ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Էշաձոր

07.10.2022

Ժուկով-ժամանակով ձորերի երկիր Հայաստանում կար Մթնաձոր, Ահնիձոր և Էշաձոր։ Վերջինս մեծ համբավ ուներ՝ շնորհիվ իր էշերի, որոնք այլտեղ ապրող ցեղակիցներից տարբերվում էին երգասան զռոցով։ Դա կարծես խոսք լիներ, սեր էր արտահայտում, քեզ քույր ու եղբայր, այնքան մտերիմ, կարծես նա էր քեզ աշխարհ բերել կամ էլ՝ դու նրան։ Այստեղ էշը տնվոր չէր, ինչպես ուրիշ վայրերում, այլ՝ ընտանիքի հարազատ։ Ի տարբերություն շատ էշերի, որոնց Աստված, այս դեպքում էլ անարդարացիորեն, ընդամենը 13-20 տարի կյանք էր պարգևել, Էշաձորի էշերը երջանիկ գոյատևում էին գրեթե կրկնակի, որ նրանց հավերժություն էր թվում։ Ձորի հյուսիսային ու հարավ-արևմտյան սարալանջերը պատված էին կուսական անտառներով, մասուրի ու հոնի թփերով, թևավորներ էլ կային, վայրի կենդանիներ՝ աղվես ու գայլ, որոնք ձմռանը իջնում էին գյուղ՝ ուտելիք հայթայթելու։ Ամբողջ զովաշունչ ամռան ժամանակ էշաձորցին իր էշով՝ իրեն և էշին մեծ ու ծանր բարձած, ձմռան փայտ և անտառային բարիքներ էր տուն բերում։ Ճանապարհը ձորաշուրթով գալարվող մի նեղ կածան էր, բավական էր մի անզգույշ քայլ մարդու կամ էշի կողմից, որ մահացու գահավիժեիր անդունդը։ Սակայն Էշաձորի դարավոր պատմությունը ոչ մի դժբախտ դեպք չի մտաբերում։ Ձմռան երկար գիշերները իրար էպոս ու հեքիաթ էին պատմում, բայց, քանի որ զտարյուն հայ էին, նաև՝ բամբասանք, օրինակ՝ Վասիլի կին Վասիլիսան չբեր է, երբ Վասիլն էր չբեր, իսկ իրականում նրանցից և ոչ մեկը չբեր չէր, պարզապես վայելում էին իրենց կիրքն ու բնությունը և չէին ցանկանում ընկնել երեխայի հոգսի տակ։ Վասիլիսան ու Վասիլն այդ ձմռան գիշերներին առաջացնում էին նրանցից ոմանց, համոզված չեմ, թե շատերի՝ տղմարդ թե կին, չարակամությունն ու նախանձը, մինչև իսկ թշնամանք։ Միայն էշերն էին աննախանձ, նրանց սրտում թշնամանքի նշույլ անգամ չկար որևէ մեկի հանդեպ, և գուցե դա էր նրանց երկարակեցության պատճառը։

Գերասիմը տարին մեկ-երկու ագամ, իր նման կաղ «Մոսկվիչով»,  քշիր հա քշիր, գնում  էր Երևան՝ մեղր, ընկույզ, մասուր, շշերով էշի կաթ, հոնի մուրաբա վաճառելու։ Գալիս խոսում էր. էդ մեծ քաղաքում ամեն բան սարքած-սվաղած, աղմուկ, գողեր, աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, կնիկներն էլ ոնց որ բոզ, հեչ ապրելու տեղ չի։ Մեր կնանիք սուրբ են, և աչքով էր անում, թե հեչ էլ սուրբ չեն։ Էշաձորում ոչ միայն կենդանիներն էին էշ, այլև երկոտանի մարդ արարածները, բացառությամբ՝ այս Գերասիմի, որ առաջին աշխարհամարտում կորցրել էր  ձախ ոտքը, փոխարինել թթենու կոճղով, նա կես էշ էր, կիսով չափ էլ մարդ։

Ես էշաձորցի չեմ, Թորգոմ հորենական պապս էր էշաձորցի, որի հետ երանելի մի քանի տարիներ ապրեցի։ Ծնունդով և կրթությամբ, մտքով ու բնավորությամբ զտարյուն քաղաքացի եմ, բայց ինչ-որ արմատով թե մազանոթով կապված եմ էշ թե մարդ էշաձորցիներին՝ իմ կամքից անկախ։ Համալսարանում ուսանելիս, երբ ամբողջովին ու կատարելապես հասունացել էի, և դեռ մի բան էլ ավելի, բանաստեղծն ինձ մխիթարում  էր. իմացիր, Աստծո ծաղրն է աշխարհն ալ արդեն։ Այդ ժամանակ էլ ես աստիճանաբար հեռացա Աստծուց և մի օր էլ դարձա սկզբունքային աթեիստ։

Իմ անունը Արամ է, բայց ես Վիլյամ Սարոյանի որդին չեմ, նա իմ հայրը չէ, իմ հայրը Սիմոնն է, պապը՝ Թորգոմ Իսաջանը, տատը՝ Նազու աղջիկը, այժմ նրանք երեքով ապրում են Թոխմախում, Էշաձորից բերված տուֆե շեկ-մամռոտ տապանաքարի ներքո։ Ես եմ Էշաձորի գերեզմանոցից այդ քարը բեռնատարով տեղափոխել այստեղ, վրան Իսաջանի անունն է՝ Թորգոմ պապի հոր, երբ մի օր ես մեռնեմ կամ չմեռնեմ, քարին կփորագրվի և իմ անունը՝ Արամ Սիմոնի Իսաջանյան։

Ես կենդանագետ եմ, ոչ գրող կամ գրականագետ, էլ չեմ ասում՝ գրաքննադատ, որոնք մոլորված թափառում են Երևանի փողոցներում և չգիտեն՝ ինչ են ուզում այս  աշխարհից։ Համալսարանը գերազանց ավարտելուց հետո ինձ նշանակեցին Երևանի կենդանաբանական այգու տնօրենի  գիտական գծով խորհրդական։ Իմ խորհուրդներով և գործնական  մասնակցությամբ այգին շուտով ձեռք բերեց աննախադեպ բարձր հարգանք ու պատիվ հյուսիս-հարավ ամբողջ կովկասյան տարածաշրջանում և այդտեղից դուրս ու հեռուները։ Ես առանձնապես հոգում էի միասմբակ կենդանիների՝ ձիերի, ջորիների ու հատկապես էշերի կյանքը, ըստ երևույթին մի ներքին, ենթագիտակցական հարազատություն կար մեր միջև, ուսումնասիրում նրանց կառուցվածքն ու վարքաբանությունը, պայմաններ ստեղծում նրանց բազմացման համար, առանց, իհարկե, մյուս կենդանիներին աչքաթող անելու, նույնիսկ՝ կոկորդիլոսին և վիշապօձին, որն ապրում էր անխոցելի ապակյա ընդարձակ սրահում։ Երկաթաճաղ վանդակին թառած սպիտակագլուխ գիշանգղը ևս ոչ մի օր չէր վրիպում իմ ուշադրությունից, նմանապես և բոլոր կատվազգիները՝ վայրի կատվից մինչև վագրն ու առյուծը։ Գրեթե անտարբեր էի միայն գայլի հանդեպ, երբեմն թշնամանում՝ նրան նույնացնելով արյունախում Գորշ գայլերին։ Քանի որ մեր կենդանաբանականը գտնվում էր երևանի Աբովյան գլխավոր փողոցը Նոր Նորքի արվարձանին կապող լայնահուն ձորի մեջ՝ ես ոսկետառ ցուցանակով անուն տվեցի նրան՝ Էշաձոր, դրանով իսկ ոգեկոչելով պապիս՝ Թորգոմ Իսաջանի աննման ծննդավայրը։

Այս անունով այգին սերտ հարաբերություններ հաստատեց Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի ու Ամերիկայի մի քանի նահանգների կենդանաբանականների հետ, փորձի ու կենդանիների փոխանակություն էինք անում, օնլայն կարգով գիտական նստաշրջաններ, որոշ կենդանիների վաճառք, հատկապես մեծ էր մեր էշերի պահանջարկը, այդքան խոնարհ, զռան, աշխատասեր, իմաստուն, մարդուց էլ մարդ էշեր ուրիշ ոչ մի տեղ չկային, միայն մեզ մոտ։ Պատահեց՝ մեկ էշագնով մեր այգին լուսան ձեռք բերեց, երեք էշ՝ առյուծի դիմաց, հնդկական Վովա փիղն արժեցավ ընդամենը հինգ էշի գումար։ Մեր էշերի վարկը օրըստօրե բարձրանում էր միջազգային աճուրդներում, եթե այսպես շարունակվեր, մենք կտիրեինք ամբողջ աշխարհը, տիեզերքը կէշանար մեր հաշվին։ Եվ ես հայտարարեցի՝ մեր էշերը չեն փոխանակվում և  չեն վաճառվում, քանզի, այսպես էլ ասացի՝ քանզի նրանք ազգային արժեք են։

Ինձ ընտրեցին կենդանիների պաշտպանության նորաստեղծ միջազգային ընկերության պատվավոր նախագահ, նստավայրը՝  Փարիզ։ Մեջը փող չկար, բարեգործություն էր, պատիվ ու հարգանք։ Այդուամենայնիվ, տնօրենս նախանձեց ու չարացավ, ես մեռա՞ծ եմ, ինչո՞ւ դու, դավաճան, և գազաններին, հատկապես գայլերին լարեց իմ դեմ, քիչ մնաց ինձ հոշոտեին։ Այս դավադիր հակամարտության հիմքով էլ նա ինձ աշխատանքից հեռացրեց՝ «Ազնիվ, հայրենափրկիչ գազանները քեզ ընդդիմադիր են» պատճառաբանությամբ, հույս փայփայելով Միջազգայինի նախագահ դառնալ իմ փոխարեն։ Ես բողոքեցի։ Շատ չանցած, քաղաքապետարանը գահընկեց արեց նրան՝ պաշտոնական դիրքը չարաշահելու և ֆինանսական անօրինականությունների, այդ թվում՝ կաշառակերության և առյուծին օրենքով հասանելիք մսաչափը յուրացնելու համար։ Ինձ անմիջապես առաջարկվեց տնօրենի պաշտոնը։ Ես հրաժարվեցի, քանզի, դարձյալ քանզի, իմացեք, ես համեստ, մի էշի չափ համեստ ու ազնիվ մարդ եմ։

Թորգոմ պապս Երևանում ծերունական կարոտով անվերջ կարոտում էր Էշաձորը և իրենց տան էշին, ասում էր ու կրկնում, էշ չէր, մարդ էր, ինձ հարազատից էլ հարազատ, դու նրան չես տեսել, Արամ տղա, իմ արյունն էր, ինչպես դու, նրանով հպարտանում եմ, ինչպես քեզնով, ուժեղ տղամարդ էշ էր, նրա նմանն աշխարհքում էլ չի լինի, եթե դու չլինես, ասում էր. ով ուժեղ է, հանճարեղ՝ նախանձում են, նրա դեմ չարանում, մի օր էլ սպանում են նրան, Աստված հոգին լուսավորի։

Ես այդ ժամանակ դեռ աթեիստ չէի ու մեկ թե երեք աչքով տեսնում էի Աստծուն բարձր ամպերի մեջ և հավատում՝ նա կլուսավորի Թորգոմ պապիս էշի հոգին, եթե արդեն չի լուսավորել։ Գիտեմ ու գիտեք, գյուղում սովորություն կա կովին Ծիրան, օրինակ շանը Բողար, ձիուն Սմբակ կամ մեկ ուրիշ անունով կոչելու՝ համաձայն նրանց որոշ բնավորության ու հատկանիշների։ Կնոջս անունը Հրեշտակ է, բայց հեչ հրեշտակ չի, կին է իր բոլոր ցանկություններով, փոստի գործավար, գրեթե չբեր, վերջապես երեխա ծնեց իմ համառ ջանքերի շնորհիվ։ Պապս իր էշին անվանել էր Կայծակ։ Բայց ինչո՞ւ կայծակ,- մի օր հարցրի ես։ Չասես,- վճռականորեն միջամտեց Նազու տատը։ Պապս կարկամեց, շիկնանք իջավ դեմքին ու ասաց՝ չեմ ասի,  Նազու աղջիկ։ Նա, տատիցս թաքուն, ինձ աչքով արեց։ Ես աչքախաղը հասկացա՝ մի օր ասելու է։ Ես սպասում էի այդ օրվան, որ շատ չուշացավ։

Երևանում պայծառ իրիկնամուտ էր, թե առավոտ։ Ծերունի Թորգոմ պապի խամրած աչքերը հանկարծ լուսավորվեցին երիտասարդական չարաճճի կայծերից։ Տատս՝ Նազու աղջիկը, իսկույն կռահեց այդ լույսի իմաստը և ասաց՝ մարդ, չասես, էրեխեն թող չիմանա, ամոթ է։ Կասեմ,- ասաց պապը՝ իր դեռևս չասածով ոգևորված,- թող մեր թոռն ու աշխարհքն էլ իմանան։ Իմացությունը մարդկությանս վնաս չի,- մի փիլիսոփայի պես ասաց նա։

Այն, ինչ ես լսեցի ու իմացա՝ շատ տարիներ հետո պատմեցի կնոջս՝ Հրեշտակին, որը դեռ հղի չէր, մտածում էի՝ գուցե պապիս Կայծակ էշի վարքաբանությունը մեզ օգնի հղիանալու։ Պատկերացնո՞ւմ եք՝ օգնեց. Կայծակը զռզռաց իմ  մեջ, և նա՝ հրեշտակս, մի օր լավ էլ հղիացավ։ Փորն արագորեն նմանվեց թմբուկի, կրծքերը կովացան, ծանր ու շորորալով էր քայլ քայլում, սրտխառնոց, արյան ճնշումն անվերջ փոխվում էր գարնան եղանակի պես, շատակերություն, հատկապես «Գրանդ Քենդի» պաղպաղակ և թթու վարունգ, նույնիսկ ես զարմացա ու  շփոթվեցի. նա այնքան խղճալի ու անօգնական տեսք ուներ։ Ես նրան ավելի սիրեցի, կարծես լիներ իսկական հրեշտակ՝ լայն բացված սպիտակափետուր թևերով։

Դու մի լսիր, Նազու աղջիկ, դու ամեն բան գիտես, տեսել ես, զգացել, թող Արամը իմանա, սովորի իմ Կայծակից ոնց ապրել էս կյանքում, պապական խոսք ու խորհուրդ եմ անում նրան,- ասաց պապս։ Անամոթ մարդ,- ասաց Նազուն։ «Անամոթ»-ի վրա Թորգոմ պապը չզայրացավ, այլ բավականությամբ ժպտաց, ընդունելով իր անամոթությունը։

Դու էլ իմացիր, հայ, ֆրանսիացի կամ պարսիկ ընթերցող, բոլորդ իմացեք՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից, ուր էլ ապրում եք. այո՛, այս մակարդակի կայծակնային Կայծակ աշխարհում չկա, միայն՝ Էշաձորում, և միայն պապս ուներ։

Պարտադիր չէ ակադեմիական կենդանագետ լինել իմանալու միասմբակավորների՝ ջորու, էշի, ձիու արուներն իրենց ետևի ոտքերի արանքում կանգուն ժամացույցի ճոճանակի նման ճոճվող բան ունեն, որն ավելի է ծանրանում-մեծանում սեռական կրքի ու գործողության րոպեներին։ Կատվազգիները, օրինակ՝ հզոր առյուծը, որ առյուծ է, վագրը՝ վագր, այդպիսին չունեն, նրանցը մի փշատի չափ է, բայց, իհարկե, առյուծի փշատ։ Ինչևէ, այո, Աստծո ծաղր ու սխալմունք։ Թորգոմ պապս շնորհակալ էր Աստծուն դրա համար։ Ես էլ, քանի դեռ տեսնում էի նրան ամպերից վերև, աստղերի օվկիանոսում։

Հայկական լեռնաշխարհում վայրի էշերը տարածված են եղել դեռևս միջին քարի դարերում, ընտելացվել են սկսած Էնեոլիթից։ Ես չկարողացա պարզել, փաստացի տվյալներ չկային՝ այդ ժամանակ նրանց բանը փշա՞տ էր, թե ժամացույցի ճոճանակ։ Մտածեցի՝ քանի որ կենդանական բոլոր տեսակները, նաև բուսական, հազարամյակների ընթացքում ենթարկվել են կազմաբանական էական փոփոխությունների, զրկվել են ինչ-որ հատկանիշներից ու ձեռք բերել նորերը՝ գոյապահպանիչ նոր պայմանների ստիպմամբ, հետևաբար, հավանական է, ճոճանակը էշազգիներին տրվել է ավելի ուշ, ընտելացումից հետո, ոչ թե Աստծո կամեցողությամբ, նա այդքան բարի ու ճշմարիտ չէր կարող լինել, այլ բնության ու կենաց  կյանքի օրենքներով։

Կայծակը  Էշաձորի և մոտիկ ու հեռավոր գյուղերի էշերի հոգու և մարմնի ձգողական կենտրոնն էր,- խոսք ասաց Թորգոմ պապը, ուշադրություն չդարձնելով կնոջ՝ Նազու աղջկա դժգոհ վերաբերմունքին։- Էշ չէր, կրակ-բոց, երկրաշարժ, հրաբուխ։ Գրեթե բոլոր էգ էշերն էին ձգտում նրան, նմանապես և որոշ արուներ։ Ձի ու ջորի էլ էր տակն առնում։ Մեր ձորի աչքաբաց կանայք էլ ծաղկուն խոտ էին դնում նրա սպիտակ-խոշոր ատամնաշարքով խրխնջանոցը, հուզված-զարմացած-հիացած աչք գցում ճոճանակին, ոմանք գաղտնորեն բռնում-շոյշոյանքում, հաճույք զգում և հաճույք պատճառում էշին, ցանկանալով նա իրենց սիրի և վախենում էին վայ թե չդիմանան այդ մեծածանր սիրո պատճառած բավականությանը և մեռնեն։ Միայն հարևան գյուղից մի կին համարձակվեց Կայծակի հետ տեղը տեղին շփվել, բայց չմեռավ։ Նրա անունը Վարդուշ չէր, այլ Կատյա, տարիներ առաջ Ռուսաստանից էր եկել՝ մեր խուլ ու միամիտ գյուղերում բոզություն անելու,- ասաց Թորգոմ պապս։ Նա հիշեց. ինձնից ծեր ու ցնդած մի գյուղացի կար, անունը մոռացել եմ, մեզ հեռավոր ազգական էր գալիս։ Մի օր էդ ցնդածը ինչ ասի, որ լավ լինի, ասաց՝ Թորգոմ, քո Կայծակը մասսոն է։ Ես չգիտեի ինչ է էդ բառը, նա էլ չգիտեր, աշխարհքում ոչ ոք չգիտեր, կարծեցի Կայծակիս տեղը տեղին գովասանքն է անում, և սիրտս մեղր կապեց, և նրան ասացի՝ շնորհակալ եմ, շատ շնորհակալ։ Դու գիտե՞ս ինչ է էդ մասսոնը, ո՞վ է, որտեղացի՞։ Ես գիտեի բառի տակն ու վրան, բայց այդ ժամանակ ձայն չհանեցի, որ պապս չհիասթափվի, թող մնա իր երանության մեջ։

Ես այս եղած-չեղածը հատվածաբար պատմում էի հրեշտակ կնոջս, մաս ու մաս աստիճանաբար ամբողջացնում։ Մի բան, որ միանգամից ես ասում՝ սովորաբար շատ արագ մոռացվում է առանց հետք ու հետևանք թողնելու, իսկ այսպես դու տալիս ես ոչ թե րոպեական, այլ տևական ժամանակի մի պատկեր, ուշադրություն հրավիրում յուրաքանչյուր նախադասության ու բառի վրա, հեքիաթ ես հյուսում, ինչպես Նազու տատն էր անում բրդե գուլպայի հյուսք, լսողին ներքաշում ճանաչողության ընթացքի մեջ, նրան դարձնում գործողության մասնակից, որ նա լինի քո կողքին և քեզ ավելի լավ իմանա՝ ով ես, որտեղից ես գալիս և ուր ես գնում։ Իմ հեքիաթը մի չեղած, բայց եղած պատմություն է, շատ ճշմարիտ, կարող եք և ծիծաղել ու չհավատալ։ Ես էլ չեմ հավատում, բայց դրանից, պատկերացնո՞ւմ եք, բովանդակությունը, ինչպես ամեն հեքիաթի, դառնում է ավելի հետաքրքիր ու կարևոր։ Այսքանից հետո կինս, որ հրեշտակ չէր, ինձ ավելի լավ ճանաչեց, սակայն ոչ կատարելապես, ինչ-որ տեղ նրա համար ևս ես մնացի անլուծելի խնդիր։ Նրան չեմ մեղադրում։ Ես էլ լավ չեմ ճանաչում ինձ։ Արա՞մ եմ, թե՞ հակաարամ։ Դու ե՞ս եմ, թե՞ ես՝ դու։ Ովքե՞ր են ինձ շրջապատում։ Ո՞վ է նա ։

— Աշխարհքի ամեն կողմից էգաէշ էին բերում մեր բակ, որ Կայծակը հղիացնի,- օրեր շարունակ ոգևորված պատմում էր Թորգոմ պապը, չքաշվելով ամաչկոտ տատիս ներկայությունից, նրան ուզում էր հիշեցնել իրենց երանելի անցյալը։ Հաճախ հերթ էր գոյանում, բակում ասեղ գցելու տեղ չկար։ Ես,- ասում էր պապը,- աշխատում էի՝ ամեն ինչ լինի կարգ ու օրենքով, մարդավարի, ոչ մի էշ ու էշատեր չնեղանա։ Կայծակը հեչ չէր ծուլանում, հա տայիր, հա կառներ։ Նրա շինած քուռակները հարազատ հոր բնավորությունն ու շարժմունքներն էին ժառանգում, առողջությունը, զռոցը, բայց, իհարկե, չէին դառնում նրա նման կայծակ, պատմության գրքում նա մեկն էր, միակը, ուժի ու գեղեցկության թագավոր։ Գոհ էին մնում և էշատերերը, և, մանվանդ, էշերը, որոնցից շատերը մեկ-երկու տարուց դարձյալ գալիս էին կայծակահարվելու։ Փողով, բայց փող չկար, և բնամթերքով էին էշատերերը Թորգոմ պապին վարձահատույց լինում։

Սիրելիս,- մի օր էլ ասացի ես կնոջս,- Կայծակի ճոճանակի շնորհիվ պապս շուտով հարուստ մարդ ու բարեկեցիկ ընտանիք դարձավ, բայց, սիրուն ջան, բանն ավարտվեց արյունոտ ողբերգությամբ։ Ո՞նց…,- վախեցած զարմանքով հարցրեց Հրեշտակը։ Սակայն ես ողբերգությունը նրան իսկույն չներկայացրի, մոտավորապես երկու շաբաթ հետո, մեր ընդհանուր անկողնում, կեսգիշերին։

Աննախանձ հայ չկա, նույնիսկ մեր էշերն են նախանձոտ, ես դա գիտեմ իբրև մի խորիմաց կենդանագետ։ Շատ արու էշեր չարացած էին Կայծակի դեմ, որ իրենք ի վիճակի չեն էգերին նրա նման կայծակահարելու, էշատերերը՝ Թորգոմ պապիս։ Հարևան Մթնաձորում էր ապրում Վանդունց Բադին, աղքատ չէր, բայց ոչ պապիս չափ ունևոր և էշագործության մեջ խելացի ու հաջողակ։ Եվ մի կեսօրի, մի պայծառ օր, այն պահին, երբ Կայծակն իր կայծակը զռնչյունով դուրս քաշեց նրա էշի էգանոցից, Բադին վրա ընկավ ու ծառամկրատով քոքից խռթացրեց նրա ճոճանակը։ Միանգամից չխռթաց, այլ երկրորդ, երրորդ, չորրորդ փորձից, մեկ էլ ասեմ՝ քանզի սովորական ճոճիչ չէր, այլ մի հաստաբեստ ծառաբուն։ Խեժոտ արյուն հորդաց,- հիշեց պապս ու արտասվեց,- կարծես ես էի արյուն ու խեժ թափում։ Համաշխարհային թաղում արեցինք,- հիշեց պապս։- Էշերը լալագին զռում էին, ձիերը՝ խրխնջում, կանայք սև գլխաշոր կապեցին, բազում կով ու ոչխար սգաճաշ դարձան, ամբողջ երկիրը հոնի օղուց հարբեց։

Այս լսելով, հրեշտականման կինս բուռն առավ իմ կայծակին՝ համոզվելու, որ նրան հո բան չի պատահել։ Սակայն նրա ուրախությունը, գոհունակությունն ու համոզմունքը ինձ չհամոզեցին, ցանկացա ինքս զգալ ու համոզվել։ Փառք Աստծո, ողջ-առողջ կամ։

Պապս գրավոր բողոք արեց ոստիկանին՝ մթնաձորցի Վանդունց Բադու դեմ, նրանից ոչ թե ստանալու Կայծակի արյան ու խեժի գինը կամ որևէ փոխհատուցում, այլ անքուն վրիժառությամբ լցված, պահանջեց Բադու եղած-չեղածը նույն մկրատով խռթացնել, ինչպես նա էր վարվել Կայծակի հետ։ Թող էշդ բողոք գրի։ Մեռած է,- ասաց պապս։ Դու գրիր նրա փոխարեն, գիտենք, դու էլ պակաս կայծակ չես։ Ո՞ւմ գրեմ,- հարցրեց պապս։ Դատարանին,- խորհուրդ տվեց ոստիկանը: Դատարանը պապիս բողոքագիրը հաշիվ չարեց, պատճառաբանելով իրենք էշերի գործ չեն քննում, այլ միայն մարդկանց։ Այդ բացատրությունը Թորգոմ պապին չբավարարեց, քունը փախավ, վրեժը շարունակ կրծում էր նրա սիրտը, մյուս կողմից էլ իմ Նազու տատն էր նրան հա բշտում՝ տղամարդ ես, չէ՞, մի բան արա։ Եվ մի օպ Նազու տատն արդեն հուսահատ ամուսնուն միտք տվեց՝ դիմիր ռուսի թագավորին, և հիշեց, պապս էլ անմիջապես հիշեց, ոնց էր մոռացել, որ շատ տարիներ ու դարեր առաջ Էշաձորում թե Մթնաձորում այդպիսի դեպք պատահել է. Արթին անունով մեկը ռուսաց թագավորին նամակ էր գրել՝ իր որդի Ադամով Եգոյին ցրտաշունչ սիբիրյան աքսորից ազատելու խնդրանքով։ Կարծեմ թագավորը չպատասխանեց, Եգորը տուն չեկավ,- ասաց Թորգոմ պապս ու շատ տխրեց։ Հեղափոխություն է եղել, անխելք մարդ, ժամանակներ են փոխվել, հիմա թագավորը քեզ կպատասխանի։ Ուզում ես ես գրեմ։ Դու գրաճանաչ չես,- ասաց պապը,- ես կգրեմ, հո գիտես, ես եմ տղամարդը, դու չես։ Նամակի գրությունը տևեց շաբաթներ և բաղկացած էր ընդամենը մի քանի բառից. «Սիրելի, հարազատ ռուս թագավոր, մթնաձորցի Վանդունց Բադին թափեց իմ Կայծակի արյունը։ Ես ու Նազու աղջիկը խնդրում ենք՝ հիմա դու խըռթ արա Վ. Բադուն և աքսոր քշիր Սիբիր»։ Այսքան բան։ Ոչ պակաս կարևոր էր և վերջաբանը. «Քո եղբայր Արթին պապ, քո քույր Նազու աղջիկ, Էշաձոր, 2021 թ. մարտի 28, ձյունաանձրև է գալիս» (ոճավորեց ոմն Նորայր Ադալյանը)։

Ռուսաց թագավորը պատասխանե՞ց,- հետաքրքրվեց կինս։ Այո։ Ի՞նչ ասաց նա։ Ասաց՝ եղբայր Արթին պապ, թանկագին ու սիրելի Նազու աղջիկ, Էշաձորը միջազգայնորեն ճանաչված, Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ երկիր է, ես հարգում եմ ձեր անկախությունն ու ազատությունը և որպես մարդու ու ժողովուրդների իրավունքների երդվյալ պաշտպան, դեմոկրատական երկրի թագավոր՝ այսօր և երբևիցե չեմ կարող միջամտել ձեր ներքին գործերին։ Կներեք։ Ձեզ սիրող՝ ռուսաց կայսր (ոճավորումը Ադալյան Նորայրի)։ Պատկերացնո՞ւմ ես, իմ Թորգոմ պապը  գոհ մնաց, որ թագավորը իրեն ու իր էշին չի արհամարհել, մարդատեղ է դրել, թագավորական կնիքով դրոշմված պատասխան է ուղարկել։ Մետաքս թուղթը հանում էր ծոցագրպանից, ցույց տալիս ամեն ծանոթ-անծանոթի և հպարտանում, տեսեք, ինչ կարմիր ու կլոր կնիք է։ Հոգեվարքի վերջին րոպեին նա ասաց, գիտե՞ս ինչ ասաց՝ Աստված ռուսաց թագավորին կայծակ առողջություն, ու երկար կյանք տա։ Ես բղավեցի՝ Աստված չկա, պապ։ Բայց նա չլսեց, քանզի, դարձյալ այս բառը կանգնեց լեզվիս, քանզի արդեն մեռած էր։

Եթե կենդանաբան ես, չես կարող գոնե ինչ-որ չափով չլինել նաև մարդագետ ու բուսաբան։ Սա իմացությունների եռանկյուն դաշտ է։ Աշխարհում չկա մի մարդ, որը նման չլինի ոչ միայն իրեն, այլև որևէ բույսի կամ կենդանու։ Շատերը՝ տղամարդ թե կին, ասես աղվեսի, գայլի, օձի, ոչխարի, սիրամարգի դիմակ ունենան և զգացմունքներ ու կենսակերպ։ Այդ պատճառով էլ ասում ենք՝ նա աղվես է կամ ոչխար, եթե կին է՝ մանուշակ, օձ, բարդի, որի մարմինը շորորում է ու խշշում բարդու պես, քայլ քայլում ինչպես եղնիկը, բուրում է փշատենու անուշ բուրմունքով։ Մթնաձորցի Վանդունց Բադու կերպարում տարբեր կենդանիներ էին ներկա, Ադամով Եգորի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նրան չեմ տեսել, նմանապես և Կատյայի, որը, ըստ գիտականորեն չապացուցված որոշ լուրերի, սեր էր խաղում ձիերի հետ, դուք ասեք՝ ո՞ւմ է նման ռուսաց թագավորը, թե՞ ոչ մեկին նման չէ, այլ միայն իրեն, իմ հարազատ կին Հրեշտակը կատու է, Թորգոմ պապս արժանահիշատակ Կայծակ էշին էր նման, ես նրանից ահագին բան եմ ժառանգել, իմ տատը նման էր իր տատին, բարի ու ամոթխած։

Հրեշտակը սիրում էր խաղեր անել ինձ հետ, իմ ոգևորության կրակը վերածելով բոցի, նա ամեն գիշերակեսին  հղիանում էր և վաղ առավոտյան վիժում։ Ինչպես նշել եմ՝ բավականին երկար համատեղության տարիներին նա միայն մեկ անգամ ծննդաբերեց, երբ այսօր կարող էինք մի քանի հազար երեխա ունենալ։ Սակայն վերջերս, ի տարբերություն ինձ, կարծես հոգնել է, ետ քաշվել առաջվա հրճվանքից։ Գուցե ինձ թվում է, ես այնքան ծայրահեղ ու սխալական մարդ եմ։

— Նման ես էշի,- երեկ դժգոհեց նա,- մի քիչ կարճացրու, մի քիչ նեղացրու, ցավում է։

— Ավելի կերկարացնեմ ու կլայնացնեմ,- հակառակվեցի ես։

— Էշ ես, էշ, մարդ չես,- տնքտնքաց նա։

-Ամենամարդը էշաձորցի Թորգոմ Իսաջան պապս էր,- ասացի,- ես նրան եմ քաշել։

— Եվրոպաներում ուսում առած, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր հորս նմանվեիր։

— Ձեռ մի՛ առ, խելքս հաց ու պանրի հետ չեմ կերել։ Նա ինչ գիտի էշն ինչ է։

Հրեշտակս մանկության մի ընկերուհի ունի՝ իր նման հրեշտակ Լամարը, որի հետ մինչև օրս էլ քրոջ պես է։ Արդեն տասը գարունից ավելի նա ամուսնացած է, բայց երեխա չի ունենում։

— Լսիր,- մի անքուն գիշեր ժամի ասաց կինս,- ես ու Լամարը քեզ խնդրանք ունենք։

— Միայն թե չասեք նեղացնեմ-կարճացնեմ,- ասացի ես։

— Լսիր, Լամարին գոնե մեկ անգամ հղիացրու։

— Թող նրա մարդը նրան անի։

— Չի կարողանում, դու արա մի թեթև։

— Քեզ սիրում եմ, քեզ էշի չափ հավատարիմ եմ, ախր քեզ ո՞նց դավաճանեմ։

— Դավաճանության խնդիր չկա, էդ էր պակաս։

— Բա ի՞նչ խնդիր է, ասա, հասկանանք։

— Բարեգործության ու մարդասիրության,- ասաց կինս։

Շաբաթներ շարունակ, օր ու գիշեր պաղատելով, սպառնալով, թե կբաժանվի ինձնից, կվերադառնա հոր տուն, որ ինձ համար մահի չափ ցավալի կլիներ, կնոջս ի վերջո հաջողվեց փշրել իմ ընդդիմադրությունը, և ես՝ բարեգործս ու մարդասերս, հակառակ իմ կամքի, մի ցերեկ ժամանակ, երբ Հրեշտակը փոստում իր աշխատանքին էր, Լամարին առա գիրկս, մեր՝ իմ  ու կնոջս հարազատ մահճակալի վրա։ Հասկանում եք, ամեն ինչ սկսվեց ու եղավ տեղը տեղին, բայց ոչ թե մի թեթև, ոնց կարող էի, մեծածանր, կարծես տակս ոչ թե Լամարն էր, այլ Հրեշտակը։

— Մեր մեջ մնա,- երբ ուշաթափությունից  զարթնեց, ասաց Լամարը,- մարդուս բան չասես, երկուսիս էլ կսպանի։

Ինն ամիսը չլրացած, Լամարը քսան րոպե ընդմիջումով իր միջից եռյակ հանեց լույս աշխարհ, նախ տղա, ապա և աղջիկ, շուտով էլ ևս մի տղա, բոլորն էլ ինձ նման։ Քանի որ, ոչ՝ քանզի, Լամարն ազգը երեքով շատացրել էր, մեր հայրենասեր պետությունը նրան երեք սենյականոց բնակարան նվիրեց ու հարմարավետ կահավորեց։ Եթե չորսը ծնվեին, չորսն էր տալու, հինգի դեպքում՝ հինգ։ Որոշ ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում՝ ինչո՞ւ նրան այնպես չարեցի,այլ, կարծես, մի թեթև, որ վեցը ծնվեին, չէ՞ որ բնության մեջ դա պատահում է, հատկապես ճագարների ու կատուների մոտ։ Գուցե նաև Լամարն է մեղավոր, որ ճագար չէ։ Այդ ժամանակ ես արդեն երդվյալ աթեիստ էի, ո՛չ Աստված գոյություն ունի և ո՛չ էլ դրախտ ու դժոխք, այլ միայն բնությունը։ Նա է էշին մարդ դարձնում և մարդուն՝ էշ։ Չկա հավերժական գոյի ուրիշ մի օրենք ու բանաձև։

Մոտավորապես ինն ամիս ետ գնամ ու ասեմ. Հրեշտակը՝ այսինքն սիրելի ու հարազատ կինս, չարացավ իմ դեմ և մի գիշեր փորձեց, խանդից գժված, մկրատել ինձ։ Ամենավերջին վայրկյանին ես նրանից խելացի մկրատը։

— Դու ինձ դավաճանել ես, դավաճան։

— Քո ցանկությամբ ու խնդրանքով։

— Հիշո՞ւմ ես, ես ասացի՝ ընդամենը մի թեթև, իսկ դու փոթորիկ ես սարքել ավելի, քան ինձ հետ։ Ընկերուհիս ամեն ինչ պատմել է։

— Դու չասացիր «ընդամենը», որ ասած լինեիր, կհիշեի։

— Շուն։ Էշ։

— Միայն ոչ շուն։

Բացարձակ ու դաժան մի ճշմարտություն մարդաբանության պատմության մեջ։ Լամարն ինձ նորություն էր, իսկ կինս վաղուց հնություն էր դարձել։ Այո, ես ավելի ոգևորվեցի նորությունից և վառվեցի ու վառեցի, երկուսս էլ մոխրացանք։

Հրեշտակը չներեց ինձ և, մինչև հոգու խորքը վիրավոր, վերադարձավ հոր ու մոր տուն։ Երբեմն գալիս էր՝ ինձնից առնելու իր կարոտները։ Լամարն էլ էր հայտնվում, երբեմն գալիս էին երկուսով։ Մի քանի անգամ պատահեց երեքով եկան՝ նրանք և Զիզին, որը բաժանվել էր չորրորդ ամուսնուց և հույս ուներ ամուսնանալ ինձ հետ։ Երեքով ինձ քաշքշում էին, եռալով եռացնում, քիչ էր մնում գոլորշիանայի։ Էլ աչքիս չերևաք, ձեզնից հոգնել եմ,- մի օր էլ ասացի ես։ Մոտավորապես այսպես եղավ այս հեքիաթի վերջաբանը։ Իսկ բուն վերջաբանը հետևյալն է, փորձեմ չշեղվել ամբողջի ընդհանուր տպամաբանությունից։

Ես վաճառեցի բնակարանս և փոխանակ Ամերիկա մեկնելու, բոլորից գաղտնի, թող ոչ ոք չիմանա, սուսուփուս, Մթնաձորի և Ահնիձորի քարքարոտ ու ոլորուն ճանապարհներով հասա Էշաձոր՝ իմ պապերի ծննդավայր։ Հետս Թոխմախ գյոլից վերցրել էի մերոնց գերեզմանի մամռած տապանաքարը։ Գյուղում որևէ մարդ ու էշ չկար, ոչ մի կենդանի շունչ, մեռել էին կամ քոչել Ամերիկա։ Երջանիկ էի, որ, վերջապես, մենակ եմ ամբողջ աշխարհում, ես եմ ու իմ գլուխը։ Ամեն օր արևը ծագում էր և մայր մտնում։ Քաղցր ձյուն, քամի ու անձրև։ Անսահմանությունն էր խոսում սրտիս հետ։ Հեռանալով կանանցից, ես ժամանակ ու հնարավորություն ունեցա ավելի խորանալու հատկապես մարդաբանության մեջ։ Այստեղ իմ ուսուցիչը Միկլուխո Մակլայն էր, որին շփվում էի վիրտուալ դաշտում և օնլայն եղանակով։ Շուտով ես հիմնավորապես ապացուցեցի Խաղաղօվկիանոսյան կղզիների բնիկների մարդաբանական առանձնահատկությունների աշխարհի հետ ընդհանրության վերաբերյալ Մակլայի վարկածը, ներառելով նաև բնորոշ առարկայական փաստեր Իմ Էշաձորից, որ հարգարժան Մակլայի մտքով իսկ չէր անցել։

Ամբողջ ուշադրությունս այս գործին էր, երբ մի օր էլ տեսա Լամարը, Հրեշտակն ու Զիզին հոտոտելով իմ կողմն են գալիս։ Հոտս առել էին։ Ես թաքնվեցի Կայծակի ախոռում և նրա փալանը քաշեցի մեջքիս՝ էշ ձևանալով։ Առաջինը Հրեշտակը ինձ ճանաչեց՝ բարև, սիրելիս, կարոտել եմ քեզ։ Լամարը վրայիցս առավ փալանը և ասաց՝ քո պես տղամարդ աշխարհում չկա, շնորհակալ եմ։ Զիզին դանդաղ մերկացնում էր ինձ՝ էշ ջան, դու ավելի էշ ես, քան իմ բոլոր ամուսինները միասին վերցրած, էշ ջան։ Համբուրում էին ինձ, օձի պես գալարվում, մեկ ընկնում էին տակս, մեկ էլ բարձրանում վրաս, իրենց և ինձ թափ ու թափ անում։ Այս ներկայացումն այնքան երկար տևեց, որ ես ուշաթափվեցի։ Երբ ուշքի եկա, նրանք մերկ ու անգիտակից ընկած էին հատակին։ Այնքան հոգնած էի, որ մինչև արևի մայրամուտը մեռելի նման քնեցի։ Երբ արթնացա, նրանք արդեն հեռացել էին, ինձ թողնելով իրենց ոտնոցները, բարձրակրունկ մի կոշիկ և կրծկալներ։ Ես կարծես ես չէի և էլի քուն մտա մինչև առավոտ։ Ամբողջ լույս օրը ցավից տնքում էի ու մտքիս չեկավ գիտական և ոչ մի գաղափար։

Օրեր շարունակ, անհանգիստ ու վախեցած հոգիս չէր քնում. Նրանք կարող են չար երազի պես դարձյալ հայտնվել, քանզի կին են։

Ես գնացի Էշաձորի գերեզմանոց, ծնկի եկա մերոնց անուններով տապանաքարի մոտ, որի մի քանի տառերն ու թվերը անձրևների, ձյան ու քամիների քայքայիչ ազդեցությունից աղավաղվել էին, քարի ճեղքից մի կապույտ անթառամ ծաղիկ էր բուսնել, և ինձ փորագրեցի վրան, հատկապես շեշտելով ազգությունս. «Հայ եմ, Արամը, կամ ու չկամ»։ Թվաբանական մի պարզ հաշվարկ էի արել՝ կանայք կկարդան և ինձ մեռած կհամարեն։ Եվ չսխալվեցի՝ այլևս ոչ ոք չեկավ ինձ մոտ։

Շուտով ես պապիս տուն ու տեղը վերածեցի գավառագիտական թանգարանի և Կայծակի փալանի, Իսաջան ապուպապիս էշակաշվից շինված չարուխի, Նազու աղջկա բուրդ գզիչ սանդերքի ու իլիկի, Թորգոմ պապիս թազբեհի՝ ժեռ քարի վրա ողորկված ծիրանի կանաչ կորիզների մի շղթա, որով նա հաշվում-կշռում էր աշխարհի չարն ու բարին, լույսն ու մութը, և սրանց հարևանությամբ ցուցադրեցի նաև իմ կանանց ծիծեռնակ ոտնոցները, կոշիկն ու նախշակար կրծկալները և մի սրվակ ֆրանսիական բուրմունք, որ, գիտեմ, պատկանում էր Լամարին, գուցե Հրեշտակը կամ Զիզին էր դրանով օծում իրեն՝ ինձ և ձեզ գայթակղելու համար։

Հավանաբար կհարցնեք՝ հիմա որտե՞ղ եմ։ Միայն այս աբսուրդ հեքիաթում։

No Comments

Leave a Reply