Հետաքրքիր սովորություն ուներ հայ անվանի թատերագիր Գաբրիել Սունդուկյանը (1825-1912)։
Գաբրիել Սունդուկյան

Իր գրքերը նվիրելիս, դրանք մակագրելուց բացի, Սուդուկյանը պատվիրում էր կազմերի վրա դաջել նվիրառուի սկզբնատառքը (ինիցիալները)։ Այդօրինակ գրքեր են պահպանվում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) Թատերական ֆոնդերում։
Գրքերից մեկը Սունդուկյանը նվիրել է անվանի թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր Գևորգ Չմշկյանին (1837-1915 թթ․)։
Գևորգ Չմշկյան

Հայտնի է, որ հատկապես Գևորգ Չմշկյանի համար է գրվել «Պեպո» թատերգությունը։ Նույնիսկ կա կարծիք, թե որոշ ռեպլիկներ ինքը՝ Չմշկյանն է ներմուծել Սունդուկյանի տեքստում։ Եվ երբ տպագրվում է թատերգությունը, Սունդուկյանը գրքի մեկ օրինակ նվիրում է իր սիրելի դերասանին՝ կազմին դաջված սկաբնատառքով։
Սունդուկյանի այդ սովորության ևս մի քանի վկայության ենք հանդիպում ԳԱԹ ֆոնդերում պահպանվող մասունքների մեջ, դրանցից մեկը, օրինակ, կնոջը՝ Սոփիա Սուդուկյանին նվիրած գիրքն է։
Սոփիա Սունդուկյանին նվիրած գիրքը

Այսօրինակ փաստերը վկայում են Սունդուկյանի բացառիկության մասին՝ ոչ միայն իբրև դրամատուրգի, այլև գրքի ու ընթերցողի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով։
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի և ԳԱԹ ֆոնդերից
Գլխավոր լուսանկար՝ Գ․ Չմշկյանին Սունդուկյանի նվիրած գիրքը