Ի՜նչ հեշտ ենք խաբվում մենք՝ արվեստի, գրականության գործերն ըմբոշխնելիս․․․ Ըմբոշխնելն սկսելուց վայրկյաններ առաջ գիտենք, որ պայմանականության հետ գործ ունենք- այսինչ դերասանը, որ Համլետ է խաղալու, ԻՐԱԿԱՆՈՒՄ ամենևին Համլետը չէ, այլ այսինչ սիրողական թատրոնի ոմն Սարգիս, ում փաղաքշաբար Սաքո են անվանում․․․ Կինոն շողք է պատի վրա, իմ մանկության օրերին հնդկական սրտաճմլիկ ֆիլմը դիտելուց հետո արցունքակալած աչքերով, բարձրաձայն սնքռտացող գեղջկուհի կանայք հենց այդպես, այդ բնորոշմամբ էլ նախատում էին միմյանց ֆիլմի ավարտից հետո գյուղական ակումբից դուրս գալիս․ «Աղջի լա՜վ, կինո է, շողք է, էլի՜, պատի վրա գցած․․․»։ Ես թատրոն չեմ սիրել, երևի այն պատճառով, որ պայմանականությունը, հնարովին այստեղ շատ ցցուն է՝ կինոյի համեմատ։ Կինոյի և քո միջև, այնուամենայնիվ, էկրանի մի շերտ կա, իսկ թատրոնի դեպքում կարծես գրիմն էլ իզուր բան է- մեկ է՝ սիրողականի Սաքոյի «մահկանացուական» շնչառությունը՝ հենց այն է՝ խփում է դեմքիդ ․․․
Այո, արվեստի ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒ՜ՆԸ, այն մեզ իր երաժշտության հենց առաջին տակտերից ներքաշում է իր մեջ, այն ջրապտույտի կլանող ձագար է, մանավանդ, երբ այդ ձագարի խորքում․․․ ջրահարսի մի սիրունիկ գլուխ է հանկարծ նշմարվում ու էլի անհետանում․․․
Այո, արվեստի ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ իրական չէ, շինծու է, կարելի է ասել՝ գեղեցիկ սուտ է, այն ինքնին արժեքավոր չէ, միակ արժեքավորը և ԻՐԱԿԱՆՆ Այն է, ինչ կատարվում է մեր հոգում ՝ արվեստի գործը վայելելիս («վայելել» արտահայտությունը գռեհիկ է հնչում այստեղ, սակայն տանելի է այնքանով, որքանով որ վերաբերվում է մի բանի, ինչին նաև «հոգևոր սնունդ» ենք անվանում)։ Որպեսզի դա տեղի ունենա, այսինքն՝ այդ «շինծուի» հետևանքով մեր հոգում իրականանա ԱՅՆ ԱՐԺԵՔԱՎՈՐԸ, անհրաժեշտ պայմանն այն է, որ մենք ՀԱՎԱՏԱՆՔ այդ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ։
Բա չասե՞նք, որ աշխարհն էլ է հավանաբար մի պայմանականություն, որին մեր հոգին հարաբերվելով՝ արժեքավոր, պիտանի մի բան է համարում միայն այն դեպքում, երբ ՀԱՎԱՏՈՒՄ է այդ բեմադրության բեմադրողին՝ Աստծուն։ Այո, աշխարհն Աստծո բեմադրությունն է, և աշխարհում խաղ է ամեն ինչ ու ամեն բան․․․ Հավանաբար, որովհետև սա շատ հին, նուրբ ու վիճելի հարց է՝ ինչը անթիվ ուղղությունների փիլիսոփաներ է «բուծել»- իդեալիստներ և մատերիալիստներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ մատերիալիստներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ իդեալիստներ և այլն։
Այս ամենի մասին ես մի բանաստեղծություն եմ հրապարակել իմ ֆեյսբուքյան էջում, նորից եմ այն ներկայացնում- գուցե այս մտորումների «լույսի ներքո» այն ավելի լավ ընկալվի, ահավասիկ․
* * *
Ինչ սահուն է ու ինքնամոռաց
անցումը մեր երևակայության
առ հզոր, առինքնող Պայմանականություն,
ինչպես գիսավորինը Թանատոսի՝
Զույգ աշխարհների սահմանագիծը
Առեղծվածի միգամածության մեջ հատող ․․․
Ինչպես օձահման՝ օձին՝ նվագով իր դյութական,
այդպես մեզ պայմանականությունների մեջ է ներքաշում
արտիստն՝ իր խաղի առաջին իսկ ժեստերով,
պոետն՝ հենց սկզբի պարբերությամբ իր,
նվագավարն՝ իր հնչերանգներով նախնական․․․ —
Իսկ մենք հլու՜ ենք ու ասում ենք․
«Տա՜ր մեզ, ուրվական», ինչպես Համլետն՝
իր հայրականին․ «Գնա՛, գալի՜ս եմ»․․․
Իսկ ո՞վ կասի, որ հենց նույն կերպ
մենք՝ մեր հոգիներով, ներքաշված չենք
մի պայմանականության մեջ՝ Աստնվոր անվանյալ,-
ու մի բրայլյան տեքստ ընթերցող
կույրի պես զբաղված ենք նրա նշանները շոշափելով-
մեր ո՜ղջ կյանքում այս, մինչև Այն Մյուսը․․․
No Comments