Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Ռուբենս. Մի նկարի պատմություն

17.01.2025


Ֆլամանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը (1577-1640 թթ.), որը համարվում է նիդերլանդական բարոկկոյի հիմնադիրը նկարչության մեջ, ապրել է հագեցած ու ստեղծագործական բեղուն կյանք։ Որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, եղել  Վինչենցո Գոնզագայի պալատական նկարիչը։ Որպես դիվանագետ աշխատել է Իսպանիայում, Անգլիայում,  սակայն հիմնականում բնակվել է Անտվերպենում՝ լինելով Իզաբել Ավստրիացու պալատական գլխավոր նկարիչը։ Ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում՝ թողնելով հարուստ ժառանգություն։

«Հռոմեուհու հայրասիրությունը»



Ձեզ ներկայացվող ստեղծագործությունը Ռուբենսի հայտնի կտավներից է: Նկարիչը այն վրձնել է՝ ոգեշնչվելով հռոմեացի պատմիչ Վալերիուս Մաքսիմուսի թողած մի հիշատակությունից: Թե որքան է այդ պատմությունն իրական, հայտնի չէ: Բայց այն հուզառատ է, խորիմաստ, դաստիարակիչ ու գեղեցիկ  լեգենդի նման: Ըստ այդ լեգենդի՝ Թիմոն անունով մի պատրիկ հանցանքի համար դատապարտվել էր սովամահության: Նրա Պերո անունով դստերը թույլատրվել էր ամեն օր այցելել  հորը՝ բանտախուցը կարգի բերելու համար (ջուր բերել, բանտախուցն ավլել, ծղոտը փոխել)։ Տեսնելով, թե ինչպես է հայրն օրեցօր հյուծվելով մեռնում իր աչքի առաջ, նրա կյանքը գոնե մի փոքր երկարացնելու համար, բանտապահներից թաքուն, Պերոն, որ նորածին երեխա ուներ, հորը կերակրում է իր կրծքի կաթով։ Սովամահության դատապարտված ծերունին արդեն մահացած պիտի լիներ, բայց նա շարունակում էր ապրել. դա կասկած է առաջացնում, և բանտապահները Պերոյին հետևում ու բռնեցնում են:
Լուրը հասնում է կայսրին, և Սենատը, որքան էլ հակված էր աղջկան մահվան դատապարտելու, այնուամենայնիվ տեղի է տալիս դստեր՝ հոր նկատմամբ ունեցած հուզիչ ու անսահման սիրո առջև։ Սենատը վճռում է ազատ արձակել երկուսին էլ։ Հորը՝ նման անձնազոհ աղջիկ դաստիարակելու, իսկ աղջկան՝ անձնազոհության հասնող ծնողասիրության համար:

 Թեման, լինելով խորիմաստ, դաստիարակիչ, գրավել է շատ ու շատ գեղանկարիչների ուշադրությունը: Այս սյուժեով առաջին որմնանկարը հայտնաբերվել է Պոմպեյի պեղումների ժամանակ և համարվում է անհայտ հեղինակի առաջին դարում վրձնած աշխատանք: Սյուժեն առավել մեծ հետաքրքրություն առաջացրել է Վերածննդի ժամանակաշրջանում: Ինչպես քանդակագործության, այնպես էլ գեղանկարչության մեջ այս թեմայով և՛ քանդակներ կան, և՛ կտավներ: Ռուբենսը այս նկարի երկու տարբերակ ունի: Հարկ է նկատել, որ աշխարհահռչակ ֆլամանդացին այն գեղանկարիչներից է, որը միևնույն թեմային անդրադարձել է մի քանի անգամ (միայն «Խաչից իջեցնելը» սյուժեին նա անդրադարձել է 7-8 անգամ՝ ձգտելով հասցնել կատարելության)։ Սա վերը հիշատակված սյուժեի երկրորդ տարբերակն է, վրձնել է 1630 թվականին (գտնվում է Ամստերդամի Ռեյկսմյուզեում թանգարանում)։ Առաջին տարբերակում (1612թ., գտնվում է Էրմիտաժում)  կարծես պակասում է լավատեսությունը: Կտավը միայն կարեկցանք ու խղճահարություն է առաջացնում, որովհետև հայրը շատ է ուժասպառ, և աղջկա ջանքերն իզուր են, անկարող են հոր կյանքը փրկելու: Բացի դրանից՝ կտավում միայն աղջիկն ու հայրն են, ինչը թերի է կոմպոզիցիայի ամբողջականության առումով: Ոչ միայն դա. հայրը տարիքով անհամեմատ երիտասարդ տղամարդ է, ինչը, կամա թե ակամա, կտավը դիտողի միտքը տեղափոխում է էրոտիկ տարածք, մանավանդ որ տեսարանում բացակայում է երրորդ անձի կամ անձանց (բանտապահի կամ բանտապահների) ներկայությունը, ինչը կտավին լարվածություն կհաղորդեր: Բացի այդ, աղջիկը կրծքով կերակրում է հորը՝ հայացքը չկտրելով նրանից, իսկ դա միայն վնասում է աղջկա կերպարը՝ դարձյալ էրոտիկ մտքեր ծնելով: Հատկապես որ սովամահության դատապարտված տղամարդու դիրքն էլ համոզիչ չէ, ոտքը ոտքին է գցել։ Կտավում բացակայում է հոր մաքառումը, ապրելու տենչանքը: Ինչ խոսք, Ռուբենսը ինքն էլ է զգացել այդ թերությունները, ինչն էլ, գեղանկարչին մղել է կրկին նույն թեմային անդրադառնալու, որտեղ և՛ ասելիքն է խոր, տարողունակ, և՛ կոմպոզիցիան է հավաք, ամբողջական: Ուստի այս տարբերակում մենք տեսնում ենք, որ ներկա են նաև բանտապահները, ինչն ավելի տագնապալից, դրամատիկ է դարձնում տեսարանը, ընդգծում աղջկա անձնազոհ արարքը։ Ավելին, հրաշալի է պատկերված ծերունի հոր դիրքը՝ թեպետ զառամյալ է, բայց տեսեք, թե ինչպիսի ձգտում, տենչանք կա դեպի կյանքը։ Սքանչելի է նաև դստեր դիրքը. նա իր հայացքը դարձրել է դեպի ճաղապատ պատուհանը՝ չլինի՞ մեկնումեկը հանկարծ նկատի իր արարքը, միևնույն ժամանակ նա  հայացքը ամոթխածությունից շրջել է հորից: Եղել է ժամանակ, երբ հայրն իր զավակին կյանք է պարգևել, հիմա էլ զավակն է հորը կյանք նվիրում: Կտավը ամբողջովին սիրով է լեցուն: Բոլոր այն նկարիչները, որոնք անդրադարձել են այս թեմային, մի բան են ընդգծել՝ սերը, որ ակնառու է հատկապես Ռուբենսի մոտ: Իսկ նա կտավը դիտողներիս պատգամում է` պաշտելու չափ, անձնազոհության չափ սիրեք ձեր ծնողին, քանի դեռ նա ողջ է, ձեր կողքին է, այդկերպ դուք նրա ապրելիք օրերն եք երկարացնում: Հակառակ դեպքում, նրա մահից հետո ձեր ցուցաբերած սերն ու ամեն բան լինելու են անիմաստ և ունայն:

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)