ardi.am Ազդագիր

«Ռոսլինում» չկան երկրորդական նյութեր

03.06.2021

Լույս է տեսել «Ռոսլին» արվեստի հանդեսի 2-րդ համարը։ «Արվեստասեր ընթերցողը անվերապահորեն կգտնի իր գեղագիտական պատվախնդրությունը բավարարող հրապարակումներ։ Ես այսօր փորձում եմ ստեղծել հանդեսի ներքին արխիտեկտոնիկան՝ արվեստաբանների, ստեղծագործողների, գեղագիտական և ժամանակային չափորոշիչների ձևակերտմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց հանդեսի հիմնադիր խմբագիր Վրեժ Առաքելյանը։  Ըստ նրա՝ գեղարվեստական հանդեսի, ամսագրի և պարբերականի հիմնանյութը հենց արխիտեկտոնիկան է, որը պայմանավորում է գեղարվեստական նյութի կառուցիկությունը, նրա գլխավոր և երկրորդական տարրերի ներդաշնակությունը։ 
Հարցին՝ համարի ո՞ր  նյութերը կառանձնացնեիք, Վրեժ Առաքելյանը պատասխանեց, որ «Ռոսլինում» չկան երկրորդական նյութեր, չկան ու չեն լինելու․ «Ուղղակի զետեղված է հիմնարար, ժամանակի ոգին ամրապնդող «Աստծո փառքի համար» աննախադեպ նյութը՝ կրոնագետ Վարդան Խաչատրյանի հեղինակությամբ, նվիրված զարմանալի կերպարվեստագետ Մայիս Մխիթարյանի արվեստին։ Հանդեսի շապիկին  նրա «Մելիքսեթ քահանան Թոնդրան վրա կնքում է Սանասարին ու Բաղդասարին» կտավն է։ «Կրոնական տարածքի բնակիչը» հոդվածը հանդեսի հայեցակարգի արտահայտիչն է, ճանաչված արվեստաբան Մարտին Միքայելյանը ուշագրավ բնորոշումներով և բացահայտումներով արվեստասեր հանրությանն ու արվեստի աշխարհին է ներկայացրել միայն մասնագետների նեղ շրջանակներին հայտնի տաղանդավոր գեղանկարիչ, վաղամեռիկ Այվազ Ավոյանին։

Արվեստաբանները, որոնք համագործակցում են մեզ հետ, ներկայացրել են գրավիչ և արդիական նյութեր․  Օվսաննա Քարամյանի «Հովհաննես Մինասյանի մոնումենտալ-դեկորատիվ խճանկարները», Զառա Մալոյանի  «Символика «Башни» в искусстве и психологии», Սիլվիա Մանուչարյանի «Ֆրանսիան Խաչատուր Եսայանի աչքերով», Վարդուհի Ադամյանի  «Սարյանի տունն ու նրա հյուրերը»,  Տարիել Հակոբյանի «Չարժանանանք դավաճանի խարանին»,  Հովհաննես Մանուկյանի «Пространство динамического звука Сергея Косемяна», Հասմիկ Բադալյանի «Փոքր մարդու դրամա․ Հրաչյա Հակոբյան» և այլ շարադրանքներ»։

ardi.am

Հ․Գ․ Վրեժ Առաքելյանի հետ ամբողջական զրույցը՝ առաջիկայում։

No Comments

Leave a Reply