Նշան Աբասյան․ Եկեք խմբագրենք
Պատկերացրեք մի վարարուն, զուլալ լեռնային գետ, որը խոխոջալով իջնում է քարերի վրայով, և հանկարծ ինչ-որ մեկը որոշում է այդ գետը «մտցնել» գորշ, ժանգոտ ու նեղ խողովակների մեջ։ Ջուրը, այո՛, շարունակում է հոսել, բայց էլ չկան ո՛չ նրա փայլը, ո՛չ շարժումը, ո՛չ էլ կենդանի կարկաչը։ Ճիշտ այդպես ենք մենք վարվում լեզվի նկատմամբ, երբ պարզ, ճկուն ու պատկերավոր հայերենը փոխարինում ենք օտարաբան կառույցներով և վարչական ոճի անհոգի կաղապարներով։ Ինչպե՞ս մաքրել տեքստը. ահա 4 պարզ կանոններ․
- Փնտրե՛ք թաքնված բայը։ Եթե տեսնում եք -ում, -ություն վերջածանցով գոյական (ստուգում, քննարկում, աջակցություն) և դրա կողքին՝ իրականացնել, կատարել, ցուցաբերել բառերը, գուցե կարող եք ջնջե՞լ երկուսն էլ և դարձնել մեկ պարզ բայ (ստուգել, քննարկել, աջակցել)։
- Վերադարձրե՛ք հերոսին։ Հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ ո՞վ է կատարում գործողությունը։ Դրե՛ք նրան նախադասության մեջ և ազատվե՛ք «կողմից» բառից։
- Անցկացրե՛ք «սրճարանի թեստը»։ Գրելուց հետո բարձրաձայն կարդացեք նախադասությունը և պատկերացրեք, թե նստած եք սրճարանում՝ մտերիմ ընկերոջ դիմաց։ Դուք նրան կասեի՞ք․ «Ես ցանկություն ունեմ իրականացնել սուրճի պատվիրում»։ Իհարկե ոչ, դուք կասեիք․ «Ուզում եմ սուրճ պատվիրել»։ Ձեր ընթերցողի հետ էլ խոսեք նույն անկեղծությամբ։
- Անխնա կրճատե՛ք։ Բառերը տեքստում պետք է «աշխատեն»։ Եթե հեռացնելով բառը կամ բառակապակցությունը («այն մասին», «իրենից ներկայացնում է», «հանդիսանում է», «տվյալ պահի դրությամբ»)՝ նախադասության միտքը չեք խաթարում, ուրեմն այդ բառը մակաբույծ է. ազատվե՛ք դրանից։
Խմբագրման օրինակներ
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս նախագիծը։
Ի՞նչ նախագիծ է սա։
Գրքում տեղ են գտել մասնագիտական սխալներ։
Գրքում կան մասնագիտական սխալներ։
Շենքը գտնվում է վթարային վիճակում
Շենքը վթարային է։
Նա տեղեկացրեց այն մասին, որ ժողովը հետաձգվում է։
Նա տեղեկացրեց, որ ժողովը հետաձգվում է։
Մեր կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն։
Մենք տրամադրել ենք անհրաժեշտ տեղեկությունը։
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում։
Վերադառնում է տուն՝ երեխայի հետևից։
Վերադառնում է տուն՝ երեխային տանելու։
Պատմում է Վարդան Մամիկոնյանի կողմից հայոց զորքի առաջնորդման մասին։
Պատմում է, թե ինչպես էր Վարդան Մամիկոնյանն առաջնորդում հայոց զորքին։
Ամբողջությամբ ջնջվեց միջին դարերի, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ խոշոր կապիտալիստների փորձը։
Ամբողջությամբ մոռացության մատնվեց միջնադարի հայ վաճառականների արվեստը, անտեսվեց 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի խոշոր արդյունաբերողների ու գործարարների փորձը։
Այստեղ էր հանգրվանում և վերաբաշխվում Մետաքսի ճանապարհով հոսող համաշխարհային ապրանքաշրջանառությունը։
Այստեղ էին հանգրվանում քարավանները, և այստեղից էին վերաբաշխվում Մետաքսի ճանապարհով աշխարհի ծագերը փոխադրվող հսկայածավալ ապրանքները։
Այս երևույթի հիմքում ընկած են խոր արմատներ, որոնք էլ կերտել են նրանց վարքագիծը։
Այս երևույթն ունի խոր արմատներ, որոնք ձևավորել են նրանց վարքագիծը։
Այդ ամենը պատկանել ու ղեկավարվել է հայերի կողմից։
Այդ ամենը պատկանել է հայերին, և հենց նրանք են ղեկավարել դրանք։
Երեխաները մոտեցան ու փորձեցին շփման եզրեր գտնել։
Երեխաները հետաքրքրությամբ մոտեցան մեզ։
Ապրանքը լոկ չէր փոխանակվում ապրանքի հետ։
Առևտուրը սոսկ ապրանքափոխանակությամբ չէր սահմանափակվում։
Նա արժանանում էր բացառիկ սպասարկման ու անվտանգության։
Նրա համար ապահովվում էր անվտանգ միջավայր ու բացառիկ սպասարկում։
Ուղեղումս կարծես լույս վառվեց։
Մտքումս կարծես լույս առկայծեց։
Տեսլականը միայն թվերի մասին չէ. դա …․ մասին է։
Տեսլականը միայն թվերը կամ հեռանկարային ծրագրերը չեն. դա ․․․․ մշակույթ է։






