Անի Անտոնյան Կինո

«Նկարչի երեք գերեզմանները»․ Ֆիլմ նկարչի ու ժամանակի մասին

11.01.2023

Հունվարի 10-ին Կինոյի տանը կայացավ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմն ամբողջացնում է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»  կինոշարքը,  նկարահանվել է շուրջ 30 տարի։

Գլխավոր հերոսը՝ տաղանդավոր նկարիչ Վահան Անանյանը, թափառում է աշխարհի տարբեր անկյուններում՝ փորձելով վերարժևորել իր ինքնությունը, գտնել կյանքում իր դերը։ Նա պատրաստ է 100 ռուբլիով վաճառել իր աշխատանքները, միայն թե փոխվեն հոգևորի ու նյութականի հանդեպ մարդկանց ընկալումները։ Նրա աշխարհը փոքրիկ, գորշ պատերով սենյակ է, որում անհասկանալի կերպով տեղավորվում են մեծ չափի տասնյակ կտավներ։ Նա իր նկարներին մոտենում է, ինչպես կմոտենար սիրուհուն, և այդ զգացումն անժամանակ է։ Նա հավատում է, որ իր աշխատանքները հավերժությանն են պատկանում։ Նա չունի երաժշտական կրթություն, բայց օդում որսում է մեղեդին ու ներկոտ մատներով հանձնում ֆլեյտային։ Նա վստահ է, որ եթե երկու մարդու սրտում սեր կա, աշխարհը չի կործանվի։  Նա հանճար է, դժբախտ մեկը, որն ապրել է իր բաժին կյանքը՝ Աստծուն գրկած։ Նրա աճյունն ամփոփված է երեք քաղաքում՝ Երևանում, Օդեսայում և Տալինում, որտեղով  և ճամփորդում է կինոդիտողը։ 

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը պատմում է ոչ այնքան թերագնահատված և քիչ հայտնի նկարչի, որքան ժամանակի մասին։ Նույն սկզունքով են կառուցված Հարություն Խաչատրյանի բոլոր ֆիլմերը։ Ժամանակը հերոսներին ավելի ընդգրկուն է դարձնում, նրանք հանդես են գալիս  որպես միջնորդ ժամանակի տիրույթում։ Ռեժիսորը սահմանազատում է որոշակի տարածություն, սկսում ուսումնասիրել, ինքն էլ չի վախենում դառնալ այդ ուսումնասիրության մի մասը։ 

«Ես շատ սիրեցի այս նկարչին։ Նա մեծ հայ էր՝ իր ուրախ նկարներով։ Ֆիլմը բավականին ծանր է ինձ համար, բայց այն ազնիվ է, ունի բնավորություն»,- նշում է ռեժիսորը։

Վահան Անանյանի կտավների մի մասն այսօր գտնվում է մասնավոր հավաքածուներում, իսկ մոտ 400 աշխատանք պահվում է Երևանում՝ իր ընտանիքում։ 

«Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը Վահան Անանյան արվեստագետի մասին միակ հուշապատումը չէ։ Նրան են նվիրված նաև ռեժիսոր Իգոր Գլազիստովի «Երկու օր ու գիշեր նկարչի կյանքից» ֆիլմը, ուկրաինացի կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոդինի «Նկարիչ Վահանը» սիմֆոնիան, ռուս բանաստեղծ Անդրեյ Տանցիրյովի «Վահանին՝ ցպահանջ» ստեղծագործությունը։ 

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply