Փառատոնի պաշտոնական բացումը սեպտեմբերի 22-ին է, ժամը՝ 19։30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և նրա «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ «Ֆոլիան» հիփ-հոփ պարի և բարոկկո երաժշտության բացառիկ հանդիպում է, որտեղ տարբեր ժամանակաշրջանների երաժշտական և խորեոգրաֆիկ լեզուները միավորվում են մեկ բեմում։
«ԹԷԱՏՐՈՆ»-ի նպատակն է մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ Հայաստան հրավիրելով միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և ստեղծագործական խմբերի։ Միաժամանակ փառատոնը նպաստում է հայ արվեստագետների մասնագիտական փոխանակմանը, ժամանակակից դրամատուրգիայի զարգացմանը և մշակութային կյանքի ապակենտրոնացմանը։
«ԹԷԱՏՐՈՆ»-ը միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, ինչպես նաև սոցիալական և կրթական ծրագրերը։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Փառատոնի ծրագրերը կիրականացվեն Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում։
Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ է անցկացվում «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի աջակիցներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։






