ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան

Ռոզա Գրիգորյան․ «Մշակույթը դառնում է զարգացող ինստիտուտ»

17.04.2025

Ardi.am-ի զրուցակիցը PR մասնագետ, իվենթ մենեջեր Ռոզա Գրիգորյանն է։

«Մարդը կյանքի մեծ մասը անցկացնում է աշխատանքի վայրում և շատ կարևոր է ընտրել այնպիսի աշխատանք, որի համար առավոտյան արթնանալը չի լինի դժոխային երազներից հերթականը»: Սթիվ Ջոբսի խոսքերն են։ Մեծ տարածում ունի նաև Հենրի Ֆորդի «Ամենալավ աշխատանքը  բարձր վարձատրվող հոբբին է» արտահայտությունը։ Մեր զրուցակիցը սիրած աշխատանքը, հանգիստն ու կյանքի  ռիթմը համատեղելու իր բանաձևումներն ունի։ Անդրադարձել է նաև մեր ժամանակի մարտահրավերներին, PR ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին։

-Ինչպե՞ս ես համատեղում բազմատեսակ աշխատանքն ու զբաղվածությունը։

-Սա ամենաշատ հնչող հարցերից է, երբ մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես է հնարավոր միաժամանակ զբաղվել տարբեր ոլորտներով։ Սկզբում իսկապես դժվար էր. թվում էր՝ ամեն նոր նախաձեռնություն նախորդի էներգիան խլում է, ոչ թե լրացնում։ Բայց ժամանակի ընթացքում սկսեցի նկատել, որ եթե ճիշտ ես կառուցում աշխատանքային մոդելը, գործերը առաջ են գնում միմյանց աջակցելով։

Իմ մոտեցումն այսպիսին է. ոչ թե բաժանել ժամանակը, այլ միավորել էներգիան։ Եթե տարբեր ոլորտներում անում ես մի բան՝ պատմում ես, փոխում ես, ներգրավում ես՝ տարբեր գործերը դառնում են մեկ ընդհանուր հոսք։ Հենց այդ պատճառով աշխատանքները դադարել են հակասել միմյանց։ Այս ձևով բազմակողմ գործունեությունը դառնում է համադրված կենսակերպ, և ոչ թե հոգնեցնող համադրություններ։

-Եվ ոչինչ չի՞ տուժում…

-Տուժում է միայն այն, ինչն իսկապես ներսիցդ չէ։ Եթե ինչ-որ բան անում ես միայն պարտքի զգացումով կամ ձևականության համար, այն անխուսափելիորեն կնահանջի մյուսների համեմատ։ Բայց երբ յուրաքանչյուր նախագծի մեջ ներգրավվածությունը գալիս է խորքից, ապա ոչ թե քանակն է խանգարում, այլ ճիշտ հակառակը՝ ուժեղացնում ես՝ փորձի բազայով, տեսանկյունների բազմազանությամբ, փորձագիտական խճանկարի ամբողջականությամբ։

Միակ բանը, որ երբեմն կարող է տուժել, հանգստի ժամանակն է։ Որովհետև երբ սիրում ես գործդ, սկսում ես ավելի քիչ մտածել քո ռիթմի մասին։ Բայց հենց այդտեղ էլ գիտակցաբար պետք է սահման դնես։ 

-Լրագրությամբ զբաղվում ես 16 տարեկանից։ Տարիների հետ ի՞նչն է փոխվել։

-Իմ մասնագիտական ճանապարհը սկսվել է լրագրությունից։ Այս ասպարեզ շատ պատահականորեն եմ մուտք գործել։ 15 տարեկան էի, մասնակցում էի մի մրցույթի, որի մրցանակի մասին բացարձակ գաղափար չունեի։ Պարզվեց՝ մեկ տարվա մշակութային լրագրության դասընթացներ էին՝ Հանրային հեռուստաընկերության առաջատար լրագրող Նունե Ալեքսանյանի մոտ։ Մեկ տարի դասերին զուգահեռ նաև գրում էի ու աշխատում։ 17-ից արդեն լրագրությունը հիմնական աշխատանքս դարձավ, առաջին կուրսի ավարտին արդեն «Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատակիցներից էի։ 2013-ին լրագրությանը զուգահեռ, կրկին պատահականության բերումով, մուտք գործեցի PR ոլորտ՝ չունենալով որևէ փորձ ու գիտելիք։ Եվ ինչպես ասում են՝ մնացյալը պատմություն է։ 

Պատանի տարիքում լրագրությունը թվում էր արկած՝ միջոց, որի շնորհիվ կարող ես հասնել մարդկանց, որոնց երբեք չէիր հանդիպի։ Տարիների ընթացքում այդ ոգևորությունը վերածվեց խորքային հարաբերության ոլորտի հետ։ Հետո մտա PR դաշտ. ամեն ինչ է՛լ ավելի խորացավ։ 

Տարիների հետ փոխվում է ամեն ինչ՝ ընկալումը, լեզվական ընտրությունները, պատասխանատվության մակարդակը, էթիկայի շրջանակները։ Սկսում ես հաշվի առնել, թե ինչպես է խոսքդ ազդեցություն թողնում այլոց վրա։ Գրում ես ավելի զգույշ, բայց նաև՝ ավելի խորքից։ 

Տարիքի հետ ներսիս լրագրողը դադարում է հարց տվող լինել,  դառնում է կյանքը վերլուծող դիտորդ։

-PR մենեջերը ժամանակին համահո՞ւնչ է քայլում, թե՞ առաջ է ընկնում ժամանակից։

-PR մասնագետի գործունեությունը միշտ գտնվում է ժամանակի եզրագծին։ Մեկ քայլ առաջ ընկնելը գրեթե պարտադիր պայման է, որովհետև հանրային ընկալումը մշտապես փոփոխվում է։ Եթե դու դեռ աշխատում ես երեկվա մեթոդներով՝ այսօր արդեն ուշացած ես։ PR մասնագետը վաղուց դադարել է լինել միայն մամլո հաղորդագրությունների մատակարար։ PR մասնագետը դարձել է ռազմավարություն գրող, հարաբերություններ կառուցելու արվեստի վարպետ։

Լավ PR մասնագետը պիտի հասկանա, թե ինչ է մտածում հասարակությունը այսօր, ինչ կմտածի վաղը, և ինչպես կարելի է ստեղծել ուղերձ, որը ժամանակին հնչելուց բացի՝ մնայուն ազդեցություն ունենա։ Այդ պատճառով առաջ ընկնելը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն։

-«Միշտ հասանելի լինելը» մի՞շտ է։ Թե՞ ունես հանգստի ժամ։

-«Միշտ հասանելի լինելը» շատ հաճախ դառնում է ոլորտի մասնագիտական կոդը, գրեթե չարտասանվող պայմանագիր։ Մարդիկ, որոնք աշխատում են PR ոլորտում կամ լրատվամիջոցներում, սովորաբար ապրում են ռեալ-թայմ ռեժիմով՝ ամեն վայրկյան սպասելով զանգի, նամակի կամ իրավիճակի, որը պահանջում է օպերատիվ արձագանք։ Ու մեկ էլ տեսնում ես՝ երեկոյան ժամը 11-ն է, դու դեռ խմբագրում ես տեքստը, որ վաղվա հաղորդագրությունը լինի կոկիկ ու առանց իմաստային աղավաղումների։ Հանգստի ժամ ունեմ, բնականաբար, բայց իմ գործը հանգստիս մի մասն է. ես սիրում եմ այն, ինչ անում եմ, ու երբեք չեմ հոգնում։ 

-Պատահե՞լ է, որ լրջորեն տուժել է գործդ առցանց չլինելու պատճառով։


-Տուժել՝ ոչ, բայց նյարդային համակարգս խախտվում է այն թռիչքների ժամանակ, որոնց պարագայում չեմ կարող ինքնաթիռում վայֆայ գնել։ Ինտերնետ չունենալուց ավելի դաժան բան չեմ կարող պատկերացնել։ Թեկուզ մի քանի րոպեով։ 

-Մշակութային կյանքը հիմա ու պատերազմից առաջ։

-Պատերազմը ոչ միայն մարդկային կորուստ բերեց, այլև խորապես ճեղքեց մշակույթի էքսպրեսիվ կենսունակությունը։ Մինչև պատերազմը մշակութային դաշտը թեև միշտ պայքարող, բայց առավել հույսով լի էր. նախաձեռնությունները բազմանում էին, հանրային մասնակցությունն ակտիվ էր, երիտասարդների ներգրավվածությունը՝ նկատելի։ Ու կար մի ներքին դինամիկա, որ մշակույթը դառնում է զարգացող ինստիտուտ, ոչ թե միայն գործնական հարթակ։

Պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց։ Ըստ իս՝ ամեն ինչ է՛լ ավելի բարդացավ, բայց հույս ունեմ, որ լավագույն օրերը դեռ առջևում են։ 

-Մշակութային լրագրությունը շա՞տ է փոխվել։ Ի՞նչ կար առաջ, որ հիմա չկա։

-Աստիճանաբար փոխվում է ոչ միայն ձևը, այլև նպատակը։ Նախկինում մշակութային լրագրությունն ավելի շատ բացահայտող էր՝ ներկայացնող, լուսաբանող։ Կար հստակ բաժանում. ոլորտային՝ մշակութային լրագրողները շատ էին։ 

Անընդհատ շտապելու, հրապարակելու մղումը սպառնում է մշակութային վերլուծության խորությանը։ Լրագրողն այլևս չունի այն շռայլությունը՝ մի շաբաթ ապրելու մի իրադարձության մեջ՝ հետո միայն գրելու համար։ Եվ այստեղ է, որ նոր լրագրողը պիտի պայքարի՝ վերականգնելու զննող հայացքը։

-Քովիդի տարիները ո՞նց ես հիշում։ Ի՞նչ տվեց «տանը մնալու» փորձառությունը։

-Քովիդի տարին կյանքիս վատագույն տարին էր. ֆիզիկական մեկուսացում, կաթվածահար աշխարհ, լռություն։ «Տանը մնալու» այդ փորձառությունը ցավոտ էր։ Ինձ թվում էր՝ կյանքս ավարտվել է, բոլոր նախագծերը դադարեցված էին։ Քովիդից հետո երկար ժամանակ պահանջվեց, որ ամեն ինչ գրեթե նույն հունով ընթանա։ Բայց այդ տարի այնքան փայլուն նախագծեր պետք է անեի, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա։ Մինչև հիմա ափսոսում եմ…

-Մշակութային ամենամեծ իրադարձությունը քո կյանքում։

-Անշուշտ «Ոսկե ծիրանը»։ Կյանքիս ամենակարևոր ու ամենասիրելի նախագիծն է։ Ես «Ծիրանում» հայտնվել եմ, երբ դեռ 16 տարեկան էի, լուսաբանել եմ ու անցել «ծիրանային» բոլոր փուլերով՝ լրագրողից մինչև PR բաժնի ղեկավարի ասիստենտ, թերթի լրագրող, հետո PR ղեկավար։ Մասնագիտական առումով ինձ համար ամենակարևոր նախագծերից է, որի ընթացքում ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ սովորում։ Դե, էլ չասեմ, թե ինչքան եմ սիրում «Ծիրանի» մեր թիմին. թիմ, որը հավաքվել է կոնկրետ նպատակի համար ու լի է անսահման նվիրումով։ 

-Մշակութային հանդիպումը անհատի հետ

-Ազնավուրի հետ հանդիպումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Անվերջ հաղորդակցվում էր մտքերով, թե ինչպիսին է ուզում տեսնել իր երևանյան տուն-թանգարանը։ Հետո ինձ էքսկլյուզիվ հարցազրույց տվեց, որը արտատպում էին համաշխարհային լրատվականները։ Ինձ երջանիկ էի զգում, որ ևս մի մեծության հետ հարցազրույց արեցի։ 

-Ոլորտում մրցակցություն կա՞ այնուամենայնիվ… Քո առավելությունը, ինչո՞վ ես առանձնանում։

-Մրցակցություն, անշուշտ, կա, հատկապես մեդիայի այս դարաշրջանում, երբ բոլորն իրենց խոսքն ունեն ասելու, իրենց հարթակն ունեն ցույց տալու։ Բայց պետք է հասկանալ՝ մրցակցությունը ճնշող չէ, եթե դու գիտես՝ որտեղից ես գալիս ու ինչի համար ես գործում։

Իմ առավելությունն այն է, որ ես, բացի լավ մասնագետ լինելուց, էմպատիկ մարդ եմ։ Էմպատիան` ապրումակցությունը, մեր օրերում հազվադեպ պատահող ու կարևոր հատկանիշներից է։ 

-Արհեստական բանականությունը նույնպես մրցակից է, ապագայում՝ ավելի։ Մտածե՞լ ես՝ ինչ ես անելու, եթե այն շատ հարցերում առաջ անցնի քեզնից։

-Մտածել եմ շատ լրջորեն։ Եվ եկել եմ մի եզրահանգման. արհեստական բանականությունը կարող է գրել քեզ նման, նույնիսկ ավելի լավ, բայց չի կարող զգալ քեզ նման։ Նա կարող է հասկանալ քո ոճը, բայց չի կարող մարդկային հարաբերություններ ստեղծել, կապեր հաստատել։ ԱԲ-ն պարզապես հիանալի գործիք է, որը ճիշտ կիրառելու դեպքում կարելի է հասնել փայլուն արդյունքների։ Բայց այն երբեք չի փոխարինի մասնագետին։ 

-Կարո՞ղ են առօրյա կյանքը, անձնական խնդիրները, տրամադրությունը ազդել գործիդ վրա։ Կամ՝ հակառակը։ Ե՛վ լավ, և՛ վատ ազդեցության մասին է խոսքը։


-Անշուշտ, ոչ միայն կարող են, այլև հաճախ ազդում են։ Բայց կա նաև հակառակ ընթացքը. գործն էլ կարող է բուժել անձնականը։ Ես իմ բոլոր խնդիրների լուծումը գտնում եմ հենց իմ գործում։ Երևի հենց դրա համար եմ պաշտում իմ աշխատանքը։ 

-Հնարավո՞ր է մի օր հոգնես ու գլխիվայր փոխես ոլորտդ։

-Իհա՛րկե հնարավոր է։ Եվ ես չեմ վախենում դրա հնարավորությունից։ Չկա բան, որ բացարձակ է, մանավանդ մեր մասնագիտության մեջ, որը մշտական տեղաշարժի, վերաիմաստավորման, անընդհատ փոփոխության պահանջ ունի։ Երբեք չեմ հավատացել «մի ամբողջ կյանք մի ոլորտում» մտքին։ Մենք փոխվում ենք, հետևաբար մեր մասնագիտական ձգտումներն էլ կարող են փոխվել։

-Ինչպե՞ս ես վերադարձնում այն էներգիան, որ փոխանցում ես, տալիս աշխատելիս։

-Տարօրինակ է, բայց աշխատելիս ես էներգիա ստանում եմ։ Եվ բնավ կարիք չունեմ էներգիա վերադարձնելու։ Այ, երբ նախագծերս քիչ են, ես ներքուստ մեռնում եմ. էներգիաս սպառվում է, ու ինձ թվում է, որ կյանքումս մի բան այն չէ։ 

-Ի՞նչ ես փոխանցում դասավանդելիս առաջին հերթին, ամենակարևորը, որի վրա պետք է հենվի ապագա PR մասնագետը։

-Առաջին բանը, որ սովորեցնում եմ, լրագրողներին սիրելն է։ Շատ գործընկերներ ունեմ, որոնք, լինելով PR մասնագետ, լրագրողի կյանքը վերածում են դժոխքի։ Որպես նախկին լրագրող ինձ համար անընդունելի է նման մոտեցումը։ Եթե կուզեք ազնիվ լինեմ՝ լրագրողներն իմ ամենասիրելի մարդիկ են։ Իմ ամենամտերիմ ընկերներից շատերը հենց լրագրողներն են։ 

-«Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը քո թարգմանությամբ լույս է ընծայել «Նայ­քի» հիմ­նա­դիր Ֆիլ Նայ­թի «Կոշ­կա­վա­ճա­ռը» բեսթ­սե­լե­րը (2020)։ Նոր գրքի թարգմանության գաղափար կա՞։

-Ուզում եմ PR-ի մասին մի լավ մասնագիտական գիրք թարգմանել։ Բայց չեմ կարողանում հանգիստ նստել համակարգչի առջև։ Գուցե կարողանամ ինքս ինձ համոզել ու հաջողվի՞։

-Ծրագրեր, նորություններ, որ կուզենայիր ներկայացնել ընթերցողին։

-Մի քիչ թեթև շրջան է, իսկ ես ատում եմ թեթև շրջանները։ Նոր նախագծերի ու ծրագրերի փնտրտուքների մեջ եմ. հուսամ՝ մի հետաքրքիր բան կհայտնվի ու կյանքս է՛լ ավելի գունավոր կդառնա։ 

Զրուցեց Արմինե Սարգսյանը