Երևանի ամենահայտնի տանիքներից մեկում՝ «Թատրոն տանիքում», հանդիսատեսն ականատես է դառնում թատերական յուրահատուկ երեկոների, որտեղ համադրված են թատերարվեստը, երաժշտությունն ու քաղաքի համայնապատկերը։
Ardi.am-ը ներկայացնում է թատրոնի խաղացանկի ամենատպավորիչ բեմադրություններից մեկը՝ Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» ստեղծագործության հիման վրա։
Ներկայացումից առաջ հյուրերը հնարավորություն ունեն ունկնդրելու կենդանի նվագակցությամբ ակուստիկ երաժշտություն, վայելելու մեկ գավաթ գինի և վերևից դիտելու երեկոյան Երևանը։ Իսկ բեմում սիրո, կրքի և դրամատիզմի պատմությունն է, որը հանդիսատեսին ներքաշում է իրադարձությունների մեջ առաջին իսկ պահից։

Դերերում են Ռոզի Ավետիսովան, Անդրանիկ Աբրահամյանը, Մարի Գրիգորյանը, Արամ Կոստանյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը և այլք։
Բեմադրությունը հիմնված է համանուն վեպի վրա։ Գլխավոր հերոսուհին Մարգարիտ Գոթիեն է՝ հարուստ տղամարդկանց ուշադրությանը սովոր կուրտիզանուհի, որին հասարակությունն անվանում է «Կամելիազարդ տիկին», քանի որ նա կամելիաներ է սիրում։ Նրա կյանքը փոխվում է, երբ սիրահարվում է երիտասարդ Արման Դյուվալին։ Նրանց միջև ծնվում է անկեղծ սեր, սակայն հասարակական նախապաշարմունքները, ընտանիքի պատիվն ու զոհաբերության անհրաժեշտությունը խոչընդոտում են նրանց երջանկությանը։

Ճակատագրական հանդիպումն ու անսպասելի իրադարձությունները լույս են բերում Մարգարիտի կյանք։ Թեև նա հավատում է իրական սիրուն, բայց ստիպված է հրաժարվել սեփական երջանկությունից։
Սա պարզապես սիրային պատմություն չէ, այլ պատմում է այն մասին, թե ինչպես կարող է հասարակությունը սխալ դատել մարդուն՝ չտեսնելով նրա իրական էությունը։ Ներկայացումը շատ հուզիչ է, ողբերգական և հատկապես տպավորիչ՝ գլխավոր դերակատար Ռոզի Ավետիսովայի խաղի շնորհիվ։

Դասական ստեղծագործությունը տանիքային հարթակում ներկայացնելն ինքնին հետաքրքիր ստեղծագործական մարտահրավեր է։ Սակայն բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանին հաջողվել է դասական պատմությունը ներկայացնել ժամանակակից թատերական լուծումներով։ Ռեժիսորական մոտեցումն առանձնանում է համարձակ սիրային տեսարաններով, ինտերակտիվ դրվագներով, ինչպես նաև լուսային և ձայնային էֆեկտների կիրառմամբ, որոնք լրացուցիչ արտահայտչականություն են հաղորդում ներկայացմանը։

Սիրո, ընտրության, կրքի և զոհաբերության մասին այս պատմությունը հնարավորություն է տալիս ոչ միայն վերապրելու հերոսների հույզերը, այլև խորհելու մարդկային զգացմունքների և հասարակական կարծրատիպերի մասին։ «Կամելիազարդ տիկինը» ներկայացումը կարող է դառնալ մշակութային ժամանցի հետաքրքիր ընտրություն նրանց համար, ովքեր գնահատում են դասական գրականությունը՝ ժամանակակից թատերական մեկնաբանությամբ։
Ardi.am






