Թադեուշ Կանտոր․ Հիշողության «կենդանի արխիվն» ու Մահվան թատրոնը
Նա եղել է փորձարարական թատրոնի ռեժիսոր և նկարիչ, լեհական հեփենինգի հիմնադիրներից մեկը, բեմագիր և արվեստի տեսաբան, որ ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ դառնալով լեհ ամենահայտնի արվեստագետներից մեկը։ Այսօր էլ նրա անունը հիշատակվում է 20-րդ դարի համաշխարհային ավանգարդ թատրոնի մեծագույն դեմքերի շարքում։ Նա Թադեուշ Կանտորն է (1915-1990):
Կանտորը վաղ մանկությունն անցկացրել է Վիելոպոլեում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Տարնուվ։ Նա գեղանկարչություն է ուսանել Կրակովի գեղարվեստի ակադեմիայում, մասնավորապես Կարոլ Ֆրիչի արվեստանոցում, և մինչև կյանքի վերջը կապված է մնացել Կրակովի հետ։ Նա Լեհաստանի անկախ թատրոնի ոգեշնչող ուժն էր։ Հարազատ բուհում մի խումբ ուսանողների հետ համատեղ ստեղծել է խամաճիկների թատրոնը, որի հետ 1937 թվականին բեմադրել է «Տինտագիլեսի մահը»։ Գերմանական օկուպացիայի ժամանակ, դարձյալ ուսանողական միջավայրում, նա հիմնել է Անդրգետնյա անկախ թատրոնը, որի հետ մասնավոր բնակարանների տարածքում իրականացրել է Յուլիուշ Սլովացկու «Բալադինա» և Ստանիսլավ Վիսպյանսկու «Ոդիսևսի վերադարձը» գործերի բեմադրությունները` լեհական մշակույթի համար այս կանոնիկ ստեղծագործությունների մեջ հյուսելով հեղինակային մեկնաբանություն պատմության դաժանությունների հանդեպ անհատի վիճակի վերաբերյալ։


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես թատերական բեմագիր, հիմնականում՝ Հին թատրոնում, ինչպես նաև մասնակցել է համատեղ ցուցահանդեսների, որից հետո 1948-1949 թվականներին վերադարձել է հարազատ ակադեմիա` որպես դասախոս (1967-1969 թվականներին նա որպես մանկավարժ կրկին աշխատանքի է անցել Գեղարվեստի ակադեմիայում)։ Կանտորի էսթետիկ տեսլականը հանգեցրեց նրան ակադեմիայից հեռացնելուն և նպաստեց այն բանին, որ նա իր գեղանկարչական գործունեությունը մեծապես զարգացնի պաշտոնական մշակույթի շրջանակներից դուրս։ Բեկումնային եղավ 1955 թվականը, երբ արվեստագետը մասնակցեց «9 նկարիչներ» համատեղ ցուցահանդեսին։ Այս ցուցադրությունը դարձավ կրկնակի մանիֆեստ՝ արվեստի էսթետիկ ավանդույթների դեմ ընդվզման ակտ և իշխանությունների կողմից պարտադրվող սոցռեալիզմի դոկտրինին բացահայտ դիմադրության արտահայտություն։ Ցուցահանդեսը սկիզբ դրեց Կրակովյան II խմբին, որը Կանտորը նախագահեց առաջին տարիներին, և նրա ղեկավարած Կշիշտոֆորի պատկերասրահին՝ Գլխավոր հրապարակի նկուղում գտնվող անկախ արվեստի առասպելական տարածքին, որը խորապես դրոշմված էր արվեստագետի անհատականությամբ։ Կշիշտոֆորիի հետ նա կապված մնաց նաև հետագայում՝ որպես լեհական ժամանակակից արվեստի տոն տվող ստեղծագործող, որը ցուցադրվում էր Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր պատկերասրահներում։ Այստեղից նա՝ որպես Արևելքի և Արևմուտքի երկաթե վարագույրով բաժանված իրականությունների միջև անխոնջ սուրհանդակ, երկիր էր բերում գեղարվեստական միտումներ, որոնք հատկապես վարակում էին իրեն, ինչպիսիք են աբստրակտ ինֆորմելը կամ կոնցեպտուալիզմը։ Իր գեղանկարչության համար ներշնչանք էր քաղում նաև պոստկուբիզմից կամ սյուրռեալիզմից։ Նա փորձեր էր անում ֆիգուրատիվ գեղանկարչության ոլորտում՝ կտավի տարածության մեջ ներառելով ամենօրյա, մաշված ու հնամաշ առարկաներ, որոնք ներկայացնում էին Կանտորի համար առանցքային նշանակություն ունեցող «ամենացածր կարգի իրականությունը»։ Սակայն դեպի պատկերավոր գեղանկարչություն լիարժեք վերադարձ նա կատարեց միայն իր ստեղծագործական կյանքի վերջին շրջանում։ Նա դա արեց իրեն բնորոշ արմատականությամբ՝ ինքնակենսագրական խոստովանությունների շարքերում խորասուզվելով սեփական մտերմության մեջ և օգտագործելով այն որպես հումք մարդ-արվեստագետի վիճակի մասին գեղանկարչական խորհրդածությունների համար։


1955 թվականը ռեժիսորի կենսագրության մեջ նշանավորվեց նաև նրանով, որ հենց այդ ժամանակ Մարիա Յարեմայի և Կազիմիեժ Միկուլսկու հետ նա ստեղծեց «Cricot 2» թատրոնը, որը դարձավ նրա կերպարվեստի, թատրոնի, հեփենինգի և կրկեսի սահմանագծում գտնվող սինկրետիկ, փորձարարական հրապուրանքների խոսնակը։ Այս շրջանում «Cricot 2»-ում ռեժիսորն անդրադառնում էր հիմնականում լեհական նախապատերազմյան ավանգարդի կուռք Ստանիսլավ Իգնացի Վիտկևիչի տեքստերին՝ «Ապուշը» (1956), «Փոքրիկ դաստակերտում» (1961), «Խենթն ու միանձնուհին» (1963), «Ջրային հավը» (1967), ինչպես նաև «Գեղեցկուհիներն ու կապիկները» (1973)։ 1957 թվականին նա բեմադրեց նաև Կազիմիեժ Միկուլսկու «Կրկեսը»։ Հերթական պրեմիերաներին ուղեկցում էին արվեստագետի մանիֆեստները, որոնցում նա արտահայտում էր թատրոնի իր հեղինակային հայեցակարգերը, համապատասխանաբար՝ Ինֆորմել, զրոյական կամ անհնարին թատրոն։ Այս շրջանում կշիշտոֆորյան նկուղում Կանտորը կենդանացնում էր փաթեթավորված և քայքայված նյութի ձևերը, որոնք առկա էին նաև իր կտավներում, հեղափոխեց մոտեցումը դերասանների խաղին, որոնց մեխանիկական արտահայտչականությունը հիշեցնում էր Քրեյգյան գերմարիոնետները, և արմատապես մերժեց գործողության կատեգորիան ավանդական ընկալմամբ։ Միևնույն ժամանակ, 60-ականների կեսերից ռեժիսորը սկսեց զբաղվել հեփենինգով՝ Լեհաստան ներմուծելով գեղարվեստական արտահայտչության այս ձևը, իսկ այնուհետև զարգացնելով այն իր հեփենինգներով, որոնք մեկնաբանում էին քաղաքական և սոցիալական իրականությունը, այդ թվում՝ «Cricotage», «Բաժանարար գիծ», «Նամակ», «Համանրապատկերային ծովային հեփենինգ» կամ «Անատոմիայի դասն ըստ Ռեմբրանդի»։ Կանտորի հասուն ռեժիսորական ստեղծագործության կոդան կատարսիսային Մահվան թատրոնն էր։ Ռեժիսորն այնտեղ հետազոտում էր անձնական և հավաքական հիշողության մեխանիզմները, պատմության տրավմաներն ու անցողիկությունը։ Բեմը Կանտորի համար դարձավ յուրօրինակ սպիրիտիստիկ սեանսների անցկացման վայր։ Հաճախ բեմում ներկա արվեստագետը հիշողության ժապավեններից արթնացնում էր անցյալի ուրվականները՝ դրանով իսկ կենդանահերձության ենթարկելով ինչպես իր հարազատ Վիելոպոլեում անցկացրած մանկության անձնական փորձառությունները, այնպես էլ 20-րդ դարի Լեհաստանի բազմամշակութային անցյալի առասպելներն ու քաղաքական դրամաները։ Ամենահայտնի ներկայացումը՝ «Մեռյալ դասարանը» (1975), որը Հոլոքոստի և մանկություն վերադառնալու անհնարինության միաժամանակյա փոխաբերությունն էր, 1976 թվականին էկրանավորեց Անդժեյ Վայդան։ Թեև Կանտորը միջազգային համբավ էր ձեռք բերել դեռևս նախորդ ներկայացումներով, «Մեռյալ դասարանի» համաշխարհային հաջողությունը սկիզբ դրեց նրա թատերախմբի անդադար ճանապարհորդությանը միջազգային փառատոներով և հինգ մայրցամաքների հյուրընկալ թատրոնների բեմերով։ «Վիելոպոլե, Վիելոպոլե» (1980), «Թող կորչեն արվեստագետները» (1985), «Ես երբեք այստեղ չեմ վերադառնա» (1988) և ռեժիսորի մահից կարճ ժամանակ անց պրեմիերա ունեցած «Այսօր իմ ծննդյան օրն է» (1991), հիացնում էին հանդիսատեսին՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Դա տեղի էր ունենում հակառակ լեհական, այդ թվում՝ ինքնակենսագրական երևակայության մեջ դրանց խորասուզված լինելուն, քանի որ արվեստագետի ներկայացումները խոսում էին հասկանալի հղումների լեզվով՝ սնվելով համընդհանուր մշակութային հանրահայտ թեմաներից, և հիպնոսացնում էին միջոցների հստակությամբ, հատկապես թատրոնի տեսաբանների ու գործիչների կողմից բարձր գնահատված Կանտորի գեղանկարչական երևակայության եզակիությամբ։


Կրակովում գտնվելու օրերին հնարավորություն ունեցանք այցելելու այս հեղափոխական արվեստագետի արվեստը ներկայացնող Cricoteka-ն (ի սկզբանե՝ «Cricot 2» թատրոնի կենտրոն), որը հիմնադրել է Թադեուշ Կանտորը 1980 թվականին՝ նրա ժառանգությունը, հատկապես «Cricot 2»-ի հետ կապված մասը, պաշտպանելու և տարածելու նպատակով: Թատրոնը, որն արագորեն միջազգային ճանաչում ձեռք բերեց, չուներ սեփական պրոֆեսիոնալ թատերական դահլիճ, ոչ էլ գրասենյակի ու արխիվի համար հարմար տարածք: Ինստիտուտը դարձավ յուրօրինակ խարիսխ Կանտորի խմբի համար, նրա գործունեության կազմակերպման կենտրոն և փաստաթղթավորում՝ որպես ռեժիսորի ստեղծագործության «կենդանի արխիվ»: 1990 թվականին նրա մահից հետո կազմակերպությունը փոխեց իր անվանումը՝ դառնալով «Թադեուշ Կանտորի արվեստի փաստաթղթավորման կենտրոն Cricoteka», որպեսզի միաժամանակ գործելով չորս տարբեր վայրերում շարունակի պայքարել տարածքային խնդիրների դեմ: 2014 թվականին ներկայիս գլխավոր գրասենյակի բացումը մեզ հնարավորություն տվեց ընդլայնելու ծրագիրն արվեստի նոր ճյուղերով, ընդունելու և կազմակերպելու լայնամասշտաբ մշակութային միջոցառումներ և կենտրոնացնելու դրանք Կրակովի Պոդգուժե թաղամասի մի տարածքում, որը թույլ է տալիս մուլտիմեդիա գործունեություն ծավալել: 1995 թվականից ի վեր Cricoteka-ն պատասխանատու է մեկ այլ բացառիկ վայրի խնամքի համար. դա Թադեուշ Կանտորի պատկերասրահ-արվեստանոցն է, որը գտնվում է Հին քաղաքի սրտում՝ Սիեննա փողոցում: Հենց այստեղ է Կանտորն ապրել և ստեղծել իր վերջին գործերը 1987-1990 թվականներին: Մշտական ցուցադրությունը կազմված է արվեստագետի արվեստանոցից, որի ինտերիերը պահպանվել է գրեթե անփոփոխ վիճակում, և որտեղ կարելի է տեսնել օրիգինալ կահույք, նամակներ, գծանկարներ, անձնական իրեր, ճանապարհորդական հուշանվերներ և շատ ավելին: Միևնույն ժամանակ, բնակարանին կից պատկերասրահում կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ:
Հիմնադրման պահից ի վեր Cricoteka-ի հետաքրքրությունների առանցքը եղել է թատրոնը, թեև այն կարևոր դեր է խաղացել նաև որպես Կանտորի արվեստի այլ ոլորտների արխիվ՝ գեղանկարչություն, գծանկարչություն և հեփենինգ, ինչպես նաև նրա բազմաթիվ տեսական տեքստերն ու մանիֆեստները: Տարիների ընթացքում ձևավորվել է ավելի քան 200 000 արտեֆակտ ներառող հարուստ հավաքածու: Այս հավաքածուն, շարունակաբար աճելով, հանգեցրեց Cricoteka-ի հետագա էվոլյուցիային և դրա նոր մասերի առանձնացմանը, որոնք հատկապես կարևոր են կազմակերպության ինքնության համար:
Վովա Արզումանյան
Կրակով-Երևան
Լուսանկարները՝ հեղինակի






