Ardi.am-ի հարցին պատասխանում է արվեստաբան Մարտին Միքայելյանը:
— Պարո՛ն Միքայելյան, ինչո՞վ է առավելապես պայմանավորված նկարչի վարպետության աստիճանը. ստացած կրթությա՞մբ, թե՞ բնատուր ձիրքով:
— Մերոնք մի քիչ սահմանափակ են, մտածում են՝ եթե նկարիչը յուղաներկ կտավ չի ստեղծել, այլ արել է գծանկար կամ էսքիզ, դա մեծ արժեք չունի: Բայց դա է ամենահետաքրքիրը, դրանում է անմիջականությունը: Դա ուղիղ կապ ունի մարդու՝ ստեղծագործողի հետ շատ ավելի, քան ավարտուն ստեղծագործությունը: Միքելանջելոն սովորել է երկուս ու կես տարի, Լեոնարդոն, Ռաֆայելը՝ երկուական տարի, իսկ մերոնք սովորում են քառսուն օխտը տարի: Մենք պատմությունից գիտենք, չէ՞, որ շատ նշանավոր մարդիկ չեն ավարտել ակադեմիա, բայց նրանք մեծ են: Օրինակ՝ Պիկասոն, Ռեմբրանտը հո ակադեմիա չե՞ն ավարտել: Պիկասոն ընդամենը երկու օր սովորել է Բարսելոնայի ակադեմիայում և հեռացել. իր հորից է նկարչության սովորել: Երբ նա առաջին անգամ տեսել է երեխաների արած նկարները (չէ՞ որ երեխաներն ավելի անմիջական են, քան մեծահասակները), ապշել է, ասելով, թե մինչ այդ ինքը մտածում էր՝ պետք է Ռաֆայելին հետևել, այնինչ պետք է հետևել երեխաներին: Այնպես որ, կրթությունը չէ, թերևս, ամենակարևորը՝ վարպետության հասնելու համար, վարպետ կարելի է դառնալ՝ նաև առանց ակադեմիական կրթության:
Ardi.am
Լուսանկարը՝ Մարտին Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
No Comments