Նանեն մանկահասակ ընթերցողներին հաճելի նվեր է մատուցել՝ լույս ընծայելով «Թևթևիկը» հեքիաթների գիրքը (Երևան, «Վան Արյան», 2024)։
Նանե, լուսանկարը՝ «Անդինի»

Գրքում ընդգրկված 14 հեքիաթները զարմանահրաշ մի աշխարհ են բացում ընթերցողի առաջ, որի բարի, իմաստուն, դաստիարակչական բովանդակությանը գումարվում են հեղինակի վառվռուն նկարազարդումները՝ արված հեքիաթների բովանդակությանը համահունչ, գեղանկարչական նուրբ ճաշակով ու վարպետությամբ։
«Թևթևիկը» գրքի նկարազարդումներից

Հեքիաթներում, ինչպես և բնորոշ է գեղարվեստական երկերին, հյուսվում է պատում, որի կառուցվածքի հիմքում ընկած է խնդիր, բախում և որն ունի հանգուցալուծման անհրաժեշտություն։ Սովորաբար այդ խնդիրը սրվում է, հասնում իր գագաթնակետին, ապա դժվարին, բարդ անցումներով հանգուցալուծվում։ Նանեն իր հեքիաթներում շրջանցել է բախումի սուր անկյունները, փշերից, ցավոտ կսմիթներից ասես ապահովագրել իր հերոսներին ու ընթերցողներին։ Նրա հեքիաթները ոչ թե սոսկ բարության, ներումի, հավատի, սիրո քարոզ են հնչեցնում, այլ ենթատողերի, խորհրդանիշերի, գաղափարաբանական խրատների, որոշակի գործողությունների, գեղարվեստական պատումի սահուն անցումների միջոցով հանգեցնում այդ արժեքների նյութկանացմանը հեքիաթներում։
«Արևքուրիկն ու մանուշակը» հեքիաթում արևքուրիկին նախանող մանուշակն իր մաշկի վրա է զգում նախանձի դառնությունն ու հոժարակամ հրաժարվում այդ կործանարար մաղձից։ «Աքաղաղը» հեքիաթի հերոսներ շունն ու կատուն գիտակցում են աքաղաղի հանդեպ տածած թշնամանքի անհեթեթությունն ու վերականգնում իրենց բարեկամությունը, քանի որ կյանքն ապացուցում է այդ երկու կռվազաններին, որ ամեն բան բնության մեջ հաշվարկված է ճիշտ ու անթերի, և եթե դեմ ես գնում իրերի, երևույթների բնականոն ընթացքին, նախ և առաջ տուժում ես ինքդ։ Նանեն հուշում է, որ առանց մեծ առճակատման էլ կարելի է լուծել խնդիրները, որ դրանք իրենց լուծումը կարող են գտնել ինքնըստինքյան՝ պարագաների ճիշտ դասավորության թելադրանքով։
«Ծիրանենին» հեքիաթը հանուն սիրելիների անձնազոհության գնալու մասին իմաստուն պատմություն է, որի խորհուրդը բարի լուր բերող արագիլների տունդարձն է շեշտադրում։ Ամեն բան պետք է անել, որ արագիլները, ասել է թե՝ բարի լուրերը գտնեն տուն բերող ճամփան, որ աշխարհի տարբեր ծագերից եկող լուրերը հասնեն տեղ ու չմնան կես ճանապարհին։ Եվ «Կախարդական փայտիկը» հեքիաթը հուշում է, որ ամեն մեկիս ձեռամբ կարող են գործվել հրաշքներ, ու որ առանց կախարդական փայտիկի էլ կարելի է բարի, գեղեցիկ դարձնել աշխարհը։ Այս երևույթի մեկ այլ հավաստիացում է «Թևթևիկը» հեքիաթը, որի հերոսները հնարամտորեն կարողանում են շրջանցել օրինաչափություններն ու հեքիաթը դարձնել իրականություն։ Նրանք գտնում են անհնարինի բացասումը, և այդ բացասման արդյունքում թիթեռներին օժտում երկարակեցությամբ։
Նանեն ոչ միայն բովանդակության, նկարների մակարդակում է հրապուրում իր ընթերցողին, այլև պատկերավոր գեղարվեստական գրով։
«Դեպի տուն» հեքիաթը այլաբանություն է, որը մեզ կանգնեցնում է անհերքելի ճշմարտությունը գիտակցելու ճանապարհին։ Ինչպես «Ծիրանենին» հեքիաթում, այստեղ ևս հեքիաթագրի խրատը հուշում է ինքնագտնումի, տունդարձի ճանապարհից չշեղվելու անհրաժեշտության մասին։ Այդ ուղին հարթեցնող միջոցներից մեկը՝ ամենակարևորը, կրթությունն է, հայրենի գրին ու ինքնությանը ամուր կառչելու հանգամանքը․ «․․․երբեք չկորցնես Տառերը, թե չէ տանդ ճանապարհն էլ կկորցնես և՝ ընդմիշտ»,- պատգամում է հեքիաթի հերոս Մեսրոպիկին նրա հզոր նախնին՝ Մեսրոպ Մաշտոցը․ բնականաբար, հեղինակը ոչ պատահականորեն է իր փոքրիկ հերոսին կոչել Հայոց գրերի գյուտարարի անունով։
Նանեն իր հեքիաթներում հյուսում է այնպիսի սյուժեներ, որոնք ընթերցողներին հուշում են աչալուրջ լինել սեփական վարքագծի, սովորույթների, նպատակների հարցում։ «Թե ինչպես ծաղկեցին կակտուսները», «Արևի օգնականները», «Անանուն ձնեմարդը», «Ուրախ անտառը» հաքիաթներում մենք գործ ունենք այնպիսի հերոսների, իրադարձությունների այնպիսի շրջադարձերի հետ, որոնք հուշում են, որ աշխարհը կարող ես վերափոխել հենց քո ձեռքով։ Որ գեղեցկության ուժը վարակիչ է, վկայում է «Թե ինչպես ծաղկեցին կակտուսները» հեքիաթը․ «Այդպես քիչ առ քիչ թագավորության կակտուսները ծաղկեցին։ Այլևս վեճ ու կռիվ չկար այնտեղ, կակտուսները մեղմացել էին, ավելի զբաղված էին իրենց բողբոջները հաշվելով և իրենց ու մյուսների ծաղիկների գեղեցկությունը վայելելով։ Նրանք այլևս մեկմեկու չէին բոթբոթում, ծակում փշերով»։
Ուրախությամբ, բարությամբ, լույսով միմյանց հետ կիսվելու խրատ է հնչում «Ուրախ անտառը» հեքիաթում․ «․․․մենք չենք գիտակցում, բայց բոլորս այստեղ կապված ենք իրար, եթե մեկը տխուր է,՝ անտառը երջանիկ լինել չի կարող»։
Հեքիաթներից որոշները լեգենդի ոճով են հյուսված։ Այս բնորոշումը մասնավորապես տարածվում է «Արևի օգնականները», «Թիթեռ ծաղիկը» հեքիաթների վրա։
Հեղինակը հետևողականորեն հնչեցնում է հայրենի բնօրրանին, ազգային ինքնությանը, մայր հողին կառչելու, դրանց հավատարիմ մնալու հրամայականը։ Ասվածի վկայություններն են «Ծիրանենին», «Դեպի տուն», «Թիթեռ ծաղիկը», «Փոքրիկ փերու նվերը» հեքիաթները։
«Փաքրիկ փերու նվերը» հեքիաթում իրապատումն ու հեքիաթը միաձուլված են։ Հեքիաթի պայմանականությունը կառուցվում է Արցախ աշխարհի կարոտի հենքով, և մենք տեսնում ենք, թե որքան այժմեական հնչողություն կարող է ունենալ հեքիաթը։ Այստեղ իրականության և երազանքի բախում կա։ Նանեն փորձում է մեղմել նվիրական երազանքի իրականացմանը հասնելու անհնարինության փաստը։ Նա կախարդական լապտեր է նվիրում հեքիաթի հերոսուհի Մարիամիկին՝ փոքրիկ փերու ձեռամբ, բայց և խորհելու մղում մեզ՝ մեծահասակներիս, որպեսզի գիտակցենք մանկական պարզ երազանքներն իրականացնելու մեր անզորությունն ու չստեղծենք այդ երազանքները փշրելու վիճակներ։
Ի մի բերենք․ «Թևթևիկը» մի գունագեղ աշխարհ է, որն ընթերցողի հետ խոսում է իմաստուն, նուրբ, թրթռուն լեզվով ու գեղանկարչական վառ պատկերներով։ Պատահական չէ, որ «Թևթևիկը» 2024 թ․ ՀԳՄ «Տարվա գիրք» մրցանակաբաշխության «Մանկական գրականություն» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակի։
Հեքիաթային այդ աշխարհը փոքր-ինչ առարկայական դարձնելու նպատակով հրապարակում ենք «Թևթևիկը» գրքի «Հույսի վերադարձը» հեքիաթը՝ մյուսները կարդալու վայելքը թողնելով ընթերցողներին։
Կարինե Ռաֆայելյան
***
Հույսի վերադարձը

Հույսը հուսահատության մեջ էր՝ նրա ճոխ երկնաթույր հագուստի փոթ-փոթ փեշերը պատառոտված ծվեն-ծվեն կախ էին ընկել: Նա՝ արցունքն աչքերին ու շուրթը խռով կախ ընկած, գնաց հեռվում ապրող ծանոթ դերձակի մոտ:
-Ա՜յ, ա՜յ, ա՜յ,- գլուխն օրորեց դերձակը, այս ի՞նչ վիճակ է:
Իսկ հույսն ասես հենց դրան էր սպասում ու՝ մխիթարող մեկի գտած, սկսեց լաց լինել, պատմել գլխին եկածը.
-Բախտս չի բերել, իմ բոլոր քույրերը նորմալ քաղաքներում, գյուղերում են իրենց գործն անում և լավ էլ հարգված են. միայն ես այնպիսի մի գյուղում եմ, որտեղ մարդիկ ասես որջերից նոր դուրս եկած գազաններ լինեն. նրանք իրենց մեղքերով ամեն բան փչացնում են, հետո կպչում ինձնից, փեշերս քաշքշում… ո՞ւր է… ե՞րբ է լավ լինելու… ճչում են, պահանջում: Որքան ուզում ես՝ ասա, որ համբերություն է պետք, խաղաղություն է պետք, սեր է պետք. էլ հավատի մասին չեմ խոսում: Ես էլ թողեցի ու փախա: Քիչ էլ մնայի՝ այս ցնցոտին էլ վրաս թողած չէին լինի:
-Այ քեզ բան. այս ի՞նչ ժամանակներ են… Հիմա ի՞նչ անենք. նոր զգեստ կարել չեմ կարող, որովհետև երկնագույն կտոր չունեմ. ինքդ ես տեսնում՝ աշուն է, իսկ երկնագույն ծաղիկները, որոնց թերթիկները հրաշալի նյութ են զգեստի համար, գարնանն ու ամռանն են լինում: Այլ ելք չկա. մնում է միայն կարկատել ու նորոգել, կարել պատառոտվածը: Բայց դա երկար կտևի. կարո՞ղ ես այդքան սպասել:
-Ոչինչ, ես կսպասեմ. մեկ է այս տեսքով ոչ մի տեղ գնալ չեմ կարող: Իսկ երբ վերջացնես, մայրիկիս կխնդրեմ ինձ որևէ այլ տեղ ուղարկել: Այն գյուղ այլևս չեմ վերադառնա:
Իսկ այդ ժամանակ գյուղում, որտեղից Հույսը փախել էր, մարդիկ լրիվ կորցրել էին գլուխները, որովհետև մինչ այդ էլ Լույսն էր գլխապատառ փախել նրանցից: Չնայած դա ասես նաև նրանց սրտով էր. ոչ իրենց մերկությունն էին տեսնում, ոչ օր-օրի չարությունից այլակերպվող դեմքերը, իսկ հանցանքներն ու վատ արարքներն էլ մթության մեջ ավելի հարմար էր տեղը տեղին հաջողացնելն ու թաքցնելը… Բայց… նրանք էլ մարդ էին ու…երջանկություն էին ուզում, իսկական սիրո ջերմություն էին ուզում. երբ մենակ էին մնում, մի բան ներսից ասես ճանկռտում էր, ցավեցնում հոգիները:
Առաջ գոնե Հույսը կար ու նրա մոտ էին գնում, խնդրում, պահանջում. ե՞րբ է լավ լինելու, ե՞րբ ես տալու այս ու այն… Ու թեթևացած անցնում էին իրենց գործին՝ հավատալով, որ այսօր չէ, վաղն ավելի լավ կլինի:
Իսկ հիմա նրանք իրենց պատեպատ էին տալիս, ավելի շատ մեկմեկու վիրավորում, հայհոյում․ «Դու ես մեղավոր, որ Հույսը գնաց, դու նրան ամենաշատն էիր կպչում», «Ոչ, դու ես մեղավոր»։
Ու եթե մինչ այդ տխրում էին երբեմն, հիմա բոլորը հիվանդացան դեպրեսիա՝ ընկճախտ կոչվող ինչ-որ սարսափելի հիվանդությամբ:
Շատերը, դրան չդիմանալով, ինքնասպան էին լինում, մյուսները փակվում էին ամենահեռու, ամենախուլ անկյուններում ու դուրս չէին գալիս:
Հիմա արդեն հարստություն, զվարճանքներ աչքներին չէր երևում: Մի խոսքով, վիճակը սարսափելի էր:
Եվ մի օր, քիչ թե շատ խելացիները հավաքվեցին, գլուխ-գլխի տվեցին և գյուղը փրկելու համար որոշեցին գտնել ու վերադարձնել Հույսին:
-Բայց նա շատ է վիրավորված ու խռոված մեզնից:
-Այո, մենք նրա հետ լավ չվարվեցինք:
-Հիշո՞ւմ եք. նա ասում էր, որ մենք ենք մեր բախտի տերը:
-Այո, ճիշտ է, ասում էր. որքան սխալ ու մեղավոր արարք ենք գործում, այնքան նա հեռանում է մեզանից:
-Եվ որ ինքը մեղավոր չէ դրանում:
-Ասում էր՝ առանց հոգիներում լույս վառելու իսկական արևածագ չի բացվի: Իսկ իրեն արև և արևածագ է պետք, թե չէ, երկար տևող խավարում ապրել չի կարող:
-Ինչպես և մենք:
-Ասում էր…
-Աաաա՜, ես հասկացա,- հանկարծ կանչեց մեկը,- նախ արևածագ է պետք, գոնե մի քիչ լույս, որ Հույսը մեզ ների ու հետ գա:
-Ուրեմն նախ մեր հոգիներում պետք է լույսեր վառենք:
-Կարծում ես կստացվի՞,- հարցրեց ամենատարեցն ու ամենաթերահավատը:
-Իհարկե, չե՞ք տեսնում, ինչ հավաքվել ենք այստեղ, արդեն ամեն մեկիս մեջ քիչ թե շատ լույսի շողեր են երևում:
-Որովհետև Լույսից էինք խոսում…
-Բարությունից ու ներումից…
-Որովհետև…
Դե իհարկե, Հույսը վերադարձավ նրանց մոտ, քանի որ, նրան երկար փնտրելու ընթացքում, բնակիչները շատ էին փոխվել, և խավարը միայն գիշերներն էր իր թևերը փռում գյուղի վրա, այն էլ՝ խաղաղություն, հանգիստ քուն և պայծառ երազներ սփռելու համար: