ardi.am Կինո

Փարաջանովի կինոկտավների ծննդաբանությունը

13.12.2023

Մյուս տարի՝ 2024 թ., լրանում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը: Տարիներ առաջ Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, լուսահոգի Զավեն Սարգսյանը նախաձեռնել էր մեծ ռեժիսորի կինոն նորովի ներկայացնող պատկերագրքի հրատարակությունը, որը, ավաղ, չիրագործվեց նրա կենդանության օրոք:

Այժմ, այդ նպատակին հետամուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, թանգարանի լավագույն բարեկամներ արվեստաբան Լևոն Աբրահամյանի և նկարիչ-ձևավորող Հարություն Սամուելյանի գործուն մասնակցությամբ հրատարակության են պատրաստել «Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը». կինոգեղանկարչություն, պոետիկա, խորհրդաբանություն» պատկերագիրքը, որը լույս է սփռում Սերգեյ Փարաջանով կինոռեժիսորի, նկարչի, մարդու համապարփակ նկարագրի՝ մինչ օրս անհայտ, ուշագրավ դրվագների վրա: Գրքի կազմման և հրատարակման գործընթացի իրականացմանն աջակցել են Հայաստանում Japan Tobacco International ընկերության ներկայացուցչությունն ու «Արվեստի ընկերներ» մշակութային բարեգործական հիմնադրամը:

 Ինչպես վկայում են գրքի հեղինակները, այն մտահղացվել է իբրև նկար-կադրերի ալբոմ, որոնցից բաղկացած է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Նրանց դիտարկմամբ՝ յուրաքանչյուր նկարն ասես ավարտուն գեղանկարչական աշխատանք լինի, քանի որ Փարաջանովն ինքը կադրն ընկալում էր իբրև լիարժեք գեղարվեստական ստեղծագործություն:

Կադր ֆիլմից

Գիրքը, փարաջանովյան նկարներից զատ, ներառում է Լևոն Աբրահամյանի արվեստաբանական վերլուծությունը, որ ոչ միայն Փարաջանովի բազմաշերտ արվեստի և անձի խորաքնին ուսումնասիրություն է, այլև ականատեսի հավաստիացումներով լեցուն հուշագրություն-տեղեկագիր, որը բացում է անսպասելի փակագծեր, ներկայացնում փարաջանովյան մտքի, երևակայության թռիչքի վառ պատկերներ, ստեղծագործ անհատի ներշնչանքի ընթացքն ու արդյունքը ի մի բերող պատմություններ:

Թեև պատկերագիրքը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին է նվիրված, բայց  հեղինակների հայացքի ներքո մենք տեսնում ենք ոչ թե պարզապես հանրահայտ ֆիլմի հանրահայտ կադրերը, դրանցում ամփոփված գաղափարների մեկնաբանությունները, այլ քայլ առ քայլ հետևում դրանց ստեղծման ընթացքին՝ նախապատմությունից մինչև ավարտական փուլ:

Լևոն Աբրահամյանը նկարահանվել է «Նռան գույնի» մի քանի դրվագում և ականատեսը դարձել շատ այլ դրվագների նկարահանմանը, ֆիլմի կայացմանը: Ուստի զարմանալի չէ, որ այս պատկերագիրքը մեզ տանում է դեպի Փարաջանովի կյանքի չուսումնասիրված կամ ոչ այնքան լավ ուսումնասիրված տիրույթ և լույս սփռում բազմաթիվ անհայտ էջերի վրա՝ կապված թե՛ «Նռան գույնը» ֆիլմի, թե՛ այլ ֆիլմերի, թե՛ դրանց հանճարեղ հեղինակի հետ:

Մենք՝ «Նռան գույնը» ֆիլմի գույների վառվռուն խաղին ականատես, դրանցով հիացող հանդիսատեսներս, երբեք չէինք իմանա այդ շքեղ կինոկտավի խորքում, տողատակերում, լուսանցքներում քողարկված նրբերանգների մասին, եթե Լևոն Աբրահամյանը չբացահայտեր դրանք:

Նույնքան հետաքրքիր ու միաժամանակ ողբերգական են այն պատմությունները, որոնք առնչվում են Սերգեյ Փարաջանովի կյանքին, խորհրդային վարչակարգի, գրաքննիչների հետ ունեցած բարդ հարաբերություններին:

Ոչ պակաս զարմանալի է Լևոն Աբրահամյանի վկայությունն այն մասին, որ Սերգեյ Փարաջանովն ինքը առավել դաժանաբար է մկրատել իր ֆիլմը, քան դա արել են գրաքննիչները: Իսկ պատմությունն այն մասին, թե ինչպես է առհասարակ հնարավոր դարձել «Նռան գույնի» հայտնվելը խորհրդային և համաշխարհային էկրաններին, պարզապես անհավանական, նորին մեծություն պատահականության և այդ պատահականությունը ճիշտ հաշվարկելու և հօգուտ մեծն անխուսափելիության կիրառելու մասին անօրինակ պատում է, որը մեզ է ներկայացնում արվեստաբանը:

Պարզվում է, որ Կաննի հերթական փառատոնի ժամանակ, երբ ցուցադրվել է Փարաջանովի «Մոռավցած նախնիների ստվերները» ֆիլմը, կայացել է նաև «Սայաթ-Նովայի» (դա էր ֆիլմի նախնական վերնագիրը) գովազդային հոլովակի ցուցադրությունը: Հոլովակը տեսել է Գերմանիայում ապրող հայազգի խոշոր կինոդիստրիբյուտոր և պրոդյուսեր Սերգեյ Ղամբարովը: Նա ամեն տարի գնում էր խորհրդային ֆիլմեր՝ արտասահմանում ցուցադրելու համար: Ահա այդ տարի՝ Մոսկվա այցելած  ժամանակ հայտարարել է, որ կգնի խորհրդային արտադրության ցանկացած անպետք ֆիլմ, բայց պայմանով, որ իրեն տան նաև Փարաջանովի նոր ֆիլմը: Եվ այսպես, «Նռան գույնը», որ փաստացի մնացել էր դարակի վրա ու անգամ չուներ պատշաճ փաստաթղթեր, հայտնվել է կինոէկրաններին:

Լևոն Աբրահամյանի այս և այլ ուշագրավ պատմություններին կարող ենք իրազեկ դառնալ նորատիպ գրքի շնորհիվ:

Թե ինչպես է Փարաջանովն աշխատել ֆիլմի հերոսների, այդ թվում՝ տարաշխարհիկ կենդանիների հետ, թե ինչ սկզբունքով և ստեղծագործական ինչպիսի հայեցակարգով է կառուցել իր կինոկտավը, թե ինչպես է միջնադարյան պոետ Սայաթ Նովան, չկորցնելով իր ապրած ժամանակի, իրեն շրջապատած իրականության ու աշխարհի շունչը, դարձել 20-րդ դարի մարդուն հասկանալի, սիրելի կերպար, կարելի է իմանալ՝ ծանոթանալով այս պատկերագրքին, դրանում ներկայացված նկար-պատումների շարունակական ընթացքին և դրանց տրվող մեկնաբանություններին:

Սոֆիկո Ճիաուրելին՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին

Այս պատկերագիրքը մեկ անգամ ևս համոզում է արվեստագետներին և արվեստասերներին, որ արվեստի բարձրարժեք գործերը մինչև վերջ բացահայտելու, գնահատելու համար անհրաժեշտ են տասնամյակներ, հարյուրամյակներ, անգամ՝ չվերջացող հավերժություն, քանի որ անվերջանալի ու անքննելի են մեծարժեք գեղարվեստական ստեղծագործությունների և դրանց հեղինակների էության, խորքի տարածությունները:

Ardi.am

Գլխավոր լուսանկարի հեղինակ՝ Անդրանիկ Քոչար

No Comments

Leave a Reply