«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 17-րդ կինոփառատոնը, բնականաբար, չէր կարող շրջանցել կորոնավիրուսի համավարակի պարտադրանքները: Այս տարի փառատոնի գեղարվեստական տնօրենի առաքելությունն ստանձնել է երիտասարդ կինոգետ Կարեն Ավետիսյանը: Ոսկեծիրանցիների ողջ անձնակազմը՝ սկսած պատվավոր նախագահ, փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանից, համահիմնեդիրներ Միքայել Ստամբոլցյանից, Սուսաննա Հարությունյանից, վերջացրած երիտասարդ գեղարվեստական տնօրենով, գլխավոր պրոդյուսեր, ֆինանսական-կազմակերպչական հարցերի պատասխանատու Արայիկ Մանուկյանով, «GAIFF PRO»-ի ղեկավար Մելիք Կարապետյանով և փառատոնային աշխատանքում արդեն տարիների փորձ կուտակած այլ երիտասարդներով, փորձում են հաղթահարել ցայտնոտային իրավիճակն ու առավել արդյունավետ օգտագործել ձեռքի տակ եղած հնարավորութունները՝ յուրօրինակ այս պայմաններում յուրօրինակ ձևաչափեր գտնելով կինոփառատոնի իրականացման համար:
17-րդ «Ոսկե ծիրանը» կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլը կկայանա հուլիսի 12-19-ին: Երկրորդ փուլը (տա՛ Աստված, որ չխանգարի համավարակի երկրորդ ալիքի բռնկումը) նախատեսված է իրականացնել նոյեմբերի 1-8-ին:
Անվիճելի է, որ «Ոսկե ծիրանի» շնորհիվ աշխարհը կապվել է մեր երկրի հետ, ճանաչել ու սիրել Հայաստանը, հայկական կինոն: Հետևաբար, չի կարելի տուրք տալ ստեղծված դժվարություններին և ընկրկել դրանց առաջ: Կազմակեպրիչները համառորեն հավատում են իրենց երազանքին, ինչպես որ հավատաց ժամանակին Հարություն Խաչատրյանը, և լի են վճռականությամբ՝ անհնարին թվացող նախաձեռնությունները փառատոնային օրերի շրջանակներում կյանքի կոչելու հարցում:
Հուլիսի 12-19-ին կյանքի կկոչվի «GAIFF PRO» արտադրական և կրթական հարթակը, որը ուղղված է կինոարտադրության, կինոհամագործակցության ծրագրերին:
Այս տարի կբացվեն հինգ հոբելյար կինոգործիչների աստղերը՝ Հրանտ Մաթևոսյանի, Աղասի Այվազյանի, Գրիգորի Մելիք-Ավագյանի, Ռուբեն Գևորգյանցի, Առնոլդ Աղաբաբովի:
Վերջին շրջանում հայ կինոն ունեցավ կարևոր ձեռքբերում: Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի դեբյուտների՝ «Առաջին ֆիլմեր» անվանակարգի մրցույթում: Այդ նախագիծը տարիներ առաջ քննարկվել է «Ոսկե ծիրանում»: Առաջին հայկական ֆիլմը՝ «Բարև, ես եմ»-ը, Կաննում հայտնվելու պատվին էր արժանացել մոտ կես դար առաջ: Փաստորեն, այսօր՝ մեծ ընդմիջումից հետո, կրկնվում է իրողությունը:
Նոյեմբերի 1-8-ին անցակցվելիք հատվածում նախատեսվում է առավել տոնական, հանրային միջոցառումների շարքը. Հայաստան կհրավիրվեն ռեժիսորներ, կինոգործիչներ աշխարհի տարբեր երկրերից, ինչպես որ եղել է նախորդ 16 տարիների ընթացքում, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն հանրային մի շարք իրադարձություններ, կլինի ոսկեծիրանյան աշխարհի մարդկանց միջև կենդանի շփում:
Մենք խնդրել ենք Կարեն Ավետիսյանին որոշ մանրամասներ ներկայացնել մեկնարկած կինոտոնի մասին:
«Կինոփառատոնի առաջին փուլում հանրային միջոցառումներ չեն նախատեսվում,- ասում է Կարենը:- Հուլիսի 13-16-ին կգործի «GAIFF PRO» կրթական-արտադրական հարթակը՝ առցանց աշխատարանների ձևաչափով: Հայտեր կընդունվեն տարածաշրջանից, միջազգային մասնագետների հետ կանցկացվեն նախագծերի առցանց քննարկումներ: Դա տարածաշրջանի, այդ թվում և Հայաստանի երիտասարդ կինոարտադրողներին աջակցելու կոչված նախագիծ է, ինչպես գիտեք»:
Ոչ առցանց մի նախաձեռնություն, անուամենայնիվ, լինելու է: Բացվելու են հայ կինոյի երկու նշանավոր հոբելյարների՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը:
«Նախատեսված հինգ աստղից այս փուլում կբացվեն երկուսը,- պարզաբանում է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրենը:- Այս երկու գործչին առանձնացրինք մյուսներից՝ պայմանական հայեցակարգ ընտրելով այն հանգամանքը, որ նրանց առնչությունը կինոյի հետ տեքստի ոլորտում է, կապված չէ կինոյի տեսողական պատկերի հետ: Եվ քանի որ այս փուլում կինո, որպես այդպիսին, չի լինելու, որևէ ցուցադրություն չի ենթադրվում, ճիշտ պահն է շեշտադրել-կարևորել հենց կինոյի սցենարները և դրանց հեղինակների՝ գրող-կինեմատոգրաֆիստների անձը»:
Պատրաստվել է փառատոնային մի հոլովակ, որը կինոարվեստի լեզվով պատմում է կինոյի այսօրվա իրականության մասին. այսինքն՝ կինո՝ կինոյի բացակայության մասին:
Հոլովակը, իհարկե, կցուցադրվի առցանց, ինչպես որ ենթադրում է այսօրվա իրականությունը:
-Ի՞նչ խողովակներով է 17-րդ «Ոսկե ծիրանի» առաջին փուլը հասու դառնալու հանրությանը,- հարցրինք Կ. Ավետիսյանին:
-Գործում է «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջը, որով տեղեկատվություն է տարածվում մեր աշխատանքի մասին: Հանրության հետ շփումը կլինի Zoom-ով, YouTub-յան հարթակի միջոցով, ֆեյսբուքյան կենդանի հեռարձակումներով,— պատասխանեց մեր զրուցակիցը:
Այս տարվա կինոձեռքբերումի՝ Նորա Մարտիրոսյանի ֆիլմի՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկվելու առնչությամբ ևս Կարեն Ավետիսյանը ներկայացրեց իր նկատառումները. «Կաննի կինոփառատոնն իր Label-ը (դրոշմապիտակն) է շնորհում մրցութային ծրագրին ներկայացված լավագույն ֆիլմերին, մի բան, որ կոչված է օգնելու ընտրված ֆիլմերին՝ կայացնելու իրենց հետփառատոնային և կինովարձութային ընթացքը: Որպես կանոն, Կաննի Label-ն ունեցող ֆիլմերի հանդեպ բոլորովին այլ վերաբերմունք է լինում կինոաշխարհում: Եվ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն անցել է գեղարվեստկան այն բոլոր ֆիլտրերի միջով, որ առկա են Կաննում, ու բռնել հաջող քննություն, հայտնվել ընտրված մի քանի տասնյակ ֆիլմերի շարքում: Վստահաբար կարող եմ ասել, որ մենք կլսենք այդ ֆիլմի անունը նաև շատ այլ կինոփառատոներում: Դեռ պրոդյուսերները փակագծեր չեն բացում այս առումով, բայց հնարավոր է, որ մինչև այս զրույցի հրապարակումը արդեն Նորա Մարտիրոսյանի ֆիլմի առնչությամբ արձանագրված լինի մի նոր ձեռքբերում: Ուզում եմ ասել, որ Կաննի կինոփառատոնի մրցույթում ընդգրկվելու փաստը «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի նվաճած վերջնակետը չէ»:
Դե ինչ, մաղթենք բարի երթ արտառոց պայմաններում մեկնարկած արտառոց «Ոսկե ծիրանին» և սպասենք ավելի բարենպաստ ժամանակների՝ մեզ համար և այնքան սիրելի երևանյան կինոփառատոնի:
Կարինե Ռաֆայելյան
No Comments