչել եմ ուզում,- համարյա գոռում է աղջիկը։
-Ձեր ծառի վերջին խնձորն էլ վրադիր,- մեխում է գեներալը,- էդ էլ չի փրկի։
Երբ մայրը հեքիաթի վերջում ասում էր, թե երկնքից երեք խնձոր է ընկնում, աղջիկը պատկերացնում էր հենց իրեն, որ խնձորի պես իջնում էր երկնքից, ոտքերը կպչում էին հողին ու վերադառնում էր իրականություն։ Բայց էլ ինչ հեքիաթ, որ մի օր իրականություն չդառնա։ Աղջկա գլուխը պտտվում է, խելառ արյունը, հորից թե մորից ժառանգած, տագնապահար թպրտում է երակներում։ Հոլանդական կովերը, կարմրկենի խնձորները մի հախուռն շուրջպար են բռնել։ Աղջիկը բարձրացել է իրենց տան տանիքին ու ամպերին է նայում։ Ինչքան տարբեր են ամպերը, ամեն մեկը մի մարդ, իսկ առջևից գնացողը ասես գեներալ լինի։ Հիմա կկորցնի երկինքը։ Հանկարծ չկորցնի երկինքը։ Միայն թե չկորցնի։ Բժիշկները, մանկության երազի հուրի-փերիների նման, լցվել են գլխին ու դեմքին ջուր են ցողում, քնքշաբար թփթփացնում այտերին։
-Չեմ ուզում երկինքը կորցնել, չեմ ուզում,- հեկեկում է աղջիկը ու արցունքները հոսում ողողում են իրենց կորած-մոլորած գյուղի կանաչ-կանաչ մարգագետինները։
Ամպերից մեկը, որ առջևից է գնում ու գեներալի ուսադիրներ ունի, ժպտում է աղջկան․
-Դուք ընդունված եք, կուրսանտ, պատմություն ենք կերտելու։
Մհեր Իսրայելյան






