Էության// Եւ անկման միջեւ// Ստվերն է ընկնում
Թ․ Ս․ Էլիոթ, «Սնամեջ մարդիկ»
Պոեզիան այն է, ինչ կորչում է թարգմանելիս։
Ռոբերտ Ֆրոստի բանավոր խոսքից՝ մեջբերված 1964-ին
Թարգմանչի խնդիրն է գտնել դիտավորությունը, որը նոր լեզվի մեջ արթնացնում է արձագանք բնագրին։
Վալտեր Բենիամին, «Թարգմանչի գործը»
Թարգմանելիությունը լեզվական ներկայացման մթնոլորտն է, որում խաղում են երկու (և ավելի) լեզուներ։ Այն տալու ու ստանալու համաչափ գործընթաց չէ, որովհետև ի սկզբանե դիրքերի անհավասարություն կա․ բնագրի լեզուն ինքնաբավ է․ կա՛մ չունի ինքն իրեն այլալեզու ընթերցողին ուղղելու նպատակ, կա՛մ իր մեջ ունի իր թարգմանման հնարավորությունը։ Թարգմանության լեզուն նախ ձգվում է դեպի բնագիրը, ապա իջնում ու բարձրանում է՝ ըստ վերջինիս խոսքային ծավալի՝ շարժվելով այնքան, մինչև որ բնագրի լեզվին ներգրավի շարժման մեջ։ Թարգմանության լեզուն բնագրի երկիր եկած օտարական է, որ նախ պիտի կարգավորի իր կեցության իրավունքի հարցը, ապա միայն կարողանա սպառել ու արտադրել արվեստ։ Թարգմանելիությունն է որոշում այս հարաբերության մթնոլորտը․ հատկապես բանաստեղծության դեպքում այն կարող է շիկանալ կամ ցրտահարել՝ առաջացնելով ներլեզվական աղմուկ։ Թարգմանիչը ո՞վ է այստեղ։ Մեկը, ով գրող է, մեկը, ով լավ կլինի՝ գրող չլինի։ Թարգմանիչը նա է, ով ձգտում է կառավարել թարգմանելիությունը՝ նրան հնազանդվելով։
Բեմադրել եմ լեզվական աղմուկը։ Շարքը կոչվում է «<1 անընթ.>եռնելի»։ Առաջին բանաստեղծությունը գրել եմ դասական հոքուի չափով՝ 5-7-5։ Բառացի՝ «ծառեր ճոճում է․․․ հեռվի քամի․․․ զգա՞լ»։ Ընկալվո՞ւմ է այնպես, ինչպես հայերեն թարգմանությունն է։ Հայերենում չի երևում «հեռվի քամի» արտահայտության մեջ «հեռու» բառի քերականական ներհյուսումը հաջորդ գոյականին։ Ծառերի անորոշության զգացումը նույնպես չկա, որովհետև «ո՞ր ծառերը ճոճող քամին»՝ «ա՛յն ծառերը» (կոնկրետ)։ Հարցական բառի կասկածի չափը ևս տարբեր է, և չկա դասական ձևի վկայությունը՝ 5-7-5։ Եղա՞վ «դիտավորության արձագանքի արթնացում»։ Լեզուների նմանության չափով՝ այո՛, և տարբերության չափով՝ հազիվ թե։ Մյուս կողմից էլ՝ թողնենք երկլեզու հարաբերությունն ու նայենք մեկ լեզվին։ Եթե հոքուն դասական ճապոներենից փոխադրեմ ժամանակակից ճապոներենի, ապա նորից չափը կկորչի, ածականի ներհյուսումը այլ ձև կառնի ու հարկ կլինի հոլովական կոնկրետության։ Ծառերի քերականությունը ևս կփոխվի, և գուցե նույնը մնա միայն հարցի կասկածի բնույթը։ Ստացվում է՝ նաև մե՛կ լեզվի նախկին ու ներկա տարբերակներում ձև ու իմաստ փոխադրելիս ունենում ենք երկուսի կուրուստ, փոփոխություն և ստեղծում։
<1 անընթ.>եռնելի
0
木々揺らす 遠き風の道 感じるか
կիգի յուրասու տօ՜կի կազե նօ միչի կա-ն-ջիրու կա՞
այն ծառերը ճոճող քամին հեռվի կզգա՞(մ/ս)։
Ներլեզվական, լեզվահյուս բանաստեղծություն։ ց-ց-ց-ցա-ցա․․․ Թարգմանելիության կլիման՝ ցրտահարող, արտալեզվական աղմուկի հարուցիչ։ Բենիամինի «դիտավորությունը» եթե տանենք իմաստային դաշտ, ապա նոր լեզվում բանաստեղծական կառույցը կփլվի․ իմաստն անկայուն է առանց ձևի, իսկ ձևն այստեղ հայերեն է։ Եթե թարգմանենք որպես ալիտերացիա՝ առաջացնելով նման հնչական զգայություն, ապա ալիտերացիա ունեցող և տրամադրությամբ մոտ ցանկացած բանաստեղծություն կկոչվի սրա թարգմանությունը։ Ստացվում է՝ տեքստ, որ ինքն իր թարգմանության հնարավորությունը չի տալիս քեզ անմիջապես, հետևաբար պահանջում է կա՛մ Սամվել Մկրտչյան ու Հյոլդեռլին և կա՛մ հաշտություն անհնարինությանը։
1
․․․ծավալէր ծաղիկ ծովային։
Գր․ Նարեկացի, «Տաղ Վարդավառի»
ցախերը ցեցերը
ցրվում են ցրտերը
ցնցվում է ցամաքը ցավերիս
մարում է մարմինը
մթնում է մարմինը
մեռնում է մարմինը մտքերիս։
որտեղ են ոտքերս
ովքեր են որբերս
որդնում է ոլորտը ողբերիս
ծառերը ծփում են
ծովերը ծաղկում են
ծակում է ծաղըրը ծարավիս։
երդվում են երթերը
եղծում են ելքերը
երկնում է երկիրը երազիս
պարում են պատերը
պատռում են պատկերը
պրկում են պարանը պատանքիս
Վերջինը։ Բանաստեղծություն թարգմանելիության մասին։ Թարգմանելիության կլիման՝ բարենպաստ։ Չկա ձևի կատարելության փնտրտուք․ օտարությունն է։ Ամեն լեզու ունի երեխայի ու մթության հանդիպման դրվագի բառեր։ Հնչելու վախը, գրելու վախը, երբ լեզուն չի գալիս հենց ներսից, այլ թարգմանվում է, երբ «էությունը» չի շարժվում անստվեր, այլ «ընկնում» է։
2
一个中文词 (Yīgè Zhōngwén cí)
Չինարեն բառ
Գիշերը
ոտք, ձեռք
վերմակից դուրս հանել վախեցող երեխա։
Այսպիսին է խոսքն իմ.
մատների հանդիպում
խավարի հետ։
Էմմա Բոջուկյան
Թարգմանիչ, լրագրող,
Գենտի համալսարանի ճապոնագիտության բաժնի ուսանող