3. Եւ Աստուած ասաց. «Թող լոյս
լինի»: Եւ լոյս եղաւ:
4. Աստուծ տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ լոյսը բաժանեց խաւարից:
Ծննդոց
Այս պատմությունն ինձ հետ պատահեց 1993 թվականին: Մութ ու ցուրտ, բարի օրերն էին: Երբ այժմ գնում ենք Երևանից դուրս պեղումների, պատահում է, որ երբեմն-երբեմն այն տանը, որում արշավախմբով մնում ենք, լույսը կես կամ մեկ ժամով անջատում են: Արտասահմանցի գործընկերներիս համար դա սթրես է, իսկ ինձ համար հիշողություն և ուղևորություն դեպի անլույս, բայց այնքան ջերմ ու լուսավոր օրերը:
Երևանում լույսը միացնում էին գրաֆիկով, որքան հիշում եմ՝ երկու ժամ ցերեկը, երկու ժամ էլ գիշերը: Ու դա մարդամոտության ու լույսի ավետման տոնն էր: «Լույսե՜րը տվեցին, լույսե՜րը տվեցին»,- բակերում գոռում էին իմ հասակակիցները։ Մարդիկ մարդու նման շտապում էին կիսվել. լույսով, ուրախությամբ, հոգսերով ու նորից լույսով…
Տատիկիս տունը գտնվում է Խանջյան 49 հասցեում: Հաճախ էի սիրում նայել երրորդ հարկի բնակարանի պատշգամբից բացվող Երևանին: Հատկապես՝ ամառները: Դիմացի մայթով տրամվայներն էին գնում, իսկ հետևում Գետառն էր, շատ թե քիչ վարարած, ճամփա բռնել: Թենիսի կորտերում երկու գեղատեսիլ աղջիկ միշտ այդ ժամին թենիս էին խաղում: Թեև տարածությունը բավական հեռու էր, բայց անհնար էր չնկատել նրանցից մեկի հյուսկեն մազերն ու հեքիաթային ժպիտը: Նրա ամեն մի հարվածը գնդակին ներդաշնակվում էր քիչ այն կողմ քամուց սեթևեթող կանաչ բարդիների հետ:
Կորտերից անդին Երևանի պետական համալսարանն էր: Տրամվայի սուլոցը, թենիսի գնդակի ձայնն ու Գետառի բարբառող ջուրը, որից Երևանի հոտն էի շնչում: Քիչ ուշադիր լսիր, և Գետառի ամեն մի կարկաչյուն երևանյան խոսվածքով քեզ զարմանալի ու հետաքրքիր պատմություններ կավետի մեր հնամենի մայրաքաղաքի մասին: Հայրս պատմում էր, որ հին ու բարի ժամանակներում Գետառը վարարում էր, դուրս գալիս հունից ու հասնում մինչև իրենց շենք: Մոտակա շենքերի պատանիները քարերով գյոլ էին կապում ու լողանում: Հորս համար Գետառի մասին այս պատմությունները արդեն դարձել են դրվագ ու հիշողություն: Ով իմանար, որ իմ Գետառն էլ, տրամվայներն էլ ինձ համար նույնպես դրվագ ու հիշողություն կդառնան: Հիմա արդեն Գետառից լսվող ջրից ինչ-որ անծանոթ բառեր են հնչում:
Տատիկիս տանն այդ օրը, սակայն, ամառ չէր: Խստաշունչ ձմեռ: Վառվում էր լամպի պատրույգը: Նստած էինք սենյակում տատիկս, երկու հորաքույրս և ես: Չուգունի փեջն իր կայծկլտացող-այրվող փայտերի խորհրդավորությամբ դարձել էր մեր զրույցների վկան: Չգիտեմ ինչու՝ այդ պահին ես լույս ուզեցի: Բայց Գրողի տարած լույսը չկար: Արդեն գրաֆիկով գիշերը մեր շենքին հասանելիք լույսը տվել էին: Այո՛, այո՛, Գրողի տարած լույսը: Հայկական բանահյուսության մեջ Գրողը մարդակերպ ոգի է, հոգեհան կամ հոգեառ: Հենց կանխորոշված օրը Գրողը ներկայանում է մարդուն և իր զենքերով հարվածում ու առնում նրա հոգին: Մահը հաճախ պատկերացել է հենց կռիվ Գրողի հետ: Լույսն էլ կռիվ է տալիս խավարի հետ:
Երևի գիշերվա ժամը տասն էր: Վեր կացա տեղիցս, նայեցի տատիս, հորաքույրերիս ու ասացի.
— Ես լույս եմ ուզում: Ինձ լույս ա պետք:
— Բալա ջան, էսօր լույսն արդեն տվել են, էլ չի լինի, ասաց տատս,- հեսա կքնես, առավոտը կգա, լույսը կբացվի:
— Չէ, ես հենց հիմա լույս եմ ուզում: Տվեք ինձ էլեկտրոցանցի համարը, որը մեզ լույս ա տալիս:
Տատս ու հորաքույրերս սկզբից ժպտացին, բայց ես ավելի համառ էի, ու ստիպված էին տալ էլեկտրոցանցի համարը: Գնացի, նստեցի հեռախոսի մոտ գտնվող աթոռին ու ցուցամատս խցկելով հեռախոսի թվերով շրջանակների մեջ՝ զանգեցի էլեկտրոցանց: Մի տղամարդ լսափողը վերցրեց:
— Բարև, ձյաձյա ջան: Ես լույս եմ ուզում: Շատ եմ խնդրում, ինձ լույս տվեք: Շատ եմ խնդրում, ձյաձյա ջան, ինձ լույս ա պետք:
— Բալիկ ջան, ձեր շենքի համարը ո՞րն ա:
Անմիջապես հորաքրոջիցս հարցրի:
-Խանջյան 49, ձյաձյա ջան:
Ձյայձյան մի պահ լռեց, հետո պատասխանեց.
-Ախր, բալիկ ջան, էսօր արդեն ձեր շենքի լույսը տվել ենք:
-Չէ, ձյաձյա ջան, ես լույս եմ ուզում: Խնդրում եմ, ձյայձյա ջան, ինձ լույս ա պետք, շատ եմ խնդրում…
Լսափողը դրեցի: Անցավ հինգ րոպե: Ու լույսը վառվեց:
Լույսե՜րը տվեցին: Տատս, հորաքույրերս խառնված ժպիտով ինձ էին նայում: Հարևանների դռներն են բացվում: Մեր դուռը թակում են: Կողքի հարևան Ալո տատին էր:
— Էս ի՞նչ ա էղել, տեսնո՞ւմ եք, լույսերը տվել են: Էս կարող ա՞ ուրիշ շենքի լույսը շփոթել են, մեզ են տվել: Ամբողջ մուտքում իրարանցում էր: Չսպասված տոն: Բոլորն ուրախ՝ իրար լույս էին ավետում:
Այդ օրը Խանջյան 49 շենքը հավելյալ երկու ժամ լույս ունեցավ: Էմմա հորաքույրս ժպտալով նայեց ինձ ու ասաց.
— Էսօր դու մեր ամբողջ շենքին լույս տվեցիր:
Երբ Երևանից դուրս գնում ենք հնագիտական պեղումների, ու երբեմն-երբեմն կես կամ մեկ ժամով մեր վարձակալած տան լույսն անջատում են, արտասահմանցի գործընկերներս սթրես են ապրում: Իսկ ես ժպտալով հիշում եմ քեզ: Թեև երբեք չեմ տեսել, բայց հիշում եմ քո պայծառ դեմքը, հայկական բեղերով խառնված բարի ժպիտը և լույսը, որ ինձ տվեցիր…
No Comments