Natura Naturans ցուցահանդեսը «Գաֆէսճեան»-ում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։
Արվեստի կենտրնում կներկայացվի «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։ Այս բազմազան գեղարվեստական մոտեցումների միջոցով ցուցադրությունը քննում է, թե ինչպես է ձևավորվում մեր աշխարհընկալումը՝ տեսանելի և սովորական զգայական ընկալման սահմաններից դուրս գործող ուժերի ու գործընթացների ազդեցությամբ։ Արևի լույսը, մագնիսական դաշտերը, երկրաբանական նյութը, կենսաբանական ձևերը, տիեզերական ճառագայթումը և էլեկտրամագնիսական ազդանշանները այստեղ դառնում են մեր ընկալման ուսումնասիրության յուրօրինակ միջոցներ՝ բացահայտելով, թե ինչպես է այն ձևավորվում տեխնոլոգիայի և մեզ շրջապատող նյութական աշխարհի փոխազդեցության տիրույթում։
Natura Naturans ցուցահանդեսը սերտ երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության և տարածական ռիթմի հետ։ Ներքին և արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը և շրջակա քաղաքային միջավայրը անմիջականորեն առնչվում են ցուցահանդեսի՝ լույսի, ընկալման, նյութական գործընթացների և տեխնոլոգիական համակարգերի հանդեպ հետաքրքրությանը։ Այս համատեքստում Կասկադը պարզապես ցուցադրության վայր չէ. այն Natura Naturans ցուցահանդեսի ընկալման և իմաստավորման անբաժանելի մասն է։
Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկեր։ Ծրագրում միահյուսվում են կենդանի էլեկտրոնային երաժշտությունը, փորձարարական կոմպոզիցիան, պերֆորմանսը և տարածական լսողությունը, իսկ ձայնը դիտարկվում է որպես տարածությունը, նյութը և հաճախ տեսողական դաշտից դուրս մնացող գործընթացները զգալու յուրօրինակ միջոց։
Փառատոնը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 15-ից հունվարի 17-ը։
«CYFEST 17» փառատոնն անցկացվում է «CYLAND» հիմնադրամի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր հովանավորն է «Frants» հիմնադրամը։ Նախագիծն իրականացվում է Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի, Ռուսական, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան արվեստի ուսումնասիրության կենտրոնի (CSAR), MOMus ժամանակակից արվեստի թանգարան — Կոստակի հավաքածուի, «ARé Fest»-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ինժեներական քաղաքի և «Art in Country of Tokyo» (AICOT)-ի հետ համագործակցությամբ։
Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա






