Ազդագիր

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի հոբելյանական հյուրախաղերը Վրաստանում

01.12.2022

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս.թ դեկտեմբերի 2-ին և 3-ին նախաձեռնել է համերգային հյուրախաղեր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անսամբլի երկարամյա գործունեության ընթացքում հարևան երկրում տասնյակ համերգներ են տեղի ունեցել և անսամբլի ելույթները մշտապես մեծ խանդավառությամբ են ընդունվել ոչ միայն վիրահայության, այլև վրաց հանդիսատեսի կողմից, այդ իսկ պատճառով խորհրդանշական է անսամբլի հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ Թբիլիսիում ներկայանալը:

Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և  երիտասարդության կենտրոնի սրահում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի հետ, որտեղ կներկայացվի Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Կոմիտասի մեղեդիների հիման վրա գրված «Անուշ» երաժշտական դրաման /հատվածաբար/: Ամբողջ ստեղծագործական հանդիսությունը վարելու է անսամբլի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր-երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը, ով հանդիսանում է երաժշտական ներկայացման հեղինակը:

Թբիլիսիի Վախթանգ Սալարիձեի անվան համերգային դահլիճում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա համույթի համերգը: Հոբելյանական համերգի համար մշակվել է համերգային նոր հավաքական ծրագիր` կազմված անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից:

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հիմնադրվել է 1938  թվականին  մեծանուն երաժիշտ Թաթուլ Ալթունյանի  ջանքերով:

85 տարի շարունակ անսամբլը մեծապես նպաստել և հսկայական առաքելություն է կատարել հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ ու կատարողական բարձր արվեստով իր օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ:


Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք պահպանել են ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը:

85-ամյա հարուստ տարեգրությամբ, փառքի բարձունքներ նվաճած, աշխարհի բոլոր մայրցամաքներն այցելած, հազարավոր ունկնդիրների սրտեր նվաճած անսամբլը, կատարելով իր առաքելությունը, առ այսօր աշխարհին է ներկայացնում հայկական ավանդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը՝ մնալով Հայոց աշխարհի բազում պարծանքներից մեկը:

Անսամբլի տնօրեն և գեղարվեստական մասի  պատասխանատու` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ` Գրիգոր Ոսկանյան։ Գլխավոր բալետմայստեր` Գարիկ Խաչիկյան։

No Comments

Leave a Reply