«Ռազմական դրության ժամանակ մշակութային օջախները որքանո՞վ են պատրաստ իրենց աշխատանքը կատարելու, անվտանգ տարհանելու մարդկանց և մշակութային արժեքները։ Ի՞նչ վիճակում են մշակութային կենտրոնների նկուղները, արդյոք բավարար ուշադրություն է հատկացվում դրանց»,- հարցն ուղղել էինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանին։
«Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փոխնախարարը, անդրադառնալով քաղպաշտպանության խնդրին, նշեց, որ Ստեփանակերտում և Արցախի մյուս քաղաքներում բնակչությունը պատրաստված է, գիտի՝ օդային տագնապի ժամանակ ինչ վարքագիծ դրսևորել և որտեղ պատսպարվել: Հայաստանում եղել են բացթողումներ, և ուժերն ուղղելու են քաղպաշտպանությանը վերաբերող հարցերին, ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանն ու ժամանակավոր ապաստարանների կարգավորմանը։ Բնակչությունը դեռ պատրաստ չէ, բայց բանախոսը հավաստիացնում է, որ տարվում են աշխատանքներ։ Ասուլիսների, հարցազրույցների, հեռուստահաղորդումների միջոցով փորձելու են առավել իրազեկ դարձնել հանրությանը։
Անդրադառնալով մշակութային արժեքների պահպանությանն ու մշակութային կենտրոնների անձնակազմի պատրաստվածությանն առնչվող հարցին՝ փոխնախարարն ասաց, որ քաղպաշտպանությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն, քննարկվում են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ քաղաքացիների լայնամասշտաբ իրազեկումն ապահովելու, քաղպաշտպանության էությունն ու նշանակությունը բացատրելու ուղղությամբ: Մշակութային օջախների հետ կապված առանձին շեշտադրումներ կլինեն, թե՝ ոչ, պաշտոնյան չհստակեցրեց, բայց ասաց՝ եթե հարցը բարձրացվել է, նկատի կունանան նաև այդ խնդիրը:
Տաթև Խաչատրյան
No Comments