Կրեատիվ Արմինե Սարգսյան ՃՇ

Այս երկիրը մերն է/ Շինարարական գերդաստաններ

01.06.2023

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր

Շինարարների մի գերդաստան, որի պատմությունը  երկրի կառուցման հին ու նոր օրերի պերճախոս նկարաշարի է նման: Թեև՝ ուղիղ իմաստով էլ մեր զրույցը սկսվում  է լուսանկարների ալբոմները թերթելուց։ Գյուղաքաղաքից քաղաք դարձող Երևանի շենքերն են, հանրապետության հյուսիսից մինչև հարավ բարձրացող կառույցները՝  ջրանցք ու ջրամբար, գործարան ու դատարան, դպրոց ու մարզադաշտ…  Մենք սովոր աչքերով ենք նայում դրանց՝ որպես անշունչ կերտվածքների, որոնցով որոշում ենք մեր ուղին: Բայց կանգ առնենք մի պահ, զրույցի բռնվենք նրանց հետ, և այդ քարե լռության միջից կհառնեն կենդանի պատմություններ արարող մարդկանց մաքառումների և խիզախումների մասին:
Տարեգրության էջերը թերթել  մեզ օգնում է վաստակաշատ շինարար,  «Հաէկի  շինարարություն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Վարդանյանը:

                  

 
Վանից՝ Երևան․ մարդ, որը ձեռագիր է թողել մայրաքաղաքում

Տոհմական արժանապատվությամբ է պատմում  նա Երևանը կառուցած շինարար պապի մասին, որի վանեցի նախապապերն են հազարամյակներ առաջ կառուցել հայոց առաջին մայրաքաղաքը: Հայ շինարարի մուրճի հեռավոր արձագանքները Վանից հասել են Երևան՝ տարածվելով դարերը կամրջող նորօրյա կամարների ու խոյակների վրա, ի հավաստումն աշխարհակերտման ակունքներում կանգնած հինավուրց այս ժողովրդի ապրելու և արարելու կամքի, իր շուրջը շեն ու ծաղկուն դարձնելու ի սկզբանե տրված առաքելության: Եվ, ո՞վ գիտե, գուցե մի օր էլ դրանք Երևանից հասնելու են Վան, ու շարունակվելու է վերածնվող հայոց քաղաքների երթը դեպի հավերժություն…

Աշոտ Վարդանյանն իր ընտանիքով հիմա ապրում է երևանյան այն շենքում, որն իր մայրական պապը՝ Վարդան Գևորգյանն է կառուցել: Ասում է՝ ութամյա տղայի հիշողություններում  մնացած պապի շունչն զգում է այս պատերի ներսում և հենց դրա համար է գնել բնակարանը. տասնամյակներ անց Վարդան և Վարդանյան պապն ու թոռը այստեղ կրկին հանդիպել են: Այդ հայտնի՝ «Ձկան խանութի» շենքի կողքինն էլ է պապի կառուցածը ու էլի շատերը, որ զարդարում են քաղաքի փողոցները՝ Տերյան, Մոսկովյան, Նալբանդյան, Կիևյան, Կասյան, Տիգրան Մեծի…

Վարդան Գևորգյանի մանկությունն անցել է Վանի Այգեստան թաղամասում: Նրա պապը մերձակա Կզլջայի գյուղապետն է եղել: 1915-ի ջարդերի ժամանակ ընտանիքի չորս երեխաներից փրկվել է միայն 8-ամյա Վարդանը, որին վիճակված էր ճաշակել գաղթի բոլոր դառնությունները  և ամբողջ կյանքում իր մեջ կրել ճանապարհին մահացած մանկահասակ քրոջը սեփական ձեռքերով հողին հանձնելու անամոք կսկիծը: Մոր հետ հասել է էջմիածին, հետո Դիլիջան, ի վերջո՝ հաստատվել Երևանում։ Նոր Հայաստանում իրենց կյանքը վերսկսած այս մարդիկ գաղթի մասին խոսել չեն ցանկացել…

Քսանամյա Վարդանն ամուսնացել է զարմուհու՝ Սիրանուշի հետ։ Ծանոթությունը ապագա կնոջ հետ եղել է մոր՝ Իսկուհու նախաձեռնությամբ։ Աղջկան մայրը փնտրել, գտել է ամերիկյան մանկատանը։ Նրանց ամուսնությունից ծնվել են Նինել, Զինաիդա դուստրերը և Արամ, Սերգեյ, Ռազմիկ որդիները։ Սիրանուշը հետագայում դարձել է Հանրապետության վաստակավոր ուսուցչուհի:

Այն տարիների մթնոլորտն ամբողջովին ներծծված էր հանրապետություն մուտք գործած նոր՝ համայնավարական գաղափարների ոգով: Եվ Վարդանն էլ աշխատանքային ուղին սկսում է իր համերկրացի Աղասի Խանջյանի մոտ կուսակցական գործունեությունից՝ ղեկավարելով կոմերիտական բջիջը: Հայրենական պատերազմի տարիներին, լինելով Թալինի զինկոմը, կազմակերպել է պատերազմ գնացող գնդերի վերապատրաստումը: Բայց նրա իսկական կոչումն այլ էր՝ շինարար դառնալը, և նա սկսեց հեռակայել պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում:

Հաջորդող երկու տասնամյակները  նրա և Երևանի համար կառուցման հևքով լի շռնդալից տարիներ էին: Քաղշինտրեստի (հետագայում՝առաջին շինտրեստի) նրա ղեկավարած շինվարչությունն էր իրականացնում քաղաքով մեկ սփռված  հայտնի կառույցներից շատերը. Երևանն անճանաչելիորեն փոխվում էր, մայրաքաղաքին վայել շուք ու գրավչություն ստանում: Մահ ու ավեր տեսած ու մահին կառուցելով հաղթած շինարարին, ավաղ, վիճակված էր ժամանակից շուտ ավարտել իր կյանքի ուղին՝ սերունդներին ավանդելով մի քաղաք, որի գողտրիկ դիմագիծը նաև ինքն էր հյուսել:

Շինվարչության պետ Վարդան Գևորգյանը՝ մայիսմեկյան շքերթի ժամանակ (ձախից)
Իր կառուցած դպրոցական շենքի առջև․․․
Հայրենադարձների համար կառուցված ժամանակավոր կացարաններով Կիրզա ավանը. Վարդան Գևորգյանն անձամբ է դիմավորել այս տների ապագա բնակիչներին, որոնց մեջ էր նաև օպերային աստղ Գոհար Գասպարյանը
Վարդան Գևորգյանը (ձախից 3-րդը)՝ մոր, կնոջ և երեխաների հետ հյուրընկալել է դերասան Թաթիկ Սարյանին (ձախից 1-ինը)
«Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրության և հրատարակչության շենքը՝ Երևանի Կարմիր բանակի (այժմ՝ Գր. Լուսավորչի) փողոցում
Բնակելի շենք՝  Երևանի Կիևյան փողոցում
«Ձկան խանութի» շենքը՝  Երևանի Կարմիր բանակի (այժմ՝ Գր. Լուսավորչի) փողոցում
Երկաթուղային վարչության շենքը՝ Միկոյան (այժմ՝ Տիգրան Մեծի) պողոտայում


Գրողների բնակելի շենքը՝  Երևանի Տերյան փողոցում 
Բնակելի շենք՝  Երևանի Մոսկովյան փողոցում

«Նորքում գտնվող պապիս տունը մեծ այգի ուներ՝ պտղատու ծառերով, արհեստական լճակ՝ ձկներով,- հիշում է Ա. Վարդանյանը:- Այստեղ հաճախ էին հավաքվում քաղաքի պատկառելի դեմքերը՝ գրողներ, մշակույթի գործիչներ, պաշտոնյաներ։ Ծնողներիցս միշտ լսել եմ, որ մեծ թվով շինություններ է կառուցել Երևանում։ Վերջերս ալբոմը գտա, որտեղ փակցված էին նրա՝ 1946 թվականից ի վեր արված կառույցների լուսանկարները: Այսպես ասած՝ նյութականացվեց, տեսանելի դարձավ իմ պապի դերը Երևանի կառուցապատման գործում։ Կուզեի, որ ճանաչեին քաղաքում իր ձեռագիրը թողած մարդուն. եթե չգնահատենք, չմեծարենք իրենց քրտնաջան աշխատանքով երկիրը շենացնող այդ նվիրյալներին, մեր արածն էլ իր տեղը չի գտնի»։

Թերթել է պապի կազմած ալբոմը, լուսանկարներում պատկերված կառույցները մեկ առ մեկ փնտրել, նույնականացրել այսօրվա հասցեների հետ։ Մեծ մասը կանգուն շինություններ են, որոշ կառույցների հասցեներ չի հաջողվել գտնել։

«Ամեն անգամ պապիս կառույցներին նայելիս՝ հպարտություն եմ զգում,-անկեղծանում է նա,- ասում եմ՝ քո քրտինքն է, քո թողածը, որ ժողովուրդը մինչ օրս վայելում է: Դրանց մեծ մասը կոթողային նշանակություն ունեցող կառույցներ են, «ստալինյան» նախագծեր՝ բարձր հարկերով, ընդարձակ շքամուտքերով, հաստ պատերով: Այդ տարիներին նախագծված ու կառուցված շենքերը մինչ օրս անխաթար են մնացել: Ֆասադներին նայում ես ու զարմանում, թե ի՛նչ վարպետներ են եղել, ի՛նչ ճշտությամբ են կառուցել, ի՛նչ ձեռագործ աշխատանք է արվել՝ թռչուններ, խաղողի վազեր… Հիմա չկա այդ մշակույթը։ Ճիշտ է՝ ժամանակատար է եղել, բայց ազգովի աշխատել են, բնակիչներն օգնել են շենքերը կառուցելիս։ Եթե ավելի մեծ տարիքում հնարավորություն ունենայի շփվել այդ մարդու հետ, շատ դասեր կքաղեի նրանից։ Թեև՝ գենետիկորեն որոշ բաներ փոխանցվել են։ Օրինակ՝ խստությունն աշխատանքում։ Կառուցելու ջիղը: Դա էլ տրված է եղել նաև իմ հայրական կողմից»։

Գործիքների արկղն  ու սև թուղթը

Արիստակես Վարդանյան

Աշոտ Վարդանյանը հոր պապի՝ Սեդրակի մասին  այնքանը գիտի, որ լավ շինարար է եղել. Ստեփանավանի մոտ գտնվող Լեջան գյուղում մինչ օրս կանգուն է բազալտե երկհարկանի տունը, որը 1920-ական թվականներին նա կառուցել է երեք որդիների հետ: Վերջիններս Թբիլիսի տեղափոխվելուց և այնտեղ նոր տուն կառուցելուց հետո՝ այն վաճառել են:

Իր Արիստակես պապի մասին էլ շատ բան չգիտի. Հայրենական մեծ պատերազմից չի վերադարձել, զոհվել է 1942-ին, Կերչում։ «Նրանից մնացել է գործիքների արկղը և պատերազմից եկած սև թուղթը։ Հմուտ հյուսն է եղել: Տատս արգելում էր ձեռք տալ  գործիքներին, մասունքի պես պահում էր, բայց, մեկ է, վերցնում էինք սղոցը, ռանդան, մյուս գործիքներն ու կառուցելու առաջին փորձերն անում»,- Աշոտ Վարդանյանի մանկության վերհուշն է։

Մեծերից լսել է նաև Աշխեն տատի և Արիստակես պապի ամուսնության պատմությունը։ Պապի հայրը՝ Սեդրակը, «ղաչաղ» է եղել, տատի հոր հետ տալու-առնելու խնդիր ունեցել։ Երբ տեսել է նրա 16-ամյա աղջկան՝ գեղեցկուհի Աշխենին, առաջարկել է կնության տալ իր որդուն, տալիքները զրոյացնել։ Համաձայնությունը կայացել է, երիտասարդներին ամուսնացրել են: Արիստակեսի զոհվելուց հետո Աշխենը միայնակ մեծացրել է երեք որդիներին, կրթության տվել՝ զերծ պահելով Թբիլիսիի՝ հանցագործ տարրերով հայտնի թաղամասի հնարավոր վտանգներից։
Գուցե գործիքներով լի հենց այն արկղի մեջ է պահված եղել  նաև նրանց ճակատագիրը. ճանապարհները վաղ թե ուշ երեքին էլ տանելու էին շինարարության ասպարեզ:

«Ղաչաղ» Սեդրակը (վերևի շարքում ձախից առաջինը) և Ստեփանավանի Լեջան գյուղի մյուս երևելիները, 1915 թ.


Թբիլիսիից՝ Երևան. հիդրոշինարարների դասական ընտանիք

 

Հրաչիկ Վարդանյան

Շինարար՝ հարուստ կենսագրությամբ. այսպես է Աշոտ Վարդանյանը ներկայացնում հորը՝ Հրաչիկ Վարդանյանին։ Պոլիտեխնիկականի հիդրոֆակուլտետն ավարտած մասնագետը երկար տարիներ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում՝ որպես նախագծող կոնստրուկտոր, այնուհետև՝ շուրջ 20-ամյա աշխատանքային ճանապարհ «Երարդշին» տրեստի հետ՝ շինվարչության գլխավոր ինժեներից մինչև պետ, մի կարճ ժամանակ էլ ղեկավարել է Պետշինի տեսչական մարմինը: Մեծաթիվ են նրա իրականացրած կառույցները՝ շուրջ 140 շենք և շինություն, որոնցից առավել հայտնի են Երևանի Էլեկտրալամպերի, Ավտոդողերի և Ռելեի գործարանները, «Երազ» ավտոգործարանը, ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության շենքը։

«Երազ» ավտոգործարանի շենքը՝ Երևանում, 1970-ական թթ.

 

ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության շենքը (հետին պլանում՝ Մամուլի տունը)՝ Երևանում


Հրաչիկ Վարդանյանի ստեղծած կառույցների մեջ, սակայն, ամենաինքնատիպը իր ընտանիքն էր՝ հիդրոշինարարների մի իսկական բույլ: Ինժեներ-հիդրոտեխնիկ կինը, որը հիդրոտեխնիկի ընտանքից էր ելել, աշխատում էր նախագծային ինստիտուտում: Երկու որդիներն ու դուստրը նույնպես ընտրել էին ծնողների ճանապարհը: Նրանք հետո պիտի երախտագիտորեն խոստովանեին, որ հայրն իրենց  համար միայն ծնող չի եղել, այլ մեծ ուսուցիչ, որից մասնագիտական մեծ դասեր են քաղել։

Մի գրավիչ պատմություն՝ «ՃՇ» ամսագրի պահոցից, 2010 թ.



«Հաէկի Աշոտը». իրար շաղկապված անուններ

«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Վարդանյանը

«Երբ ծնվում ես մի տան մեջ, որտեղ հիմնական խոսակցությունները շինարարության մասին են՝ այս կառուցեցինք, այն կառուցեցինք, այս խնդիրն այսպես կամ այնպես լուծեցինք, մինչև հասունանալդ արդեն որոշակի պատկերացում ու հմտություններ ես ձեռք բերում»,- ասում է Աշոտ Վարդանյանը:

Սկզբում հրապուրվել է սպորտով, հաճախել Ալբերտ Ազարյանի դպրոցը՝ նրա որդու հետ։ Մարզչի հետ շատ կապված է եղել ու քրտնաջան աշխատել: Իր հետ մեծ հույսեր են կապել։ Բայց հետո մարզիչը փոխվել է…

Ապագա մարզիկի պատմությունն այս կետում ավարտվում է, գծագրվում է տոհմիկ շինարարի ուղին։ Շինվարչությունում, որի պետը հայրն էր, 8-րդ դասարանից սկսում է բանվորություն անել։ «Ամռան երկու ամիսն աշխատում էի, աշխատավարձը կուտակում, նվագարկիչ գնում, ձայնասկավառակներ, դրոշմանիշներ, ինչպես մեր սերնդի շատ երիտասարդներ։ Շինարարի մկրտությունն այդտեղ եմ ստացել»,- պատմում է նա՝ չմոռանալով ավելացնել, որ իրեն չի տարանջատել կոլեկտիվից. բոլորը մտածել են, որ պետի տղա է՝ չի աշխատի, իսկ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի հոր պատիվը խոսակցության առարկա չդառնա։ Հայրն էլ, իր հերթին, աշխղեկին հրահանգել է մյուսներից ցածր գրել տղայի աշխատավարձը։ «Քիթս մտցնում էի տարբեր աշխատանքների մեջ՝ և՛ բետոնային, և՛ եռակցման, նույնիսկ բարձրանում էի աշտարակային կռունկի վրա, օպերատորի հետ մոնտաժման աշխատանքներ անում: Մինչև բուհ ընդունվելը շինարարական ոլորտի «ա»-ն ու «բ»-ն արդեն գիտեի։ Կարծես նախանշված էր, որ պիտի դառնամ շինարար, այլ բան չէինք էլ մտածում»։
Ժպիտով վերհիշում է պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոշինարարության ֆակուլտետ ընդունվելու հետ կապված հետաքրքիր պատմությունը․ ընդունելության քննությունները դիտավորյալ ձախողել է, որպեսզի նույն կուրսում քրոջ հետ չլինի. (վերջինիս՝ ինստիտուտ ընդունվելու երրորդ փորձը խոսում էր այն մասին, որ շինարար հոր ճանապարհով գնալու վճիռն անսասան է): «Քննությունից շուտ դուրս եկա։ Ծնողներս սպասում էին։ Ասացի՝ չկարողացա հանձնել։ Զայրացան իհարկե։ Քույրս ընդունվեց, իրենք գնացին հանգստանալու, ինձ, որպես պատիժ, թողեցին այստեղ։ Եկան, իմացան, որ բարձր միավորներով ընդունվել եմ երեկոյան բաժին»։

 

Իր համար դա հաջողված լուծում էր՝ ուսումն ու աշխատանքը համատեղելու, մեկը մյուսով լրացնելու իմաստով: Թրծվելով «Հանարդնախագիծ» և «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտներում՝ նախագծող-կոնստրուկտորն այնուհետև ներգրավվում է արտադրական գործունեության մեջ. սկիզբ էր դրվել հայկական ատոմակայանի երկրորդ հերթի կառուցմանը, և, որպես շինարարի կայացման մեծ դպրոց, հոր խորհրդով աշխատանքի է անցնում  այնտեղ՝ նշանակվելով ՀԱԷԿ-ի շինվարչության արտադրատեխնիկական բաժնի ինժեներ: Սակայն շուտով, Չեռնոբիլի աղետից հետո շինաշխատանքները դադարեցվում են, իսկ դրան հաջորդած Սպիտակի երկրաշարժից հետո կասեցվում է ատոմակայանի գործունեությունը, և հանրապետության շինարարական բոլոր ուժերը կենտրոնացվում են աղետի գոտում:

Որպես շինարարության ղեկավար՝ Աշոտ Վարդանյանը կայացել է Գյումրիում։ «Երիտասարդ էի, արտադրության մեջ փորձառություն դեռ չունեի,- պատմում է նա։- Մայիսյան գյուղում մեծ կաթսայատուն էր կառուցվում, որը Գյումրին պետք է ապահովեր ջերմամատակարարմամբ և տաք ջրով։ Հզոր կաթսաներ էին տեղադրվում, ինչը պահանջում էր և՛ արդյունաբերական շինարարության մասնագիտական հմտություններ, և՛ բարդ տեխնոլոգիաներին տիրապետում։ Լինելով այդ մեծածավալ շինարարության պատասխանատուն՝ գիտեի ամեն մի հանգույցը։ Օբյեկտն այնպիսի կարևորություն ուներ, որ շաբաթական խորհրդակցությունները երկրի Մինիստրների խորհրդի նախագահի ներկայությամբ էին անցկացվում»։

ՀԱԷԿ. հովացման համակարգ, 1990-ական թթ.

Այդ կաթսայատունը նա համարում է իր իրականացրած օբյեկտներից կարևորագույնը ոչ միայն այն պատճառով, որ այստեղ է ձեռք բերել շինարարության ղեկավարի փորձառությունը, այլև այն նշանակությամբ, որ ունենալու էր՝ աղետի գոտի, պատերազմի մեջ գտնվող երկիր… Տարիներ անց, սակայն, որոշվել է, որ կենտրոնացված կաթսայատունն ամբողջ քաղաքի համար այլևս տրամաբանական չէ, սկսել են քանդել և մաս-մաս վաճառել։ Շինարարն ափսոսանքով է խոսում փոշիացված կառույցի մասին, վստահեցնում, որ հնարավոր էր պահպանել ու վերածել ջերմաէլեկտրակայանի:

90-ականներին, ատոմակայանի վերագործարկման որոշումից հետո, ՀԱԷԿ-ի շինվարչությունը նորից իր դերում էր՝ բոլոր կառույցների մանրակրկիտ ուսումնասիրություն, ուժեղացում, 9 մագնիտուդի հաշվարկով երկրաշարժակայունության պահանջներին համապատասխանեցում:

Աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահուստարանի 1-3 հերթեր, 1997-2015 թթ.

Սակայն քանի որ աշխատանքներն ատոմակայանում մշտատև բնույթ չունեին և կազմակերպությունը հաճախ էր մատնված լինում պարապուրդի,  առաջ էր մղվում գործունեության ոլորտն ընդլայնելու գաղափարը, որն Աշոտ Վարդանյանը սկսեց իրականացնել՝ 2001-ին դառնալով «ՀԱԷԿ-ի շինարարություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն: Կազմակերպության համար հնարավորությունների նոր շրջան բացվեց երեք տարի անց, երբ այն սեփականաշնորհվեց (որպես հատուկ նշանակության օբյեկտ՝ հանրապետությունում ամենավերջինը):

2004-ը նրա կյանքում նշանավորվեց ևս մեկ կարևոր դրվագով: Երբ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ին վստահվել էր ընդհանուր ծրագրի իրականացում, ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկայի լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվեց այցելություն Տեխասի նահանգ՝ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: Ավանդույթներով հարուստ հռչակավոր Տեխասը ոչ միայն օգնեց կատարելագործել մասնագիտական պատրաստվածությունը, այլև իր անօրինակ հյուրընկալությամբ ու մարդկային ջերմ շփումներով անջնջելի հետք թողեց նրա հոգում:

Ջրամբարներ Տավուշի և Կոտայքի մարզերում և պոչամբար Սյունիքի մարզում, 2004-2007 թթ.

Երևանում և մարզերում դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում իրականացված կառույցներ, 2004-2013 թթ.

Տուն՝ Երևանի «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում, 2005 թ.

Արարատի  ոսկու կորզման «Ալբիոն» արտադրամաս, 2014 թ.

 Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ. նոր մասնաշենքեր, 2020 թ.

Ամուլսարի ոսկու հանքի  շահագործման ծրագրի շինարարական և մոնտաժման աշխատանքներ, Վայոց Ձորի մարզ, 2017 թ

Վերջին 15 տարիներին ընկերությունն իրականացրել է մի շարք կարևորագույն հանքարդյունաբերական օբյեկտների շինարարություն: Երբ սկսվեց ծավալվել բազմաբնակարան շենքերով զանգվածային կառուցապատում և այդ տիրույթում հայտնվեցին շինարարությունից հեռու դերակատարներ, մասնագիտացված շինարարական ընկերությունը չէր կարող չարձագանքել նոր մարտահրավերին: Եվ փորձառու, ճանապարհ անցած ու հզոր ներուժ ունեցող «ՀԱԷԿՇԻՆ»-ը, ունենալով և՛ արդյունաբերական, և՛ քաղաքացիական շինարարության օբյեկտների կառուցման փորձ, ռազմավարական լուրջ որոշում կայացրեց՝ իր խոսքն ասել նաև բնակարանաշինության ոլորտում:

Երևանի նոր՝ «Դեֆանս» թաղամասը: Կառուցապատման սկիզբ՝ 2022 թ.

«Բրիջվյու» բնակելի համալիրը՝ Երևանի Դավիթաշեն
թաղամասում, շինարարության սկիզբ՝ 2021 թ.

Մայրաքաղաքի նոր՝ գերժամանակակից «Դեֆանս» թաղամասում նրա կողմից իրականացվող արդեն իսկ առաջին շենքերը շինարարական բարձր մշակույթ կրող ընկերության լուրջ հայտ ներկայացրին:

Այն, որ ընկերությունը շինոլորտում ամբողջ սպեկտրով ներկայացված է, Ա. Վարդանյանը համարում է իրենց հաջողության գրավականներից մեկը. «Հեշտությամբ ենք կողմնորոշվում՝ ճգնաժամային իրավիճակներում անցում կատարելով մի ոլորտից մյուսը. արդյունաբերական, քաղաքացիական, ջրային, էներգետիկ… Միայն ճանապարհաշինությամբ չենք զբաղվում»:

Ասում է, որ «ՀԱԷԿ-ի շինարարություն» անվանումն իր համար սոսկ իրավահաջորդի ժառանգություն չէ. իր և կոլեկտիվի տքնաջան աշխատանքի, ողջ գործունեության արտացոլումն է: Այդ բարձր անունը իրենք պատվով են կրում և շարունակելու են կրել, որովհետև եթե այսօր ատոմակայանի հետ կապված աշխատանքներ չունեն, դա չի նշանակում, որ վաղը չեն ունենալու:

«Ժամանակին, երբ երկրի սահմանները փակ էին, երկաթգիծը չէր աշխատում և ճանապարհ չկար ատոմակայանի կուտակած ուրանը Ռուսաստան տեղափոխելու, խնդիր դրվեց պահեստավորել այստեղ։ Առաջին, երկրորդ, երրորդ հերթերն արել ենք, մյուս տարի չորրորդը պետք է արվի։ Կարծում եմ՝ ինչքան մրցույթներ էլ լինեն, մենք մասնակցելու ենք: Միանշանակորեն: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար, որովհետև դա ոչ թե շինարարություն է, այլ մեր ապագա սերնդի անվտանգության ապահովումը, որին չենք նայում բիզնես տեսանկյունով»,- ընդգծված շեշտադրմամբ  ասում է Ա. Վարդանյանը:

Ներկայում քննարկումներ են գնում ատոմային կայանի նոր բլոկի կառուցման առնչությամբ։ Դրանք ընկերության ապագայի ծրագրերի մեջ են: Շինարարների միության խորհրդի կազմով հանդիպում է կազմակերպվել ատոմակայանի ներկայացուցիչների հետ։ Կառավարությանը և ռուսական կողմին Միությունը հայտարարել է, որ ունի ներուժ և պատրաստ է էներգաբլոկի շինարարության մեծ մասն իրականացնելու:

Սովորական ինժեներից մինչև շինվարչության ղեկավար, ապա շինարարական ընկերության տնօրեն դարձած փորձառու շինարարն արդեն 37 տարվա աշխատանքային ուղի է անցել այս կազմակերպությունում: Այն իր երկրորդ տունն է, նվիրական օջախը: Կենսագրությունը:

Ինքը կոլեկտիվի հոր դերն է ստանձնել. անհանգստացնող հարցերով աշխատակիցները դիմում են ընկերության ղեկավարին՝ վստահ, որ պիտի լուծվի, հույսը նա է: Իսկ ինքը. «Երբեք ոչ մեկին չեմ դիմում, թույլ չեմ տալիս ո՛չ իմ բիզնեսին օգնել, ո՛չ էլ խանգարել: Ինքս իմ հարցերը կարգավորում եմ»։ Անհաջողությունների դեմ պայքարի իր բանաձևն ունի. եկել է այն եզրակացության, որ երբ սկսում ես դրանց մասին մտածել, ավելի վատ վիճակում ես հայտնվում։ Պետք է առաջ նայես ու գործես՝ աշխատես, նորը ստեղծես։ Գլխավորը համբերատարությունն է. «Աշխատանքային դաստիարակություն եմ ստացել այնպիսի հիմնարկում, որտեղ ղեկավարել են բավական հզոր դեմքեր՝ և՛ մասնագիտական, և՛ մարդկային տեսակի առումով։ «Հաէկ»-ի շինվարչության պետը Մելքիսեթյան Արշալույս Գեղամիչն էր, հետո ամբողջ 13 տարի՝ Բաբայա նԱլբերտ Օգանեսովիչը. սովետմիության ժամանակ դա չտեսնված բան էր, շինվարչության պետը 3-5 տարի հետո կա՛մ ավելի բարձր պաշտոնի էր գնում, կա՛մ դատվում։ Ես մեկ-մեկ զարմանում էի, թե այս մարդն ի՜նչ համբերություն ունի, ինչպես է տանում այս ու այն երևույթը, հարթում այս կամ այն իրավիճակը, ու մտածում էի՝այս համբերությունն ինձ տային․․․ Դա էլ դպրոց է։ Այդ համբերության հաշվին կառավարվեց մեր ընկերությունը»։


Շինարարների չորրորդ սերունդը

«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ փոխտնօրեն Հրաչ Վարդանյանը

Աշոտ Վարդանյանի ոչ միայն հայրական, այլև սեփական ընտանիքում էլ շինարարներ են բոլորը: Կինը՝ հիդրոշինարարի դուստր Սաթենիկը, ինժեներ կամրջաշինարար է («արքայական մասնագիտություն»՝ ոչ առանց հպարտության ընդգծում է ամուսինը), թեև՝ չի աշխատել, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ, ժամանակներն էլ այն չեն եղել՝ 90-ականների դժվար տարիներն էին, ու քանի որ իրենց երկուսի գերդաստաններում էլ շատ են եղել շինարարները, դեմ է եղել, որ զավակները ևս ընտրեն փոշու, արևի, քամու և ցրտի հետ բարեկամացած այդ մասնագիտությունը: «Եթե նախապատվությունը այլ մասնագիտության են տալիս, թող գտնեն իրենցը»,- համաձայնել է ընտանիքի հայրը: Երկուսն էլ և՛ Հրաչը, և՛ Անին, տնտեսագիտական կրթություն են ստացել: Բայց վաղ թե ուշ կանգնելու էին հոր կողքին՝ կիսելով բազմազբաղ գործարարի նրա բեռը և ստացած կրթությունը հաջողությամբ ի սպաս դնելով ձեռնարկությունում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Շինարարների ընտանիքը
Շինարարներ պապն ու տատը և շինարար թոռը

Ներգրավվելով ընկերությունում՝ Հրաչը նաև շինարարի կրթություն է ստացել, տիրապետել նորագույն գիտությանը, իր ուսերին վերցրել բարդ խնդիրների լուծումը: Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպչի և գործարարի նրա ջիղն ուրախացրել է հորը՝ որդու մեջ տեսել է հուսալի գործընկերոջ և արժանի փոխարինողի: Մի քանի տարի առաջ, երբ  Ընկերությունը սկսեց իբրև կառուցապատող հանդես գալ սեփական ծրագրով, Հրաչը ստանձնեց «Bridgeview» բնակելի համալիրի շինարարության հիմնական ծանրաբեռնվածությունը:

Ոլորտի խնդիրների մասին երիտասարդ ղեկավարը խոսում է գիտակ վերլուծաբանի տեսանկյունով. «Շինարարության որակի բարձրացումը պետք է սկսվի նախագծման որակի բարձրացումից, որովհետև շատ թերություններ սկսվում են հենց այդ փուլից, իսկ շինարարության որակի վերահսկողության օղակների ուժեղացումն ու զարգացումը թույլ կտան բացառել դրանք: Կապ չունի՝ ինչ ես կառուցում. շենք,  ջրամբար, խողովակաշար, թե ճանապարհ՝ բոլոր օղակներում պատասխանատվության գիտակցում պետք է լինի»։

Հրաչ Վարդանյանը հայրական պապի անունն է կրում: Հիշում է, որ նա մինչև վերջին օրն աշխատում էր, տանը նստած մի բան գծում, իր մասնագիտությանը նվիրված մարդ էր և շատ աշխատասեր։ Այս հատկանիշները ժառանգած Հրաչը հոր օգնությամբ յուրացրել է նաև ղեկավարման հմտությունները. «20 տարեկանից նրա հետ եմ աշխատում։ Բարդ է, սովորաբար հայր ու որդի միասին չեն աշխատում, տարաձայնություններ են լինում, բայց մեզ հաջողվել է փոխգործակցությունը։ Քույրս էլ է միացել մեր թիմին, ֆինանսիստ է, բալանսը պահում է,- ասում է Հրաչը և ծիծաղելով ավելացնում.- Մենք շատ ենք ծախսում, ինքն ասում է՝ քիչ ծախսեք»։

Ամերիկյան համալսարանն ավարտած Անին իր ասպարեզում կայացած մասնագետ է, երկար ժամանակ աշխատել է ներդրումային ֆոնդերի կառավարմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունում: Տնտեսագիտական իր փորձառությամբ զուգահեռաբար մասնակցում է հոր ղեկավարած ընկերության ֆինանսական կառավարմանը: Ասում է՝ տնտեսագիտությունն ու շինարարությունը մոտ ոլորտներ են, նաև հետաքրքիր է շինարարների հետ աշխատելը՝ կողքից հետևելով՝ ինչ նոր կառույցներ են ստեղծվում։ Շինարարի մասնագիտություն ունեցող մայրն էլ է հետաքրքրվում դրանցով, այցելում, անմասն չի մնում ընտանիքի գործնական քննարկումներից:

Տունը, որտեղ սիրո մթնոլորտ է

Վարդանյաններ և Գևորգյաններ.տոհմածառի երկու ճյուղերի արական ներկայացուցիչների մեծ մասը շինարարության բազմահմուտ կազմակերպիչներ են՝ վարչության պետ, կազմակերպության ղեկավար, ձեռնարկատեր, տնօրեն ու փոխտնօրեն: Գևորգյանների ճյուղի ամենավերևում գյուղապետն է:

Հարցին՝ ղեկավարելու գեները ժառանգած այս ընտանիքում գործնակա՞ն մթնոլորտ է, Աշոտ Վարդանյանն իր պատասխանն ունի. «Սիրո մթնոլորտ է»։ Աշխատանքային օրվա ավարտից հետո ընտանեկան ջերմ հարկի տակ անցկացրած երեկոներին շինարարական թեմաներով խոսակցություն գրեթե չի լինում՝ ընդամենը տեղեկատվության կարճ փոխանակում: Օրվա ընթացքում ժամանակ չի լինում շփվելու, բոլորը լարված աշխատանքի մեջ են, չնայած  նույն հիմնարկում՝ բայց ամեն մեկն իր ոլորտի խնդիրների հետ:

«Եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, եղածին ինչ-որ մի բան ավելացնի,  աշխատի, արարի, երկիրը երկիր կդառնա,- ասում է Աշոտ Վարդանյանը:- Ես միշտ ասում եմ մեր երիտասարդներին՝ չորս կողմը մի նայեք, ձեր գործը կատարեք: Գլուխգովանության, ճառ ասելու փոխարեն զանգ կախեք: Գործի բերումով շատ եմ շրջում հանրապետությունում՝ հյուսիսից հարավ, և տեսնում՝ ինչքան բան կարելի էր անել, որ չի արվել։ Մենք երևի շատ քիչ բան ենք արել Հայաստանը հզորացնելու համար… Հույսը նոր սերունդն է. ոսկի երիտասարդություն ունենք՝ երկիրը պահելու իր մտածելակերպով և ունակությամբ»:

*******

Հայ շինարար: Դու ապրում ես մի քաղաքում, որը կառուցել են քո պապն ու հայրը, հիմա կառուցում եք դու և քո որդին: Կառուցելու են նաև քո թոռները, թոռների թոռները՝ սերնդեսերունդ փոխանցելով արարման վսեմ խորհուրդն ու երկիրը ծաղկուն պահելու պատգամը:

Որովհետև այս երկիրը մերն է՝ ասում ես դու: Եվ երկրորդում՝ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՄԵՐՆ Է:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply