Գայանե Մկրտչյան Կինո

Վազգենը՝ սպարապետ պատվանունով

18.04.2025

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը ժանրային առումով կենսագրական հերոսապատում է, և սահմանափակվելու ենք այդ դիտանկյան մեջ:

Ավելի լայն ռակուրսով՝ իբրև գեղարվեստական ստեղծագործություն քննարկելիս, բախվելու ենք սցենարական գծի անհետևողական պարզունակության, մեկ տասնամյակում (1988- 1999 թվականներ) բոլորիս կյանքում ու աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունների յուրովի կամ միագիծ մեկնության հետ: Հավանաբար սա է պատճառը, որ երկու ամիս շարունակ տարբեր կինոդահլիճներում ցուցադրվող ֆիլմի մասին (հայկական վարձույթում ռեկորդ է սահմանել` 28 օրում միայն Երևանում 130 հազար մարդ է դիտել)  գրեթե չկան  քննախոսական հոդվածներ։ Կինոթատրոններում ֆիլմը շարունակում է ցուցադրվել, արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողները բանակցում են «Նեթֆլիքս»-ի հետ…

Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի մասին «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը նախաձեռնել ու իրականացրել են հարազատները, Սարգսյան գերդաստանը: Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը, գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, սցենարի հեղինակները Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանն են, ով նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյան է, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։

Ժամանակակցի մասին կենսագրական ֆիլմ անելը բարդ է ամեն առումով, առավել ևս երբ այդ ժամանակակիցը երկրի համար ճակատագրական ժամանակահատվածում վառ արտահայտված, հախուռն խառնվածքով ու հակասական ազգային ու քաղաքական գործիչ էր: Ամեն հանդիսական իր նախնական կարծիքն ունի՝ տեսածի ու լսածի հիման վրա, ամեն մեկի մտապատկերում անցած մեկ տասնամյակում Վազգեն Սարգսյանի դերը տարբեր կերպ է հիշվում՝ շարժման առաջին շարքերում, մահապարտների խմբի առաջնորդ, եռամսյա հավաքների խիստ հրահանգիչ, պաշտպանության նախարար, վարչապետ:

Իբրև լրագրող շատ լավ էր աշխատել վարչապետ Վազգեն Սարգսյանի ժամանակում. ամեն հղում նրա անվանը կնշանակեր զգաստություն պաշտոնյայի կողմից: Ֆիլմում այս դիտարկումը հավաստող տեքստ կա: Վարչապետ Վազգեն Սարգսյանը հանդարտ տոնով զգուշացնում է նախարարներին. «Ես ոչ մի բան հենց ընենց չեմ ասում»:

«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել մեր նախնյաց փառքին». ֆիլմում ու հավանաբար կյանքում էլ այս միտքն ասել է նաև գրող ու հրապարակախոս Վազգեն Սարգսյանը:

Նախնյաց փառքի մի կարևոր ատրիբուտ էլ «սպարապետ» բառն է, որն այս կիրառության մեջ ավելի շուտ հայտնի պատմավեպերից կարոտի հուշ ունի, պատվանուն է, քան պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին տրված զինվորական կոչում… Այս բացատրությամբ էլ պարզ չէ ու շփոթ է՝ բառը մեծատառով է գրվում, թե փոքրատառով: Ֆիլմի վերնագրի «վերջին սպարապետը» ամենաշատ քննարկվողն էր, ուստի այս հարցերին ու տարակույսներին արձագանքեց պրոդյուսեր Նոնո Սարգսյանը. «Վերջին բառը որևէ ենթատեքստ չունի, չէր կարող ունենալ, հատկապես հաշվի ունենալով, թե ֆիլմն ինչպիսի մարդու մասին է. այնքան հույս ու լույս կար, որ չէր կարող ֆիլմն այդպես անհույս գաղափար ունենալ իր մեջ»:

Զարմանալի անհետևողականություն. եթե որևէ իմաստ չունի, ինչո՞ւ այդպես ապոկալիպտիկ վերնագրել ֆիլմը…

«Երանի՜ քեզ … խիղճդ էլ մաքո՜ւր, մաքու՜ր…»

Խորեն Լևոնյանի դերակատարումը գրավիչ է դարձրել Վազգեն Սարգսյանի հիշատակին արված ֆիլմը:

Դերասանը չի կրկնօրինակել Վազգեն Սարգսյանին, այլ ցանկացել է «նյարդը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին»։ Ամեն օր հեռուստաէկրանին Խորեն Լևոնյանին տեսած հանդիսականն ասես Վազգեն Սարգսյանի ծանոթ ուրվագիծն է տեսնում, հատու խոսքին հետևում…

Քառասուն տարեկանում դեռևս չամուսնացած, մարտիկ Վազգենին ռացիայով բարեմաղթում են. «Քո հարսանիքը Շուշվա լեռներում կանենք», և միտքն այնքան գրավիչ է թվում, որ ծնվում է «Հարսանիք լեռներում» օպերացիայի անվանումը:

Հետո արդեն Վազգեն- Խորեն Լևոնյանը ձեռքը թափահարելով երգում է ծանոթ տողերը.

-Հո՜ւռա՜, հուռա- հուռա- հո՜ւ-ռա՛,

Քաջ Նժդեհի սուրը շողշողա՜…

Թվում էր՝ Վազգենն էր էկրանին, և այդ զգացողությունը պահպանվում էր, երբ անգամ հրապարակի զորահանդեսի վավերագրական ծանոթ կադրեր էին ցույց տալիս:

Լավ էր, որ քիչ էին հղումները Վազգենի գրականությանը և հրապարակախոսությանը, գայթակղություն, որից կարողացել էին խուսանավել կենսագրական ֆիլմ անելիս:

«Տանել չեմ կարողանում զոհ բառը, մազապուրծ բառը». Վազգենի խոսքն է, բայց պատերազմի հաղթանակը մենակի, թեկուզև վճռական մենակի մենաշնորհը չէր: Պատերազմ գնացին ու հաղթեցին հազարավորները՝ սովետական դպրոցներում լավ սովորող, կարդացած, հայ սպարապետի պաշտամունք ունեցող, անձնազոհ, հայրենասեր, աներկմիտ, անանուն, չփախչող, ազնիվ ընտանիքների համեստ երեխաները: Կամավոր գնացին՝ հաղթահարելու համար շնչահեղձ անող «զոհ, մազապուրծ»  վիճակները:

Ֆիլմում կա նաև նորաստեղծ բանակի այլասերության սկիզբը՝ կաշառքը հենց ամենասկզբում, ու երկրի պաշտպանության առաջին դեմքի «լինչի դատաստանը» բանակն ու երկիրը չփրկեց այդ բացիլից, կոռոզիայից… Կոռուպցիայի ուրվականի մասին Վազգեն Սարգսյանի հիշատակումն էլ կա՝ 1999 թվականի հոկտեմբերի 19-ի ճերմակ վերնաշապիկով հայտնի ելույթում: Մինչև համազարկերը մնացել էր մի քանի օր:

Սկսել էին սպառնալ ամենազոր վարչապետին. «Ո՞վ ես, դուրս արի, դո՛ւրս արի դեմքդ տեսնեմ»:

 Տանից դուրս գալուց առաջ եղբոր երեխաների հետ Վազգենը երգում է «ամպի տակից ջուր է գալիս․․․» :

-Էդ ինչ նամակ էր, հոպար

-Հեչ, սթից բան :

Մինչ այս ֆիլմը՝ Վազգենի դերակատար Խորեն Լևոնյանին նմանեցնում էին պապին՝ Խորեն Աբրահամյանին, սակայն իրեն «հաջողվել է ըստ արժանվույն մարմնավորել սպարապետին, առանց ավելորդ պարոդիայի, նրա էությունը փոխանցելով»:

Պապի հետ նմանությունը կա, և համեմատությունն ըստ էության է, ավելի խորքային:

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի երկու տեսարան զուտ գեղարվեստական է ու շատ հուզիչ: Արարատի իր հայրական տանը սովետական «Հորիզոն» հեռուստացույցով «Սարոյան եղբայրների» խամրած կադրերն են, իրար են խառնվում ժամանակներն ու դեմքերը, պապն ու թոռը, Խորեն Աբրահամյա՞նն է, թե Խորեն Լևոնյանը, մեկ դար առաջ, թե հետո… «Երանի՜ քեզ … Հայկ, Հայկ, պապ չես սպանել, ընտրություն չես արել , Գևորգ գան, Վազգեն ջան, Հայկ ջան …  խիղճդ էլ մաքո՜ւր, մաքու՜ր».…

Մեր կինոյի պատմության մեջ լավագույն քննությունը բռնած դերակատարումը Գևորգ Սարոյանն է: Հայի չասված կենսագրությունը, որը պոռթկում է Խորեն Աբրահամյանի դերակատարմամբ ու Հրանտ Մաթևոսյանի տեքստով… «Հայացք Երևանից» ամսագրի հարցադրմանը Խորեն Աբրահամյանը պատասխանել է. «Լրիվ համաձայն եմ, շատ լավ հասկանալով, որ խախտում եմ մարդավարության տարրական կանոնները: Պարզապես մի ուղղում եմ ուզում անել. դա սովորական դերակատարում չէ… Դա հայ ժողովրդի պատմությունն է, հայ մարդու հոգեբանությունն է, հայի կենսագրությունն է. շատ խորը, շատ հայավարի ու շատ մարդավարի»:

Շատ հայավարի ու շատ մարդավարի է նաև Վազգեն Սարգսյանի կյանքի հետագիծը:

Գևորգ Սարոյանը արնաքամ է լինում ծանոթ հայրենակցի մի քանի դավադիր գնդակից, դահլիճի կրակահերթերի առաջին թիրախը Վազգեն Սարգսյանն է:

Թիկունքին ստացած առաջին կրակոցից Գևորգ Սարոյանը հետ է դառնում, նայում իրեն կրակողի դեմքին… Կրակոցները կրկնվում են, Գևորգը գայթում է, գայթում, ու բերանքսիվայր տապալվում: Մի քանի տասնամյակ հայ հեռուստադիտողը խուսափում էր, հայացքը շուռ էր տալիս այդ պատկերը տեսնելիս:

Ամեն հոկտեբերի 27-ին, երկու և ավելի տասնամյակ, սարսափելի է նայել նստարանին տապալված, ավտոմատի խզակոթով հարված ստացող Վազգեն Սարգսյանին…

Հուզիչ տեսարաններից երկրորդում Վազգեն Սարգսյանի փլված ձեռքի մատներից արյուն է ծորում, և թիկունքից երևացող կինը պարուրում է նրան հասարակ ծածկոցով, որ չմրսի…

Վերջին պահին ծանոթ դեմքեր տեսա՞վ, թե ոչ առաջին շարքում նստած վարչապետ Վազգեն Սարգսյանը:

«Ո՞վ ես, դուրս արի» հարցը դեռ երկար ճանապարհ ունի, կամ պատասխան չունի…

Գայանե Մկրտչյան