Արցախ Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Շուշիի գորգերի, ռուսական ավանգարդ նկարչության, 44-օրյա պատերազմապատումի միջակայքում

04.10.2021

Պատմամշակութային ժառանգություն և պատերազմ

Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի հետևանքով կորսվեցին հայ մշակույթի անքանակ արժեքներ, բայց և Աստծո կամոք, անհատ նվիրյալների ջանքերով փրկվեցին ոչ քչերը: Վերջիններիս թվում են Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշների մի մասը: Պատերազմի պարտադրած ֆորս-մաժորային իրավիճակը ստիպել է թանգարանի հիմնադիր Վարդան Աստծատրյանին ցուցանմուշները դուրս բերել Շուշիից և հասցնել Երևան: Գորգերը փետրվար ամսից ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում:

Շուշիի գորգերը՝ ճարտարապետության թանգարանում

Շուշիի գորգերի թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին: Ասել է թե՝ ընդամենը օրեր առաջ թանգարանը նշել է իր տասնամյակը՝ ավա՜ղ արդեն Երևանում:

Վարդան Աստծատրյանը մարտաֆիլմի դրվագներ հիշեցնող իրապատում է ներկայացնում, որին հավատալը մի փոքր դժվար է մայրաքաղաքային խաղաղության մեջ ապրողներիս համար՝ թեկուզ և արնաքամվող հայրենիքի ցավից խելագարեցնող հոգեվիճակում գտնվելու պարագայում: «Քանի որ ես սպա եմ,- ասում է նա,- և հասկանում եմ զինվորական գործից, տեսա, որ թուրքերը Շուշիի վրա են կենտրոնացել, գալիս են դեպի Շուշի: Կասկածներս լիովին հաստատվեցին, երբ մի հզոր հրթիռ պայթեց թանգարանի մոտ, ջարդվեցին դուռ-պատուհան: Արդեն պարզ էր, որ պետք է անհապաղ տարհանել մեր ունեցած հարստությունը: Կապվեցի Արցախի մշակույթի նախարարի հետ, խնդրեցի մութն ընկնելուց՝ ժամը 23-ից հետո, մի մեքենա տրամադրել, որովհետև այդ ժամերին պատերազմական գործողությունները հարաբերական դադարի մեջ են լինում: Բացի այդ, մութ ժամերին անօդաչուները լավ չեն գործում, տեսանելիությունը բավարար չէ: Հաշվարկս ճիշտ դուրս եկավ: Միայն մեկ շենքից կարողացանք տարհանել նմուշները՝ գորգեր, խեցեղեն, գեղանկարներ: Մյուս շենքինը չհաջողվեց փրկել: Ես շատ անհանգիստ էի, որ կարող է ճանապարհին ցուցանմուշները վնասվեն, և իսկապես էլ մեքենայի ուղղությամբ հրթիռակոծություն է եղել: Հետո ստիպված վարորդը հանգցրել է լուսարձակներն ու Աստծո օգնությամբ հասել Երևան»: Մինչև ճարտարապետության թանգարանում ցուցադրվելը մի կարճ ժամանակ փրկված մասունքները հանձնվել են ի պահ Հայաստանի պատմության թանգարանին և Հայաստանի ազգային պատկերասրահին:

Արցախյան գորգերի հավաքչությամբ և Շուշիի գորգերի թանգարանի ստեղծմամբ Վ. Աստծատրյանն սկսել է զբաղվել այն գիտակցումով, որ հարկավոր է փրկել ազգային մշակութային կարևորագույն նմուշները, կանխել դրանց անխուսափելի կորուստը. «Ես հասկացա, որ մշակութային այդ կարևոր շերտը կորցնում ենք, որովհետև դեռևս  խորհրդային տարիներին ադրբեջանցիները դրանք տարբեր ճանապարհներով վերցնում էին հայերի ձեռքից, տանում-յուրացնում և իրենց համար հորինում մշակութային հիմքեր»: Աստծատրյանի վկայությամբ՝ 1994-ից հետո արդեն Երևանից են եկել գորգերով հետաքրքրվողներ, որոնց համար դրանք եղել են սոսկ բիզնեսի առարկա: Չէին գործում օրենքներ, որոնք կարգելեին այդ արժեքները դուրս բերել իրենց բնօրրանից՝ Արցախից: Եվ այս կորստաբեր ընթացքն էլ նրան մղել է զբաղվելու արցախյան գորգերի փրկության գործով. նա որոշել է ձեռք բերել դրանք բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր հնարավոր աղբյուրներից: «Գորգերի հավաքչությամբ և թանգարանի ստեղծմամբ ես զբաղվել եմ պրագմատիզմից դրդված: Մի քիչ կոպիտ է հնչում պրագմատիզմ բառը, բայց այլ կերպ չեմ կարող արտահայտվել: Ես հավաքել եմ գորգերը՝ որպես մեր ժողովրդի մշակութային ժառանգություն, և համոզված էի, որ կգա մի օր, երբ դրանք կդառնան պետության սեփականությունը: Երբ սկսեցի զբաղվել դրանց ձեռք բերմամբ, պետական որևէ կառույց դրանով չէր հետաքրքրվում: Ես գիտակցեցի, որ եթե սպասենք՝ մինչև մեր պետությունը ոտքի կանգնի, մինչև հնարավորություն ունենա զբաղվելու այդ արժեքավոր նմուշների հավաքչությամբ, մենք դրանք վերջնականապես կկորցնենք: Ուստի, չէր կարելի հապաղել»,- ասում է թանգարանի հիմնադիրը: Թանգարանն ստեղծելիս նա առաջնորդվել է թանգարանագիտական ընդունված մոտեցումներով, սկզբունքներով: Ձեռք բերված ցուցանմուշների վերաբերյալ համապատասխան բնութագրեր են կազմվել, ծագումնաբանության, տեսակավորման խնդիրներն են հստակեցվել-արձանագրվել: Յուրաքանչյուր գորգ ձեռք բերելիս հանդիպել է դրա տիրոջ հետ, ճշգրտել անհրաժեշտ մանրամասներ: «Աշխարհում հազարավոր արժեքավոր գորգեր կան, որ աճուրդի են հանվում, վաճառվում տարբեր եղանակներով, բայց դրանք ոչ թե թանգարանային, այլ կոլեկցիոն նմուշներ են, քանի որ դրանց սկզնաղբյուրները հստակ հայտնի  չեն: Իսկ մեր նմուշները հենց թանգարանային են՝ հստակ սկզբնաղբյուրներով ու ծագումնաբանությամբ, և ունեն մեծ նշանակություն՝ թե՛ քաղաքական, թե՛ պատմական ճշմարտության վերականգնման առումով»,- բացատրում է Աստծատրյանը և հավելում, որ ինքն իրավունք չունի միայնակ տնօրինելու այդ մեծարժեք հարստության ճակատագիրը, որ դա պիտի դառնա Արցախի ժողովրդի սեփականությունը:

Շուշիի փրկված գորգերից մի քանիսը

Թանգարանի ապագան դեռևս հստակորեն չի նախանշվում, սակայն հույսի մի փոքր նշույլ կարծես հայտնվել է հորիզոնում. օրեր առաջ Արցախում կայացել է գորգագործության ավանդական մրցույթը, որի ժյուրիի կազմում ընդգրկված է եղել նաև Վ. Աստծատրյանը: Այդ այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» մասնագետների, Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, ոլորտի այլ պատասխանատուների հետ և շոշափելի հիմքեր ստեղծել խոսքից գործի անցնելու համար: «Շուշիի գորգերի թանգարանի ֆոնդերի գորգերի բաժինը Արցախի ժողովրդի պատմամշակութային ժառանգության անքակտելի մասն է: Հարցին պետք է մոտենալ իրավագիտական տեսանկյունից: Օրենքում հստակ ամրագրված է, որ ես պատմամշակութային այդ շերտի իրավահաջորդն եմ: Եվ եթե ուզում եմ այդ ժառանգությունն օտարել, այն ձեռք բերելու առաջնային իրավունքը պատկանում է Արցախի կառավարությանը: Քանի որ ոչ մեկը չի կասկածում, որ սա իսկապես պատմամշակութային ժառանգություն է, Արցախի պատկան մարմիններն իրավունք էլ չունեն հրաժարվելու դա ձեռք բերելուց: Ե՛վ ես, և՛ Արցախի կառավարությունը չենք էլ կարող շեղվել այս գծից»,- արդեն գործընթացի իրավագիտական հիմքերն է մատնանշում թանգարանի հիմնադիրը: Նա անվիճելիորեն դիպուկ նկատում է՝ քանի որ մարդկությունը գումարից, փողից բացի արժևորման ուրիշ չափանիշ չի սահմանել մինչ այսօր, ուստի պետք է գործի դրվեն համապատասխան փաստաթղթեր, գրվեն նամակներ, կազմվեն արձանագրություններ, անձնագրավորվեն, գնահատվեն թանգարանում պահպանվող նմուշները, որպեսզի ի մի բերվի ընդհանուր պատկերը և կատարվի փոխանցումը մեկ ժառանգորդից մյուսին: Այս աշխատանքի համար, ըստ Աստծատրյանի, կպահանջվի մեկ-երկու ամիս ժամանակ:

Թեև Ստեփանակերտում պատճառաբանում են, որ այս պահին գորգերը ցուցադրելու տարածք չունեն, Վարդան Աստծատրյանը կարծում է, որ այսօր ամենակարևոր գործը պիտի լինի այդ տարածքը գտնելը, որովհետև անիմաստ է ինչ-որ տեղում գորգերը պահեստավորել ու չցուցադրել:

Մեր հայրենակիցներին հորդորում ենք բաց չթողնել Արցախի մշակույթի բացառիկ նմուշները առայժմ Երևանում տեսնելու հնարավորությունը և հավատում, որ մի օր մենք դրանք կրկին կտեսնենք իրենց բնօրրանում՝ վերջնական, անփոփոխ հանգրվանում ցուցադրվելիս:

Իրադարձային. ռուսական ավանգարդի ցուցադրություն

Շուշիի գորգերի թանգարանը իր համար դժվարագույն այս փուլում չի բավարարվում միայն բացառիկ մշակութային արժեքները փրկելով ու Երևան հասցնելով: Ի սկզբանե Վարդան Աստծատրյանը՝ իբրև հավաքորդ, հետաքրքված է եղել գեղանկարչությամբ: Թանգարանի գեղանկարների հավաքածուի մեջ ոչ միայն իր ձեռք բերած գործներն են, այլև այնպիսիք, որ փոխանցվել են նախնիներից: Այդ գործերից երկուսով Վարդան Աստծատրյանը մասնակից է դարձել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին՝ ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելով Երևանի ռուսական արվեստի թանգարանում: Ցուցադրությունը, որ բացվել է սեպտեմբերի 25-ին և կգործի մինչև հոկտեմբերի 15-ը, ներառում է ռուսական ավանգարդ նկարչության վառ ներկայացուցիչ Լյուբով  Պոպովայի երկու աշխատանք:

Լյուբով Պոպովան հայտնի դեմք է եղել ոչ միայն իր հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Արտասահմանյան տեսաբանները նրան կոչել են ռուսական ամազոնուհի: Ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացված աշխատանքներից մեկը՝ «Տարածական-ուժային կառուցվածքներ»-ը, 1900-ականների սկզբին ցուցադրվել է Քյոլնի պատկերասրահում, ինչի մասին է վկայում նկարի հակառակ կողմում դրված կնիքը:

Լ. Պոպովայի «Տարածական-ուժային կառուցվածքներ» աշխատանքը՝ ժամանակավոր ցուցահանդեսում

Սա սուպրեմատիստական ուղղվածության ստեղծագործություն է, որում, ըստ Վ. Աստծատրյանի, նաև աստվածային տարրն է առկա, և նկարն իր բովանդակությամբ աղերսներ ունի մեր օրերի հետ: «Ռուսական ավանգարդը աշխարհում համարվում է ռուսական արվեստի առանձնացող ուղղություն: Եթե ֆուտուրիզմը, կուբիզմը արվեստագիտության մեջ ընդունված են իբրև եվրոպական երևույթներ, ապա սուպրեմատիզմը համարվում է ռուսական երևույթ, վերագրվում է ռուս նկարիչներին»,- ասում է հավաքորդը:

Աշխատանքն արվել է վատմանի վրա: Թղթի չափերը ստանդարտ չեն: Ձախ կողմը 7-8 մմ-ով լայն է աջից: Նույն կերպ և գծապատկերված առարկան է ձախից դեպի աջ նեղանում: Աստծատրյանը վստահ է, որ սա պատահական բան չէ. Պոպովան հատուկ է այսպիսի թղթի վրա նկարել: Սա աերոդինամիկայի, ձախից աջ ընթացող շարժման օրենքն է վկայակոչում, համաձայն որի՝ ավելի լայն մակերեսը փոխարկվում է նեղի:

Մյուս ստեղծագործությունը, որ ցուցադրվում է ռուսական արվեստի թանգարանում, կուբա-ֆուտուրիստական ուղղվածությանն է պատկանում: Նկարն արվել է 1921 թվականին, անգամ վերնագրված չէ. գոնե Վ. Աստծատրյանին հայտնի չէ վերնագիրը:

Լ. Պոպովայի կուբա-ֆուտուրիստական նկարը՝ հեղափոխության թեմայով

Նկարում պատկերված է դրոշը ձեռքին հեղափոխականը, ըստ ամենայնի՝ Իոսիֆ Ստալինը: Ստալին-հեղափոխականը պատկերված է կարմիր դրոշով, որի վրա երևում են ռուսերեն տառեր՝ Газе: Ենթադրվում է, որ դա թերթ է՝ Газета, իսկ վերևում պատկերված 4 թիվը, հավանաբար, թերթի համարն է: Փոքրիկ մի մանրամասն կա նկարում, որ միանգամից նկատելի չէ. դա հածանավի պատկեր է, որը, թերևս, ակնարկ է «Ավրորա» հածանավի մասին: 1921 թվականին արված նկարում Ստալինին իբրև հեղափոխության խորհրդանիշ ներկայացնելը վկայությունն է Պոպովայի՝ ապագան կանխագուշակելու շնորհիվ. չէ՞ որ հետագայում Ստալինը երեսուն տարի ղեկավարեց խորհրդային երկիրը: 

Ֆուտուրիզմը, որպես կանոն, իր մեջ ապագայի գուշակությունն է ամփոփում: Պոպովան այս նկարում առաջնորդվել է հենց այդ մոտեցմամբ, կանխագուշակել, որ Ռուսաստանում կատարված հեղափոխությունը ինչ-որ նոր ուղի է բացելու երկրի առաջ, որ հեղափոխականները մի կարևոր ու լավ փոփոխություն են մտցնելու երկրի կյանքում: «Այն ժամանակվա իրավիճակը, ժողովրդի ունեցած սպասելիքները շատ նման են մեր այսօրվան: Ուղիղ հարյուր տարի անց մենք նույն վիճակում ենք, ժողովուրդը ապագայի հանդեպ տարօրինակ զգացողություններ ունի: Իսկ ապրելու ամենակարևոր նախապայմանը ապագայի հանդեպ վստահություն ունենալն է: Եթե դա չկա, չես կարող նորմալ գոյատևել, ապրել քո օրը»,- ասում է Վ. Աստծատրյանը:

Հիրավի, պատմությունը կրկնվելու անխուսափելիություն ունի: Տա՛ Աստված, որ չիրականանան այսօրվա պատճառաբանված-տխուր կանխագուշակությունները, ու մենք կարողանանք դուրս գալ մռայլ տեղապտույտի այս պարունակից:

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի       

No Comments

Leave a Reply