Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը։ Կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից երեք սիմֆոնիկ հատված, ինչպես նաև Անտոնիո Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Նախատեսում են ունենալ հիսուն համերգ, երեք փառատոն («Արմենիա», Խաչատրյանի միջազգային և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոները), երկու հատուկ նախագիծ, երկու ձայնագրություն, երեք հյուրախաղ։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Ձյունե թագուհին» նվագախմբի սիրած ստեղծագործություններից է, և իրենց համար խորհրդանշական է համերգաշրջանն այդ գործով բացելը։ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան երևի թե ամենահայտնի սիմֆոնիկ գործերից է («Նոր աշխարհից»), որի բովանդակությունն ու գաղափարական իմաստը նույնպես խորհրդանշանակ է ու ոգևորիչ։
Տիգրան Մանսուրյանը նշեց, որ անցյալ տարին իր համար հոբելյանական էր, և սիմֆոնիկ նվագախումբը մշտապես իր կողքին էր։ Ճամփորդել են Արցախից մինչև Գյումրի, փառահեղ բացօթյա համերգ ունեցել Ստեփանակերտում, Գյումրիի Սև բերդում։
Սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը պետք է բացեր հայաստանյան պրեմիերայով. հնչելու էր Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից 7 աղոթք՝ գրված ըստ Ներսես Շնորհալու՝ բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։ Սակայն մաեստրոն ասաց, որ երգչախմբի մեծ կազմ էր պահանջվում, ինչը այս օրերին նպատակահարմար չէ։
Մարզահամերգային համալիրի ղեկավար Կարեն Ղազարյանն ասաց, որ պաշտոնավարման հենց սկզբից նպատակ է ունեցել, որ նվագախումբն իր տեղն ունենա համալիրում, նշեց նաև, որ համալիրի բեմը ակուստիկայի առումով նպատակահարմար է սիմֆոնիկ նվագախմբի համար։
Անդրադառնալով Մանսուրյանի և նվագախմբի համատեղ ձայնագրությանը, որը թողարկվելու է Լոնդոնում, տեղեկացրեց, որ այդ ձայնագրության հիմա վրա սիմֆոնիկ նվագախմբի, Հանրային հեռուստատեսության հետ միասին նախագիծ են անելու՝ ֆիլմ-համերգ՝ նվիրված մաեստրո Մանսուրյանին։
Կարեն Ղազարյանը վստահեցրեց նաև, որ համալիրի չափերերը թույլ են տալիս պահպանել սոցիալական հեռավորություն։ Կոմերցիոն նպատակներ չկան, պահվելու են անվտանգության բոլոր կանոնները։
ardi.am
No Comments